ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան, Տիպանգո (վիպակ)-7

16.07.2020

Սկիզբը՝ այստեղ

«Ահա թե ում են սպասում հարյուրամյակներ շարունակ այս սպիտակամորթ արևապաշտները»,- մտածեց Քրմապետն ու ծիծաղեց. հիշելով կարմրամորթների ներկա դրությունը անտառի այն կողմում՝ մտաբերեց իր ուղեկիցներին։ Հիշեց նաև ուղեկիցների հետամնաց գյուղակը, որտեղ քաղաքակրթությունը չէր ոտքել դեռ ազատ կյանքը։ Գյուղակից հետո նա հիշեց արդեն կատերը, հետո՝ նավը, հետո՝ քաղաքակիրթ աշխարհը, որտեղից նա եկել էր որպես ոչ թե ներկայացուցիչ, այլ՝ հետազոտող։ Առաջին ժամանակներում իր ով կամ ինչ լինելու մասին աշխատում էր չհիշել, բայց ճիգերն անհաջողության էին մատնվում։ Հաճախ ցանկանում էր հեռանալ այստեղից, բայց Տիպանգոյի պաշտամունքը պահում էր նրան։ Տիպանգոյի մեջ նա գտնում էր այն, ինչ պետք էր իրեն։ Այս տարիների ընթացքում ուղեղը համարյա անգիտակացբար հեռանալու պլաններ էր կազմում: Բայց ո՞ւր գնար, որտե՞ղ գտներ իր տեղը, երբ ամբողջ աշխարհում այդպիսի տեղ չկար․ տեղ, որ կոչվեր․ «Հատ քաղաքի Գոռ Սիկաու Դեն Ալարոդի տեղը»: Այս վերջինը նա դեռ լավ չէր հասկանում, միայն ենթադրում էր․․․ Հոգու և մարմնի գրեթե բոլոր ուժերով ձգտում էր քաղաքակիրթ աշխարհ, կարոտել էր․․․ Երբեմն էլ հեռանալուց նրան ետ էր պահում առաջին օրերի հիշողություն-վերապրումը, երբ Հատ քաղաքում մեծ երջանկություն էր ակնկալում։ Հետո՝ շատ մեծ դժվարությունների գնով էր հասել այստեղ, և կորցնել այս բոլորը ծանր էր նրա համար։
Փողոցով մի կարմրամորթի քարշ տվին դեպի պղնձե բուրգը։ Նա սարսափից համրացել էր։ Քրմապետն ուրախ էր, որ այդ խեղճին չեն զոհաբերի։ Գործում էր իր մտցրած օրենքը։ Նա հիշեց, թե ինչպես կույր սարսափ զգաց՝ առաջին անգամ ներկա լինելով զոհաբերման արարողությանը․․․
Պահապան ջոկատներից մեկը բռնել էր շրջակայքում թափառող երկու կարմրամորթի։ Արևածագին Լուսատուների տաճարում նրանց զոհաբերեցին։ Դենը կանգնել էր բուրգի ստորոտում և ներքևից հետևում էր բուրգի գագաթին՝ տաճարի հրապարակում զարգացող գործողություններին։ Տաճարից դուրս եկավ սևազգեստ լուսնի քուրմը՝ երկու ձեռքերում պոկած մարդկային սրտեր: Դենը հազիվ նշմարեց նրա հագուստին ցայտած արյան բծերը։ Սիկաուն սրտերից մեկը արևին մեկնեց, մյուսը՝ հազիվ նշմարվող լուսնին։ Հետո տաճարից բուրգի աստիճաններով ցած գլորեցին երկու կարմրամորթների գլուխները։ Դրանցից մեկը գլորվեց և ընկավ ուղիղ Դենի ոտքերի մոտ։ Ակնակապիճներից դուրս պրծած աչքերով գլուխը նայում էր Դենի ուսի վրայով՝ անորոշ ուղղությամբ։  Կտրված վզից արյունը ցայտեղ Դենի վրա, և նա շրթունքին զգաց աղահամը։
Քրմապետն ուշքի եկավ և նողկանք զգաց։ Դրանից հետո շատ ավելի նողկալի տեսարաններ նրա մեջ երբեք չէին առաջացրել այդպիսի զզվանք ու սարսափ։ Այդ առաջին զոհաբերությունն էր ամենաահավորը: Այդ դեպքի ժամանակ Դենի գերությունից մեկ ամիս էր անցել։  Մեկ ամսում Դենը չէր հասցրել ձանձրանալ «սպիտակ վայրենիների քաղաքից»։
Այդ դեպքը ստիպեց Դենին գործել։ Քաղաքակիրթ մարդու բնազդը նրան գործելակերպ թելադրեց։ Նա սկսեց Լասեկո Հատկոֆանային որոշ բաներ ապացուցել՝ հիմնականում անհավատալի բաներ պատմելով այն աշխարհի մասին, որտեղից եկել էր ինքը։ Լինելով ռազմիկ՝ Լասեկո Հատկոֆանան ավելի շուտ էր հավատում և հաշտվում Դենի նատուրփիլիսոփայության և մատերիալիզմի հետ, քան մի որևէ քուրմ։ Նա արագորեն հաշտվեց մի շարք փաստերի հետ։ Դենի տրամաբանությունն անառարկելի էր։ Մահից հետո ոչինչ չկա։ Թեև ռազմիկի նախնիներն ըմբոստանում էին այդ փաստի դեմ, նրա հակառակն ընկալած ուղեղը դիմադրում էր թափով և չէր զարգացել այդ բոլորը ընկալելու աստիճան, բայց Դեն Ալարոդն անդրդվելի էր։
— Իմաստուն  ես դու և գիտես ամեն ինչ, քո ձեռքին է ճշմարտությունը, և դու կարող ես իսկական ճշմարտություններ հնարել,- հաճախ կրկնում էր Լասեկո Հատկոֆանան՝ հիացմունքից հալվելով։
Դեն Ալարոդն ինքն իր հետ էր խոսում՝ միաժամանակ ռազմիկին պարզաբանելով աշխարհի ու կյանքի կառուցվածքը։ Նա ասում էր, որ աշխարհը մի բարդ մարմին է, իսկ կյանքը՝ այդ մարմինը խոցոտող նիզակ։ Նա ինքն իրեն ասում էր․ «Դե՛ն, երբեք մի՛ հաշտվիր մեռնելու մտքի հետ»։ Հետո էլ ընդհանրացրեց այդ միտքը․ «Մարդի՛կ, իմանալով հանդերձ, որ մեռնելու եք, երբեք մի՛ հաշտվեք այդ մտքի հետ»։
Իհարկե, Լասեկո Հատկոֆանայի հետ զրույցները Դենը հանգեցրեց այն մտքին, որ իրեն չի կարելի զոհաբերել։ Եվ որ Լասեկո Հատկոֆանան ինչ-որ բաներ պիտի ձեռք առնի՝ իրեն փրկելու համար։ Հանուն իրենց բարեկամության և նկատի ունենալով այն զգալի օգուտը, որ կստանա, եթե Դենը կենդանի մնա, նա խոստումներ շռայլեց, պերճախոսեց։ Ծերուկը համաձայն էր, սակայն չէր իմանում՝ ինչ կարող է անել ինքը։ Առաջարկեց փախչել, և միայն ծիծաղ լսեց՝ ի պատասխան։ Դենը նրան հանգամանորեն բացատրեց, որ աշխարհում բացարձակ ոչինչ չի տրվում։ Լասեկո Հատկոֆանան մի բան հասկացավ միայն, որ ինքը ոչ թե պետք է արգելի, ինչը չէր կարող անել, այլ պետք է գործի։ Նա խոստացավ խորհրդակցել մի շատ իմաստուն քրմի հետ, որը գիտի գաղտնիք պահել։
Մյուս օրը՝ առավոտյան, զոհաբերվողների խուցը մտավ  Լասեկո Հատկոֆանան, և Դենը չկարողացավ ծիծաղը զսպել։ Զինվորական շքեղ զգեստի փոխարեն սիկաուի անպաճույճ պարեգոտը պետին թափառիկ մուրացկանի տեսք էր տալիս։ Բայց երբ ներս մտավ զինվորական զգեստով Լասեկո Հատկոֆանան և բացատրեց, որ դա իր երկվորյակ եղբայրն է, Դենն ստիպված եղավ ներողություն խնդրել: Թեզանա Ֆանան՝ Աշխարհի մարդը, Տիպանգոյի տաճարի քրմերից էր։ Ծանոթությունից հետո նա սկսեց կանոնավոր հաճախել Դենի դասախոսություններին և մի օր ցանկություն հայտնեց գիշերով Դենին տանել Տիպանգոյի տաճարը։ Իր խոստումը նա կատարեց երեք օր անց, երբ լուսինն իր վերջին փուլում էր, և խավար էր, ինչպես դժոխքում։
— Իսկ եթե մեզ բռնե՞ն, սիկաու,-  հարցրեց Դենը։
Սիկաուն ոչինչ չպատասխանեց։ Լասեկո Հատկոֆանան նույնպես լռություն էր պահպանում։ Նրանք աննկատելի մոտեցան մեծ բուրգին ու սկսեցին բարձրանալ աստիճաններով: Երբ հասան գագաթին, Դենը նայեց ցած։ Տաճարներում հանգել էին կրակները, լռել էր երգեցողությունը, քանի որ չկար գիշերային լուսատուն։ Նա մեկնում էր հանգստանալու։ Քաղաքը թաղված էր ահարկու խավարի մեջ։ Միայն ճերմակ պարիսպներն ու բուրգերն էին նշմարվում աղոտ, որպես մեռած աշխարհի ուրվականներ։ Քիչ հեռու՝ գետի  այն ափին, միայնակ խարույկ էր վառվում փոքրիկ, պղնձապատ Խավարի բուրգի վրա, և լսվում էր քրմերի մելամաղձոտ ու երկարաձիգ երգեցողությունը․
Ո՜վ դու, լռության պահակ մշտական,
Ո՜վ ժամանակի ընթացք չափող,
Դու լույսի ծնող և լույսի դահիճ,
Պատասխանը դու հարցերի բոլոր․․․

«Խավարի հիմն» էր դա․․․
Դենը ցանկություն ունեցավ այդ իսկական գիշերում մեկնել ձեռքը և խառնել իրեն շրջապատող աստղաբույլերը, որոնք այդքան մոտիկ էին թվում։
Ահա Տիպանգոյի՝ թափանցիկ պատերով, կլոր տաճարը․․․
Լասեկո Հատկոֆանան մնաց դրսում՝ տաճարի առջևի հրապարակը հսկելու։
Դենը Թեզանա Ֆանայի հետ մտավ տաճար։ Եվ հանկարծ, դեռ երկու քայլ էլ չարած, նա ծնկի իջավ։ Տաճարի պատերը մշուշոտ թափանցիկ էին, և բոլոր կողմերից հազարավոր գույներով Դենին շրջապատեցին աստղաբույլերը, միգամածությունները, համաստեղությունները․․․
— Ահա Տիպանգոն,- շշնջաց սիկաուն՝ դիպչելով Դենի ուսին։
Հեռավոր աստղերի և մինչև ծնկները հասնող մշուշի միջով դեպի Դենն էր գալիս Լայման՝ մերկանդամ ու հրաշալի։
— Սիկաու․․․,- գոռաց Դենը,- այս ի՞նչ եմ տեսնում, մի՞թե դու ես, Լայմա․․․
— Կամաց, կամաց,- շշնջաց սիկաուն,- դա Տիպանգոն է։
— Լայմա,- գոռաց Դենը և ցատկելով ոտքի կանգնեց, ձեռքերը պարզեց կնոջը։
— Նա ամեն մեկի համար ընդունում է իր երազների ու ձգտումների ձևը։ Այժմ ես նրան տեսնում եմ՝ որպես շողշողուն Հատ-արեգակ,- ասաց սիկաուն։
Դենը շփեց աչքերը, ու տեսիլքը չքացավ։
— Կարո՞ղ ես նրան զոհաբերվել,- հարցրեց սիկաուն։
— Այո,- շշնջաց Դենը։
Անկյունում՝ երկնքի ու երկրի միջև, կախված էր սև, այրված փայտից մի անորոշ արեգակ։ Այդ կուռքն էլ հենց Տիպանգոն էր։
Լռությամբ ետ եկան տուն։ Առաջինը խոսեց Դենը։
— Մի՞թե դա արևի կուռքն էր։
-Այո,- պատասխանեց քուրմը։
— Ուրեմն, ինչո՞ւ չի կոչվում հատ։
-Թող հայտնի լինի քեզ, որ առաջին սիկաուները, որոնք կառուցեցին Մեծ բուրգն ու սուրբ քաղաքը՝ նրա շուրջը, իրենց հետ բերեցին Տիպանգոն և այդպես էին կոչում նրանք մարդկային երջանկությունը։
— Իսկ ինչո՞ւ նա արեգակի ձևն ունի։
— Աշխարհում ամեն ինչ արեգակի ձևն ունի, քանի որ բոլոր երջանկությունների աղբյուրը նա է՝ արեգակը։ Դու մի՛ անհանգստացիր,- շարունակեց սիկաուն,- ամեն ինչ ինքնըստինքյան կլուծվի, և ոչ մեկիս միջամտության հարկն էլ չի լինի։ Այսօր ես համոզվեցի այդ բանում։
Դենը ոչինչ չհասկացավ։  Նայեց Լասեկո Հատկոֆանային։ Վերջինս թոթվեց ուսերը։ Այսինքն՝ եթե նա է ասում, ուրեմն բացարձակ ճշմարտություն է։ Դենը հասկացավ, որ խոսքն իր զոհաբերման մասին է։ Մի քանի օրից պիտի սկսվեին ողբն ու կանչը, գիշերային ծեսերը, անթիվ խարույկները պիտի կանչեին գիշերային լուսատուին, և արևից հետո կհայտնվեր իր ողջ փայլով լուսինը, և դա՝ դարձյալ արևի խնդրանքով և արևի շնորհիվ։ Լուսինը պետք է նորեր, այսինքն՝ անսալով մարդկանց աղաչանքին և արևի պատվերով հայտնվեր, իր զայրույթը մոռանար։ Լուսինը պետք է ընդուներ մարդկանց արած զոհաբերությունները և պատրաստվեր մեծ տոնին։ Դա այն բանի նշան էր, որ մարդիկ քավել են իրենց մեղքերը։ Բոլորը համոզված էին, որ եթե զոհաբերությունները արած չլինեն, լուսինը չի ելնի երկնակամար։ Համենայնդեպս, հակառակն ապացուցել հնարավոր չէր, ոչ ոքի մտքով չէր անցնի փորձել կամ հաշվել ընդհանուր զոհաբերությունները։ Աստվածներին փորձելու ժամանակը դեռ չէր հասել Հատ քաղաք։
Լուսնի նորելու առավոտյան՝ արևագալի ծեսի հետ էր սկսվում Լուսատուների բարեկամության տոնը, որ տևում էր երկու օր: Հենց այդ արևագալի ծեսին էլ պիտի զոհաբերեին Դենին և նրա սիրտը նվիրեին Տիպանգոյին։ Նրա համար «մեծ պատիվ» էր այդ տոներին զոհաբերվել, և դա արվելու էր նրա ճերմակ մաշի համար։
Քրմապետը ցնցվեց աղմկալի ողջույնից։
— Իեռդավ Գոռ սիկաու․․․,- Լասեկո Հատկոֆանան էր ծանուցում արևագալը։- Հատ լասե հետնա, Գոռ սիկաու․․․
-Յա,- պատասխանեց Քրմապետը սթափվելով։
Նա շփեց ճակատն ու վանեց հիշողությունների գրոհող ջոկատը։ Ելավ տեղից ու գնաց տաճար՝ արևագալի ծեսը մատուցելու։
Տաճարում վառվում էր կրակը, և կրակի միջից արեգակն էր ելնում եթեր։ Քրմապետը շշնջաց ծիսական խոսքերը և հրավիրեց բոլորին ելնել տաճարի հրապարակը։ Արևի ելքը գետնախոնարհ ողջունելու ծիսական խոսքերը շշնջալիս Քրմապետը նայում էր կրակին և հանդարտ տեղափոխվում անցյալ, թաղվում հիշողությունների մեջ՝ մեքենայորեն կրկնելով աղոթքը։

Զոհաբերվողի ոսկեկար զգեստը շատ եր սազում Դենին։ Այդ զգեստը միայն մեկ ժամ էր մնալու նրա հագին։ Զոհաբերվելիս մերկացնում էին: Այդ բոլորը Դենի համար շատ տարօրինակ էր: Մահվան հանդեպ սարսափ չէր զգում։ Տիպանգոյի հիպնոսն այնքան ուժեղ էր, որ նրա միակ ցանկությունն էր հնարավորինս շուտ տեսնել Տիպանգոն։
Առավոտ վաղ զրնգացին ռազմիկների զենք ու զրահները, և քաղաքի փողոցներով անցան կանոնավոր զինվորական շարքեր։ Ճերմակ պարեգոտներով սիկաուների և կարմիր պարեգոտներով ավագ սիկանուների շարքերը ձգվեցին բուրգերի սանդուղքներով վեր։ Արևի տաճարներում վառվեցին խարույկները։ Սիկաուների փողոցով քրմերի երկար շարքեր անցան։ Ոսկե պատգարակի վրա դեպի Տիպանգոյի բուրգը տարան Գոռ սիկաուին։ Բուրգի մոտ շարքերը կանգ առան։ Պատգարակակիր կարմրամորթ ստրուկները միաձայն գոռացին։
-Սալահհա[i]․․․
Քրմերի շարքերը ձայնակցեցին նրանց․
-Գուրատտա[ii]․․․
-Ռահատտա[iii]․․․-, դղրդաց ռազմիկների կանչը։
Ոսկե պատգարակից Գոռ Սիկաուն բարձրացրեց աջ ձեռքը և կլոր նշան արեց․
— Տիրսա[iv]․․․,- շշնջացին բոլոր քրմերը միաձայն, և ահավոր շաչյունը կտրեց առավոտի թարմ օդը։
— Տիրսա,- խլեցին կանչը ռազմիկները։
-Թեկա[v],-իր պատգարակում բացականչեց Գոռ սիկաուն, և կանչն անցավ ռազմիկների շարքերի միջով։

Զինվորները պոկվեցին տեղերից ու վազեցին, շրջապատեցին մեծ բուրգը, կանոնավոր շարքերով քարացան տեղերում։ Բուրգերի գագաթներին քարացան քրմերի շարքերը։ Մեծ բուրգի հրապարակում քրմերի խումբն սկսեց արտասանել․
— Օհա  բոցխտ նեյնթ լաո պաշտա, ռաջատըտա օհա թուր ալ յա սախդայա յա, ռաջատըտա ալունա յատ հատհա թեֆանա, ալ տոմ յա հատըհը․․․
Հետո բոլոր տաճարներից հնչեց քրմերի խմբերգը։ Արեգակը դեռ չէր ելել, բայց լեռներն արդեն ոսկեզօծված էին։ Հետո արևի ծայրը երևաց լեռան հետևից, և ամբողջ քաղաքը վայրկենապես լռեց։  Երբ արևի ոսկե սկավառակը պոկվեց լեռան լանջից, ամբողջ քաղաքը մի մարդու պես բացականչեց․
— Թեկա:
Եվ հարյուրավոր քրմերի խմբերգը որոտաց բուրգերի գագաթներից:
Վագրերի դիմակներ հագած քրմերի լուռ շարքն ուղեկցում էր Դենին դեպի Տիպանգոյի տաճարի զոհասեղանը։ Նա ժպտում էր,շատ հետ էր թողել հանդիսավոր քայլող քրմերին։ Քրմերի մեջ էր նաև Թեզանա Ֆանան։ Նա նույնպես ժպտում էր։ Հասնելով բուրգի գագաթին՝ Դենը տեսավ Գոռ սիկաուին, որ չոքել էր ու արեգակին էր երկրպագում։ Դենը կանգ առավ նրա առաջ: Քրմերը ոռնացին և ցանկացան ստիպել խոնարհվել, բայց Դենն այնպես զարկեց մեկի ծնոտին, որ այն դուրս ընկավ տեղից: Ցավից գոռացող քրմին հեռացրին։ Գոռ սիկաուն պարզեց ձեռքն ու նշան արեց։ «Տիպանգոյի մարդուն» հանգիստ թողեցին։ Դենը մտածեց․ «Այս պառաված Քրմապետը երկար չի ապրելու։ Նա երևի հարյուր տարեկան է և անգործությունից այնպես քայքայված, որշուտով կանցնի հանգուցյալների շարքերը, չնայած Գոռ սիկաու է»։
Հետո հանկարծ Դենը նետվեց տաճար։ Այնտեղ ոչ ոք չկար։ Նա տեսավ ծագող արեգակի շողշողուն գունդը, որ մշուշոտ ճառագայթափնջերով բարձրանում էր տաճարի անկյունից։ Թափանցիկ պատերը շողում էին այդ շքեղ աստղի բոլոր գույներով։ Ծագող արեգակի միջով դեպի Դենն էր գալիս Լայման։
Երբ զոհաբերող քրմերը ներս մտան, տեսան «Տիպանգոյի մարդուն», որ ծնկել էր արեգակի առաջ և գոռում էր․
— Տիպանգոոոոո՜․․․
— Մեր հավատից է,- շշնջաց քրմերից մեկը։
Օբսիդիանե դանակն ընկավ սիկաուի ձեռքից։ Նա սարսափով շուրջը նայեց։ Կարող էր զոհել իր հավատի մարդուն։ Թեզանա Ֆանան պոկեց վագրի դիմակը, նետվեց տաճարի անկյունը, խլեց «ՀԱՏ» գրքի հատորը և արտասանեց․

Նա, ով պատրաստ է, չքնաղ Տիպանգո,
Քո փառքի համար կամոք զոհվելու,
Եվ սիրտն էլ արդեն նվիրված  է քեզ,
Հզոր Տիպանոգ,
Արժանի է Մեծ Սիկաուների
Ճանապարհը ողջ փառքով անցնելու․․․
— Լասե հետնա հատ.․․ Արևը ելավ,- բոլոր կողմերից բացականչեցին քրմերը, և Քրմապետը սթափվեց։

Իրականությանը վերադառնալու զգացումը տհաճ էր և դժվարին։ Հուշերը ցրվեցին տարբեր կողմեր։ Քրմապետը դուրս եկավ տաճարից ու կանգնեց սանդուղքի աստիճանին։ Նա սկսեց երգել բարի օրվա հիմնը։ Քրմերը ձայնակցեցին։ Եվ Քրմապետը, մեքենայորեն երգելով ամբողջ տողերը, նորից ընկավ հիշողությունների գիրկը։

Հանդիսավոր թափորի գլուխն անցած՝ Դենը քայլում էր սիկաուների փողոցով և հետո Տիպանգոյի տաճարում կանգնեց այն զոհասեղանի առաջ, որի վրա պիտի մեռներ՝ որպես զոհ։  Նա քուրմ օծվեց։ Հետագայում, ընթերցելով սիկաուների «ՀԱՏ» գիրքը, նա իմացավ, որ ըստ սիկաուների օրենքի՝ Տիպանգոյի զոհասեղանին կամովի պառկող զոհը արժանի է քուրմ դառնալու: Կենդանի մնալով՝  նա անհամեմատ ավելի մեծ գործ կանի Տիպանգոյի փառքի համար։ Այսպիսով, Դեն Ալարոդը դարձավ սիկաու։

Քրմապետը նայեց ռազմիկների շարքերին և մտածեց, թե որքան խղճուկ են այս արևապաշտները քաղաքակիրթ աշխարհի՝ տեխնիկայով զինված բանակների դեմ։ Բայց նրանցից որքան բարձր են ոգով։ Այո՛, ամեն մի առաջադիմություն շատ հարցերի համար հետադիմական է։ «Կյանքը մահերով է սնվում»,- հիշեց Քրմապետը Մեծ մտածողի խոսքը։ Քաղաքակիրթ աշխարհի մի փոքրաթիվ ջոկատ կարող է տասնհինգ րոպեում ոչնչացնել Դենի տասհազարանոց բանակը։ Բայց իր դիրքը շատ ամուր է, քանի որ ոչ մի քաղաքակիրթ բանակ չի կարող հաղթահարել ջունգլին։
Քրմապետը հիշեց, թե ինչպես մեռավ ծերացած Գոռ սիկաուն և իրեն՝ «Տիպանգոյի ամենահավատարիմ ծառային», հանձնեց այդ կոչումը։ Դեպքերը գլխապտույտ արագությամբ սլացան ու հանկարծ կանգ առան։ Դեն Ալարոդը դարձավ Գոռ Սիկաու, և բացի Տիպանգոյից, մնացյալ աշխարհը դադարեց գոյություն ունենալուց։ Հետո միայն նա սկսեց հետաքրքրվել քաղաքի գործերով։ Կամաց-կամաց վերածվում էր լիիրավ միապետի։  Լասեկո Հատկոֆանան և Թեզանա Ֆանան, որոնք դարձել էին բանակի զորավար և Մեծ Քարոզիչ, շան հավատարմությամբ ծառայում էին նրան։ Իսկ նա՝ Գոռ Սիկաուն, ժամերով կորչում էր իր շան հետ Օրխիդեաների բացատում։ Մնացյալ ժամանակը նա անցկացնում էր ընթերցանությամբ։ Մի օր հասկացավ, որ էլ չի կարող դիմադրել քաղաքակիրթ աշխարհի կանչին: Հիշեց գնդապետ Ֆալսմանին, որին մոռացել էր «գերության» մեջ։ Տիպանգոն ասես թմրադեղ լիներ, որ մոռացնում էր ամեն ինչ։ Քաղաքակիրթ աշխարհը մագնիսի նման ձգում էր։ Նա այդ բանը ուժգին զգաց Օրխիդեաների բացատում, պատկերացրեց իր վերադարձը. ինչպես են դիմավորում մարդիկ։ Արդյոք այդ մարդկանց մեջ կլինի՞ գնդապետ Ֆալսմանը։ Քրմապետը ցատկեց տեղից ու շտապեց քաղաք։ Վագրերի արահետը վերջացավ, և սկսվեց սիկաուների ճանապարհը։ Հեռվում երևաց քաղաքը։ Դենը հասավ քաղաք, շտապեց տուն։ Փողոցում բոլորը խոնարհվում էին Գոռ Սիկաուին, իսկ նա ուշադրություն չէր դարձնում։ Ավելի ու ավելի արագ էր քայլում։ Հասավ տուն ու դռների մեջ գոռաց․
— Յահակա․․․
Ներս վազեց ծառան։
— Թեզանա ֆանա Էտ Լասեկո Հատկոֆանա․․․
Ծառան սլացավ։
Երբ եղբայրները եկան, Գոռ Սիկաուն անհանգիստ քայլում էր սենյակում, շրջաններ  գործում կրակարանի շուրջը։ Քաղաքակիրթ աշխարհ էր շտապում։ Նա, արագ շրջվելով, ողջունեց եղբայրներին ու միանգամից սկսեց հարցուփորձը։
Գնդապետ Ֆալսմա՞նը․․․
Այդ հաղթահասակ մարդը հայտնվել էր այստեղ՝ ոչ պակաս հաղթահասակ որդու հետ, կռվել դևի նման, հետո գերի ընկել, գիշերը փախել ու, նորից բռնվելով,երկու տարի մնացել քաղաքում՝ որպես ստրուկ։  Գեղեցկության և ուժի պաշտապունքը խեղդել էր վրեժի ծարավն այս սպիտակ արևապաշտների նկատմամբ, և նրանց չէին զոհաբերել։ Մի խավար գիշեր գնդապետն ու որդին խորհրդավոր կերպով անհետացել էին։ Ահա բոլորը, ինչ հայտնի է նրանց մասին։ Իմանալով այս բոլորը՝ Դեն Ալարոդը հանգստացավ և սկսեց օր ու գիշեր մտորել իր փախուստի մասին։ Գետով փախչել չէր կարող։ Երկու մղոն ցած գետը վերածվում էր ջրվեժի, իսկ ավելի ներքևում լայնածավալ ճահիճներ էր կազմում ու կորչում։ Այնտեղ հարյուր տոկոսանոց մահ էր սպասում բոլոր նրանց, որոնք անմահ չէին։ Ամենից հարմարն իր եկած ճանապարհին հակառակ գնալն էր, քանի որ ճանապարհը փորձված էր. դրանով էին անհայտ երկրներից եկել Մեծ սիկաուները։ Վագրերի արահետով մինչև Օրխիդեաների բացատը և հետո․․․ Հետո ճանապարհ՝ դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Ահա Դեն Ալարոդի ուղին։ Քրմապետը վերադառնում էր հայրենիք։
Դեն Ալարոդն այնքան ազգագրական նյութ էր հավաքել, որ Սենը դժվար թե տաներ իր հզոր մեջքով։ Սիկաուների հատորներ և այլ ամենայն ինչ, սեփական գրառումներ, կուռքեր, հագուստներ, զարդարանքներ, զենքեր, կենցաղային իրեր։
Մոտենում էր այդ տարվա ամենանշանավոր լուսնային խավարումը, որ լրիվ էր լինելու։ Միայն Դենը գիտեր խավարման մասին, քանի որ միայն իրեն էր վերապահում նման բաներ կանխագուշակելու գործը։
Հասավ այդ օրը։ Լուսինը խավարեց, և խավար գիշերն իջավ սիկաուների քաղաքի վրա։ Դեն Ալարոդը կանչեց Թեզանա Ֆանային։
— Ես մեռնում եմ, սիկակու,- ասաց Քրմապետը,- աշխարհում ոչ ոք չպետք է իմանա իմ գերեզմանի տեղը։ Իմ երկրում սիկաուները մեռնելիս անհետանում են թե՛ հոգով, թե՛ մարմնապես։ Ես քեզ եմ հանձնում Գոռ Սիկաուի պատգարակն ու Տիպանգոյի տաճարի բանալին։

Դենը հանեց երկու սուտակե աչքեր, բանալին ու տվեց սիկաուին։ Սիկաուն ընկավ ծնկների վրա, հետո գետնաթավալ փռվեց հատակին ու առաջինը ողբաց Գոռ Սիկաուի մահը։
— Լուսատուները զայրացել են և իրենց զայրույթը թափում են քաղաքի վրա, Գոռ Սիկաու․․․,- գոռաց քուրմը։
— Լռի՛ր,- սաստեց Դենը,- Գոռ Սիկաուին լռությամբ են ճանապարհում։ Կմնաս այստեղ ողջ գիշեր, սիկաու,-  շարունակեց նա,- և՝ ընդմիշտ։ Սա է քո տունը։ Չհետևես ինձ։
Քրմապետը զգուշորեն դուրս եկավ տնից, իրերը կապեց Սենի մեջքին և քայլեց դեպի Մեծ բուրգը։ Բարձրացավ աստիճաններով ու կանգ առավ տաճարի հրապարակում։
․․․Որքան կրակներ կան այս քաղաքում։ Այստեղից երևում է ողջ քաղաքը։ Այս կրակներից ամեն մեկը մի հավատամք է, մի ոգի․․․
Դենը սպասեց՝ մինչև հանգան բոլոր կրակները, և հատուկնետ քրմերը հեռացան տաճարներից։ Նա մտավ տաճար։
Տիպանգոն կախվել էր երկնքի ու երկրի միջև։
— Տիպանգո,- տխրությամբ շշնջաց Քրմապետը,- ոչ մի տեղ դու այսպիսի հմայք չես ունենա։
Քրմապետի շուրջը լռությամբ թարթում էին աստղերը։ Նա զգուշորեն հանեց Տիպանգոն և փաթաթվելով Գոռ Սիկաուի ճերմակ պարեգոտի մեջ՝ կախ տվեց մեջքին։ Հետո շփեց ճակատը, իրեն ուշքի բերեց ու շշնջաց․
— Առա՛ջ։
Դուրս եկավ քաղաքից։ Կանգ առավ ջունգլիների պատի մոտ և երկար-երկար նայեց ճերմակ քաղաքին։ Ինչ-որ տեղ՝ քաղաքի մյուս ծայրում՝ Խավարի բուրգի վրա, վառվում էր միակ գիշերային խարույկը։ Խավարի պղնձե տաճարը փայլում էր այդ լույսից։
— Առա՛ջ,- դժվարությամբ շշնջաց Դեն Ալարոդն ու անհետացավ ջունգլիներում։ 

***

Սիլդա ցեղը երբեք չէր իմացել, թե ինչ բան է իսկական սովը։ Ապրելով արևադարձային անտառների հենց սրտում՝ նրանց սննդի ամեն մի պահանջ բավարարվում էր։ Իսկ երբ տղամարդիակ գնացին պատերազմելու, կանայք ու երեխաները քաղցում էին։ Ուռել էին նրանց փորերը, այտերը՝ սմքել։ Սակայն ոչնինչ սարսափելի չկար։ Գյուղում պահապան ջոկատ էր մնացել։ Կանայք էլ կամաց-կամաց սովորում էին որսորդական գործը։ Ամբողջ երկու ամիս էր, ինչ նրանք սպասում էին տղամարդկանց։ Իսկ տղամարդիկ չկային ու չկային։

Այրերը հայտնվեցին հանկարծակի, օրը ցերեկով։ Կանայք ուտելիք էին պատրաստում խղճուկ որսից, երբ մոտակա ժայռի դիտորդը ճչաց․
-Կանաաա․․․ Եկան․․․
Բայց մի քանի րոպե անց բացատը շրջապատվեց  անծանոթ կարմրամորթ ռազմիկներով։ Պահապան ջոկատը նետվեց կռվի։ Մարտը համառ էր, բայց կարճատև։ Կանանց ճիչերին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Երեխաներին ոտնատակ արին։  Շները գռմռում էին ու ցատկում օտարների վրա։ Բայց հանկարծ մարտի մեջ փոփոխություն մտավ։ Նրանք, որոնք հենց նոր հարձակվում էին, սկսեցին խուճապահար փախչել։ Անտառից դուրս եկան բազմաթիվ ռազմիկներ, որոնց կանայք դիմավորեցին ցնծագին ճիչերով։ Վերադարձած սիլդաներն էին։ Մարտի ամենաթեժ հատվածում հայտնվեց մի հսկայական շուն, և շուրջը սկսեցին դիակներ թափվել։  Շփոթահար հակառակորդները սկսեցին իրար ծակոտել։ Սիլդաների առջևից սլանում էր մի հաղթանդամ ռազմիկ, որ սպիտակ մաշկ ուներ և ձեռքին՝ հսկայական նիզակ։ Կատաղի, անմարդկային գոռոցը և դեմքի մարտական ներկերը նրան ահռելի տեսք էին տալիս։ Նա առաջ ցատկեց, որքան ուժ ուներ շամփրեց հակառակորդի առաջնորդին և կանգնելով դիակի վրա՝ գոռաց․
-Տիպանգոոոոո՜․․․
Դա Դեն Ալարոդն էր։
Նա վերադառնում էր քաղաքկիրթ աշխարհ։


[i]Ստրկանում եմ

[ii] Հավատում եմ

[iii]Տիրում եմ

[iv]Տեսնում եմ

[v]Ելիր

Շարունակելի

No Comments

Leave a Reply