Արցախ Իսրայել Ասրյան Հրատապ

Ռուս խաղաղապահներն ականազերծեցին ևս մի դպրոց

03.12.2020

Ռուսական խաղաղապահները ԼԵռնային Ղարաբաղում ավարտել են Ստեփանակերտի ևս մի դպրոցի ականազերծումը, ինչպես նաև օգնություն են ցուցաբերել այնտեղ իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Այս մասին լրագրողներին հաղորդել են  ՌԴ պաշտպանության նախարարությունից։ 

«Նախօրեին ռուս զինծառայողներն ամբողջությամբ ավարտեցին ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի թիվ 8 հանրակրթական դպրոցի տարածքում, օժանդակեցին ուսումնական հաստատությունում իրականացվող վերանորոգման աշխատանքներին և ապահովեցին անհրաժեշտ ուսումնական գույքի ու սարքավորումների տեղափոխման անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչությունում նշել են, որ տարածքների և շինությունների ականազերծումից հետո ռուս զինվորականները կատարում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ:  

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները  չեզոքացրել են պայթյունավտանգ առարկաների սպառնալիքը Ստեփանակերտի հարավային ծայրամասում։ 

«Ականազերծողների աշխատանքային մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են մոտ 100 պայթյունավտանգ առարկա։ Դրանք տարհանվում են համապատասխանորեն կահավորված գոտի և ոչնչացվում։ Ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովումով»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Ավելի շուտ ՌԴ Պն-ից հայտնել էին, որ ռազմական ինժեներներն ականազերծել են ավելի քան 34 հեկտար տարածք, մոտ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 շենք և հասարակական կառույց, հայտնաբերել և վնասազերծել են 1077 պայթյունավտանգ առարկա։ 

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Նյութի աղբյուրը՝ tass.ru

No Comments

Leave a Reply