Արամ Ալավերդյան Երաժշտություն

Յոթ ձայնանիշ՝ լռության մեջ

17.04.2020

Նրա նվագի մեջ էստրադային շոուից՝ դասական սմոքինգ, վստահություն, տակտ, ոչինչ չկա: Դաշնամուրի կափարիչին՝ ահա մի սպիտակ թաշկինակ: Դաշնակահարը հենց այն է՝ սրբում է ճակատը: Ոգեշունչ գործ է, ոչ դյուրին…

Համերգն անսովոր է, առանց վարողի: Դա բնական է: Իմպրովիզատորի համար երաժշտական թեման սոսկ առիթ է, բանաձև, նշան:

Այստեղ առաջին դեմքը ոչ թե թեմայի հեղինակ երգահանն է, այլ կատարողը. նա իր նվագով հաստատում է մշակումը:

«Կատարողն» անհաջող բառ է: Փիթերսոնին քիչ է պատշաճում «կատարողը»: Նա հանդիսատեսների առաջ իր արվեստն է կերտում: Թեթև, ակնթարթային, անընկալելի մի արվեստ, ինչպիսին, ասենք, ընկնող ձնափաթիլի շողքն է:

Իսկական ջազը ինքնարտահայտման արվեստ է: Անհատի ու ազգի համաժամանակյա ինքնադրսևորում: Փիթերսոնի ոճը սևամորթների ավանդական ներդաշնակությունից համընդգրկուն է: Ամեն ինչ հնչում է նրա բազմաձայնության մեջ. տամտամի թնդյուն, Մոցարտի երգեցիկ ֆլեյտա, աղունիկի նրբին ղունղունոցից մինչև ջունգլիների տիրակալի մռնչյուն:

Ջազի մասին դժվար է գրել: Կարելի խոսել այն մասին, որ Փիթերսոնը օգտագործում է երկհանգ ու ելևէջային հերթականություն, բազմերանգություն: Ձգտում է հիմնատոնի ու ենթադոմինանտի ներդաշնակ հարաբերության, այսինքն շոշափում է նույնիսկ ջազային բարձրագույն մաթեմատիկայի ծալքերը:

Ինչո՜ւ…

Ահա նա մոտենում է դաշնամուրին: Նստում, դիպչում է ստեղներին: Սա ի՞նչ է. կաթիլնե՞րն են զարկվում ապակուն, հուլունքնե՞ր շաղ եկան, թե՞ տերևների շրշյունն է քամու բերանին:

… Այնուհետև՝ ահագնացող հեռավոր մի արձագանք: Եվ վերջապես՝ ճողփյուն, հեղեղ: Իսկ հետո …. կրկին լռության մեջ՝ մենավոր, դողդոջուն, տառապալից հնչյուն:

Ի՞նչ կարելի է ասել ընդհանրացման համար: Ես բոլորից բարձր եմ ծափահարել: Նոր ժամացույցս է անգամ թևիս կանգ առել…

Սերգեյ Դովլաթով, «Советская Эстония», 1974թ.
Թարգմանությունը՝ Արամ Ալավերդյանի

No Comments

Leave a Reply