Ներկայացնում ենք «Զանգակ» հրատարակչության առաջիկայում լույս տեսնող գրքերից մի քանիսը։
Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ»-ը ՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով:
Հատկապես էական են երկու հերոսների գոյաբանական մտորումները. պառլամենտականի ազնվական կինը նախապատրաստում և ավարտին է հասցնում իր ամենամյա երեկույթը, իսկ զորացրված հոգեկան հիվանդը ինքնասպան է լինում: Սակայն երկու հերոսները, որոնք երբևէ չեն հանդիպել ժամանակի և տարածության անտեսանելի խաչմերուկում, ձուլվում են իրար, նույնանում, և հերոսուհին իր մաշկի վրա զգում ու ապրում է կյանքի նոր չափումը:
Անգլերենից թարգմանել է Վահե Արսենը։
Հրատարակվելու է Անդրեա Դե Լա Բարր Դե Նանտոյի «Գիրք Մադմուազել Ուազոյի մասին» գիրքը։ Նկարազարդումը՝ Լովիսա Բուրֆիթի։ Շվեդերենից թարգմանությունը՝ Աշխեն Բախչինյանի։
Փարիզի կենտրոնում՝ Սեն գետից ոչ հեռու, մի երկար ու լայն փողոց կար, որ կոչվում էր Կորուսյալ ժամանակների պողոտա։ Պողոտան եզերված էր կանաչ մանրատերև ծառերով, որոնք աճում էին փոքրիկ ավազով լցված առանձին շրջանակների մեջ, որտեղ ֆրանսիական շնիկները երբեմն թողնում էին իրենց ախիկները։ Կորուսյալ ժամանակների պողոտայի մեջտեղում մի գեղեցիկ հին շենք կար. այդ շենքի ամենավերևում ապրում էր Մադմուազել Ուազոն։
Ստեփան Թոփչյանի «Երվանդ Քոչար» մենագրության մեջ հանգամանորեն վերլուծված է Երվանդ Քոչարի (1899–1979) ստեղծագործությունը՝ քսաներորդ դարի արևմտաեվրոպական կերպարվեստի համատեքստում։ Քննարկվում է Քոչարի նշանակալի դերը նոր երևույթների կերպավորման և համաշխարհային արվեստի հետ նրա առնչությունների տեսանկյունից։ Զուգահեռաբար մեկնաբանվում են նրա էսթետիկական հայացքները և մտորումները տեսական ու փիլիսոփայական խնդիրների շուրջ:
Քեթրին Ինգրամի «Այսպիսին է Ուորհոլը» գիրքը անգլերենից թարգմանել է Լուսինե Հայրապետյանը։
Փոփ-արտի լեգենդար արվեստագետ Էնդի Ուորհոլն իրեն ներկայացնում էր որպես անմիտ, անլեզու երեխա՝ հայտնի խոսքերով. «Եթե դուք ցանկանում եք իմանալ Էնդի Ուորհոլի մասին ամեն ինչ, պարզապես նայե՛ք իմ նկարների մակերեսին, եւ ես այնտեղ եմ: Դրանց հետեւում ոչինչ չկա»: Այս գիրքն անցնում է նկարների մակերեսի միջով եւ բացահայտում Ուորհոլի արվեստը նրա առեւտրային վաղ շրջանից մինչեւ զարգացման բարձրակետ՝ որպես հասարակության դիմանկարիչ: Վառ նկարազարդումներն ի ցույց են դնում Էնդիի աշխարհը՝ նրա մանկությունը Պիտսբուրգում, նրա քաոսային մանհեթենյան կալվածքն ու Արծաթե ֆաբրիկան, որտեղ հավաքվում ու զվարճանում էին նյույորքյան թարմ ու պայծառ գլուխները:
Արթուր Մեսրոպյանի բնագրային թարգմանությամբ լույս է տեսելու Լիզ Փիշընի «Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը»։
Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզխզոցներով ու ծաղրակնարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։
Վերահրատարակվելու
է Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» մանկական
հեքիաթը։
Փոքրիկ ոզնու ծնունդը երջանիկ իրադարձություն
է ընտանիքում, բայց մայրիկն ու հայրիկը շատ զարմացած են ու տխուր. ախր փափլիկ նորածինը
ոչ մի փուշ չունի: Տատիկ ոզնին փաթաթում է ձագուկին տերևներով ու գնում բժիշկ Փորսուղի
մոտ՝ պարզելու առեղծվածը:
No Comments