Օրերս «Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկահայ գրող Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» վեպը, որը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը:
«Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուսնություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն…Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծագործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը: Այնքան բուռն է եղել Արշիլ Գորկու կյանքը, որ անհնար է առանց հուզումի փակել այս գիրքը»,- գրքի մասին նշվում է խմբագրականում։
Մեր գրախոսականը մի համեստ փորձ է՝ ներկայացնելու Արշիլ Գորկու կյանքը իրականությունից մինչև գրականություն։
Ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում մեր ազգային ճակատագրից, մեր կեցությունից բխող տխրության, կարոտի, հողի կանչի թեման հպանցիկ չեղավ. զարթոնք ապրած հայրենասիրական գաղափարախոսության զարգացման շնորհիվ այս թեմայով ստեղծվեցին արժեքավոր գրական-գեղարվեստական շատ երկեր: Այս շարքից է Սարգիս Վահագնի «Արշիլ Գորկի» վեպը, որը գրված է հեղինակի երևակայությանև հավաստի պատմականության թելադրանքով: Վեպի հիմքում ընկած է Արշիլ Գորկի-Ոստանիկ Ադոյան մարդու տառապալի կյանքն ու նկարչի սխրալի գործը։
Արշիլ Գորկին 20-րդ դարի մեծագույն գեղանկարիչներից է, որի պայծառ ու կրակոտ գույները անկարող են թաքցնել նրա հոգու լուսավորտխրությունը:
«Արշիլ Գորկի» վեպում ՍարգիսՎահագնը ստեղծել է գերիրապաշտական մի ամբողջ դպրոցի պատկերասրահ, որտեղ «հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին»: Նրանցով է շրջապատված Արշիլ Գորկին: Ընթերցելով վեպը՝ հասկանում ենք, թե ինչ տքնաջան աշխատանք է կատարել հեղինակը. նա ուսումնասիրել է սյուրռեալիզմի նյույորքյան մի ամբողջուղղության պատմություն, ու չնայած ինքն ասում է, որ վեպում կարող են լինել այնպիսի կերպարներ, որոնք հեղինակի մտքի թռիչքն են, այնուամենայնիվ, մենք ընդհանուր առմամբ ունենք այլ տպավորություն. դեպքերը մեծավ մասամբ ճշգրիտ են: Վեպում սերտորեն առնչվում ենք համաշխարհային գերիրապաշտության այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Անդրե Բրետոնը, Վիլեմ դը Կունինգը, Ջեքսոն Փոլոքը և ուրիշներ:
Վեպում Վահագնը Արշիլ Գորկուն երևան է բերում ոչ միայն իբրև մեծ արվեստագետի, այլև որպես այդ նույն արվեստի առջև մեծ հիացողի, մարդու, որը ազդվում է ուրիշների գործերից՝ Ուչելլո, Սեզան, Պիկասո:
Սարգիս Վահագնը մեզ է ներկայացնում Գորկու ձևակերպումները՝ կապված իր արվեստագիտական ըմբռնումների հետ։ Մենք այդ ամենը կարդում ենք անմիջապես նկարչի շուրթերից. «…Նախ ամեն բանից առաջ պիտի ընդունենք, որ արվեստում չկա բացարձակ ճշմարտություն, որից կառչես և դրանով լուծես բոլոր հարցերդ։ Ընդհակառակը, կան բազում ճշմարտություններ, որոնք, հակասական և իրարամերժ լինելով իսկ, մոտեցման և ընդգրկման այլազան կարելիություններ են բացում մեր առջև…»: Այս կարգի ձևակերպումները շատ են վեպի տարբեր հատվածներում:
Որոշ դրվագներում Սարգիս Վահագնի մեկնական խոսքը կարելի է համարել արվեստաբանի դիտարկում: Նա կարողանում է Գորկու նկարները չզիջող համեմատության մեջ դնել համաշխարհային նկարչության դեմքերի գործերի հետ՝ միաժամանակ բարձր պահելով ու սահմանելով Գորկի նկարչի դերը:
«Արշիլ Գորկի» վեպում կարմիր թելի նման անցնում է նկարչի սոցիալական ծանր վիճակի նկարագրությունը: Հերոսը գոյության միջոցներ գտնելու համար ստիպված էր իր ստեղծագործությունները վաճառել 25 կամ 50 դոլարով, երբեմն նվիրում էր երկրպագուներին՝ հիշեցնելով, որ երբևէ դրանք շատ արժեքավոր կդառնան: Մի անգամ էլ, երբ քրոջ՝ Վարդուշի մանկահասակ երեխան քաղցից լաց էր լինում, մի կտավ է դնում թևի տակ, դուրս գալիս տնից և վերադառնում՝ մեկ շիշ կաթի հետ փոխանակած։ Սա ևս արվեստագետի ողբերգությունն է:
Այս ամենը դեռ քիչ է, նրա աշխատանքներից շատերը ոչնչացվել են Կոնեկտիկուտի արվեստանոցի հրդեհի պատճառով, մյուսները` Կալիֆորնիայում տեղի ունենալիք ցուցահանդեսի ճանապարհին ավիաաղետի հետևամքով: Սա կենդանության օրոք:
Որպես կանխագուշակումի իրականացում՝ նրա փրկված կտավներից շատերը այժմ ցուցադրված են հայտնի թանգարաններում և հարյուրհազարավոր դոլարներ արժեն:
Հոգեբանական նուրբ դիտողականությամբ է Սարգիս Վահագնը ներկայացնում Արշիլ Գորկուն. երբ նկարում է, վերջինը կտրված է աշխարհից ու բոլորից: Նա աշխատում է մենակության մեջ՝ յուրաքանչյուր պաստառին հանձնելով իր հույզերը, խոհերն ու հոգին: Սա Գորկու աշխատաոճն է, ինչի վրա հեղինակը ևս չի զլանում գրավել մեր ուշադրությունը:
Վեպում ներկայացված են Գորկու կյանքի առանձին մանրամասներ՝ կնոջ դավաճանությունը, արհեստանոցի հրդեհը, ինքնաշարժի արկածը և այլն։ 1940-ականների կեսին Գորկին ուներ շատ բան` հանճարեղ նկարչի համարում, գեղեցկուհի կին, սիրած երեխաներ: Նա արդեն հաղթում էր կյանքին, հիշում-վերհիշում ու նկարում էր իր հայրենի պարտեզները և չէր ուզում հիշել-խոսել անմարդկային վշտի մասին: Մոռացության մի ուղին էլ կինն էր` շքեղ, գեղեցիկ, արտիստիկ, արվեստի գիտակ, ազատ ամերիկուհին: Կյանքի մի կարևոր պահի, երբ արդեն հռչակ ունեցող նկարիչ էր, Գորկին պարտվեց հենց նույն կյանքին: Հաղթեց արվեստում ու պարտվեց կյանքում:
Վեպի ավարտին մենք տեսնում ենք Գորկուն, որը քաջ գիտակցում է, որ տառապանքի անհատնում ճանապարհին այլևս չի կարող նկարել. «Գորկու ողնաշարի վզոսկրը փշրված է, և աջ թևի ջղերը վիրավոր են մեծ մասամբ: Կյանքին վտանգ չէր սպառնում, բայց անխուսափելի էր աջ թևի ամբողջական անշարժացման հավանականությունը»:
Նկարիչը կորցնում է գոյատևման գերագույն կռվանը: Կտրվում են կյանքի հետ կապող բոլոր թելերը: Նա կյանքից հեռանում է իր կամքով՝ ստեղծված անտանելի հանգամանքներին դիմակայել չկարողանալու պատճառով։
Գորկին արժանացել է թե՛ ժամանակակիցների, թե՛ հաջորդների բարձր գնահատանքին, բայց միայն մահից հետո եկավ նրա փառքի ժամանակը: Նրա գույները որդեգրած Մինաս Ավետիսյանը հետագայում Գորկու մասին գրում է. «…Նա կարողացավ հասնել համաշխարհային մշակույթի վարպետներին և հավերժ կապրի նրանց հետ»:
«Կան արվեստագետներ, որոնցով անվերջ հիանում ենք: Կան այնպիսիք, որոնցով և՛ հիանում ենք, և՛ անչափ սիրում: Այդպիսին է Արշիլ Գորկին: Նրա նկարները նման են Շուբերտի երգերին. մոլեգին ու քնքուշ են»,- Գորկու մասին գրել է The New York Times-ը:
Լուսինե Սարգսյան
2 Comments
Ապրիս , Լուսինէ:ներկայացուցած ես գիրքս Հակիրճ բայց դիպուկ բնութագրմամբ: Լրիւ եւ ամբողջական գնահատումն ու ներկայացումը արդէն որպէս թեզապաշտպանութիւն տարիներ առաջ գրած էիր պաշտօնական յանձնառութեամբ դառնալով իմ ակադեմական վերծանող-վերլուծողը: Շնորհակալութի՝ւն ընծայուած պատիւին համար: Մե՜ղք որ իմ քանի մը այցերուս ընթացքին մեզի հանդիպիլ չյաջողուեց: Ա՛լ տարիքի յառաջացման բերումով չեմ կարծեր որ կարենամ նոր այց մը կարենալ իրագործել: Միշտ հաճոյքով կը բանամ դիմագիրդ եւ կը հաստատեմ որ արդէն կազմած ես շատ յաջող ամուսնութիւն մը եւ աճեցուցած իսկ էս երկու պճլտուն երեխաներ ալ : Սարգիս Վահագն
Շնորհակալ եմ, պարոն Վահագն, որ այսքան բարձր գնահատեցիք աշխատանքս, ինձ, Ձեր բառերով ասած, համարեցիք Ձեր գրականության ակադեմիական վերծանող-վերլուծողը, պատիվ ունեմ լուսաբանելու Ձեր ամբողջ գրական ավազանը, Ձեզ` որպես սփյուռքահայ գրականության մերօրյա տիտանի։ Շնորհակալ եմ ամեն ջերմ խոսքի համար։ Միշտ Ձեր գրականությամբ հիացող` Լուսինե։