Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) Թատերական ֆոնդերում պահպանվում են բազմաթիվ արժեքավոր նմուշներ՝ իրենց հետաքրքիր պատմություններով, որոնք լույս են սփռում հայ թատրոնի անդրկուլիսային անցուդարձերի առեղծվածային էջերի վրա։
Այդպիսի նմուշներից է Սիրանույշի (Մեսրոպե Սահակի Գանթարճյան, 1857-1932 թթ․) մատանին, որը հանճարեղ դերասանուհին կրել է բեմում, թեև հայտնի չէ, թե հատկապես որ կերպարը մարմնավորելիս։
Սիրանույշ

Կապույտ քարով մատանին ԳԱԹ-ին է նվիրել հայ բեմի հսկան՝ Վահրամ Փափազյանը։ Վերջինս խոստովանել է, որ այն գողացել է Սիրանույշի հարդասենյակից։
Վահրամ Փափազյան

ԳԱԹ Թատերական բաժնի վարիչ, թատերագետ Նաիրա Շահվալադյանից տեղեկանում ենք, որ Փափազյանն ուղղակի երկրպագել է Սիրանույշին և ցանկացել նրանից ինչ-որ մասունք ունենալ։ Այս ցանկությունն էլ դրդել է նրան մեծ դերասանուհու հարդասենյակից աննկատ վերցնել մատանին և տարիներ անց այն հանձնել ԳԱԹ-ին։ Այս պատմության վերաբերյալ գրավոր վկայություն չի պահպանվել, սակայն բանավոր պատումը տարակուսանքի առիթ չի տալիս։ Չմոռանանք, որ շատ հետաքրքիր ու բացառիկ պատմություններ պահպանվում ու փոխանցվում են մեզ բանավոր պատումների միջոցով, և դրանց լավագույն հավաքորդներն ու պահպանողները գլխավորապես թանգարաններն են։
Սիրանույշով Փափազյանի տարվածությունը, ըստ Ն․ Շահվալադյանի մեկնաբանության, անորսալի թելերով ձգվում է դեպի Պետրոս Ադամյան։ Հայտնի է, որ Վահրամ Փափազյանը մեծագույն հետաքրքություն է տածել Պետրոս Ադամյանի անձի և բեմական գործունեության նկատմամբ, թեև իրեն չի հաջողվել նրան երբևէ տեսնել բեմում։ Փոխարենը նա բեմում տեսնել է Սիրանույշին, որը Ադամյանի հետ ժամանակին խաղացել էր Օֆելյա՝ Շեքսպիրի անմահ «Համլետում»։ Ավելի ուշ ինքը՝ Սիրանույշն է խաղում Համլետ․ առաջին կին դերասանուհին, որ մարմնավորել է Դանիայի արքայազնին։
Ստացվում է, որ Սիրանույշն իր Համլետով դառնում է կապող օղակ Փափազյանի և Ադամյանի միջև․ դա անուղղակի հնարավորություն էր՝ պատկերացնելու համար, թե ինչպես կարող էր Համլետ խաղացած լինել Պետրոս Ադամյանը։ Այս իսկապես անորսալի, բայց մեծապես հավանական կապից էլ ծնվում է հետաքրքրությունը Սիրանույշի նկատմամբ, և այդ հետաքրքրությունն էլ պայմանավորում է արժեքավոր մասունքի՝ Փափազյանի մոտ հայտնվելը։ Բնականաբար, որպես գիտակից, արվեստին, Սիրանույշին նվիրված անհատականություն, Փափազյանը պետք է ճիշտ տնօրիներ այդ արժեքավոր մասունքի ճակատագիրը․ հանձնելով այն ի պահ գրականության և արվեստի թանգարանին, Փափազյանը ոչ թե սոսկ փրկել է Սիրանույշի մատանին մոռացության տարաբախտությունից, այլև մեծ ծառայություն է մատուցել հայ ժողովրդին՝ իր հանճարների կյանքի և ստեղծագործական աշխարհի նուրբ մանրամասնություններին իրազեկելու առումով։
Կարինե Ռաֆայելյան