Արմինե Սարգսյան Արցախ Հրատապ

Շուշիից փրկված գորգերի հավաքածուն կունենա՞ նոր հասցե

16.04.2021


Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների երևանյան ցուցադրությունը շարունակվում է։

Ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 20-ին, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ներկայացված են գորգեր, ասեղնագործություններ, ասեղնագործ գորգեր, կարպետներ… 17-20-րդ դարերով թվագրվող շուրջ 70 նմուշ, որոնցից ամենահինը 350 տարվա պատմություն ունի։

Շուշիում թանգարանը բացվել է 2011-ին։ Հիմնադրել է Վարդան Ասծատրյանը։ Գորգերի հավաքածուն ստեղծվել է երկու տասնամյակում։

Ռմբակոծվող քաղաքից գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշները հաջողվել է դուրս բերել գիշերով՝ հեռախոսների լույսի տակ։

Հիշեցենք, որ Շուշիում գործող 4 պետական և 2 մասնավոր թանգարաններից տարհանվել են միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշները։

Շուշիից տարհանված գորգերի մի մասը ներկայումս պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում։

«Ի՞նչ է լինելու ցուցադրվող նմուշների ճակատագիրը ցուցահանդեսի ավարտից հետո» հարցին Վարդան Ասծատրյանը պատասխան չունի։
Սպասում է առաջարկների, որ թանգարանը աշխատի, ֆոնդերում պահելը ճիշտ չի համարում։
Առաջարկներ չկան։
Թվում է՝ և՛ գիտենք, և՛ չգիտենք գորգերի մասին։

Հետաքրքրություն կա, այցելուների հոսքը չի դադարում։ Գալիս են տեսնելու Շուշիի հետ կապող գունային նախշազարդ աշխարհը։

Վարդան Ասծատրյանը

Վարդան Ասծատրյանը նշում է, որ գորգերը չեն արժեզրկվում. «Ճիշտ պահպանելու դեպքում հազարամյակներ կարող են ապրել։ Ամերիկայում, Եվրոպայում, ամենուր դրանք կիրառվում են. պահվում են տներում և ինչքան հին են, այնքան՝ լավ։ Մեր ժողովուրդը մի քիչ հեռացել է այս ամենից։ Ամենալավը թողնում ենք, ուրիշներն են վայելում, մենք նորի հետևից ենք գնում։ Խորհրդային տարիներին էլ ընդունված միտում էր, թե գորգը հին բան է, տներում պետք չէ պահել… ադրբեջանցիները սկսեցին գնել- տանել-յուրացնել։ Ադրբեջանի գորգերի թանգարանի նմուշների 70 տոկոսն արցախյան է։ Մասնագետները տեսնում են, որ արցախյան է։ Զարդանախշերն ինչ-որ ազգային պատկանելություն չունեն։ Համամարդկայի արժեք են, հանդիպում են տարբեր ազգերի մոտ։ Հայկական գորգերը մի կարևոր յուրահատկություն ունեն. դրանցում հանդիպում են աշխարհում տարածված գրեթե բոլոր զարդանախշերը, ինչը մեզ թույլ է տալիս ասելու, որ հայերը եղել են համամարդկային արժեքների և՛ պահպանողը, և՛ տարածողը»։
Հարուստ այս հավաքածուն այսօր էլ համալրվում է. Վարդան Ասծատրյանը ցույց է տալիս 200 տարեկան գորգը։ Օր առաջ էր բերվել։

Շուշիի թանգարանից փրկվել են 160 գորգ, մոտ 100-ը չի հաջողվել դուրս բերել։ Մեր զրուցակիցը ընդգծում է, որ այս գորգերը թանգարանային նմուշներ են, քանի որ ի տարբերություն շատ այլ հավաքածուների՝ նշված են սկզբնաղբյուրները (տարեթիվը, բնակավայրը, երբեմն նաև՝ տվյալ ընտանիքին պատկանելը):

Հրավիրում ենք պետական կառույցների, պետական այրերի, մասնավոր ընկերությունների, մեկենասների ուշադրությունը։ Շուշիից փրկված գորգերի հավաքածուն պետք է ունենա հասցե և հնարավարություն՝ ցուցադրելու հայաստանյան, արցախյան ու հենց Շուշիի պատմությունը։

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply