ԳրաԴաշտ

Նոր գրքեր «Զանգակ» հրատարակչությունից

04.07.2024
Գեղարվեստական, մոտիվացիոն գրքերը

Դանիել Քանեման, «Մտածողություն․ Արագն ու Դանդաղը»

Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։

Ուշագրավ պատմություններով և հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս գրքում Քանեմանը վերհանում է մարդկային ինտուիցիայի թերություններն ու սահմանափակումները, որոնք հաճախ հանգեցնում են իռացիոնալ ընտրությունների, անհիմն եզրակացությունների և սխալ կանխատեսումների։

Գիրքը արժեքավոր ընթերցանություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հոգեբանությամբ կամ տնտեսագիտությամբ, ովքեր վստահում կամ չեն վստահում իրենց մտածողությանը, ովքեր ցանկանում են ավելի որակյալ որոշումներ կայացնել՝ ճանաչելով սեփական մտածողության ծուղակները։

****

Հակոբ Մնձուրի, «Երկեր»«Զանգակ» հրատարակչությունը ընթերցողի սեղանին է դրել հայ արձակի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը համարվող Հակոբ Մնձուրու երկերի երկհատորյակը։ Պոլսահայ մեծ գրողի ամբողջական գրական ժառանգությունը Հայաստանում տպագրվում է առաջին անգամ։Երկերի առաջին հատորն արդեն գրախանութներում է։ Գրքում ընդգրկված է Մնձուրու երեք հայտնի ժողովածուների 122 պատմվածք և այլ նյութեր, որոնք հրատարակվում են առաջին անգամ։ Գիրքը կազմել, ծանոթագրել ու առաջաբանը հեղինակել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։


****

Էրվե Լը Տըլյե, «Անոմալիա»

Հունիս, 2021 թվական։

Նյու Յորքից  Փարիզ ժամանող ինքնաթիռի վայրէջքը վտանգված է։ Մի քանի անհանգիստ րոպեներ ու կարծես թե բարեհաջող ավարտ։

Ինքնաթիռի 243 ուղևորների ու անձնակազմի  համար ամեն ինչ, սակայն, նոր է սկսվում։ Նրանք հատուկ ծառայությունների անմիջական վերահսկողության տակ են։ Ճիշտ նույն ինքնաթիռը՝ նույն անձնակազմով ու նույն ուղևորներով  արդեն իսկ  վայրէջք էր կատարել երեք ամիս առաջ։ Ինչպե՞ս, ինչո՞ւ․․ հարցեր են, որոնց պատասխանները չգիտի ոչ ոք, իսկ ուղևորներին վիճակված է առերեսվել իրենց ապագայի կամ էլ անցյալի հետ․․․

Թարգմանիչ՝ Լուսինե Մուսախանյան։

****

Մառլեն Հաուզհոֆեր, «Պատը» 

Անտառի տնակում մի գիշեր, որին պետք է հաջորդեր ամենասովորական առավոտ։ Բայց ՊԱՏԸ փոխում է ամեն ինչ։ Հերոսուհին բացում է աչքերն ու հասկանում, որ հայտնվել է այլ իրականության մեջ։ Նա լրիվ մենակ է՝ իր իմացած աշխարհից բաժանված անհասկանալի պատնեշով։ Ի՞նչ պատ է դա, արդյո՞ք կյանքը դրանից այն կողմ շարունակվում է նույն ընթացքով․․․ անհայտ է։ Իսկ օրերը հաջորդում են իրար՝ բերելով նոր հարցեր ու առեղծվածներ․․․

Մառլեն Հաուզհոֆերի «ՊԱՏԸ» վեպը մի նոր Ռոբինզոնադա է, որը հրատարկվելուց տասնյակ տարիներ անց ամենավաճառվող գրքերից մեկն է դարձել Ֆրանսիայում։

Թարգմանիչ՝ Գայանե Գինոյան

****
Մանկական գրականություն

 Փամելա Լինդոն Թրևերս, «Մերի Փոփինս»

Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով:

Թարգմանիչ՝ Ալվարդ Ջիվանյան
****

Սեբաստիեն Պերեզ, Բենժամեն Լակոմբ, «Աշխարհի ամենալավ մայրիկը»

Մենք բոլորս էլ մայրիկ ունենք: Նա է մեզ համար հոգ տանում, երբ լավ չենք զգում, վատ եղանակին ստիպում է տաք հագնվել:

Բայց ո՞վ է մայրիկը, և ինչ է նշանակում մայրիկ լինել:

Ահա պարզագույն մի հարց, որը, սակայն, ունի նույնքան պատասխաններ, որքան գոյություն ունեն երեխա դաստիարակելու եղանակներ: Բնության մեջ անթիվ-անհամար մայրիկներ կան: Ո՞ւմ կարելի է ամենալավ մայրիկը համարեկ: Եղնի՞կ մայրիկին, կկո՞ւ մայրիկին, թե՞ մարդ մայրիկին: Արդյոք նրանք միևնույն կե՞րպ են իրենց բալիկներին մեծացնում:

Եթե ո՛չ, ապա իսկապես ո՞վ է աշխարհի ամենալավ մայրիկը:

Թարգմանիչ՝ Թագուհի Բլբուլյան
****

Սյուզան Բ. Կատզ, Լինդա Շվալբե, «Գաուդի. երևակայության ճարտարապետ»

Քո երազանքները կարող են փոխել աշխարհը։

Երբ Անտոնի Գաուդին չկարողացավ մյուս երեխաների նման դպրոց գնալ, բնությունը նրա ուսուցիչը դարձավ։ Ավելի ուշ, երբ նա ճարտարապետություն էր սովորում Բարսելոնայում, նրա ռեկտորը չգիտեր՝ Գաուդին «հանճա՞ր է, թե՞ հիմար»։ Շատերի կարծիքով նա հանճարեղ արվեստագետ էր, որն իր ժամանակից առաջ էր անցել։ Իսկ դու ի՞նչ ես կարծում։

Մրցանակակիր հեղինակ Սյուզան Բ. Կատզը ներկայացնում է իր ժամանակից առաջ ընկած արվեստագետի կյանքը։ Լինդա Շվալբեի շլացուցիչ արվեստն արտացոլում է Գաուդիի հնարամիտ ու շքեղ ոճը՝ սկսած գունագեղ խճանկարներից ու աննախադեպ ճակատամասերից մինչև աշխույժ ձևերն ու հանդուգն շինությունները, որոնց շնորհիվ Բարսելոնան շողում է, և որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։

Թարգմանիչ՝ Ռուզաննա Սուքիասյան
****

Սելմա Լագերլյոֆ, Մարտին վան դեր Լինդեն, «Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում»

Նիլսը` գլխավոր հերոսը, իր հետ կատարված փոխակերպման պատճառով ստիպված է լինում սագերի երամի հետ ճամփորդել դեպի հյուսիս և այդ ընթացքում աներևակայելի արկածների մեջ է ընկնում։ Նա այցելում է պատմական, մշակութային, աշխարհագրական հետաքրքիր բազմաթիվ վայրեր։ Բայց այդ երկարատև ճամփորդության ժամանակ նա փոխակերպվում է նաև հոգեպես՝ դառնալով ավելի բարի, հավատարիմ ու ընկերասեր։

Թարգմանիչ՝ Աշխեն Բախչինյան
****

Սըր Ստիվ Ստիվենսոն,  «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը»

Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել… Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը:
Ardi.am