Վալենտինա Կոլոննան իտալացի բանաստեղծ է, դաշնակահարուհի և հետազոտող։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են ավելի քան 16 երկրներում։ Ardi.am-ի հետ զրույցում հեղինակն անդրադարձել է բանաստեղծությանը, փորձառությանը և ոչ միայն։
-Ինչպե՞ս եք սկսում գրել բանաստեղծություն և ե՞րբ եք հասկանում, որ այն ավարտված է:
-Բանաստեղծություն գրելն սկսվում է ներքին անհրաժեշտությունից, երբ պետք է ինչ-որ կերպ կանգնեցնել մի տեսիլք կամ զգացում, որն ունի երաժշտական ձև: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում: Երբեմն կարող է ծնվել բանաստեղծություն, որը մենք այլևս չենք խմբագրի, այն կմնա այնպես, ինչպես կա, բայց հաճախ, որոշ ժամանակ անց մենք վերագնահատում ենք տեքստը և հասկանում, որ այն կարիք ունի մշակման: Թեպետ բանաստեղծության զարգացման գործընթացը տեսականորեն անվերջ է: Իմ տեքստերից շատերի վրա միջամտում եմ մինչև հրապարակման պահը: Կարծում եմ՝ բարձրաձայն կարդալը հաստատ ճշմարտության պահն է. երբ բարձրաձայն ընթերցելիս բանաստեղծությունը դեռ հնչում է ու արձագանքում մեզ, ապա այո, հավանաբար, բանաստեղծությունը հասել է ավարտին:
-Ձեր պոեզիայում հաճախ անդրադառնում եք հրաժեշտների և բացակայությունների թեմաներին։ Ինչն է ձեզ գրավում այս հատուկ մարդկային փորձառություններին։
— Բանաստեղծությունը ծնվում է այն անձի փորձառությունից, ով այն գրում է՝ իր հետ բերելով ամբողջ կյանքը․արմատներ, ծիլեր, կենդանի ծաղիկներ, մահացած ծաղիկներ, գեղեցիկ արևներ և հեղեղներ: Սա է ստեղծագործական ակտի մեկնարկային կետը։ Բացակայությունը և հրաժեշտն այն երևույթներն են, որոնց մարդիկ դատապարտված են բախվելու իրենց էքզիստենցիալ վիճակում, և ինչ-որ առումով մենք երբեք պատրաստ չենք: Բանաստեղծությունը, որպես հաստատման, արտաբերման ակտ, ինչ-որ առումով դառնում է կորուստների հակաթույն և ներկայության հզոր ձև:
-Ձեր գործերում կարողանում եք որսալ կյանքի անցողիկ պահերը՝ ստեղծելով խոր կապեր։ Ինչպե՞ս եք մոտենում այնպիսի անցողիկ զգացմունքները բառերով փոխանցելու մարտահրավերին:
-Բառերը, եթե նույնիսկ կարողանում են որսալ իրականության միայն մի մասը, թվում է, թե հենց իրականությունից են դուրս գալիս՝ հնչելով որպես երաժշտական համադրություն, որը դառնում է հմայք։ Բառը, անկասկած, մասնակի ժեստ է։ Ինչ-որ առումով, սա նաև փորձ է տալու տևողություն այն անցողիկին, որն անգամ խորը արմատավորված լինելով, կորստի է դատապարտված, բայց հիշողություն է պահանջում։
-Դուք նաև հետազոտող եք։ Ձեր հետազոտական հետաքրքրությունները ազդո՞ւմ են ձեր պոեզիայի վրա, թե՞ դրանք առանձին են մնում:
-Իմ հետազոտական ջիղն առաջացավ հենց իմ բանաստեղծության շնորհիվ։ Ես ստեղծեցի նոր հետազոտական ոլորտ, որը Իտալիայում և Իսպանիայում դեռևս լայնորեն զարգացած չէր, և որը դեռևս շատ քիչ է զարգացած միջազգային մակարդակով՝ բանաստեղծների ձայների ֆոնետիկ (հնչյունական) ուսումնասիրությունը։ Իմ հետազոտությունները նվիրված են բանաստեղծների ձայնագրությունների պահպանմանը, արժևորմանը և ուսումնասիրությանը․ նախ «Իտալացի բանաստեղծների ձայները» (Թուրինի համալսարան) նախագծում, իսկ այժմ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իսպանացի բանաստեղծների ձայները» (Գրանադայի համալսարան) նախագծում եմ հետազոտական գործունեություն ծավալում։ Հետազոտությամբ զբաղվելու գաղափարն իրականացավ շնորհիվ իմ փորձառության թե՛ բանաստեղծության, և թե՛ երաժշտության մեջ։ Ես ուզում էի միավորել լեզվաբանության ճյուղը, որը ես ուսումնասիրել եմ, իմ կյանքի երկու մեծ սերերի՝ բանաստեղծության և երաժշտության հետ։ Եվ ես հաջողեցի։ Վերջիվերջո, այս ուսումնասիրությունը որոշակի առումներով արտացոլվում է իմ բանաստեղծությունների ընթերցման մոտեցման մեջ՝ զարգացնելով հիպերսենսիտիվ և «ուշադիր» ականջ՝ իմ գործընկերների բարձրաձայն ընթերցմանը և միշտ փնտրելով ինքնատիպություն։
Զրուցեց Վովա Արզումանյանը
Լուսանկարը տրամադրել է Վալենտինա Կոլոննան