ԳրաԴաշտ

Սամվել Մուշեղյան/ Շարունակվող սկիզբ…

22.11.2022

(1958-2011)

Ամենակարևորը մնում է լուսանցքում: Մեր ապրած կյանքի ընթացքում մեզ տրվում են հաշված ակնթարթներ, երբ մենք իսկապես հանդիպում ենք ինքներս մեզ: Ու երբեմն պատմություն դարձած մի կենսագրության զարկերակը գտնելու համար պետք է վերադառնալ լուսանցք՝ անցնող օրերի թողած անսրբագիր, խտացող արձագանքների, կենսաթաղանթի անկրկնելի մատնադրոշմների կենսական տիրույթը:

«Ինձ փնտրեք իմ բանաստեղծություններում»,- թվում է՝ Սերգեյ Եսենինի այնքան ժլատ ինքնակենսագրության այս նախադասությունը վերաբերում է առհասարակ բանաստեղծին, արվեստագետին, որի ստեղծագործությունն իր ներքին կենսագրության լավագույն վկայախոսն է: 

Իր բավական կարճ կենսագրության ընթացքում Սամվել Մուշեղյանը ստեղծել է ինքնատիպ և նուրբ բանաստեղծական ձեռագիր, որ զարմացնում է իր բնածին ճաշակով և բանաստեղծականի վճիտ ու միաժամանակ խստապահանջ ընկալմամբ՝ զերծ գաղափարական կաղապարներից և ոճական ջանադիր փնտրտուքներից: Ստեղծագործություններ, որոնք այսօր բանաստեղծի լավագույն դիմանկարն են: 

Սամվել Մուշեղյանի անտիպ երկերի ժողովածուն հրատարակության է պատրաստում քույրը՝ Ռիմա Ղազարյանը (հեղինակային հրատարակություն): Ստորև ներկայացնում ենք մի քանի բանաստեղծություն:

*****

Շարունակվող սկիզբ…

Մի երեխա՝ աններելի տխրությամբ, 

թաքուն, այգու ծառերի տակ կծկված

ծխում է՝ ծխախոտը վարպետորեն

փոքրիկ բռում թաքցրած: 

Քամի, կանաչ ծառերի շրշյուն,

հատուկենտ լապտերների ժպտուն պայծառություն…

անաստղ երկինք – հարբած մի մարդ՝

նստարանին քնած, թևանցուկ անցնող զույգեր՝

անտարակո՜ւյս հարբած…

/Եվ էլի դեմքեր, դեպքեր, որ լավ չի հիշում/:

…Ու մի դատարկ լռություն՝ իբրև արահետ,

որ տանում է նրան դեպի ելքը այգու:

Ճանապարհին… 

չէ՛, այդ ե՛ս եմ երգում մինչև հիմա էլ

անհասկանալի մի երգ: Ու դրանի՞ց,

թե՞, չգիտեմ…

մեկ տխրում եմ ու մեկ ժպտում…

արցունքոտված… 


Մի՛ հուսահատվիր

… Եվ վերջապես ես սովորեցի թռչել.

Աստվա՛ծ իմ, 

անասելի հաճույք է պատճառում, 

անասելի…

Բայց ես ստիպված եմ ասել,

որ կապերս վաղուց խզել եմ երկնքի հետ 

և անդառնալիորեն կապվել ոսկեգույն

և, չգիտեմ, թե էլ ինչ գույնի վանդակների հետ:

Բայց դա բնավ էլ չի խանգարում թռչելուն,

երբ կուշտ ես ընդհանրապես,

և մարդկային մի փոքրիկ բազմություն

ծաղրուծանակի է ենթարկում

/և ինչպիսի՜ փորձության/

իրենց այդ խեղճուկրակ ձայնալարերը՝

կապկելու տենչով հմայված: 

…Ավա՜ղ, — ասաց բանաստեղծը,

և միանգամից որոշեց թռչել… ( կարևոր չէ, թե ուր): 

-Եվ վերջապես կարևորը թռչել սովորելն է, — 

ասաց,-մի՛ հուսահատվիր,-

և տմբտմբացրեց գլուխը՝ մատը վերև ցցած:


Սա քո մասին է…

Ես երկար քայլեցի քո ճանապարհով,

որտեղ վառվում էին աշխարհի ամենազվարթ լապտերները,

ամենակապույտ ծաղիկներն էին ծաղկում՝

ամենավեհ թախծի ելևէջներով:

Ես շոշափեցի այն ամենը, ինչ կար քո ճանապարհին, 

և զարմանալիորեն նկատելի դարձավ հողաբույրն իմ մարմնի: 

Ես երկար կանգնեցի ճանապարհի եզրին,

եզրին,

որովհետև ճանապարհով անցնում էին մեքենաները՝ 

լույսերը պայծառ վառած.

անցնում էին զույգերը՝ 

անվերապահորեն միմյանց նվիրելով ամեն ինչ. 

անցնում էին ծերունիները՝

անվերջ փնթփնթալով չարաճճի թոռնիկների վրա,

որովհետև անցնում էր աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը,

և ես ճանապարհի եզրի բոլոր ծաղիկները նվիրեցի նրան

և խոստացա… ամեն ինչ՝ անվերապահորեն – 

մենք դանդաղ հեռանում ենք քո ճանապարհից

վերջնականապես: 

No Comments

Leave a Reply