Կանցնեն վաթսուն երկար տարիներ, և Պողոս Տիրատուրյանը մայիսյան մի օր ինքն իրենից գոհ կզբոսնի գիշերային Թիֆլիսով։ Չի կասկածում՝ խոսեց փայլուն։ Ճիշտ է, հիմնականում ռուսերեն (Սովետական Միությունում ենք, ինչ արած), բայց շատ սիրուն անցում կատարեց հայերենին։ «Եթե թույլ կտաք՝ մի երկու բառ էլ հայերեն», երկուսը, սակայն, դարձավ տասը, քսան, այսպես ասած՝ ելույթ ելույթի մեջ, ապա արդեն, իրոք, երկու բառ՝ նախապես անգիր արած վրացերենը։ Լսարանը գոհ էր։ Վկա բուռն ծափերը։ Ծով լսարանի, քանզի միջոցառումը բացօթյա էր, նախկին Երևանյան հրապարակում։ Այլ խոսքով՝ ճիշտ տեղում։ Սայաթ-Նովայի վարդատոնին դահլիճ չէր սազի, նա կամ արքայական պալատում է իր խոսքը երաժշտորեն հնչեցրել, կամ հրապարակներում։ Այսօր, ինչ արած, արքայական պալատներ չկան, բայց կան նորօրյա արքաներ հանձինս Կենտկոմի քարտուղարների, որոնք կանգնած էին իրենց՝ հայ ու վրացի՝ ճիշտ է գրող, բայց, միևնույն է, մահկանացուների կողքին։ Անշուշտ, հրապարակում հայերն էին շատ, ինչը հասկանալի է, չէ՞ որ այս տոնը փաստորեն նրանց՝ վիրահայերի և ընդհանրապես բոլոր հայերի տոնն է (չէ՞ որ երգվել է. «Սայաթ-Նովեն հայ է»)։ Իսկ վրացիների դեմքին՝ թե Կենտկոմի քարտուղարի, թե շարքային քաղաքացու, մեծ ուրախություն, իհարկե, չկար («Սայաթ-Նովեն հայ է»), առավել ևս կեցցեն, որ պարբերաբար նշում են նրա տոնը։ Հանուն երկու ժողովուրդների բարեկամության։ Ինչը Պողոսը հատկապես շեշտել է։ Դարավոր բարեկամության։ Գոհունակության ոչ պակաս կարևոր մի աղբյուր էլ չարտասանվածն է։ Թեև ասաց, որ Սայաթ-Նովան գրել ու երգել է երեք լեզուներով, բայց շեշտեց միայն երկուսը՝ հայերենն ու վրացերենը, թուրքերենի մասին ոչ մի խոսք։ Այսինքն՝ մենք թացը չորից զանազանել գիտենք։
Հետո ճոխ սեղան վրացի գործընկերների հետ, կենացներ, գինին հոսում է ջրի պես (հայ հյուրերի համար նաև օղի ու կոնյակ), ապա, քանի որ արդեն ուշ է Հայաստան ճանապարհվելու համար, հյուրանոց։ Եվ մինչ հայկական պատվիրակության մյուս երկու անդամները իրենց համարներում խռմփում են կամ երազ տեսնում, Պողոս Տիրատուրյանը ելնում է զբոսանքի։ Մեսրոպյան տոհմի թեկուզև կողմնակի շառավիղի իրավունքով։ Տոհմածառ, որի սաղարթը խշշացել է նաև այստեղ։
Միանգամայն վստահ է Պողոսը քայլում, բայց ոչ թե այն պատճառով, որ Թիֆլիսի գիտակ է կամ երբեմնի սաղարթն է դարերի խորքից խշշալով կանչում, չէ, նա թեև հինգերորդ տասնամյակ թևակոխած, ընդամենը երկրորդ անգամ է եկել Թիֆլիս, բայց նախորդ անգամ տեղի հայերից մեկը նրան տարել, ցույց է տվել «Տեր-Մեսրոպյան առևտրական տան» երբեմնի շենքը, որը Պողոսը լուսանկարել է ամենատարբեր դիրքերից, հետո էլ ինքը լուսանկարվել մուտքի առաջ (լուսանկարները կես ալբոմ են զբաղեցնում), հիմա էլ հյուրանոցից ելնելիս ճշտել է, թե այսինչ տեղը հասնելու համար ինչպես պետք է գնա։ Հեռու չէ, և Պողոս Տիրատուրյանը գնում է հաստատուն քայլերով։ Բավականին ուշ ժամ է, և գուցե նա մի քիչ տարօրինակ է դիտվում այդ ժամին փակ դռներով շենքի առաջ արձանացած, բայց անցորդներ գրեթե չկան, եղածներն էլ բավարարվում են սոսկ անցողակի հայացք գցելով։ Մի խոսքով՝ Պողոսին ոչ ոք չի խանգարում լինել իր մտքերի և հույզերի հետ, սրտի ուզածի չափ ըմբոշխնել պատի արձանագրությունը. «Ես՝ Մխիթար Մեսրոպյանս, կառուցեցի այս շենքը 1815 թվին»։
Ճիշտ է, թերևս, հյուրանոց վերադառնալ, բայց Պողոսը շարունակում է ճանապարհը, իսկ երբ արդեն նախկին Երևանյան հրապարակում է՝ Հավլաբարի ստորոտում, չէր զարմանա, եթե դեմը հանկարծ կինտոներ ելնեին, փողոցով սլանային ֆայտոններ։ Ինչևէ վերադառնալու ժամանակն է, և վերադառնում է նույնիսկ շտապելով, ոտքը կախ է գցում միայն նորից հասնելով «Տեր-Մեսրոպյան առևտրական տանը»։ Այս անգամ երկար չէր կանգնելու, մտքում ընդամենը հրաժեշտի բառեր են՝ հուսամ, թանկագին մասունք, նորից կհանդիպենք, երբ դուռը հանկարծ թափով բացվում է, դուրս է թռչում մի տղամարդ և բավականին տհաճ ձայնով ինչ-որ բան է ասում։ Չէ, «Տեր-Մեսրոպյան առևտրական տան» աշխատակից չէ, հագնված է միանգամայն ժամանակակից, հավանական է, որ ասվածի բովանդակությունն էլ է ձայնի չափ տհաճ, բայց Պողոսը վրացերեն չգիտի և ռուսերեն ներողություն է խնդրում, որ չհասկացավ։
– Ասում եմ՝ էլի եկա՞ր,– ռուսերենի է անցնում տղամարդը,– ի՞նչ ես էստեղ կորցրել։
– Շատ բան,– ասում է Պողոսը,– բայց հիմա ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել այս շենքը այսքան լավ վիճակում պահպանելու համար։
– Ձե՞ռ ես առնում,– խոժոռվում է առանց այդ էլ խոժոռ տղամարդը՝ գիշերային պահակը։
– Ամենևին,– ասում է Պողոսը,– այս շենքը ախր համարյա երկու հարյուր տարեկան է։
– Հետո ի՞նչ,– ասում է պահակը։
Պողոսը ասում է, որ շենքը իր մեծ պապն է կառուցել։ Ցույց է տալիս արձանագրությունը։
Պահակը հրաշալի գիտի, թե պատին ինչ է գրված, այդ կողմն էլ չի նայում։
– Էդ ասելու համա՞ր ես Երևանից եկել։
– Չէ, բայց նաև դրա համար,– ասում է Պողոսը,– շնորհակալություն և ցտեսություն, գուցե նորից կհանդիպենք։
Չէ, նոր հանդիպում չի լինի։ Իսկ այս մեկն էլ Պողոսը այսքան մանրամասնորեն հիշում է շուրջ երեսուն տարի անց, նոր դարում, երբ նրա Նվեր որդին վերադառնում է Թիֆլիսից, որտեղ առաջին ու վերջին անգամ է լինում։ Հոր պատվերով և գծած ուղերթով նաև բարև է տարել «Տեր-Մեսրոպյան առևտրական տանը»։ Սակայն փոխադարձ բարև չի բերել։ Գնացել է, գտել, տեսել, լավ խնամված է, ոնց որ երեկ կառուցված լինի, իսկ փորագրությունը չկա։
Պողոսը կարող է հավատ չընծայել որդուն, բայց Նվերը հեռատեսորեն լուսանկարել է, նույնպես տարբեր դիրքերից։ Կասկած չկա, այնտեղ, որտեղ երեսուն տարի առաջ սիրտ շոյող փորագրությունն էր, հուշատախտակի պես մի բան է փակցված՝ անծանոթ զինանշան ու վրացերեն մի քանի բառ։
– Ինչու՞,– խոսելու ընդունակությունը վերագտած՝ հարցնում է Պողոսը։ Մտածում է՝ աչքով տվեցի, մտածելով, որ փույթ չէ, թե հիմա ուրիշին է պատկանում, կարևոր է, որ կանգուն է։ Իսկ գուցե այն ժամանակ, երբ հետտոնական սեղանի շուրջը պատմեցի, որ մեր պապենական կառույցը կա այստեղ։ Երբ կենացի վրա ասացի, որ Թիֆլիսը թանկ է իմ սրտին, որովհետև իմ պապերը նույնպես մասնակցել են Թիֆլիսի այսքան հրաշալի քաղաք դառնալուն։ Ախմախ եմ, էլի, ինչու՞ լեզուս ինձ չքաշեցի: Նույնիսկ էն բռի պահակի առաջ գլուխ գովեցի։– Ինչու՞, Նվե՛ր։
– Չգիտեմ,– ասում է Նվերը։– Կամ ավելի ճիշտ՝ գիտեմ, բայց ավելի լավ գիտի Վարդապետը։ Մոռացե՞լ ես, քո ձեռքով ես արտագրել։
* * *
Լեոնտի Մրովելին՝ վրաց պատմիչը, Մովսես Խորենացուց շուրջ վեց դար հետո յուրովի է վերապատմում «Հայկ և Բել» ավանդապատումը։ Աշտարակաշինության ձախողված ձեռնարկից հետո Բաբելոնից հեռանում և Կորդովաց լեռների ու Արարատի միջև իր որդիներով ու դուստրերով, իր որդիների ու թոռների որդիներով ու դուստրերով բնակություն է հաստատում ոչ թե Հայկը (ըստ Մրովելիի՝ Հաոսը), այլ նրա հայր Թորգոմը (Թարգամոսը)։ Շնորհիվ այս նորամուծության Նոյի որդի Հաբեթի ծոռների քանակը միանգամից բազմապատկվում է, և անուն ու ծագումնաբանություն են ստանում ոչ միայն հայերը՝ Հայկի կամ Հաոսի շառավիղները, այլև անվանապես հիշատակվող նրա յոթ եղբայրներից սերող ևս յոթ ազգեր, որոնց թվում, իհարկե, վրացիները։
Տոհմածառ ունենալը միշտ էլ գերադասելի է ընկեցիկ լինելուց։ Մրովելիին չի կարելի մեղադրել, որ նա նույն սերմից է ծնեցնում հնդեվրոպացի հայերին և կովկասյան ազգերին ու ցեղերին, բայց նրա ժամանակներում նման հարցեր չէին ծագում։ Կարելի է շրջանցել նաև հակասությունը Հին կտակարանին։ Այս ավանդության ծայրը Աստվածաշնչում է, իսկ այնտեղ ասվում է, որ աշտարակաշինությունը ձախողվեց, որովհետև մարդիկ սկսեցին տարբեր լեզուներով խոսել, չհասկանալ իրար, ինչն էլ պատճառ դարձավ, որ ցրվեն աշխարհով մեկ։ Այսինքն՝ ամեն մի առանձին լեզվով խոսող մի կողմ գնաց։ Այսինքն, եթե Թարգամոսն ու իր որդիները տարբեր լեզուներով խոսեին, մի ուղղությամբ չէին գնա, և Թարգամոսը իր երկիրը չէր բաժանի ութ երևելի որդիների միջև։ Ուրեմն, նրանք միևնույն լեզվով էին խոսում, հրաշալի հասկանում իրար, սակայն նրանցից սերած ազգերն ու ցեղերը զարմանալիորեն սկսեցին տարբեր լեզուներով խոսել։ Այստեղից հետևում է, որ առասպելը (թեկուզև նրա ծայրը Հին կտակարանում լինի), առասպել է մնում, և պետք է միայն արժանին մատուցել Լեոնտի Մրովելիին, որ նա հանուն բարի գործի կանգ չի առնում մինչև իսկ տրամաբանական սխալի առաջ։ Այս տեսակետից ավանդապատումի Խորենացու տարբերակը, իհարկե, ավելի կուռ է. Թորգոմի որդի Հայկն է հեռանում Բաբելոնից և հայություն ու Հայաստան սկզբնավորում։
Մրովելիի լայնախոհությունը հիացնում է։ Եթե նույնիսկ ճիշտ է տեսակետը, որ իր առասպելը նա գրել է Խորենացու անմիջական ազդեցությամբ, ապա, միևնույն է, նրա ավանդը չի նսեմանում։ Ընդլայնելով առասպելի աշխարհագրությունը, նա միևնույն ժամանակ էլ վերին աստիճանի ազնիվ է։ Այո, վրացիների նախահայրը՝ Քարթլոսը, նույնպես Թարգամոսյանների սերունդ է դարձել, բայց նա երկրորդ տեղում է։ Հաոսը, այո, հպարտ մենության մեջ չէ, բայց մազաչափ իսկ չի կորցրել իր փայլը։ Նա առաջինն է ութ երևելի եղբայրների մեջ ամեն ինչով. «Այս ութ (եղբայրները) հսկաներ էին։ Սակայն Հաոսը ամենքից հսկա էր, քանզի նրա նմանը չի եղել ոչ ջրհեղեղից առաջ և ոչ էլ հետո՝ մարմնով, ուժով ու քաջությամբ»։ Թարգամոսը իր երկիրը բաժանում է ութ որդիների միջև, Հաոսին տալով առյուծի բաժինը և ոչ պակաս, քան Հայկը մեն֊մենակ ունի «Հայկ և Բել»-ում. «իր տոհմի կեսը և երկրի լավագույն կեսը տվեց Հաոսին»։ Ինչպես և առասպելի հայկական տարբերակում, այստեղ էլ Հայկ-Հաոսը անզուգական աղեղնավոր է. «Եվ գնաց ու դեմ հանդիման մոտեցավ Նեբրոթին, և արձակեց նետը ու զարկեց Նեբրոթի կրծքին, պղնձյա տախտակն անցնելով դուրս եկավ թիկունքից։ Այնժամ վայր ընկավ Նեբրոթը, և նրա բանակը փախուստի դիմեց։ Եվ ձերբազատվեցին Թարգամոսյան տոհմերը։ Այնժամ Հաոսը իրեն արքա հռչակեց իր եղբայրների և այլ մերձակա սահմանակից տոհմերի վրա»։
Վերջին նախադասությունը, թերևս, ավելորդ է, գրում է Վարդապետը։ Գուցե արձագանքն է այն ժամանակների, երբ վրացիները հպատակվել են հայոց արքաներին, այնուհանդերձ, Մրովելին կարող էր և դա չհիշատակել։ Քանզի գլխավորը նրա տարբերակում Հարավային Կովկասի ժողովուրդների եղբայրության գաղափարն է։ Ինչը իսպառ բացակայում է Անդրկովկասյան Սեյմում։ Ճիշտ է, աղվաններին փոխարինած կովկասյան թաթարները ոչ մի կերպ չեն տեղավորվում Մրովելիի ազգացանկում, բայց Կերենսկու Ժամանակավոր կառավարությունը, պիտի որ շատ բառացի ընկալած լիներ նրա պատմությունը, եթե Նեբրոթի դեմն առնելու համար այդ եռագլուխ հանրապետությունն էր ստեղծում։ Կենտրոնական գլուխն էլ Քարթլոսն էր։ Իսկ Բարդոսի դիմակով գլուխը շունչը պահած իրեն ծնած ու սնած Նեբրոթին էր սպասում։ Այս պայմաններում երբեմնի ավագ եղբայր Հաոսը խորթ եղբայր էր դարձել։ Իհարկե, ոչ Կերենսկին, ոչ էլ նրա կառավարությունը Մրովելիի առասպելը չեն կարդացել, բայց մի՞թե ծանոթ չէին իրենց Կռիլովի՝ Լաֆոնտենից փոխառած առակին կարապի, խեցգետնի և գայլաձկան մասին։ Այս կովկասյան եղբայրությունը՝ կոմիսարիատ կոչվեր, Սեյմ, թե ամպագոռգոռ Դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետություն, մի սայլ էր, որ երբեք տեղից չէր շարժվելու, իսկ եթե շատ քաշքշեին, բաժան-բաժան էր լինելու, ինչն էլ որ եղավ:
Մրովելին, իհարկե, չէր կարող կանխատեսել, որ Բարդոսի տեղը մի օր կզբաղեցնեն Նեբրոթի զավակները, բայց Քարթլոսի համար հիմա կամաչեր։ Հասկանալի է, հեղափոխություն, հեղաշրջում փլուզել են ռուսական կայսրությունը, ինքնորոշվող ազգերը, սա էլ է հասկանալի, պիտի ջանան հնարավորինս ձեռնտու պայմաններում կազմավորել իրենց պետությունները։ Թաթարների ագահությունը նորություն չէ, քոչվորի անմար բնազդով ժողովուրդ, այնտեղ, ուր ոտքը մի անգամ դիպել է, իրենը համարող, ուստի և հավակնում է գրեթե բոլոր հայկական տարածքներին։ Զարմանալին այն է, որ Քարթլոսի զավակների ախորժակն էլ է բացվել, իհարկե, նույնպես հայերի հաշվին կշտանալու։ Ի՞նչ, այս դեպքի համա՞ր են ասել՝ երբ եզն ընկնում է, դանակ վերցնողները շատանում են։ Սկզբում գերմանացիներն էին վրացիներին օգնում Լոռին գրավել, հետո անգլիացիներն ու ֆրանսիացիները։ Իբրև թե նստեցին բանակցությունների՝ խաղաղ ճանապարհով վիճելի հարցերը լուծելու, բայց լուծեցին Վրաստանի օգտին։ Եվ ե՞րբ անցավ նրանց մտքով, որ պետք է բանակցել, երբ տեսան Վրաստանը պարտվում է։ (Է՜հ Վարդապետ, հեռվից հեռու ասում է Պողոս Տիրատուրյանը, կգա օրը, երբ մեր դրացիները գլուխ կգովեն, թե մինչև Երևան ճանապարհը բաց էր, բայց խնայեցին հայերիս, որոշեցին Երևանը չգրավել, և դա այն դեպքում, երբ մեր զորքերը Թիֆլիսի մատույցներում էին)։ Ինչու՞ ենք բոլորի աչքի փուշը՝ մտածում է Վարդապետը։ Ո՞վ է պատերազմից ի վեր բոլորից շատ տառապել ու կորուստներ ունեցել։ Արևմտյան Հայաստանը դատարկվել է՝ կոտորվել են, փախստական դարձել, հիմա էլ արևելահայկական հողերը դատարկելու ժա՞մն է։ Եվրոպացիներից ենք գանգատվում, իսկ ո՞վ դրեց այս հավակնությունների հիմքը։ Հայերիս սիրելի Ռուսաստանը։ Ականջդ կանչի, Աբգարդպիր, գլուխներս յուղեց մի քանի տարվա Հայկական մարզով, հետո ծվեն-ծվեն արեց։ Լոռին մտցրեց Թիֆլիսի նահանգի մեջ, Արցախը, Սյունիքը՝ Ելիզավետպոլի, որպեսզի պետություն չտեսած թաթարները այսօր դրանք իրենցը համարեն։
Այս ամենը այսպես է, բայց, միևնույն է, չի բացատրում, թե ինչու՞ են ի վերջո բոլոր հարցերը լուծվում ի վնաս մեզ։ Անհեթեթություն է մտածել, թե մեզ ուղղակի չեն սիրում։ Մեծ պետությունները սիրով չեն առաջնորդվում, այլ շահով, ուրեմն, ինչու՞ մեզ սատարելը ձեռնտու չէ նրանց, ովքեր գծում են աշխարհի քարտեզը։ Եվ հասակով մեկ ծառանում է հարցը՝ արդյո՞ք պատճառը մեր մեջ չէ։ Ի՞նչն է, որ մենք այնպես չենք անում, ինչպես պետք է։ Եվ երբ ու որտե՞ղ է դրվել այդ խոտոր հիմքը։ Ե՞րբ է բացվել դառն աղբյուրի ակը։
Հարցերը հեռու են տանում, գրում է Վարդապետը, միևնույն ժամանակ էլ նոր օրը նոր խնդիրներ է առաջադրում. Լոռին հայտարարվել է չեզոք գոտի, ինչը, հասկանալի է, ժամանակավոր բան է, ասել է թե պետք է գործել այս նոր իրականության մեջ։
* * *
Հայ-վրացական պատերազմը, ուրեմն, ավարտվել է, մինչ այդ էլ Թուրքիան է ետ քաշել զորքերը, ռազմական գործողություններ ասել է թե չկան, կարելի է անդրադառնալ և անձնական գործերին։ Այս առումով երկու Մեսրոպյանների համար էլ առաջին տեղում են Թիֆլիսի առևտրական տունը և տիկին ու օրիորդ Սնխչյանների հետքը գտնելը։ Երկու դեպքում էլ հարկավոր է Թիֆլիսի ճամփան բռնել, քանզի Սնխչյանների հետքը թեև Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության մայրաքաղաքում է, բայց այդ երկու պետությունների միջև կապի ու հաղորդակցության ճանապարհները բաց են։
Առևտրական տան կապակցությամբ տարաձայնություններ չկան։ Կարապետը ասում է, որ ժամանակն է հասկանալ՝ ծառը պետք է տնկել հայրենի հողում։ Օտար հողում էլ կարելի է տնկել, բայց դա չի նշանակում, թե դրանով այդ հողը քոնը դարձավ։ Սա, ասում է, պատասխան մեր այն խելոքներին, որ այսօր մեծ-մեծ բրթում են, թե Թիֆլիսը մենք ենք քաղաք դարձրել, քաղաքակրթություն ու մշակույթ ներդրել։ Եթե նույնիսկ այդպես է, չի նշանակում, թե մերն է։ Կարող են և շնորհակալություն չհայտնել՝ չգայիք, չկառուցեիք, ոչ ոք չէր խնդրում։ Այս ամենը, հորեղբայր, մի բան է նշանակում՝ տուն ենք կառուցում, թե առևտուր անում, հայրենի հողի վրա կառուցենք ու անենք։ Միայն դա է մնայուն, քանզի մերն է ու մեզ համար։ Իմիջիայլոց, շարունակում է Կարապետը, ուրախություն չեն նաև օտար բանակներում, օտար պետությունների համար կռվող գեներալներն ու սպաները։ Եթե մինչև հիմա արդարացում կար՝ ոչ պետություն ունենք, ոչ բանակ, հիմա երկուսն էլ ունենք։ Ես բանակն արդեն ընտրել եմ, դու էլ ընտրիր։ Ճիշտ կլինի ձեռք քաշենք թիֆլիսյան այդ խանութից, այստեղինը նորոգենք, բացենք։ Իսկ էլ ավելի ճիշտ կլինի, եթե վերադառնաս քո իսկական կոչմանը՝ նստիր, գրիր։ «Քննական պատմություն հայոց» գրելու ծրագիր ունես, իրականացրու, դեպքից դեպք կատարած գրառումները, ինչպես Մրովելիի դեպքում, պատմություն չեն դառնա։ Աբգարդպիրի մասին ասում ես՝ չհասցրեց իր «Հայոց պատմությունը» գրել, տես, նույնը քո մասին չասեն։ Ես, իհարկե, փոքր եմ, հորեղբայր, քեզ խորհուրդ տալու համար, ուղղակի ասում եմ մտքինս, ինձ թվում է՝ այդպես լավ կլինի։
Չէ, փոքր ու մեծի խնդիր չի, մտածում է Վարդապետը, պարզապես Կարապետը խորհուրդ տալու հիմքեր ունի, ինքը՝ ոչ։ Ի՞նչ խորհուրդ կարող է տալ ինքը, մի մարդ, որի բռնած բոլոր գործերը տապալվել են։ Աստծո հետ լեզու չգտավ, վաճառականության մեջ հասավ պուռոսյան հաղթանակի, որպեսզի անկումը ցցուն լինի։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պատիժ։ Խոտոր ճանապարհների ապտակ։ Եվ ուր է թե պատժվողը միայն դու լինես։ Մեկը, երկուսը, հարյուրն են գնում խոտոր ճանապարհով և, խնդրեմ, հասարակական ու ազգային պատիժ։ Ամեն ինչ ճիշտ է, բայց հիմա էլ Կարապետն է խորհուրդ հարցնում.
– Մի խորհուրդ տուր, հորեղբայր, ի՞նչ անեմ։
Կարապետին ոչ մի կերպ չի հաջողվում մայր ու աղջիկ Սնխչյանների մասին որևէ բան իմանալ։ Նամակներն ու հեռագրերը անպատասխան են մնում, բնականաբար, ոչինչ չի տալիս նաև այդ օրերին Բաքվում եղածների հարցուփորձը։ Եվ նորից.
– Ի՞նչ անենք, հորեղբայր, գուցե Սերգոյին փնտրե՞նք, նա երևի մի բան կիմանա…
Ասես արձագանքելով Կարապետի հարցին՝ Սերգոյից հեռագիր է գալիս, ապա ավելի վաղ գրված նամակ։ Սերգոն հույս ունի նրանցից որևէ բան իմանալ։ Նա, իհարկե, ավելին գիտի. պատահաբար հանդիպել է Շահումյանի քարտուղարուհի Օլգա Շատունովսկայային, նրանից իմացել, որ մադամ Կատրինը իր աղջկա հետ փորձել է նստել Բաքվից հեռացող վերջին նավը, բայց նրանց չեն վեցրել։ Շատունովսկայան դա կանխակալություն չի համարում, որովհետև իրեն՝ Շահումյանի քարտուղարուհուն էլ թողեցին ափին, այն դեպքում, երբ այդ նավով հեռանում էր նաև ընկեր Միկոյանը, որը իրեն հրաշալի գիտեր։ Մի խոսքով՝ երևի նավում տեղ չկար։ Ինքը՝ Շատունովսկայան, Բաքվից հեռացել է նախքան հիմնական կոտորածներն սկսվելը և մինչ այդ մադամ Կատրինին այլևս չի տեսել, նրա մասին ոչինչ չի լսել։ Շատունովսկայան թեպետ ուշացումով, բայց անվնաս է հեռացել Բաքվից, որովհետև թշնամանքը հայերի հանդեպ էր, այնպես որ՝ մադամ Կատրինն էլ երևի իր աղջկա հետ անփորձանք հեռացած լինի, չէ՞ որ նա ֆրանսուհի էր։ «Տա աստված այդպես լինի,– գրում էր Սերգոն,– գուցե նրանք ձեզ մոտ են կամ որևէ բան գիտեք նրանց մասին»։ Կարճ հեռագրում էլ նույն այս հույսով լի հարցը։ Պատասխանեցին, որ իրենք ընդհանրապես ոչինչ չգիտեն, կփորձեն Վրաստանի միջոցով որևէ բան պարզել։
Առաջին հերթին հենց սրանով է զբաղվում Վարդապետը Թիֆլիս հասնելուն պես։ Հեռագրերը առևտրական տան և բնակարանի հասցեով անպատասխան են մնում։ Թիֆլիսում Ադրբեջանի ներկայացուցչի միջոցով նույնպես ոչինչ չի պարզվում կամ, թերևս ավելի վատ՝ անորոշությունը մռայլ երանգներով է գունավորվում։ Ադրբեջանի ներկայացուցչություն դիմած վրացի իշխանը (Վարդապետի ծանոթներից է, «Մեսրոպյան կերպաս»-ի ակտիվ հաճախորդներից) Բաքվից պատասխան է ստանում, թե նշված հասցեում ոչ մի խանում Կատրին չի բնակվում, իսկ «Տեր-Մեսրոպյան առևտրական տուն» կոչված շենքում նավթային ընկերություն է տեղակայված։
Վարդապետին սեփական նախաձեռնությամբ հանձն է առնում օգտակար լինել նրա թիֆլիսյան խանութի հավատարմատարը։ Գաբրիել Փանոսյանը երևանցի է, անգործ է մնացել երևանյան խանութի հրկիզումից հետո, մոր խնդրանքով («պարոն Մեսրոպ, տանը չոր հացի կտոր չկա, մի գործի դիր Գաբոյիս») և Գաբրիելի իսկ առաջարկով («Թիֆլիս էլ կեթամ, պարոն Մեսրոպյան, ուր ասես կեթամ») նրան հավատարմատար նշանակել Թիֆլիսում, ինչի համար մայր ու որդի հազար անգամ շնորհակալություն են հայտնել։ Վարդապետին մի քիչ զարմացնում է, որ առևտրական տան խանութն ու պահեստները համարյա դատարկ են, բայց համարյա դատարկ է նաև գանձարկղը, Գաբրիելը, սակայն, բացատրում է, որ վաճառքը ավելի հաճախ կատարվել է ապառիկ («բա ի՞նչ անեի, պարոն Մեսրոպյան, մարդկանց ձեռին փող չկա, էսօր-էգուց կբերեն»), եղած մի քիչն էլ աշխատավարձեր է տվել։ Վարդապետին, սակայն, ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես է Գաբրիելը հասնելու Բաքու։ Գաբրիելը հանգստացնում է՝ ինքը ասեղի ծակով էլ անփորձանք կանցնի, մադամին ու իր աղջկան սաղ-սալամաթ կբերի, փողի մունաթ չի՞, պարոն Մեսրոպյան։ Որ Գաբրիելը ճարպիկ տղա է, Վարդապետը կասկած չունի, բայց փող չունի ֆինանսավորելու նրա ճամփորդությունը։ Բարեբախտաբար, վրացի իշխանը, լսելով, որ Վարդապետը վաճառում է առևտրական տունը, պատրաստ է հենց հիմա առնել, եթե գնի կեսը վճարի, մյուս կեսը տարի անց, երբ շահ կստանա առևտրից։ Վարդապետը համաձայն է, գործարքը կայանում է, Գաբրիելը ծոցերը փողով լցրած ճանապարհ է ընկնում։ Վարդապետը նույնպես, բայց թեթևացած գրպանով ու դեպի Երևան։
«Անի» կայարանում երկար են կանգ առնում։ Ստուգվում են ապրանքատար վագոնները։ Ի՞նչ է պատահել։ Վագոնները դատարկ են։ Ինչպե՞ս։ Վրացիք նորից յուրացրել են Հայաստանին հատկացված ամերիկյան օգնությունը։
Տխուր է, բայց ինչ արած, հուսանք սա այս նոր տարվա միակ փորձանքն է։
Իսկ 1919-ի սկիզբը, իրոք, հուսադրող է։ Ռազմական գործողություններ չկան, հունվարի վերջին էլ արձանագրվում է Օսմանյան կայսրության վախճանը, ընդամենը մեկ շաբաթ անց էլ՝ փետրվարի 5-ին, Թուրքիայի նոր կառավարությունը ձեռնամուխ է լինում երիտթուրքերի առաջնորդների դատավարությանը։ Առաջադրված մեղադրանքներից գլխավորն էլ հայերի զանգվածային բռնագաղթն ու կոտորածներն են։
Մի՞թե արդարություն է վերադառնում աշխարհ, մտածում է Վարդապետը։ Չնայած թերահավատությանը՝ դժվար է այսպես չմտածել, երբ թուրքն է դատում թուրքին հայ սպանելու համար։ Եվ անհավանականի միջից սկսում է ծիկրակել էլ ավելի անհավանականը. բոլշևիկյան դեկրետը Թուրքահայաստանի վերաբերյալ ամենևին էլ թղթի անպետք կտոր չէ։ Եվ դժվար, ասես չուզենալով բացվող գարնան միակ պատճառը թվում է որևէ տեղեկության բացակայությունը Գաբրիելից։ Ի՞նչ է անում այսքան երկար Բաքվում։ Գտե՞լ է, թե՞ ոչ աղջիկներին։ Եթե նույնիսկ չի գտել, ինչու՞ մի երկու տող չի հեռագրում։ Իրեն չէ, վրացի իշխանին, չէ՞ որ պայմանավորվել են՝ Բաքու հասնելուն պես լուր կտա։ Եվ ինքն է գրեթե ամեն շաբաթ հեռագրում Թիֆլիս, որտեղից անմիջապես գալիս է պատասխանը. «Ոչ մեկ լուր, եղբայր Մեսրոպ»։ Եվ Վարդապետին սկսում է թվալ, թե Գաբրիելը, չնայած ինքնավստահությանը՝ ասեղի ծակով էլ կանցնի, թուրքերի զոհն է դարձել։ Եվ ներսից սկսում է կրծել մեղքի որդը. տղային մահվան ուղարկեց (որ ոչ թե ինքը, այլ Գաբրիելը մեջ ընկավ Բաքու գնալու առաջարկով, մոռացվել է)։ Կարապետն ավելի զուսպ է։ Այն հազվադեպ դեպքերում, երբ մի օրով կամ մի քանի ժամով տուն է գալիս, ոչ մի խոսք, ոչ մի հարց։ Հորեղբոր լռությունը պերճախոս վկայություն է, որ լուր չկա։ Եվ վատթար կասկածներին (աղջիկների, Գաբրիելի ճակատագրի համար) գումարված են անանձնական ցավերը։
Մի կարճ ժամանակ հուսադրած 1919-ը արագորեն մթնել է ամպող օրվա պես։ Այո, ստեղծվել է, ծնվել Հայաստան պետություն, բայց ի՜նչ պայմաններում։ Չորս կողմը թշնամիներ, ներսում էլ քաոս, թե տնտեսական, թե քաղաքական։ Տնտեսականը դեռ հասկանալի է. պատերազմ, քաղաքի ու հատկապես գյուղի քայքայում։ Ամառ է գալիս, հետն էլ լուրեր, որ բերք քիչ է լինելու, ցանքատարածությունները հնգապատիկ նվազել են, նույնքան էլ աղետալի է արդյունաբերության վիճակը, հատկապես որ Հայաստանի համար այնքան կարևոր պղնձի հանքերը մնացել են Լոռվա չեզոք գոտում։ Ինչքան ասես կարելի է քննադատել կառավարությանը, բայց ժամանակն է ասես հակառակվում պետականության շինարարությանը։ Գերմանիայից, Անգլիայից էինք դժգոհում, որ միջամտում են մեր գործերին, ռուսները բոլորին տվել անցել են։ Վարդապետին ապշեցնում են բոլշևիկյան էմիսարները, որոնք Ռուսաստանից գործուղվում են դեռ ոտքի չկանգնած երկրի հիմքերը քանդելու։ Եվ քանդում են, քանզի դարերով օտարի հպատակության ընտելացած հայը տեր է ուզում, վերջին հարյուր տարում էլ ռուսին է տեսել։ Բոլշևիկյան գաղափարախոսությունը խոսքով նույնքան գեղեցիկ է, որքան քրիստոնեությունը, որը մուտք գործելով Հայաստան խարխլեց պետականության հիմքերը։ Ի՞նչ է այս հայ էմիսարների ուզածը։ Բաքվում տիրացել էիք իշխանությանը, ի՞նչ արեցիք այնտեղի հայերի համար, բացի այն, որ տասնյակ հազարների տանջալից մահվան պատճառը դարձաք։ Գալիս են, ժողովներ անում, ինչ-որ կազմակերպություններ ստեղծում, իշխանափոխության բացահայտ կոչեր անում։ Ինչո՞վ է նրանց խանգարում այս պետությունը։ Խանգարում է այնքանով, որքանով խանգարում է Ռուսաստանին, որը չի պատկերացնում, թե հայը պետք է իր ոտքի տակից գնա, և ահա իր շներին ուղարկել է հաչալու։ Ավերված, կիսաքաղց երկիր, հարյուր հազարավոր գաղթականներ, չորս կողմը ատամները սրած գիշատիչներ, որոնց հետ ընկերություն է անում ռուս բոլշևիկը, ազգությամբ հայ իր կամակատարներին էլ քսի տալիս Հայաստանի հանրապետության վրա, որը, ցավոք, դեմոկրատական է, չի կարող արգելել այլ կուսակցությունների գործունեությունը, ասել է թե հակապետական քարոզը։ Միայն մի բան է ծաղրի պես ուրախացնում։ Էմիսարների թվում, փառք Աստծո (այս դեպքում, իրոք, փառք Աստծո), չկա Սերգոն։
Այո, Ռուսաստանն է Վարդապետի աչքի փուշը։ Եվ ոչ միայն իր էմիսարներով, որոնք առնետների պես կրծում են հանրապետության դեռևս չամրացած արմատները։ Գիտեր, որ թեև դատավարությունը Պոլսում շարունակվում է, կոտորածների գլխավոր կազմակերպիչները երկրից փախել են, ապաստանել Գերմանիայում։ Սա հասկանալի է, Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր պատերազմում։ Բայց ահա Կարապետից լսածը՝ Էնվեր, Խալիլ փաշաները, Բեհաեդդին Շաքիրը Գերմանիայից անցել են Ռուսաստան, ընդունում է թերահավատությամբ, նույնիսկ վիճաբանում. «Բոլշևիկները, գիտես, աչքիս լույսը չեն, բայց սեփական գործի թշնամին չեն։ Իրենց հռչակել են բոլոր ճնշվածների ու հալածվածների պաշտպան, հիմար հո չեն, որ համագործակցեն ոճրագործների հետ, էլ ո՞վ կհավատա նրանց»։ Ինչ որ է, Կարապետն էլ շատ վստահ չէ իր լսածին, չի պնդում, իսկ Վարդապետը եզրափակում է. «Կամ բոլշևիկներին ի՞նչ օգուտ արատավորված, սպառված հանցագործներից»։ Տարվա ընթացքում, սակայն, լուրը ոչ միայն հաստատվում է, այլև գունավորվում ավելի վտանգավոր երանգներով, Վարդապետին ստիպելով մտածել, որ իր իմացած պատմությունը մանկական թոթովանք է այն ամենի համեմատությամբ, ինչ իրեն մատուցում է առաջադիմած աշխարհը։ Մանկամտությունը անշուշտ ներելի չէ քաղաքականությամբ հետաքրքրվող հասուն մարդուն, բայց այս դեպքը, այնուամենայնիվ, բացառիկ է։ Եվս մի ամբողջ տարի կունենա Վարդապետը ճանաչելու երեսպաշտության բացառիկ երևույթ բոլշևիզմը, բայց քանի որ շատ բան այդպես էլ անհայտ կմնա թե նրան, թե նրանց, ովքեր դարձան այդ երևույթի զոհերը, խոսքը տանք Հետադարձ հայացքին։
Հ.Գ. Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը շուտով լույս կընծայի «Անտարես» հրատարակչությունը:
No Comments