ԳրաԴաշտ Կառա Չոբանյան

Ռոդոլֆո Ուոլշ. Պատմություններ խաղամոլների համար

19.03.2022


(1927-1977, Արգենտինա)
Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի

Իռալանդական ծագումով արգենտինացի լրագրող, գրող և դրամատուրգ Ռոդոլֆո Ուոլշը ձախ-պերոնիստական «Մոնտոներոս» պարտիզանական կազմակերպության կարևորագույն անդամներից է եղել: Ժամանակի ընթացքում հայացքների տարաձայնություններ է ունեցել կազմակերպության հետ և գրիչը գերադասել զենքից՝ պատմելով ռազմական խունտայի ահաբեկչության և մարդու իրավունքների խախտումների մասին: 1976-ին ռազմաֆաշիստական դիկտատուրա հաստատվելուց հետո ստիպված է եղել ընդհատակ անցնել: 1977-ին գրել է «Գրողի բաց նամակը ռազմական խունտային», որտեղ մերկացրել է բռնապետության քաղաքականությունը և խոսել տնտեսական ծանր ճգնաժամի հետևանքների մասին: Նամակն ուղարկել է ընկերներին և թերթերի խմբագրություններին: Հաջորդ օրը փողոցում փորձել են առևանգել նրան, բայց նա դիմադրություն է ցույց տվել և սպանվել փոխհրաձգության ժամանակ: Մարդասպանների դեմ դատական գործը բացվել է միայն 2005-ին:
Նրա «Բաց նամակը» համարվում է բռնապետության դեմ նշանակալի քայլերից մեկը: Նամակի հուշարձանը՝ տեքստը գրված ապակե մեծ թիթեղի վրա, այժմ կանգնեցված է նախկին տանջանքների գաղտնի կենտրոնում՝ Արգենտինայի ռազմածովային ուժերի մեխանիկների դպրոցում, որը 2004-ից վերածվել է «Հիշողությունների և մարդու իրավունքների տարածք» անունը կրող թանգարանի:

****

10-ը՝ մի 4 և մի 6, միայն այն ժամանակ դուրս եկավ, երբ ոչ ոք այլևս չէր հավատում: Ի՞նձ ինչ. քիչ առաջ ինձ ջախջախել էին: Բայց մի տհաճ շշուկ անցավ բիլիարդի սեղանին կռթնած խաղացողների և շրջան կազմած հանդիսատեսների միջև: Ռենատո Ֆլորեսը գույնը գցեց և վանդակավոր թաշկինակը խոնավացած ճակատին տարավ: Ապա ծանր շարժումներով ժողովեց խաղագումարի թղթադրամները, հարթեց մեկ առ մեկ և երկայնքով չորս տակ ծալելով՝ ձախ ձեռքի մատների արանքը մտցրեց, որտեղ դրանք նրա ձեռքին ուղղահայաց միահյուսված կնճռոտ ու կեղտոտ մեկ ուրիշ ձեռքի տեսք ստացան: Շինծու դանդաղկոտությամբ զառերը դրեց բաժակի մեջ և սկսեց խառնել: Մի զույգ ուղղահայաց ծալք էր կիսում նրա մռայլ հոնքամեջը: Երևում էր, որ գնալով ավելի ու ավելի բարդացող խնդրի շուրջ էր մտորում: Ի վերջո ուսերը թոթվեց:

— Ոնց կուզեք…, — ասաց:

Արդեն ոչ ոք չէր հիշում խաղատան դրամատուփի մեջ թեյադրամ գցելու մասին: Խիմենեսը՝ գործատերը, հեռվից էր հետևում՝ մտադրություն չունենալով հիշեցնել:  Խեսուս Պերեյրան ոտքի կանգնեց և առանց հաշվելու սեղանի վրա մի բուռ մետաղադրամ նետեց:

— Բախտի բան է, — ասաց նա՝ կատաղի մի փայլ հայացքի մեջ: — Պետք է քնելու գնալ:

Ես հանգիստ մարդ եմ. հենց որ լսեցի, դռան մոտակա անկյունը զբաղեցրի: Սայան Ֆլորեսը հայացքն իջեցրեց և չհասկանալու տվեց:

— Պետք է պարտվել իմանալ, — խրատական տոնով ասաց Սունյիգան՝ մի հինգանոց թղթադրամ դնելով սեղանին: Ապա քմծիծաղով հավելեց. — Վերջին հաշվով զվարճանալու ենք եկել:

— Յո՜թ անգամ իրար հետևից, — հիացած  արտասանեց դրսում կանգնածներից մեկը:

Ֆլորեսը ոտքից գլուխ չափեց նրան և արհամարհանքով նետեց.

— Հա՛, դու էլ միշտ աղոթում ես:

Հետագայում ես աշխատել եմ հիշել յուրաքանչյուրի զբաղեցրած տեղը մինչև իրարանցման սկսվելը: Ֆլորեսը հեռու էր դռնից, դիմացի պատի մոտ էր: Ձախ կողմում, որտեղից զվարթ ձայներ էին գալիս, Սունյիգան էր: Դիմացը, բիլիարդի սեղանի լայնքով նրանից բաժանված, Պերեյրան էր: Երբ Պերեյրան վեր կացավ տեղից, երկու-երեք հոգի նույնպես վեր կացան: Ինձ թվաց, թե խաղով հետաքրքրված, բայց հետո տեսա, որ Պերեյրայի հայացքը Ֆլորեսի ձեռքերին է գամված: Մյուսները նայում էին կանաչ մահուդին, ուր ընկնելու էին զառերը, իսկ նա միայն ու միայն Ֆլորեսի ձեռքերին էր նայում:

Խաղագումարի կույտը հետզհետե մեծացավ. բոլոր չափերի թղթադրամներ էլ կային, և նույնիսկ մի քանի մետաղադրամ, որոնք դրսում եղածներից մեկը դրեց: Ֆլորեսը կարծես թե տատանվում էր: Ի վերջո նետեց զառերը: Պերեյրան զառերին չէր նայում: Հայացքը շարունակ Ֆլորեսի ձեռքերին էր հառած:

— Չորս, — երգեցիկ բացականչեց ինչ-որ մեկը:

Այդ պահին, չգիտեմ ինչու, ես հիշեցի, թե ինչ զառեր էր նետել Ֆլորեսը՝ 4, 8, 10, 9, 8, 6, 10… Եվ հիմա նորից 4-ին էր սպասում:

Ներքնահարկը ծխախոտի ծխով էր լցված: Ֆլորեսը Խիմենեսին խնդրեց իր համար սուրճ բերել, վերջինս փնթփնթալով հեռացավ: Սունյիգան չարախինդ ժպտում էր Պերեյրայի կատաղած դեմքին նայելով: Պատին կպած մի հարբած մարդ ժամանակ առ ժամանակ արթնանում էր և խուլ ձայնով ասում.

— Ես տաս եմ գալիս դրա դիմաց, — ու նորից քուն մտնում:

Զառերը շըխկշըխկում էին բաժակի մեջ և գլորվում սեղանին: Ութ զույգ աչքեր գլորվում էին դրանց հետևից: Վերջապես ինչ-որ մեկը բացականչեց.

— Չո՜րս:

Այդ պահին ես կախել էի գլուխս, որպեսզի սիգարետս վառեմ: Սեղանի վերևում կանաչ շիրմայով էլեկտրական մի փոքրիկ լուսամփոփ կար: Ես չտեսա այն ձեռքը, որ փշուր-փշուր արեց լուսամփոփը: Նկուղը խավարի մեջ թաղվեց: Ապա կրակոց լսվեց:

Ես կծկվեցի իմ անկյունում և ինքս ինձ մտածեցի. «Խեղճ Ֆլորես, ախր չափազանց մեծ շահում էր»: Զգացի, որ գլորվելով մի բան եկավ ու ձեռքիս դիպավ: Զառ էր: Խավարը շոշափելով՝ կողքիս ընկերոջը գտա:

Խուճապահար իրարանցման մեջ ինչ-որ մեկը առաստաղի ցերեկային լույսերը մտաբերեց: Բայց երբ լույսերը վառեցին, տեսանք, որ Ֆլորեսը չէր մեռնողը: Ռենատո Ֆլորեսը զառերի բաժակը ձեռքին դեռ կանգնած էր նույն դիրքով: Նրա ձախ կողմում, աթոռի վրա երկտակված Իսմայել Սունյիգայի կրծքին կրակոցի հետք կար:

«Վրիպել են Ֆլորեսին կրակելիս, — մտածեցի առաջին պահին, — և ուրիշին կպել: Ինչ կարող ես անել, էս երեկոն բախտավոր երեկո է»:

Մի քանի հոգու արանքից բարձրացրին Սունյիգային և պառկեցրին շարքով դրված երեք աթոռների վրա: Խիմենեսը, որ կռացել էր սուրճը ձեռքին, չցանկացավ, որ նրան բիլիարդի սեղանին դնեն, որպեսզի մահուդը չկեղտոտեն: Ամեն դեպքում արդեն անելու բան չկար:

 Ես մոտեցա սեղանին և տեսա, որ զառերը 7 էին ցույց տալիս: Նրանց միջև մի ռևոլվեր 48 կար:

Բանը չուզենալով անող մարդու նման կառչեցի դռան կողքից ու անշտապ բարձրացա աստիճաններով: Երբ փողոց դուրս եկա, շատ հետաքրքրասերներ կային այնտեղ և մի պարեկ, որ վազելով թեքվում էր անկյունից:

Հենց այդ նույն գիշերը հիշեցի գրպանումս եղած զառերի մասին, — ա՛յ թե ինչ բան է ցրված լինելը, — և սկսեցի մենակ խաղալ՝ զուտ հաճույքի համար: Կես ժամ 7 դուրս չէր գալիս: Լավ նայեցի զառերը և տեսա, որ մի քանի թիվ պակասում էին, մի քանիսն էլ ավել էին: Կեղծ զառերից մեկի վրա 8-ը, 4-ը, 5-ը կրկնվում էին հակառակ երեսին, մյուսի վրա՝ 5-ը, 6-ը, 1-ը: Այդպիսի զառերով անհնար էր տանուլ տալ: Անհնար էր տանուլ տալ առաջին նետման ժամանակ, որովհետև հնարավոր չէր 2, 3 և 12 ստանալ, որ առաջին ձեռքում տանուլ տվող են: Եվ հնարավոր չէր տանուլ տալ մյուս ձեռքերում նույնպես, որովհետև անհնար էր 7 ստանալ, որ առաջին ձեռքից հետո տանուլ տվող թիվն է: Հիշեցի, որ Ֆլորեսը իրար հետևից յոթ զառ էր նետել, և համարյա բոլորն էլ բարդ տրվողներով՝ 4, 8, 10, 9, 8, 6, 10… Եվ վերջում նորից 4 էր հանել: Եվ ոչ մի վրիպում: Ոչ մի անհաջողություն: Քառասուն կամ հիսուն անգամ գցած կլիներ զառերը, բայց 7, որ ամենաշատ դուրս եկող թիվն է, չէր հանել:

Եվ այնուամենայնիվ, երբ ես հեռացա, սեղանի վրա զառերը 7 էին կազմել 4-ի փոխարեն, որ վերջին հանած թիվն էր: Ես մինչև հիմա շատ պարզ տեսնում եմ՝ մի 6 և մի 1:

Հաջորդ օրը զառերը կորցրի և ուրիշ թաղամասում տեղավորվեցի: Ինձ փնտրել էին, թե չէ, չգիտեմ, ու որոշ ժամանակ գործի մասին ոչինչ չիմացա: Մի իրիկուն լրագրերից տեղեկացա, որ Պերեյրան խոստովանել է: Ինչպես երևում էր, գլխի էր ընկել, որ Ֆլորեսը խարդախություն էր անում: Պերեյրան շատ էր տանուլ տալու, որովհետև սովորաբար ուժեղ էր խաղում, և բոլորն էլ գիտեին, որ վատ պարտվող է: Ֆլորեսի հաջողությունների այդ շղթայում նրանից երեք հազար պեսոյից ավելի էր գնացել: Ձեռքի մի շարժումով լույսը հանգցրեց: Մթության մեջ կրակոցը վրիպեց, և Ֆլորեսին սպանելու փոխարեն Սունյիգային սպանեց: Ես էլ էի առաջին պահին նույն բանը մտածել:

Բայց հետո ստիպված էին եղել բաց թողնել: Նա դատավորին ասել էր, որ իրեն բռնությամբ են ստիպել խոստովանել: Շատ կետեր էին մութ մնում: Հեշտ է վրիպել մթության մեջ, սակայն Ֆլորեսը նրա դիմաց էր կանգնած, մինչդեռ Սունյիգան՝ դեպի կողք, և հեռավորությունն էլ մեկ մետրից ավելի չէր լինի: Մի հանգամանք էր նպաստավոր եղել նրա համար. ներքնահարկի լուսամփոփի ջարդված ապակիները նրա հետևում էին: Ասում էին, որ եթե նա լիներ լուսամփոփին հարվածողը, ապակիները բիլիարդի սեղանի մյուս կողմում ընկած կլինեին, որտեղ Ֆլորեսն ու Սունյիգան էին:

Գործն այդպես էլ չբացահայտված մնաց: Ոչ ոք չէր տեսել, թե ով էր հարվածել լուսամփոփին, որովհետև բոլորը զառերի վրա էին կռացել: Իսկ եթե որևէ մեկն էլ տեսել էր, ապա ոչինչ չասաց: Իսկ ես, որ կարող էի տեսած լինել, այդ պահին իջեցրել էի գլուխս՝ սիգարետս վառելու, որ այդպես էլ չվառեցի: Ատրճանակի վրա ո՛չ մատնահետքեր գտնվեցին, ոչ էլ հնարավոր եղավ ճշտել, թե ով էր տերը: Սեղանի շուրջը եղածներից ամեն մեկն էլ, — իսկ նրանք ութ-ինը հոգի էին, — կարող էր կրակել Սունյիգային:

Չգիտեմ, թե ով սպանած կլիներ: Մեկն ավել, մյուսը պակաս, բայց ամեն մեկն էլ նրանից ստանալու բան ուներ: Բայց եթե ես ուզենայի որևէ մեկի հետ կեղտոտ խաղ խաղալ անգլիական զառի սեղանի շուրջը, նրա ձախ կողմում կնստեի և տանուլ տալիս օրինական զառերը կփոխեի հատակին գտած այն զառերի հետ, բաժակի մեջ կգցեի ու հավակնորդին կփոխանցեի: Մարդը մի անգամ կշահեր և գոհ կմնար: Երկրորդ անգամ կշահեր, երրորդ… և այդպես շարունակ: Որքան էլ որ դժվար լիներ մուտքի թիվը հանելը, կկրկներ մինչև 7-ը դուրս գար: Եթե թողնեին, կշահեր ամբողջ գիշեր, քանի որ այդ զառերով անհնար էր տանուլ տալ:

Իհարկե, ես չէի սպասի արդյունքը տեսնելուն: Կգնայի քնելու և հաջորդ օրը լրագրերի միջոցով կտեղեկանայի: Համա՜ թե կրակ կլիներ, եթե Դուք տասը կամ տասնհինգ քայլ անեիք նման խմբի մեջ: Լավ է, եթե մեկի բախտը մի քիչ բերում է. շատը հարմար չէ, իսկ բախտին օգնելը վտանգավոր բան է…

Այո, ես կարծում եմ, որ հենց Ֆլորեսն էր Սունյիգային սպանել: Եվ որոշ առումով ի պաշտպանություն իրեն էր սպանել: Սպանել էր, որպեսզի Պերեյրան կամ մյուսներից ցանկացած մեկն իրեն չսպաներ: Սունյիգան, գուցե ինչ-որ հին քեն ունենալու պատճառով, նրա համար կեղծ զառերն էր գցել բաժակի մեջ, նրան դատապարտել շահելու ամբողջ գիշեր, չիմանալով խարդախություն անելու, դատապարտել, որ կամ սպանեին նրան, կամ նվաստացուցիչ մի բացատրություն տար, որին ոչ ոք չէր հավատա:

Ֆլորեսն ուշ գլխի ընկավ. սկզբում հավատաց, թե զուտ բախտն է բերում, հետո անհանգստացավ, իսկ երբ հասկացավ Սունյիգայի խարդախությունը, երբ տեսավ, որ Պերեյրան կանգ է առնում և հայացքը չի կտրում իր ձեռքերից, որ տեսնի, թե նորից փոխելո՞ւ է զառերը, հասկացավ, որ միայն մի ելք է մնում իրեն: Խիմենեսից ազատվելու համար խնդրեց, որ սուրճ բերի: Սպասեց հարմար պահին: Իսկ հարմար պահն այն էր, երբ նորից 4 դուրս գար, որ անխուսափելիորեն պետք է դուրս գար, և երբ բոլորը բնազդաբար խոնարհվեին զառերի վրա:

Այդ ժամանակ զառի բաժակի հարվածով կոտրեց Էլեկտրական լամպը, այն վանդակավոր թաշկինակով հանեց ատրճանակը և կրակեց Սունյիգային: Ատրճանակը թողեց սեղանին, հավաքեց կեղծ զառերը և գետնին գցեց: Ավելին անելու համար ժամանակ չկար: Նրան հարմար չէր, որ ապացուցվեր, թե խարդախություն էր անում, թեկուզ և բանից անտեղյակ: Այնուհետև ձեռքը Սունյիգայի գրպանը մտցրեց, փնտրեց օրինական զառերը, որ Սունյիգան հանել էր բաժակի միջից, և երբ նեոնային լույսերը սկսեցին թարթել, սեղանին նետեց դրանք:

Եվ այս անգամ մի մեծ, տան նման 7 սեպվեց, որ ամենահաճախ դուրս եկող թիվն է…

No Comments

Leave a Reply