Ardi.am-ը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչության վերջին շրջանում լույս տեսած գրքերից մի քանիսը։
Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» գիրքը ռուսերենից թարգմանել է Աիդա Հարությունյանը։ «Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է՝ ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի և Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
«Կերպարանափոխություններ» գիրքն ընդգրկում է հռոմեացի մեծ բանաստեղծ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի (մ.թ.ա. 43 – մ.թ. 17/18)` Հին Հռոմի երեք «կանոնական» պոետներից (նաև՝ Վերգիլիուս ու Հորացիուս) մեկի ամենահայտնի երկը՝ «Կերպարանափոխություններ» էպիկական պոեմը։ Լատիներեն բնագրից հայերեն առաջին ամբողջական թարգմանությունը, ընդարձակ առաջաբանն ու մանրակրկիտ ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի։
Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում: «Աղախնի պատմությունը» անգլերենից թարգմանել է Հայկ Ֆելեքյանը։
Խալեդ Հոսեյնի «Հազար չքնաղ արևներ» գիրքը հրատարակվել է Մարիա Սադոյանի թարգմանությամբ։ 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:
Մինչ այս «Զանգակը» ընթերցողին էր ներկայացրել նաև աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները», «Օդապարուկ թռցնողը» գրքերը։
«Զանգակի» մանկապատանեկան գրքերի շարքը լրացնում են Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին», «Պիպին նավի վրա», «Պիպին Հարավային ծովում» գրքերը (շվեդերենից թարգմանել է Աշխեն Բախչինյանը)։ «Երկարագուլպա Պիպին» շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907–2002)՝ անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինն է։ Այն գրվել է 1944 թվականին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։
Ընթերողի սեղանին են նաև Նունե Սարգսյանի «Մրջնակերներ», Լիլիթ Ալթունյանի «Երաժիշտ հրեշը», Կարինե Խաչատուրյանի «Խիզախերեն», Քրիստ Մանարյանի «Ֆելոն ու Խելառների գնացքը», Լիլիթ Հակոբյանի «Թելեթրիփ» մանկական գրքերը։
Առավել մանրամասները՝ «Զանգակ» հրատարակչության կայք-էջում։
No Comments