ԳրաԴաշտ Վահագն Ամիրջանյան

Վահագն Ամիրջանյան․ 30 մետր

01.05.2022


Աղջկան, որ չցանկացավ հավատալ իմ սիրուն

Ինձ մի տարեց, գունատ կին էր նայում այդ օրը։ Նրա գուցե մոլորյալ հայացքում տեսնում էի այն, ինչ գուցե չէի ցանկանում ընդունել։ Նրա հայացքի մեջ  չէի համարձակվում մոտենալ նրան, իսկ իմ մտքում ստիպում էի ինձ, որ պարզապես սպասում եմ նրա պատասխանին։ Չգիտեմ, ավելորդ սկզբունքներ էին, թե ճակատագրի կամքը, որ  այդ օրը չմոտեցա նրան, բայց վստահ եմ, որ այդ օրվա մասին նա երբեք չի իմանա կամ էլ կիմանա, սակայն չի հավատա, որ եկել եմ, երկար նայել նրա կողմը, սպասել, նորից հիացել իր պերճությամբ, վերջին անգամ  նայել այն հայացքով,  այն զգացողությամբ, որ ամեն օր ասում էի ինքս ինձ, երբ դեռ կողքիս էր։ «Նա իմն է»․ այս միտքը մինչ օրս տանջում է ինձ, այս միտքը մինչ օրս ինձ հանգիստ չի տալիս, քանի որ նա իմն է, բայց ճակատագրով ուրիշինը։ Երկու տարի և մի քանի ամիս է անցել այդ օրվանից։ Այդ այն օրն էր, որ գուցե կարող էի փրկել մեր միությունը, այդ այն օրն էր, երբ բաժանումից հետո որոշել էի ամեն ինչ հետ բերել։ Երեկոյան գրեցի իրեն, որ գալու եմ, որ ուզում եմ պատասխանի ինձ, քանի որ դրանից է կախված ամեն ինչ։ Այդպես, չգիտեմ, ինձ էի խաբում, թե պարզապես այդ անկոտրում սկզբունքայնությունս էի ուզում մի ձևով բավարարել։ Երբ տեղում էի, նա ինձնից հեռու էր ընդամենը մի 30 մետր․ երևի դա իմ կյանքի ամենամեծ հեռավորությունն էր, որ երբևէ ունեցել եմ այն մարդու նկատմամբ, ում բոլորից շատ եմ սիրել։ Քանի որ դա կարծես  մի անանցանելի ցանկապատ լիներ, որի վրայով թռչելը անգամ ինքնաթիռով անհնար կլիներ, թերևս միայն մեկ բառ, մեկ տառ էր բավական, որ ես թռչեի այդ անանցանելի պատի վրայով, գրկեի նրան և սիրո խոսքեր շշնջայի։ Սակայն այդպես էլ չբացեց այդ նամակը, ես էլ չմոտեցա իրեն։

 Երկար նայում էի նրա շքեղ կեցվածքին, մտքում քամուց ուժեղ շարժում իր երկար վարսերը, արևից ուժեղ փարվում նրա մաշկին։ Այնքա՜ն հեռու, այնքան անհասանելի էր նա ինձ համար այդ պահին թվում։ Նրա հպարտ, բոլորից բարձր դիրքը, նրա խոշոր սև աչքերի նայվածքը, անգամ մանկական ժպիտի խորքում զգացվող արհամարհական դիմախաղը, որ ուղղված էր բոլորին, բոլոր տղաներին, որ շոյվում ու խենթանում էին նրա ամեն քայլից, արդեն ահա ինձ էր ուղղված։ Ինձ թվում էր, որ մի ահռելի սարի բարձունքից է նա ինձ նայում և  երբեք չի իջնելու այդտեղից։ Ես սիրում էի նրան հեռվից, այնպիսի լարվածությամբ ու անհամարձակությամբ, այնպիսի անհույս սիրով, առանց որևէ ակնկալության։ Այդպիսի հայացքով նրան նայում էի նաև մեր հանդիպման առաջին օրը, երբ ամենաինքնավստահ մարդուց խամրել, կուչ էի եկել, երբ ամենահսկա տեսքիցս փոքրացել, մի բուռ էի դարձել, քանի որ չէի հավատում, որ այդ արցախյան արմատներով գեղեցկուհին ինձ ուշադրություն կդարձնի, որ իր պերճաշուք ներկայությամբ կլցնի իմ մեղավոր ու անգույն կյանքը, որ իր մաքուր ու հիասքանչ մարմնով կփարվի իմ տկար և հիվանդ մարմնին։ Բայց այն ժամանակ անգամ այդ թույլ, անօգնական վիճակում իմ ներսում վառվող կրակները՝ այրելով ամեն տեսակ խոչընդոտ, այդ անհնարին թվացող բավիղից հանում էին ինձ։ Ե՛վ փրկության, և՛ ապրելու, և՛ նորից կյանքին հավատալու ուժ էին ներարկում։ Այդժամ աշխարհի բոլոր ծաղիկները իրենց բույրով հպվում էին իմ մարմնին, աշխարհի բոլոր գեղեցիկ լեզուներն ու բառերը փարվում էին իմ շուրթերին, որ կարողանայի բառեր գտնել, որ կարողանայի այդ անհասնելի թվացող աղջկան իմը դարձնել։Եվ ինչ ուժեր էի ծախսել, ինչ ֆանտաստիկ սիրային բառեր էի գտել, որ նա իմն էր դարձել, որ նա ինձ էր կոչում «սիրելիս»։ Բայց կանգնած նրանից 30 մետր հեռավորության վրա, ես անկամ էի մոտենալ և ինչ-որ բան փոխել, ես՝ անուժ, անկար և անհավատ էի այդ պահին։ Այն պահն էր, որ ուզում էի քարացած տեղիցս պոկվել, բայց այդ պահին ոտքերս ուղղակի դադարել էին շարժվել, իրականում ես էի ամբողջովին դարձել անշարժ, միայն աչքերիցս արցունքներ էին թափվում, ընկնում գետնին։ Մտքումս գուցե երազում էի, որ նա կտեսնի ինձ, որ նա կլսի այդ արցունքի՝ գետնին հպվելու ձայնը, որ կզգա իմ շունչը, բայց, ավա՜ղ, նա ընդունակ չէր այդ պահին տեսնել կամ զգալ այդ ամենը։ Այդ պահին աշխարհի բոլոր լեզուները արդեն խառնվել էին իրար և այնպիսի անհասկանալի գոյացություն էին ստեղծել, որ իմ սրտի բաբելոնյան աշտարակն էր քանդվում, աշխարհի բոլոր ծաղիկները իրենց բույրով ոչ թե հպվում էին ինձ, այլ շնչահեղձ էին փորձում անել, և  հազիվ էի շնչում այդ խոտորումի մեջ։ Փորձում էի ուժ գտնել և անցյալից հիշել իմ և նրա լավագույն օրերը, բայց ամեն ինչ մութ էր, խավարն էր պատել իմ ուղեղը և սիրտը, ու ոչինչ մտապահել այդ պահին չէր ստացվում։ Միայն մեկ միտք էր, որ գալիս էր և չէր գնում, որ նա իմ կյանքի դեղահաբն էր, իսկ ես նրա կյանքի ամենավտանգավոր թույնը։ Այդ վայրկյանին էր, երբ վերջնականապես կոտրվեցի և անզգայացա, քանի որ նկատեցի նրա քայլքը։ Նա հեռանում էի ինձնից, հեռանում էր  մանր քայլքով, իսկ ես նույնիսկ իմ սին քայլքը չէի կարողանում ապահովել, որպեսզի չկորցնեի նրան գոնե տեսնելու պատկերը։ Նա ավելի ու ավելի էր հեռանում ինձնից, իմ աչքերի առաջ կորցնում էի այն ամենակարևորին, այն միակին, բայց անգամ հրաժեշտ չէի կարողանում տալ։ Իհարկե, աչքերս ինձնից թաքուն արցունքի և ցավի զուգորդմամբ հրաժեշտ էին տալիս նրան և կուրացած հավատացյալի պես ուղեկցում նրա ամեն մետր ինձնից հեռանալը։ Քիչ անց նա այլևս չէր երևում։ Ցերեկ էր, բայց ամբողջովին մութ էր ինձ թվում ծանոթ փողոցը, ծանոթ շենքն էլ չէր երևում էլ աչքիս, կարծես թե իմ աչքերի առաջ մառախուղ էր իջել, որը միայն ես էի ի զորու տեսնել։ Այդ պահին կորստի ցավից մի անհասկանալի հառաչ արձակեցի և ինձ թվաց, թե իմ ներսի դատարկությունը լցվեց անմոռանալի մի կսկիծով։ Կսկիծ, որ  պետք է ինձ հանգիստ չթողներ ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ կսկիծից էլ աչքերիս առաջ հայտնվեց մի տեսիլք, որտեղ նա և ես միաժամանակ բարձրացրինք գլուխներս և նայեցինք իրար: Երբ մեր հայացքները հանդիպեցին, ինձ թվաց, թե հիմա կմեռնեմ, թեև նրա անողոք դեմքն ինչ-որ քնքշություն էր արտահայտում: Ինձ թվաց, որ մեր հայացքները միացան իրար և խոստացան այլևս չբաժանվել իրարից։ Ու ինձ թվաց, որ մենք կապվեցինք ինչ-որ գերբնական ուժով միասին լինելու հավերժականությունը պահպանելու համար։

Երբ տեսիլքը ավարտվեց,  երանի տվեցի այն տարիներին, որ անցկացրել էի իր կողքին։ Երբ տեսիլքը ավարտվեց, վերջացա նաև ես, ինչպես երևի վերջանում են բոլոր նրանք, ովքեր սիրել են, սիրել են բոլորից շատ, բայց կորցրել են։ Երբ տեսիլքը ավարտվեց, դադարեցի այլևս ինչ-որ մեկին սիրելու մասին անգամ մտածելուց․․․

No Comments

Leave a Reply