Մեքսիկացի գրող Խուան Խոսե Արեոլան (1918-2001) լատինաամերիկյան գրականության ամենավառ ներկայացուցիչներից է, որի պատմվածքներից մի քանիսը մոտ տասնյոթ տարի առաջ առաջին անգամ հայերեն թարգմանել և կարճ նախաբանով «168 ժամ»-ում ներկայացրել է Վարդան Ֆերեշեթյանը։ Բորխեսը մեծ երջանկություն էր համարում, որ իրեն բախտ է վիճակվել Արեոլայի ներկայությամբ մի քանի րոպե լռել և ունկնդրել նրան, իսկ Արեոլան ինքը գրողներին բաժանում էր երկու խմբի՝ հնարավոր և անհնար։ Թե ո՞ր խմբին է նա պատկանում՝ որոշեք ինքներդ։ Պատմվածքներից զատ՝ Արեոլան ունի նաև մի փոքրածավալ վեպ, թեև նրա տարերքը պատմվածքն է, որտեղ նա զգում է իրեն ինչպես ձուկը ջրում և համատեղում է ոճային ոսկերչական հղկվածությունն ու ինքնատիպ բանաստեղծականությունը, և, ինչպես Բորխեսն ու Ռյունոսկեն, ապացուցում, որ հաճախ մեծ գրող լինելու համար ամենևին պարտադիր չէ վեպ գրել։
Ես էլ, ինչպես շատ հայ ընթերցողներ, առաջին անգամ հենց հորս թարգմանությամբ եմ կարդացել Արեոլայի գործերը, հետո որոշ պատմվածքներ արդեն ռուսերեն եմ ընթերցել։ Բայց, ինչպես Վարդան Ֆերեշեթյանի հրաշալի թարգմանությունը, այնպես էլ այս թարգմանությունս, ցավոք, ունեն մի ընդհանուր թերություն՝ բնագրից չեն։ «168 ժամ»-ի մշակութային էջում Արեոլայի պատմվածքների հրապարակումից երկար տարիներ անց, դարձյալ ռուսերենից թարգմանելով Արեոլայի որոշ գործեր, ես ունեմ մի հստակ նպատակ՝ «սադրել», որպեսզի վերջապես հայտնվի այն թարգմանիչը, որ Արեոլա կթարգմանի բնագրից՝ իսպաներենից, և ոչ թե մի քանի կարճ պատմվածք, այլ մի ամբողջ գիրք։ Գուցե նույնիսկ դեռևս չբացահայտված, անհայտ այդ թարգմանիչը նախաբանում գրի՝ այս թարգմանության համար ես պարտական եմ իմ տաղանդին, Արեոլայի անկրկնելի հանճարին և Գրիգոր Ֆերեշեթյանի «սադրանքին»։ Իհարկե, վերջին բառակապակցությունը բնավ պարտադիր չէ, դրա բացակայությունը ես հաստատ ծանր չեմ տանի։ Անշուշտ, չափազանց աղոտ հույսեր եմ փայփայում, որ այդ թարգմանիչը կհայտնվի, իսկ ինձնից հասնում է ընդամենը «սադրել» հանուն գրականության։
Գ․ Ֆ․
Խուան Խոսե Արեոլա
Պատմվածքներ
Թռչնակերը
Թռչնակերը ազատ վազում է տնով մեկ, բայց դա նախկինից ոչ պակաս սարսափեցնում է ինձ։
Այն օրը, երբ ես և Բեատրիսը մտանք այդ կեղտոտ տոնավաճառային տաղավարը, ես հասկացա, որ այդ նողկալի փոքրիկ գիշատիչը ամենասարսափելի բանն էր, որ կարող էր ճակատագիրն ինձ ուղարկել։ Որևէ մեկի ջինջ հայացքում հանկարծ առկայծող քամահրանքից և կարեկցանքից ավելի վատ։
Մի քանի օր անց ես վերադարձա՝ գնելու թռչնակերին, և զարմացած վաճառողն ինձ ինչ-որ բան պատմեց նրա սովորությունների և արտասովոր սնվելու մասին։ Այդժամ ես հասկացա, որ իմ ձեռքերում ամենակուլ սարսափն է և ամենամեծ ահը, որ լոկ ունակ է կրելու իմ հոգին։ Հիշում եմ, թե ինչպես էի գնում, դողդղալով և երերալով, բեռիս թեթևության և ծանրության զգացումով, ես հստակ տարբերակում էի նրա երկու քաշերը՝ փայտե արկղիկի քաշը և թռչնակերի քաշը, անվնաս փայտի ծանրությունը և պիղծ և թունավոր կենդանու ծանրությունը, որ ինչ-որ ծանր բեռի պես ինձ քաշում էր վար։ Արկղիկի ներսում փակված էր անձնական դժոխքը, որ ես բերեցի իմ տուն՝ ոչնչացնելու, արմատախիլ անելու համար մյուս՝ տղամարդկային ցեղի առանձնահատուկ դժոխքը։
Այն հիշարժան գիշերը, երբ ես թռչնակերին բաց թողեցի տանը և տեսա, թե ինչպես ծովախեցգետնու պես վազեց և թաքնվեց կահույքի տակ, սկիզբը եղավ գոյության, որն անհնար է նկարագրել։ Այդ ժամանակվանից իմ կյանքի ամեն ակնթարթն ուղեկցվում է սարդի քայլերով, որ լցնում է տունն իր աներևույթ ներկայությամբ։
Ամեն գիշեր ես դողում եմ մահացու խայթի սպասման մեջ։ Հաճախ արթնանում եմ ընդարմացման մեջ, փայտացած, լարված, քանզի նույնիսկ քնի մեջ ստիպել եմ ինձ մաշկովս զգալ սարդի խտղտան թաթերը, նրա անկշիռ մարմինը և հաստապինդ արգանդը։ Բայց լուսաբացը միշտ գալիս է։ Ես ողջ եմ, և իմ հոգին զուր խոյանում և տոչորվում է։
Լինում են օրեր, որ մտածում եմ, թե թռչնակերը փախել, մոլորվել կամ մահացել է։ Բայց ես ոչինչ չեմ անում դրանում համոզվելու համար։ Տրվելով ճակատագրի կամքին՝ ես մշտապես նրան հանդիպելու հնարավորություն եմ ինձ թողնում՝ ելնելով լողասենյակից կամ պառկելուց առաջ հանվելիս։ Երբեմն գիշերային լռությունն ինձ է հասցնում արձագանքը նրա քայլերի, որոնք սովորել եմ լսել, թեև գիտեմ, որ ականջը դրանք չի զանազանի։
Շատ օրեր ես նախօրեին թողած կերը ձեռք չտված եմ գտնում։ Երբ այն անհետանում է, ես չգիտեմ՝ արդյոք թռչնակե՞րն է այն խժռել, թե՞ ինչ-որ ուրիշ, անվնաս հյուր։ Նաև մտածում եմ, որ միգուցե խարդախության զոհ եմ դարձել և այժմ կեղծ թռչնակերի տիրապետության տակ եմ գտնվում։ Հավանաբար վաճառողը խաբել է ինձ՝ ստիպելով բարձր գին վճարել գարշելի, բայց անվնաս կոյաբզեզի համար։
Բայց իրականում դա կարևոր չէ, քանզի ես տրվել եմ թռչնակերի գթությանը՝ չհավատալով իմ վաղահաս մահվանը։ Սովորաբար անքնության ամենածանր ժամերին, երբ ես ենթադրությունների մեջ եմ և ոչինչ չի կարող ինձ հանգստացնել, թռչնակերը հայտնվում է։ Նա շփոթ քայլով անցնում է սենյակով և համառորեն ջանում պատով ելնել։ Նա կանգնում է, բարձրացնում գլուխը և շոշափուկները շարժում։ Երևում է, որ թռչնակերը գրգռված հոտոտում է անտեսանելի զույգին։ Այդժամ ես, դողալով միայնությանս մեջ, փոքրիկ ճիվաղից վախեցած, հիշում եմ, որ երազում էի Բեատրիսի՝ ինձ համար անհասանելի նրա ներկայության մասին։
Աշակերտը
Ամենագեղեցիկ գլխարկը, որ ես երբևէ տեսել եմ, Անդրեա Սալիանոյինն էր։ Սև կերպասից, զարդարված կնգումի մորթով և արծաթե ծանր ճարմանդներով և սև փայտով։ Վարպետը գնել է այն Վենետիկի ինչ-որ շուկայում, թեև իրականում այն վայել է արքայազնի։ Եվ որպեսզի ինձ չնեղացնի, նա գնաց Հին շուկա և ընտրեց ահա այս մոխրագույն նրբաթաղիքից քառանկյուն գլխարկը։ Հետո, ցանկալով նորոնը նշել, առաջարկեց մեզ իրար դիմանկարներ անել։
Սրտնեղությունը հաղթահարելով՝ ես նկարեցի Սալիանոյի գլուխն այնքան լավ, որքան միայն կարող էի։ Անդրեան պատկերված էր Ֆլորենցիայի փողոցների ֆոնին, չքնաղ գլխարկով, սիգապանծ, իր կոչման մեջ վստահ։ Իսկ Սալիանոն, ընդհակառակը, պատկերել էր ինձ ծիծաղելի գլխարկով, վերջերս Սեպուկրոյից եկած գյուղացու նման։ Վարպետը հավանություն տվեց երկու աշխատանքներին էլ և ուզեց ինքը նկարել։ Նա ասաց.
-Սալիանոն հումորի զգացում ունի, նա երբեք անհարմարության մեջ չի ընկնում։
Հետո դիմեց ինձ.
-Իսկ դու դեռ շարունակում ես հավատալ գեղեցկությանը։ Դա քեզ վրա թանկ կնստի։ Նկարում միասնական գիծ չկա, դրանք շատ են, նույնիսկ չափազանց։ Ինձ ստվարաթուղթ բերեք։ Ես ցույց կտամ, թե ինչպես են գեղեցկություն արարում։
Ածուխ վերցնելով՝ նա ընդհանուր գծերով ուրվանշեց ինչ-որ մեկի չքնաղ դեմքը՝ հրեշտակի կամ միգուցե գեղեցիկ կնոջ։ Նա ասաց մեզ.
-Նայեք, թե ինչպես է ծնվում գեղեցկությունը։ Ահա այս երկու մուգ խորշերը աչքերն են, այս անորսալի գծերը՝ բերանը։ Երեսի ձվաձևությունը առաջանում է ուրվագծերից։ Դա էլ գեղեցկությունն է։- Իսկ հետո, աչքով անելով, ավելացրեց.
-Հիմա մենք այն կավարտենք։
Եվ բավական արագ, մի գիծը մյուսի հետևից ուրվագծելով, լուսաստվերը բաշխելով, նա, ըստ հիշողության, հենց հիացական հայացքիս ներքո, իմ Ջոյայի դիմանկարն արեց։ Միևնույն շագանակագույն աչքերը, դեմքի միևնույն ձվաձևությունը, միևնույն անորսալի ժպիտը։
Հենց այն պահին, երբ ես հիացմունքից ինձ կորցրել էի, վարպետն ընդհատեց աշխատանքը և մի տեսակ տարօրինակ քրքջաց.
-Գեղեցկությունը մենք ավարտեցինք,- ասաց նա։ — Այս զազրելի խեղանկարից զատ՝ ոչինչ չմնաց։
Չըմբռնելով՝ ես շարունակեցի սքանչանալ չքնաղ, բաց դեմքով։ Անսպասելի վարպետը նկարը երկու կես արեց և նետեց վառվող բուխարու մեջ։ Ես զարմանքից քարացա։ Եվ այդժամ նա արեց այն, ինչը ես երբեք չեմ կարող ո՛չ մոռանալ, ո՛չ ներել։ Սովորաբար լռակյաց, նա հռհռաց մի տեսակ բուռն, խելացնոր քրքիջով։
-Դե՛, շտապիր, փրկի՛ր քո տիրուհուն հրի միջից։
Նա աջ ձեռքս իր ձեռքի մեջ վերցրեց և դրանով շրջեց ստվարաթղթի էջերը, որոնք աչքիս առաջ վերածվեցին թռացրիվ մոխրի։ Ջոյայի ժպտացող դեմքը վերջին անգամ առկայծեց բոցի մեջ։
Այրված ձեռքով դողդողալով՝ ես անձայն արտասվեցի, երբ այդժամ Սալիանոն աղմկալի բերկրում էր վարպետի խելացնոր արարքից։
Բայց ես, միևնույն է, հավատում եմ գեղեցկությանը։ Մեծ նկարիչ ինձնից դուրս չի գա, և ընդհանրապես ես իզուր լքեցի հորս՝ Սան Սեպուկրոյի դարբնոցը։ Մեծ նկարիչ ինձնից դուրս չի գա, իսկ Ջոյան կամուսնանա ինչ-որ վաճառականի տղայի հետ։ Բայց ես, միևնույն է, հավատում եմ գեղեցկությանը։
Տագնապած սրտով ելնում եմ արվեստանոցից և բախտապավեն թրևում փողոցով մեկ։ Գեղեցկությունն իմ շուրջն է, կապտաոսկեշող անձրև է տեղում Ֆլորենցիայի վրա։ Ես տեսնում եմ այդ գեղեցկությունը և՛ Ջոյայի աչքերում, և՛ Սալիանոյի ամբարտավան դիրքում՝ նա ոսկեթել գլխարկով է։ Գետափին ես կանգնում եմ և երկար նայում անհմուտ ձեռքերիս։
Հետզհետե մեգը խտանում է, և երկնքում ուրվագծվում է Կամպանիլայի ուրվապատկերը։ Ֆլորենցիայի տեսքը դանդաղորեն խավարում է, ինչպես նկարը, որի վրա չափազանց մեծ տարածություն է ստվերագծված։ Զանգն ազդարարում է գիշերամուտը։
Ահի մեջ շոշափում եմ ինձ և նետվում վազելու. ես սարսռում եմ աղջամուղջում լուծվելուց։ Երեկոյան ամպում, ինձ թվում է, ես ճանաչում եմ վարպետի սառը և տհաճ ժպիտը, որից սիրտս է՛լ ավելի է ծանրանում։ Եվ այդժամ դանդաղորեն, գլխահակ թրևում եմ փողոցներում, ուր պահ առ պահ խտանում է մութը, և գիտեմ, որ երբևէ առմիշտ կանհետեմ մարդկանց հիշողությունից:
Հաղորդագրություն Լիբերիայից
Ինչպես միշտ է լինում, լուրերը շուրթեշուրթ են անցնում, և նյարդային հղի կանանց մի ողջ բազմություն զուր բացատրություններ է սպասում չխոսկան բժիշկներից։ Ամուսնությունների թիվը կտրուկ նվազում է, այնինչ հակաբեղմնավորիչների առևտուրը սպառնալիորեն աճում է։
Քանի դեռ գիտական կազմակերպությունները լռություն են պահպանում, լրագրողները, ինչպես երևում է՝ տարաժամ, դիմեցին ինքնուս մանկաբարձների ասոցիացիային։ Շնորհիվ դրա նախագահի՝ հաստամարմին, անպտուղ և շատախոս մատրոնայի, ասեկոսեները վերջնականապես չարագույժ բնույթ ստացան. ամենուր մանկիկները հրաժարվում են հարկ եղածին պես լույս աշխարհ գալ, և վիրաբույժները, ջանք չխնայելով, կեսարյան հատում և Գիյոմենի հնարքներ են կիրառում։ Դա էլ դեռ քիչ է, ինքնուս մանկաբարձների ասոցիացիան իր հատուկ տեղեկագրում ներառել է երկու մանկաբարձների պատմությունը, որ, իրենց փորը չխնայելով, պայքարում էին ընդվզող մանկիկի դեմ՝ իսկական սատանայիկի, որ օրից ավելի թպրտում էր կյանքի և մահվան միջև՝ անտեսելով մոր տառապանքները։ Ամրանալով զստոսկրերում և ճանկելով կողոսկրից, ծխնելույզ մաքրողի դիրքով, նա այնպես էր դիմադրում, որ մանկաբարձներն ի վերջո թևաթափ եղան և մանկիկին ազատ թողեցին ուզածն անելու…
Ինչպես և սպասվում էր, միակ գիտնականները, որ խախտեցին լռությունը, հոգեվերլուծաբաններն էին. նրանք այդ երևույթը վերագրում են կոլեկտիվ հիստերիայի ինչ-որ տարատեսակի և կարծում, որ ծննդաբերության ընթացքում ոչ թե երեխաներն են իրենց անբնական պահում, այլ կանայք։ Դրանով նրանք, հավանաբար, ցույց են տալիս իրենց դժգոհությունը ժամանակակից տղամարդուց։ Ուշք դարձնելով երեխայի ծնվելու պայթուցիկ բնույթին՝ մի կյանքից կտրված հոգեբույժ պնդում է, որ լույս աշխարհ գալ չցանկացողների ընդվզումը, առաջին հայացքից անպատճառ, ոչ այլ ինչ է, եթե ոչ երեխաների խաչակրաց արշավանք ընդդեմ միջուկային փորձերի։ Չնայած գինեկոլոգների կծու հեգնական ժպիտներին, նա իր խանդավառ դատողություններով հանգում է մտքին, որ հավանաբար մեր աշխարհը աշխարհներից լավագույնը չէ։
Հարցազրույց
-Եվ վերջին հարցը… Ընթերցողները կցանկանային իմանալ՝ ինչի՞ վրա եք հիմա աշխատում։ Պատմեք, խնդրեմ։
-Երեկ երեկոյան ինչ-որ բան մտքովս անցավ, բայց չգիտեմ, չգիտեմ…
-Այդուհանդերձ պատմեք։
-Դե, վիթխարի էգ կետաձուկ պատկերացրեք։ Նա երիտասարդ բանաստեղծի, ընդհանուր առմամբ, միանգամայն հասարակ մարդու կինն է։
-Հա, հասկանալի է։ Դա էգ կետաձուկ է, որ կլլել է Հովնանին։
-Դե, հա, դե, հա, միայն թե ոչ միայն Հովնանին։ Դա, ինչպես ասել, համապարփակ կետաձուկ է, և նրա ներսում բոլոր ձկներն են, որոնք իրար ուտում են, ամենամեծերը, իհարկե, ամենափոքրերին, սկսած մանրիկ ինֆուզորիաներից։
-Այսպես, այսպես։ Մանուկ հասակում ես էլ եմ մտածել այդպիսի կենդանու մասին, բայց, կարծես, դա ագեվազ էր, և նրա պարկում…
-Դե ինչ, ըստ էության, ես դեմ չեմ կետաձկի կերպարը փոխել ագեվազով։ Ագեվազն էլ սրտովս է։ Նրա մեծ պարկում լիովին կտեղավորվի ողջ աշխարհը։ Բայց, գիտեք, քանզի խոսքը երիտասարդ բանաստեղծի կնոջ մասին է, անհամեմատ ավելի համապատասխան է էգ կետաձկան կերպարը։ Թե ուզում եք՝ կապույտ էգ կետաձկան, այդպես ավելի նրբաճաշակ կլինի։
-Իսկ ինչպե՞ս ձեր մեջ նման միտք ծագեց։
-Ինձ այն նվիրեց հենց բանաստեղծը, էգ կետաձկան ամուսինը։
-Այսի՞նքն։
-Իր գեղեցկագույն բանաստեղծություններից մեկում պոետն իրեն ասես ինչ-որ մանրիկ կպչուն բան է պատկերել երազում նրան տանող գիշերային կետաձկան վիթխարի մարմնի վրա։ Այդ կետաձուկը, ըստ էության, և մեր ողջ աշխարհն է, իսկ պոետը կարող է երգել դրա լոկ այն հատվածը, դյութիչ մաշկի այն մասը, որին փարվել է։
-Վախենում եմ, որ ձեր խոսքերը կտարակուսեցնեն մեր ընթերցողներին։ Իսկ գլխավոր խմբագիրը, դե, դուք հասկանում եք…
Այդ դեպքում համընդհանուր հանգստության համար ամենն այլ կերպ շրջեք։ Վերցրեք և ասեք, որ մեզ բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ ինձ, և՛ թերթի ընթերցողներին, և՛ պարոն թերթի խմբագրին կլլել է կապույտ էգ կետաձուկը։ Որ մենք ապրում ենք նրա որովայնում և որ նա մեզ անշտապ մարսում է, որպեսզի հետո մատնի անգոյության։
-Բռավո՛։ Այլևս ոչինչ պետք չէ։ Դա հիանալի է և շատ համապատասխան մեր թերթի ոգուն։ Դե և վերջապես… չէիք կարող ձեր լուսանկարը տալ։
-Չէ։ Ավելի լավ է էգ կետաձկան նկարը բերեմ։ Այնտեղ մենք բոլորս ենք։ Եթե ուշադիր նայեք, կարող եք տեսնել և ինձ, չեմ հիշում հստակ որտեղ, բայց ես ծածկված եմ թույլ շողանքով։
Համբավ
Քաղաքավարությունը իմ բանը չէ։ Ավտոբուսում ես սովորաբար քողարկում եմ դրա բացակայությունը ընթերցանությամբ կամ էլ դժգույն անկարությամբ։ Բայց այսօր ես ինքնաբերաբար տեղիցս ելա, որ այն զիջեմ մի տիկնոջ, որի տեսքն աղոտ հիշեցնում էր Գաբրիել հրեշտակապետին։
Տիկինը, իսկույն օգտվելով իմ ակամա արարքի պտուղներից, այնպես ջերմորեն իր երախտագիտությունը հայտնեց, որ երկու կամ երեք ուղևորի ուշադրությունն իր վրա դարձրեց։ Շուտով ազատվեց հարևան տեղը, և, հազիվ նկատելի, բայց արտահայտիչ գլխի շարժումով այն ցուցանելով, հիասքանչ հրեշտակս թեթևացած շունչ քաշեց։ Ես գրավեցի տեղը հուսով, որ այսուհետև ոչինչ ուղևորությունը չի պղտորի։
Բայց, չգիտես ինչու, ինձ նախանշված էր օրվա հերոսի դերը։ Ավտոբուս բարձրացավ ևս մի կին, արդեն առանց որևէ հրեշտակաթևի։ Հնարավորություն ունեի ամեն ինչ իր տեղը գցելու, բայց, ավաղ, չօգտագործեցի։ Իհարկե, ես կարող էի շարունակել անխռով նստել, այդպիսով ինքնին ոչնչացնելով սաղմերը կեղծ համբավի։ Սակայն դրա համար ուժ չգտնելով և ինձ ուղեկցորդուհուս հետ ասես պսակված զգալով՝ ես շտապեցի տեղիցս ելնել և խոր գլուխ տալով՝ նոր մտածին տեղ առաջարկեցի։ Կարծես իր ողջ կյանքում ոչ ոք նրան նման պատվի չէր արժանացրել. աղմկալի արտահայտելով իր շնորհակալությունը՝ նա իրավիճակը անհեթեթ դարձրեց։
Այս անգամ սիրալիրությունս արդեն ոչ մեկ և ոչ երեք ուղևոր ժպիտով ընդունեցին։ Ավտոբուսի կեսը, համենայն դեպս, սևեռվեց վրաս, ասես ասելով. «Պարզապես ի՛նչ ասպետ է»։ Ես որոշեցի ելնել, բայց իսկույն մտափոխվեցի՝ հնազանդորեն ենթարկվելով իրավիճակին և հույս տածելով, որ դրանով էլ ամեն ինչ կավարտվի։
Մենք անցանք երկու փողոց, որոնցում ինչ-որ մեկը իջավ։ Ավտոբուսի սրահի մյուս կողմից ինչ-որ կին ինձ ցույց տվեց ազատված տեղը։ Նա նշան արեց մեն- միայն հայացքով, բայց այնպես հրամայական, որ կանխարգելեց մյուս ուղևորի ինձ շրջանցելու փորձը, և միաժամանակ այնքան նուրբ, որ առ նստարանը ճանապարհը ես հաղթահարեցի շփոթված և այն զբաղեցրի, ասես պատվավոր տեղ։ Մի քանի կանգնած ուղևորներ, արական սեռի, քամահրանքով ժպտացին։ Ես զգացի նրանց նախանձը, նրանց խանդը և մի փոքր դառնացա։ Թվում էր, որ կանայք, ընդհակառակը, ակնհայտորեն օժանդակում էին ինձ և լուռ քաջալերում։
Նոր փորձություն, նախկիններից շատ ավելի լուրջ, ինձ սպասում էր հաջորդ կանգառում. երեխաներով կին մտավ ավտոբուս։ Մի հրեշտակիկը նստած էր նրա ձեռքերին, իսկ երկրորդը հազիվ էր ինքն իր ոտքերի վրա մնում։ Ենթարկվելով կոլեկտիվի կամքին, ես իսկույն տեղիցս ելա և ընդառաջ գնացի այդ սրտառուչ ընտանիքին։ Կինը ծանրաբեռնված էր երկու կամ երեք կապոցներով, մենք գրեթե թաղամասի կեսն անցանք, իսկ նրան ոչ մի կերպ չէր հաջողվում բացել իր մեծ ռեդիկյուլը։ Ես հնարավորինս օգնեցի նրան, ձեռքերը պստիկ- ճստիկներից և կապոցներից ազատեցի, վարորդից երեխաների ուղևորության անվճար տոմս կորզեցի, և նրանց մայրը, վերջապես, տեղավորվեց իմ տեղում, որը ողջ այս ընթացքում ավտոբուսի կանանց գվարդիան պահպանում էր օտար ոտնձգություններից։ Կանգնել էի՝ ձեռքերումս պահելով կրտսեր մանկիկի թաթիկը։
Ուղևորների առջև պարտականություններս սրընթաց աճում էին։ Բոլորն ինձնից ինչ-որ բան էին սպասում։ Այդ րոպեներին կանանց աչքում ես ասպետի և թույլերի պաշտպանի կատարելատիպ էի։ Պատասխանատվությունը, որ ընկել էր ուսերիս, ծանր ասպազենքի պես ճնշում էր մարմինս, բացի դրանից՝ ափսոսում էի, որ գոտուս վրա ասպետական թուր չէ, քանի որ այդուհետև էլ տհաճությունները շարունակում էին ինձ հետապնդել։ Օրինակ, եթե տղամարդկանցից մեկը տիկնոջ հանդեպ իրեն անվայելուչ էր պահում. ավտոբուսում շատ սովորական դեպք, ես պետք է խիստ նկատողություն անեի նեղացնողին և նույնիսկ նրա հետ կռվի մեջ մտնեի: Ինչի շնորհիվ կանայք լրիվ համոզվեցին դոնկիխոտությանս մեջ։ Իսկ ես ինձ խանգարման եզրին էի զգում։
Այդպես մենք հասանք մինչև անկյունը, որտեղ ես պատրաստվում էի իջնել։ Տունս ինձ ավետյաց երկիր էր թվում։ Միացված շարժիչի դղրդյունը ստիպեց ինձ անդրարկտիկական լայներով երկար նավարկություն պատկերացնել։ Բայց ես չիջա։ Ես, իհարկե, արագ խելքի եկա, բայց չկարողացա դասալքել ավտոբուսը՝ հենց այնպես, դավաճանելով նրանց, որոնք իրենց կյանքն ու նավապետի կամրջակը ինձ են վստահել։ Եվ բացի դրանից՝ պետք է խոստովանել, որ անհարմար զգացի մտքից, թե հեռանալս ազատություն կտա մինչև այժմ զսպված զգացումներին։ Եվ եթե կանանց մեծ մասը, իհարկե, իմ կողմից էր, ապա տղամարդկանց շրջանում համբավս չէի կարող երաշխավորել։ Թիկունքիցս կարող էին հնչել ինչպես բուռն ծափահարություններ, այնպես էլ բարձր սուլոց։ Չուզեցի ռիսկի դիմել։ Իսկ ի՞նչ, եթե, օգտվելով բացակայությունիցս, վիրավորանքը չմարսած տղամարդկանցից մեկը դրսևորի իր ողջ անազնվությունը։ Ես որոշեցի մնալ ավտոբուսում և վերջինը իջնել, օղակապտույտի վրա՝ համոզվելով բոլոր ենթականերիս անվտանգությանը։
Կանայք, երջանկությունից շողալով, մեկը մյուսի ետքից դուրս էին գալիս։ Վարորդը, Աստված իմ, կանգառում հենց մոտենում էր խաչմերուկին, կանգնում և սպասում էր, մինչև տիկնայք երկու ոտքը դնեն գետնին։ Իսկ ես յուրաքանչյուրի դեմքին համակրանքի արտահայտություն էի տեսնում, որ հեռակա մեղմ սիրային հրաժեշտ էր հիշեցնում։ Վերջապես իմ օգնությամբ ելավ նաև երեխաներով կինը, ստիպելով իր ճուտիկներին ինձ համբույրներ պարգևել. դրանք մինչև այժմ խղճի խայթի պես տանջում են ինձ։ Ես ելա ամայի տեղում, գրեթե անապատում, առանց որևէ շուքի և ծիսականության։ Ես մեջս չվատնված հերոսության վիթխարի պաշարներ էի զգում, իսկ տարերային ցույցի մասնակիցները, որ ինձ ասպետի համբավ էին շնորհել, արդեն ցրվեցին տներով, և դատարկ ավտոբուսը հեռացավ կայանատեղի։
Մարդասպանը
Հիմա ես միայն այն եմ անում, որ մտածում եմ մարդասպանիս մասին՝ այդ անմիտ, ամոթխած պատանու, որ ձիարշավարանից դուրս գալիս մի անգամ մոտեցավ ինձ։ Այդժամ, նախքան պատմուճանիս կդիպչեր, պահնորդները քիչ էր մնում նրան կտոր–կտոր անեին։
Ես ինձ մոտ զգացի նրա մարմնի դողը։ Վճռականությունը խփվում էր նրանում, ասես ծառս եղած քառաձի։ Ես տեսա, թե ինչպես նրա ձեռքը ձգվեց դեպի թաքցրած դաշույնը, բայց, ընթացքը փոքր-ինչ փոխելով, օգնեց նրան մտածածը չիրագործել։ Ուժասպառ, նա մնաց կանգնած, հենվելով սյունին։
Ինձ թվում է՝ ես նախկինում տեսել եմ նրան, տականքների ամբոխում նրա մաքուր դեմքն անհնար է մոռանալ։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ պալատական խոհանոցից, խոհանոցային դանակը գողացած պատանուն հետամտելով, դուրս վազեց խոհարարը։ Պատրաստ եմ երդվելու, որ այդ տղան անփորձ մարդասպան է, և ես կմահանամ խոհանոցում միս կտրող դանակից։
Այն օրը, երբ հարբած զինվորների ամբոխը, փողոցում Ռինոմետոսի դին տանելով, խուժեց իմ տուն՝ ինձ կայսր հռչակելու, ես հասկացա, որ վիճակս նետված է։ Ես հնազանդվեցի ճակատագրին և թողեցի ճոխության, ծուլության և մեղքի կյանքը, որպեսզի վերածվեմ հաճկատար դահճի։
Հիմա վրա է հասել իմ հերթը։ Այդ պատանին, ծոցում մահս կրող, անդադրում և աներեսաբար հետապնդում է ինձ։ Ես պետք է օգնեմ նրան վերջ տալ ավելորդ զգուշավորությանը։ Պետք է արագացնել մեր հանդիպումը, որ կդատապարտի ինձ բռնակալի ամոթալի մահվան, քանի ինչ-որ բռնատիրող նրանից առաջ չի ընկել։
Այս գիշեր ես միայնակ կքայլեմ կայսերական այգիներում։ Լվացված և անուշաբույրով օծված կլինեմ։ Կհագնեմ նոր պատմուճանս և կելնեմ ծառի հետևում պահ մտած մարդասպանին ընդառաջ։
Ես կտեսնեմ, թե ինչպես դաշույնի սրընթաց թափահարումը կայծակի բռնկման պես կլուսավորի մութ հոգիս։
Երազատեսության պտուղ
Ես անիրական եմ, ես վախենում եմ, որ ոչ ոքի հետաքրքիր չեմ լինի։ Ես ոչնչություն, ուրվական, ցնորք եմ։ Ապրում եմ վախերի և ցանկությունների մեջ, վախերն ու ցանկությունները ինձ կյանք են տալիս և խլում այն։ Ինչպես արդեն ասացի՝ ես ոչնչություն եմ։
Ես կենում եմ ստվերում։ Երկար և անհասանելի մոռացության մեջ։ Հանկարծ ինձ ստիպում են ելնել առ լույսը, աղոտ լույսը, որ ինձ գրեթե իրական է դարձնում, բայց հետո իմ մասին մոռանում են, քանի որ նորից զբաղվում են ինձնով։ Ամեն անգամ ես նորից կորչում եմ ստվերում, գործողություններս ավելի անորոշ են դառնում, ես գնալով փոքրանում եմ, ոչնչության, դեռ անգամ չծնված ինչ-որ բանի վերածվում։
Գիշերը տիրապետությանս ժամն է։ Զուր է ջանում ինձ հեռացնել մղձավանջային երազից տառապող ամուսինը։ Երբեմն ես անհանգստությամբ և համառությամբ բավարարում եմ կնոջ աղոտ ցանկությունը, թուլակամ, նա քնկոխ դիմադրում է, բարձի պես փռված և փափուկ։
Ես ապրում եմ անբասիր կյանքով՝ բաժանված այս երկու էակների միջև, որոնք ատում և սիրում են իրար, որոնք ստիպում են ինձ այլանդակ մանկիկ ծնվել։
Ես գեղեցիկ և այլանդակ եմ։ Ես մեկ կործանում եմ ամուսնական զույգի աշխարհը, մեկ՝ ավելի ուժգին բորբոքում սիրո հուրը։ Երբեմն տեղ եմ գրավում նրանց միջև, և սերտ գրկախառնումը հրաշքով ապաքինում է ինձ։ Տղամարդը նկատում է ներկայությունս, ճգնում խեղդել և փոխարինել ինձ, բայց ի վերջո հաղթված, ուժասպառ, չարությամբ տոգորված, մեջքով է շրջվում առ կինը։ Իսկ ես, դողդողացող, մնում եմ նրա կողքին և գրկում նրան չգոյող թևերովս, որոնք երազում հետզհետե իրարից բաժանվում են։
Ամենասկզբում պետք է ասեի, որ ես դեռ չեմ ծնվել։ Ես դանդաղ և տանջալից աճող պտուղ եմ՝ դեռ ջրային տարերքից չելած։ Իրենց սիրով, իրենք էլ դա չհասկանալով, նրանք վնաս են հասցնում դեռ չծնված էությանը։ Մտքերում երկար չարչարվում են մարմնավորմանս վրա, նրանց ձեռքերը համառորեն ջանում են ինձ ձև տալ, բայց միշտ չբավարարված, նրանք ինձ նորից նոր վերափոխում են։
Բայց մի անգամ, երբ նրանք պատահաբար գտնեն իմ վերջանական ձևը, ես կթաքնվեմ նրանցից և ինքս, իրական զգացողություններից գրգռված, կկարողանամ երազներ տեսնել։ Նրանք կթողնեն իրար, իսկ ես կլքեմ կնոջը և կհետապնդեմ տղամարդուն։ Ես կհսկեմ նրա ննջասենյակի դուռը՝ ցնցելով հրե թրով։
Ռնգեղջյուրը
Տասը տարի ձգվեց իմ մարտը ռնգեղջյուրի հետ, հիմա ես դատավոր Մակբրիդի նախկին կինն եմ։
Տասը տարի Ջոշուա Մակբրիդը տնօրինել է ինձ ամենավերջին եսասերի պես։ Ես ճանաչել եմ նրա զայրույթի բռնկումները, վաղանցիկ քնքշությունը, իսկ գիշերային ժամերին նաև նրա հեշտասիրության ծիսական հանդիսականությունը։
Ես հրաժարվեցի սիրուց նախքան կիմանայի այն ինչ է, քանզի Ջոշուան ապացուցեց ինձ՝ բոլոր դատական խորամանկություններով, որ սերը հեքիաթ է, որ պիտանի է լոկ աղախինների հետ զվարճանքի համար։ Փոխարենը նա առաջարկեց ինձ հարգված մարդու հովանավորությունը։ Իսկ հարգված մարդու հովանավորությունը, ըստ Ջոշուայի խոսքերի, յուրաքանչյուր կնոջ երազանքների գագաթնակետն է։
Տասը տարի ձգվեց ռնգեղջյուրի հետ իմ դեմ առ դեմ պայքարը, և ահա միակ պարգևս՝ ես նրանից ի վերջո բաժանման համաձայնություն կորզեցի։
Ջոշուա Մակբրիդը նորից ամուսնացավ, բայց այս անգամ սխալվեց ընտրության մեջ։ Երկրորդ Էլեոնոր Մոխրոտի փնտրտուքներում նա ուրիշների վրա փորձում էր իմ կոշիկները։ Պամելան նուրբ է և ռոմանտիկ, բայց նրան արդեն հայտնի է ռնգեղջյուրի հանդեպ հաղթանակի գաղտնիքը։ Ջոշուա Մակբրիդը ճակատային գրոհի է գնում, բայց նրան չի բավում ելակետին դառնալու ժրությունը։ Երբ ինչ-որ մեկն անսպասելի հայտնվում է նրա թիկունքում, նա ստիպված է շրջան կատարել՝ նորից հարձակվելու համար։ Պամելան, մահացու կառչելով նրա պոչից, քաշում է նրան։ Բազում զրույցներից դատավորը հոգնում, թուլանում և փափկում է։ Զայրույթի բռնկումները գնալով ավելի հազվադեպ և ոչ այնքան ուժեղ են դառնում, նրա հանդիմանությունները կորցնում են համոզչականությունը, ինչպես վատ դերասանի խաղ։ Նրա զայրույթն այլևս մակերես չի ելնում։ Նա նման է գործող հրաբխի, որի խառնարանին բազմած է ժպտացող Պամելան։ Ջոշուայի կողքին ես նավաբեկության ենթարկվեցի, Պամելան լողում է, ինչպես թղթանավակը ջրով տաշտում։ Նա դուստրն է շրջահայաց բուսակեր քահանայի, որ սովորեցրել է նրան, թե ոնց կարելի է անգամ վագրին վերածել ողջամիտ բուսակերի։
Վերջերս տեսա Ջոշուային եկեղեցում. նա բարեպաշտորեն ունկնդրում էր կիրակնօրյա պատարագը։ Նա նիհարել և վհատ էր թվում։ Երևում է, որ Պամելայի նուրբ ձեռքերը քամում են նրանից ողջ ամբարտավանությունը և նրան խոնարհ դարձնում։ Բուսակերական դալկությունը նրան հիվանդագին տեսք է հաղորդում։
Մարդիկ, որոնք հյուր են գնում Մակբրիդներին, ինչ-որ զարմանալի բան են պատմում։ Անըմբռնելի է. առանց ռոստբիֆի ճաշեր ու ընթրիքներ։ Նրանք ասում են, որ Ջոշուան սալաթի մեծ ամաններ է դատարկում։ Բնականաբար, այդպիսի կերակրի մեջ կալորիաների քանակն անբավարար է զայրույթի նախկին բռնկումների համար։ Խիստ խոհարարուհիները անդրդվելիորեն և հետևողականորեն փոխում կամ հանում են նրա սիրելի ուտելիքները։ Մսով կարկանդակների և տապակայի բույրը այլևս չի թափանցում քարակարկառի կաղնուց ճաշասենյակ։ Այն փոխել են անհամ կաթնախյուսով և անբույր պանրով, որոնք Ջոշուան լուռ կլլում է, ինչպես պատժված երեխա։ Պամելան, միշտ սիրալիր և ժպտացող, խլում է Ջոշուայից սոսկ կեսծխած սիգարը և բաժիններով վիսկի և ծխամորճի ծխախոտ տալիս։
Այդ մասին ինձ պատմում են։ Եվ ես սիրում եմ պատկերացնել՝ ինչպես են նրանք իրար հետ ճաշում ճյուղավոր մոմակալով լուսավորված նեղ և երկար սեղանի շուրջը։ Իմաստուն Պամելայի հսկողության տակ որկրամոլ Ջոշուան մոլեգնորեն կլլում է իր անկշիռ համադամ ուտելիքները։ Բայց ես ամենից շատ սիրում եմ պատկերացնել, թե ինչպես է ռնգեղջյուրն իր վիթխարի անձև մարմնով, խալաթով և հողաթափերով, երկչոտ և բութ աղերսում խոր գիշերով համառ դռան առջև։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը