«Ակտուալ արվեստ մշակութային միությունը» ներկայացնում է Վարդան Ֆերեշեթյանի «Պոչը» պատմվածքների և էսսեների ժողովածուն, Դմիտրի Բակինի «Ծառի որդին», Դանիիլ Խարմսի «Պառավը/Դիպվածներ» գրքերը՝ Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կազմակերպված երեկոյի առիթը Feresh մատենաշարով լույս ընծայված այս գրքերն էին։ Երեկոն վարում էր ռադիոհաղորդավարուհի Նազելի Օհանյանը։
«Կուզեի, որ ընթերցեին ու իրենք խոսեին, ես արդեն գրել եմ։ Շատ ավելի դժվար է այդ ամենի մասին խոսելը, քան գրելը, միշտ որ ինչ-որ բաներ ասում ես, աղքատացնում ես կամ այն չես ասում, կամ ավելի պարզեցնում ես այն, ինչն իրականում այդքան էլ պարզ չի»,- ասաց Վարդան Ֆերեշեթյանը:
«Ավելի շատ թարգմանություննե՞ր եք անում, ավելի քիչ՝ ստեղծագործու՞մ, թարգմանությունն ազդո՞ւմ է ձեր ստեղծագործության բովանդակության, ոճի վրա»,- Նազելի Օհանյանի հարցն է։ «Ես երբևէ պատվերով թարգմանություն չեմ արել, մի անգամ փորձեցի, հետո հասկացա, որ, միևնույն է, չեմ կարող։ Ես միշտ թարգմանում եմ այն հեղինակներին, որոնց սիրում եմ, որոնք ինձ հոգեհարազատ են և որոնց զգում եմ»,- եղավ պատասխանը։
Վարդան Ֆերեշեթյանը բազմաթիվ գործեր է թարգմանել ռուսերենից և գրաբարից ։ «Պոչը» արձակագրի պատմվածքների և էսսեների երրորդ հեղինակային ժողովածուն է։ Գրքի խմբագիրը փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Մոսինյանն է։ Նա՝ «Ի՞նչ է տեղի ունենում Ֆերեշեթյանի գրականության մեջ, ինչո՞վ է ապրում այս գրականությունը, ինչո՞վ է տարբերվում մյուսներից» հարցերի իր բանաձևումն ունի․ «Գրական, ընդհանրապես արվեստի աշխարհի աղմուկի մեջ միշտ հարց է առաջանում ինչ-որ գործի հետ կապված՝ ժամանակակի՞ց է, թե՞ ժամանակակից չէ։ Եթե ժամանակակից լինելու եզրերով խոսենք Ֆերեշեթյանի գրականության մասին, պիտի ասեմ, որ ժամանակակից չէ, որովհետև ոչ մի իմաստով նրա գրածը ժամանակակից անցուդարձի անդրադարձը չէ։ Եթե փորձեմ ասել՝ թե ինչ ձևով է դրսևորվում Ֆերեշեթյանի գրականությունը, պիտի ասեմ, որ կա ծովի ալիքների վրա հայտնվող գրականություն, որ արձագանքում է տեղի ունեցող քաղաքական և այլ պրոցեսներին, և կա դրա ներսի հատվածը, որտեղ ամեն ինչ ավելի հանդարտ է, խաղաղ։ Նրա գրականությունն ավելի ուղղված է այդ կողմը։ Վարդանի գրածները նախ և առաջ իր համար են, որովհետև կարծես թե իր հարցերն է լուծում՝ իր բաժին լեզվի, իր բաժին գոյության, իր բաժին կյանքի, և այդ հարցերն իսկապես պտտվում են խոսքի ու լռության շուրջը․․․։
Ինչու՞ է գրքի համար ընտրել «Պոչը» վերնագիրը․ որովհետև այս ստեղծագործության թեմատիկան Վարդանի համար չափազանց կարևոր է՝ քո կյանքի, քո նախնիների, քո բաց թողած ժամանակը գտնելու, պոչը բռնելու թեմատիկան է։ Վարդանի ամբողջ ստեղծագործությունն այդ բացը լրացնելուն, ինչ-որ ձևով արձանագրելուն է միտված։ Այսինքն՝ ինչպես արձանագրել այն, ինչը հեռանում է քեզնից անընդհատ։ Ամբողջ հարցն այդ է՝ ինչպես խոսել, բայց խոսելով նաև լռել»։
Արձակագիր Արամ Ավետիսի համար Ֆերեշեթյանը գրականության տոն է․ «Երբ նայում ես՝ լուռ է, իրականում միշտ խոսում է գրականությունից, գրողներից այն մարդկանց մոտ, ովքեր այն սիրում ու գնահատում են։ Բացի հայտնի ու ջրի երեսին գտնվող գրողներից՝ ցույց է տալիս գրականության մի նոր տեղ, անկյուն։ Իմ կարևոր տարիքում Ֆերեշեթյանը կարևոր գործ է արել՝ խորհուրդ տալով, նշելով գրողների, որոնք էական դեր են ունեցել իմ և իմ գրականության համար։ Ես այստեղ եմ առաջին հերթին այդ խորհուրդների, այդ աշխարհի ու այդ գրականության սահմանները բացելու համար»։
Արձակագիրը կարևորում է «Ակտուալ արվեստի» Feresh շարքն ու մնացած գրքերը, նկատելով, որ դրանք նոր շունչ են ժամանակակից հայ թարգմանության մեջ։ Անկեղծանում է, չէր պատկերացնում, որ մի օր Խարմսը կթարգմանվի հայերեն, էլ չասենք Վագինովը (ի տարբերություն նրա՝ Խարմսն ավելի հայտնի գրող է), Մալևիչի էսսեները․․․ Նկատում է նաև․ «Ֆերեշեթյանը թարգմանելիս ամեն մեկին յուրովի է մոտենում․ հաստատ տարբերվում է Խարմսը Պլատոնովից, Պլատոնովը՝ Մալևիչից»։
Արմինե Սարգսյան
No Comments