«Շրթհարմոնը» պատմվածքը Վահան Տեր-Ղազարյանի (1950-2021) «Տիպանգո» ժողովածուից է։ Լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը։
Նվիրում եմ ընկերոջս՝ Մհեր Թովմասյանին (Մոխ)
Երկուշաբթի օրը, առավոտյան իննին բուժքույրը մտավ պալատ ու արթնացրեց նրան։ Նա հանեց շապիկն ու շրջվեց ձախ կողին։ Բուժքրոջ ձեռքին լիքը սրսկիչ կար, կռացավ ու սրսկեց նրա թևը, արմունկից վեր։ Ծակոց նա գրեթե չզգաց, միայն ուսագլխի մկանը խռթաց։ Թևն արագորեն ընդարմացավ։
Հետո մտան երկու հիվանդապահները։ Մեկը հանեց նրա գուլպաները, մյուսը մոտ գլորեց սայլակը, պտտեցրեց, իջեցրեց մահճակալին հավասար։ Տհաճ տագնապը սողոսկեց հոգին։ Չուզեց պոկվել մահճակալից։ Հիվանդապահներն օգնեցին տեղափոխվելու սայլակի վրա։
Ամեն ինչ դանդաղել էր և դարձել առավել մանրամասն։ Նա դարձյալ ամեն ինչ նկատում էր, բայց միայն մշուշի մեջ։ Սրսկումն սկսել էր ազդել։ Իսկ ընդհանուր թմրեցու՞մը… անցավ մտքով։ Բայց եթե մեկ ամսում արդեն երկու ընհանուր է եղել, երրորդն արդեն վտանգավոր է, ուրեմն ցավը զգալու է։ Հիմա այնքան էր թուլացած մարմինը, որ ցավն էլ քիչ կլինի։ Չէ որ ամեն մեկին այնքան ցավ է հասնում, ինչքանին կարող է դիմանալ։ Սա կառչեց այս մտքից… և մի ամբողջ հավերժություն սայլակը գլորվեց միջանցքով դեպի վիրահատարան… և նրա ուղեղը պատած մշուշի մեջ ուրախանում էր այս «փրկարար» դանդաղեցման համար։ Թմրադեղն ավելի էր ազդում և դարձնում նրան անտարբեր։
Վիրահատարանից մի այլ սայլակ գլորվեց ընդառաջ։ Նոր վիրահատվածը ժպտաց նրան ու ձեռքով արեց։ Նա փորձեց պատասխանել, բայց ոչ ձեռքը շարժվեց, ոչ դեմքը և գլուխը շրջելով փակեց աչքերը։ Սայլակը շարունակեց գլորվել։
Վիրահատարանում նա դարձյալ բացեց աչքերը, երբ սայլակից տեղափոխում էին վիրասեղանին։ Նայեց շուրջը, երկու կողմից կանգնել էին բժիշկները, ոտքերի մոտ` բուժքույրը։ Նրանք այլևս սպիտակ խալաթներով չէին… Չորացած արյան բաց գույնի խալաթներ, վիթխարի ցելոֆանե գոգնոցներ, վիրահատարանի սառը, կապույտ կաֆելը և հատակին երեք արյան բիծ… Արյունն այստեղ ի՞նչ գործ ունի․ անցավ մտքով։ Շիրման դրեցին։ Հիմա նա միայն սպիտակ խալաթով տարիքով կնոջն էր տեսնում։ Հիվանդապահ քույրն էր։ Եվ միայն այժմ սկսեց նկատել կնոջ անգույն դեմքի ամեն մանրամասը, կնճիռը, ծալքը, հետո կամաց-կամաց այդ դեմքը մշուշվեց, դարձավ լեռնաշխարհ, կիրճերով, գանգրահեր անտառներ, ձյունածածկ գագաթներ… Եվ այդ ամենն ուղեկցվեց մի զարմանալի ծանոթ երաժշտությամբ։ Միայնակ մի շրթհարմոն էր նվագում… Կարոտը սողոսկեց ներս ու թվաց այլևս հնարավոր չէ այն դուրս մղել։
-Այստեղից այսպես կկտրեք, իսկ այստեղից…,– լսեց նա բժշկի ձայնը, և ողնաշարի շուրջը զգացած ծակոցներից գլխի ընկավ, որ տեղական թմրեցում է։ Հետո այլևս մեջքից ներքև ոչինչ չէր զգում, բացի մատի, նրան այդպես թվաց, թեթև հպումներից, ասես մատով գծում ու ցույց էին տալիս կտրելիք տեղերը։ Գոլ թացություն զգաց կողերին ու հասկացավ, որ արյունն է։ Կտրում էին…։ Բայց չի ցավում,-մտածեց,- բոլորովին չի ցավում…։
Հենց այսպես, առանց ցավի անցներ… Հետո նա սեղմեց ատամները` ցավում է, թող ցավի։ Եվ աչքերի առաջ դարձյալ հայտնվեց խոր լեռնահովիտը, լանջին՝ գանգրահեր անտառ։ Այգաբաց էր և անտառից պալան-պալան մշուշ էր ելնում… Ուրեմն թող ցավի, միայն թե նորից տեսնի լեռները, այն լեռնագագաթը..
Մարմնով մեկ սարսուռ անցավ։ Դա ցավ չէր, միայն ազդանշան էր, թեթև ու ահազդու… Դրանից հետո մի մեծ ժամանակ անցավ, մինչև հաջորդ ալիքը, որը խրվեց ու դուրս եկավ մարմնից, գրեթե աննկատելի, ասես իրենից շատ հեռու ինչ-որ ուրիշ մեկին ցավ պատճառեցին և նա ակամա տնքաց։ Հետո էլի ցավ, ուժեղ, ավելի ուժեղ ու մոտ։ Հետո հզոր, բայց տանելի ցավ… Քրտինքը լարումից հոսեց, առատացավ ճակատի վրա, լցրեց աչքերը։ Հիվանդապահ կինը սրբեց նրա դեմքը, էլի սրբեց, հետո անընդհատ սրբում էր, հով էր անում սրբիչով։
Ընդհանուր, բաբախող ցավի մեջ սկսեցին հայտնվել նոր տեսակի բռնկումներ, թվում էր` արդեն անտանելի. մեկ, երկու, ասես մեծ արագությամբ շիկացած երկաթ էին խրում ողնաշարի մեջ մինչև ուղեղը՝ կտրուկ, կարճ…
Սկսեցին իրար հաջորդել միայն երկու ցավ` տանելի ու անտանելի։ Տանելի ցավն ավելի երկար էր տևում, դրա ժամանակ նա հանգստանում էր։ Անտանելին ավելի կարճ էր, ցնցող։ Եվ մարմնի խորքը մի խորամանկ բարություն էր թափանցում բժշկի ձեռքի հետ։ Նա մտքում երախտապարտ էր բժշկին այդ դադարների համար։ Եվ հենց նույն պահին ցավը դարձավ անտանելի։ Նա չգիտեր, թե ինչ է անում ինքը, գոռու՞մ է, լու՞ռ է… Անընդհատ, անտանելի ցավ…։
-Սիրտս…,– շշնջաց, զգալով, որ մարում է։
Քույրն անմիջապես քթին մոտեցրեց անուշադրի սպիրտը։ Ցավը դադարել էր մի պահ։ Նորից սկսվեց, տանելի, հետո ընդհատումներ, բռնկումներ, հետո ահավոր մի ցավ փոխարինեց ողջ աշխարհին։ Նա չկարողացավ էլ ձայն հանել։ Պարզ զգաց, որ դանդաղում է սրտի զարկը։ Թե՞ չուզեց ձայն հանել… Մեկ զարկ, էլի մեկը, ավելի հետո մի հատ էլ ու վերջ… Հեռուներից լսեց բժշկի խուլ ձայնը, որ ինչ-որ երկար բառ էր գոռում, կանչելով ինչ-որ մեկին… Ոչինչ, ինքն էլ կսպասի նրան։ Մի քանի երկար ժամանակներ թափառեց խավարի մեջ, ուր մի հեռու լույս կար, սլացավ ճախրեց դեպի լույսն այդ ու հետո այդ լույսն էլ հանգավ…։
****
Հիվանդանոցի նկուղներում, երկար, խավար ու խոնավ միջանցքների լաբիրինթոսում, անկյուններում թաքնվելով սողում էր նա, հար և նման այն մեկի, որ այժմ վիրահատարանում էր։ Միայն թե սա ցավ չէր զգում, այլ թաքուն ուրախություն, որը քիչ անց վերածվեց մոլեգին հրճվանքի։ Սա, այս մեկը գզգզված մազերով սկսեց սլանալ նկուղներով, դուրս թռավ միջանցք ու զգուշորեն շրջանցելով բոլոր մարդկանց՝ վազեց դեպի վիրահատարան։ Չնայած նա վազում էր մարդկանց միջով, բայց ոչ ոք չտեսավ նրան, միայն զգացին նրա սառը շունչը և սարսուռ անցավ հիվանդների միջով…։
****
Ադրենալինի ասեղը դուրս քաշվեց սրտից։ Դատարկ սրսկիչը դրվեց սեղանին։ Նա ոչինչ չզգաց։ Հետո, սրտի առաջին զարկը հնչեց խուլ, ասես լիքը պղնձի վրա խուփ դրեցին։ Անմիջապես դրան արձագանքեց ողջ աշխարհը, դղրդաց։ Խավարի ու լռության մեջ իրար բախվեցին սև աստղերը։ Նրա ներսում ասես ծովը պահող ամբարտակը փլվեց և հաջորդ պահին էլ արյան հոսանքը ներխուժեց ուղեղ։ Նա բացեց աչքերը և ամբողջ աշխարհաստեղծումը դուրս ցայտեց աչքերից։ Վիրահատող բժիշկը նստեց նրա դիմաց։ Բժշկի դեմքը ձգված էր, աչքերը խամրած։ Նա ժպտաց բժշկին և մտածեց, որ հիմար բան է իր ժպտալը, անիմաստ, անհեթեթ։ Հետո հեռվից ականջին հասավ շրթհարմոնի նվագը, աչքերի դեմ հայտնվեց խոտածածկ լեռնալանջը, հեռվում արծաթափայլ վրանները և հզոր լեռնագագաթը, կուրացուցիչ ձյան փայլով։ Ու հիշեց, որ ողջ այս ընթացքում ոչ մի պահ չէր դադարել շրթհարմոնի նվագը։ Իսկ ի՞նչ էր նվագում շրթհարմոնը…
Ասիստենտը սկսեց կարել վերքը, վիրակապ դրեց։ Հետո մոտեցրին սայլակը, տեղափոխեցին նրան սայլակի վրա ու դուրս տարան վիրահատարանից։ Միջանցքով անցնելիս շրթհարմոնի նվագը ավելի ծանոթ թվաց նրան և ավելի հեռու… Նա հիշեց մեղեդին։ Լեռնագագաթի երգն էր…
Հողմերի միջով, սառույցի ու ձյան
Ես կարոտ սրտով քեզ մոտ եմ գալիս…
Ուրեմն փրկիր այս լեռնանցքում ինձ,
Ես քանի օր է քեզ մոտ եմ գալիս…։
Առանձին մի սենյակում նրան պառկեցրին փակ պատուհանի մոտ, հանգստացնող դեղ սրսկեցին, և նա ընկավ թմրության մեջ։ Քու՞ն էր, թե մի այլ բան…
-Եթե այս գիշերն անցկացնի, փրկված է,– մռայլ ասաց բժիշկն ու նկատեց վիրահատարանի հատակին արդեն չորացած երեք արյան բծերը։- Սա ի՞նչ փնթիություն է։ Քիչ անց մտավ վիրահատվածի սենյակը, և տեսավ, որ թմրության մեջ է։- Միայն խոր, երկար քունը կփրկի նրան,- մտածեց ու դուրս գնաց։
*****
Նկուղից դուրս եկածն անընդհատ փորձում էր մտնել հիվանդի մոտ։ Նա գրեթե սենյակում էր, կուչ էր եկել շեմին շան պես և ցատկելու համար առիթի էր սպասում։ Բայց անընդհատ հնչում էր շրթհարմոնի նվագը և քիչ էր մնում, որ շան պես պառկած նա շան պես էլ կաղկանձեր։ Շատ էր խանգարում սրան շրթհարմոնը։ Երազում էր, թե արթնմի, նվագն արթնացրեց հիվանդին։ Բացեց աչքերը։ Չէ, ցավն էր սկսել, դրանից արթնացավ։ Ցավն ուժգնանում էր արթնացման հետ, ուժեղանում էր և շրթհարմոնի ձայնը…։
Նա դարձյալ լեռները տեսավ, հետո նայեց լուսամուտից դուրս։ Մթնել էր արդեն։ Գարնան երեկոյի թևը ներս էր մտել օդանցքից։
Ներս մտավ բուժքույրը։
-Բացեք լուսամուտը,- շշնջաց նա։
-Չի կարելի։
-Խնդրում եմ, օդ չկա… Բուժքույրը զգույշ նայեց դռանն ու կիսաբաց արեց փեղկը։
-Լրիվ…։
Սրա աչքերում այնպիսի աղերսանք կար, որ քույրը չդիմացավ, բացեց լուսամուտը լրիվ։ Դուրսը տաք էր։ Կողքի սենյակից աղեկտուր կանչեց մյուս հիվանդը։ Քույրը շտապով գնաց։ Լուսամուտի բացվելուն պես շեմքին պառկածը շան նման ետ ցատկեց ու ելավ միջանցք։
Ցավը ուժեղ էր, քիչ էր մնում հեծկլտա և մեղմ ու պարզորոշ հնչում էր շրթհարմոնի նվագը։ Ծառերի մեջ երկու արծաթափայլ վրան էր խփված։ Մեջտեղում խարույկ էր վառվում, իսկ շուրջը բոլորել էին հինգ հոգի։ Մեղմ անձրևից թրջված անձրևանոցները, գլխներին քաշած կնգուզները փայլում էին կրակի լույսից։ Նրանցից մեկը շրթհարմոն էր նվագում, մյուսը ծնկի վրա ցախ էր կոտրում ու գցում կրակի մեջ։ Մնացած երեքը խմում էին ինչ-որ մեկի կենացը։ Այս տեսիլքին ավելացավ մեղմաձայն խոսակցություն, որի մեջ նա տարբերեց «առողջություն» բառը։ Հա,- ժպտաց մտքում,- իմ մասին է։ Նրանք ամեն ինչ անում էին անշտապ ու հաճույքով։ Շրթհարմոնը մի պահ լռեց, նվագողն էլ խմեց իր բաժակը ու հետո դարձյալ հնչեց մեղմ նվագը։ Բոլորի դեմքերն էլ ծանոթ էին նրան և տեսարանը ցավեցնելու չափ հարազատ էր։ Եվ այնքան կենդանի էր տեսիլքը, որ նա քիչ մնաց ձայն տար ընկերներին, հետո մտքում ծիծաղեց իր վրա… Անհամբերությունն ու ցավի պատճառած կատաղությունը մի պահ տիրեցին նրան… Շուտ, վերջ տալ այս բոլորին ու գնալ լեռները, վեր, միշտ դեպի վեր, կորչել իր լեռներում… Հետո այդ բռնկումից, ասես, մեղմացավ տառապանքը։ Նա այդպես երկար նայեց իր նմանների, իր եղբայրների մտերիմ դեմքերին, մինչև քնեց, երազը շարունակելու հաստատ որոշմամբ։
****
Առավոտյան հերթապահ բժիշկը միջանցքում կանգնեցրեց բուժքրոջը։
-Այն ո՞վ էր լուսամուտի տակ շրթհարմոն նվագում,- հարցրեց նա։
-Էն ալպինիստի ընկերներն էին թատրոն սարքել։ Ոչ մի կերպ չկարողացանք քշել։ Հրեն, խռմփացնում են իրենց վրաններում,- պատասխանեց բուժքույրը։
Բժիշկը ծիծաղեց.
-Իսկ ի՞նքը ոնց է։
-Ինքն էլ է քնած, փառք աստծո, – ասաց բուժքույրը։
Հիվանդանոցի նկուղից լսվեց մի ծանր հառաչանք և շտապ հեռացող ոտնաձայներ։