Արմինե Սարգսյան ԳիտաՆյութ

«Որակյալ թարգմանությունը մեզ համար առաջնահերթություն է»

07.10.2022

 «Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանի հետ զրուցել ենք թարգմանական դաշտում առկա խնդիրների ու ձեռքբերումների, ընթերցողական պահանջարկի, որակյալ թարգմանության կարևորության, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցության մասին։


-Թարգմանական գրականություն, թարգմանիչների պակաս մեր օրերում կարծես թե չկա։ Թեև կա նաև կարծիք, որ ոչ միշտ են թարգմանությունները որակյալ։ Ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացեր կան այս առումով։

-Իհարկե, օտար լեզու սովորելը մեր օրերում շատ ավելի հեշտ է․ համացանցի շնորհիվ այսօր գրքերի, ֆիլմերի, ձեռնարկների, տեսանյութերի աննախադեպ հասանելիություն կա, որը նախկինում աներևակայելի էր։ Միևնույն ժամանակ, օրինակ, քիչ են ասիական և ընդհանրապես քիչ ուսումնասիրվող լեզուներին տիրապետողները։ Մյուս կողմից՝ օտար լեզու իմանալը և թարգմանիչ լինելը միանգամայն տարբեր բաներ են, այն էլ, եթե խոսքը գրական թարգմանության մասին է։ Շատերը, սակայն, չեն գիտակցում այս տարբերությունը, և արդյունքում կարող է ստացվել անորակ թարգմանություն։ Գրական թարգմանության համար անհրաժեշտ է նաև մայրենի լեզվի գերազանց իմացություն, բծախնդրություն, գրական ճաշակ և այլն։ «Զանգակ» հրատարակչության խնդիրն է գտնել նման մարդկանց, քանզի որակյալ թարգմանությունը մեզ համար առաջնահերթություն է, մեծ ուշադրություն ենք դարձնում նաև խմբագրման փուլին, և կարծում եմ՝ մեր ընթերցողը վստահ է, որ բացելով «Զանգակ» հրատարակչության գիրքը՝ ընթերցելու է բնագրային լեզվին հարազատ և նույնքան գեղեցիկ տեքստ։

Անշուշտ ձեռքբերում կարելի է համարել այսօրվա աշխույժ հրատարակչական շուկան, որը ապահովում է մրցակցություն և ժամանակի ընթացքում կզտի դաշտը։

-Ի՞նչ սկզբունքով է հրատարակչությունն ընտրում գիրքը, որ պետք է ներկայացնի հայ ընթերցողին։ Անկախության սկզբնական շրջանում մեծ վակուում է եղել, շատ գրքեր ուշացումով են հասնում մեզ։ Փորձ է արվում լրացնել բացե՞րը, թե՞ հետևել նորություններին՝ մատը ժամանակի զարկերակի վրա պահելով։

-Մենք ուշադիր հետևում ենք համաշխարհային գրական միտումներին։ «Զանգակ» հրատարակչության գիրքը պետք է ունենա գեղարվեստական բարձր արժեք և դուր գա մեր ընթերցողին։ Սրանք երկու պարտադիր պայմաններ են, որ աշխատում ենք անպայման պահպանել։ Տարբեր գործիքներով ենք փորձում հասկանալ, թե ինչ գրականության կարիք կա այսօր։ Հաճախ քննարկումներ ենք ունենում նաև հրատարակչությունում, լսում ենք թիմի անդամների կարծիքը, տարբեր գրական ժանրեր նախընտրող մեր աշխատակիցների առաջարկները։ Իհարկե, կարևորում ենք նաև թարգմանիչներից կամ հենց ընթերողներից ստացած առաջարկները։

Ուշացած գրքեր իրոք կան։ Փորձում ենք այդ բացն էլ լրացնել, բայց այսօրվա աշխարհից հետ մնալ նույնպես չենք կարող, պարտավոր ենք մեր ընթերցողին ժամանակին մատուցել ժամանակակից գրականության ինքնատիպ գործերը հայերենով։

-Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ փոխվում են հետաքրքրությունները, առաջնահերթությունները, ի՞նչ հետք է թողնում այս ամենը գրականության վրա։ Ասել է թե՝ ինչի՞ մասին են գրում գրողները, ի՞նչ գրքեր են նախընտրում թարգմանել, հրատարակել հրատարակչությունները, ի՞նչ է ուզում կամ ինչի՞ կարիք ունի ընթերցողը։

-Անշուշտ գրական աշխարհը շատ զգայուն է աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունների նկատմամբ։ Այս անհանգիստ, խառնակ տարիներին մեծ պահանջարկ ունեն, օրինակ, հակաուտոպիական գրքերը, գիտաֆանտաստիկան, ֆենթզին․․․Մեծ թափ է առնում նաև գիտահանրամատչելի, մոտիվացիոն, մասնագիտական գրականության պահանջարկը։ Արդիականությունը, անշուշտ, չի կորցնում դասական գրականությունը։ Շատ պահանջված են սիրային թեմայով գրքերը։

Մենք փորձում ենք թարգմանել գրքեր, որոնք կհետաքրքրեն տարբեր տարիքի, հետաքրքրությունների ու ճաշակի մարդկանց։

-Սերնդափոխության մասին կարո՞ղ ենք խոսել։ Թարգմանիչների շրջանում ի՞նչ թիվ են կազմում երիտասարդ մասնագետները։

— Մեր հրատարակչությունը սիրով համագործակցում է թե՛ երիտասարդ և թե՛ երկար տարիների փորձ ունեցող թարգմանիչների հետ։ Շատ են շնորհալի երիտասարդ թարգմանիչները, որոնք թերևս գերակշռում են «Զանգակ»–ում, և կարծում եմ՝ սերնդափոխությունն ակնառու է։

-Ի՞նչ կասեք ընթացիկ և առաջիկա տարում սպասվելիք թարգմանական ծրագրերի մասին։

-Առաջիկայում իրարից շատ տարբեր, արժեքավոր բեսթսելլերներ ունենք մեր ընթերցողների համար՝ ֆրանսիացի գրող Մ․Բարբերիի ինքնատիպ և հոգի ջերմացնող «Ոզնու նրբագեղությունը», չիլիացի Ի․ Ալյենդեի «Ոգիների տունը», որն իր խորությամբ ու գունեղությամբ կգրավի հատկապես լատինամերիկյան գրականության սիրահարներին, Նոբելյան մրցանակակիր Կ․Իշիգուրոյի «Երբ մենք որբ էինք» վեպը։ Շուտով լույս կտեսնի նաև «Իլիական»–ը՝ Արամ Թոփչյանի բնագրային թարգմանությամբ։

Լավ նորություններ ունենք նաև գիտահանրամատչելի և մոտիվացիոն գրականության սիրահարների համար, որոնցից մի քանիսը միայն կթվարկեմ։ Շուտով «Զանգակ»–ը հայ ընթերցողի սեղանին կդնի Ա․Գրանթի համաշխարհային բեսթսելլեր դարձած «Նորի՛ց մտածիր»–ը, ինչպես նաև Մ․Ռուիսի «Չորս համաձայնություն» հրաշալի գիրքը, որը մոտիվացիոն գրքերի շարքում ամենաընթերցվողներից մեկն է աշխարհում, և համոզված եմ՝ շատ կսիրվի ու մեծ պահանջարկ կունենա։ Մասնագիտական գրականությունից նույնպես շատ կարևոր մի գրքի մասին նշեմ՝ տպագրության է պատրաստվում մարքեթինգի հիմնադիրը համարվող Ֆ․ Քոթլերի «Մարքեթինգն այբից ֆե․» գիրքը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply