Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Զանգակ». առաջիկայում հրատարակվելիք գրքեր

06.03.2020

«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի ղեկավար և միջազգային կապերի պատասխանատու, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Արթուր Մեսրոպյանը ներկայացնում է գրքեր, որ նախատեսում են հրատարակել առաջիկա ամիսներին:

Մոտ մեկ ամիս առաջ հրատարակվեց «Այսպիսին է Գոգենը» գիրքը: Ազգային պատկերասրահում նախատեսվում է Դալի-Պիկասո ցուցադրություն: Փորձելու ենք նույն ժամանակահատվածում լույս ընծայել «Այսպիսին է Դալին» գիրքը: Թարգմանիչ՝ Լուսինե Հայրապետյան:
Հաջորդը կոչվում է «Արևելյան պատմություններ»: Հեղինակը՝ Մարգըրիտ Յուրսընար: Թարգմանություն է, պատմվածքների ժողովածու: Թարգմանություններին մասնակցել են նաև ուսանողներ՝ ԵՊՀ-ի ֆրանսիական բանասիրության ամբիոնից: Սա իրենց համար առաջին քայլ է՝ հրատարակված պատմվածքներ ունենալու: Շարքի խմբագիրն է Թագուհի Բլբուլյանը:

Գերմանական գրականությունից նախատեսում ենք առաջիկա ամիսներին հրատարակել Բերնհարդ Շլինկի «Փախուստ սիրուց» պատմվածքների ժողովածուն: Մեր ընթերցողին Շլինկը ծանոթ է «Ընթերցողը» հայտնի վեպով: Գերմանական գրականությունից նախատեսում ենք հրատարակել նաև Յ. Ռոթի «Հոբը» վեպը, ժամանակակից աշխարհին առնչվող, աստվածաշնյան աղերսներ ունեցող ուշագրավ վեպ է: Երկու գրքերն էլ թարգմանել է Գայանե Գինոյանը:
Ամերիկյան գրականությունից Ջեք Քերուաքի «Ճանապարհին» վեպի թարգմանության վերջին՝ ձևավորման փուլում ենք: Թարգմանում ենք բնօրինակ տեքստից: Այս գրքի առաջին հրատարակությունը խմբագրվել է, հրատարակիչները չեն ընդունել բնօրինակը, ավելի գեղարվեստականացրել են, անուններ են փոփոխել, որ սկանդալային չլինի: Բայց երբ գիրքը հանրահայտ է դարձել, գրաշուկա է մտել նաև չխմբագրված տարբերակը: Մենք թարգմանել ենք բնօրինակը, ինչը շատ աշխատատար է, որովհետև առնչվում է ամերիկյան 60-ակաների մշակույթին, մերօրյա ընթերցողի համար շատ բաներ անհասկանալի են: Բավական շատ աշխատանք էր պահանջվում ծանոթագրությունների մասով: Թարգմանիչ՝ Մարիա Սադոյան:

Մինչև ամառ կհրատարակվի Նոբելյան մրցանակակիր, Ճապոնական արմատներով անգլալեզու գրող Կաձուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդները» վեպը: Վեպի հերոսը գնում է ճամփորդության ու ճանապարհին հիշում-վերլուծում անցած կյանքը: Ընթերցողի մեջ շատ հարցեր առաջացնող, նուրբ, հետաքրքիր ոճով գրված վեպ է: Թարգմանիչ՝ Ռուզան Սուքիասյան:


Մանկական հետաքրքիր գիրք ենք պատրաստում հրատարակման՝ կիսակոմիքս-կիսապատմվածքային ձևաչափով: Ասես աշակերտի օրագիր լինի՝ դպրոցական արկածային պատմություններով և խզբզած նկարներով: Թարգմանիչը ես եմ ու անհամբեր սպասում ենք հրատարակմանն ու երեխաների արձագանքին:
Ճապոներենից պատկերազարդ գիրք ունենք՝ «Փուփելը ծխնելույզների քաղաքից» (առաջին անգամ ենք թարգմանում ճապոներենից): Մանկական հուզիչ պատմություն է: Թարգմանել է Մանուշակ Միքայելյանը:

Եվս մի չափազանց ուրախ ու բարի գրքի թարգմանություն լույս կընծայենք, գիրքը կոչվում է «Բևեռային արջուկը»: Գրքի հիմնական թեման ընկերասիրությունն է, բարեկամությունը, կարիքի մեջ գտնվողին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը, անգամ եթե օգնության կարիք ունեցողը շատ տարբեր է մեզնից:

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի


No Comments

Leave a Reply