Մի աննման ժողովրդական երգ կա, որի բառերն իր մեղեդուց են լավ, մեղեդին՝ բառերից․․․ Մեղեդին այնքան լավն է, որ չի վրիպել Ալեքսանդր Սպենդիարյանի աչքից. օգտագործվել է նրա «Ալմաստ» օպերայի հենքում։
Կողբա ելան սելերը,
Կտրան չուխուս թելերը։
Կամաց քշեք սելերը՝
Կապեմ չուխուս թելերը․․․
Կողբում մեր՝ թուրքին մնացած հայտնի աղահանքն է, կարծեմ, Իգդիրից քիչ այսկողմ, հայ-թուրքական սահմանին մոտ։ Պաշարները, ասում են, այնքան շատ են, որ կբավարարեն ամբողջ աշխարհին։ Թուրքը, 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրով, Անիի ավերակների հետ, չզիջեց նույնիսկ այս աղահանքը — նրա աչքը միշտ մեր աղուհացի վրա է եղել, Կարսի հացառատ դաշտերի հետ նաև Կողբի աղահանքերին տեր դարձավ․․․ Բայց Հացն ու Գինին, ինչպես նաև Տեր Կենդանին ու Խաչ Պատերազմին միշտ մերն են լինելու, մեզնից չի կարող խլել, և Ահեղ Ատյանի օրը Տիրոջ հրեշտակը Բարկության Սկավառակները (որոնց դեմ բայրաքթարները պարզապես պարսատիկի մանր քարեր են) բերողներին՝ ըստ Հովհաննու Հայտնության, ասելու է․ «Հացին ու գինուն ձեռք չտաք» (դրանք Տիրոջ մարմինն ու արյունն են) , ինչպես նաև՝ իրենց հոգևոր մառաններում Հաց և Գինի պահող ազգերին․․․
Ուրեմն՝ «Կողբա ելան սելերը․․․» — դրանք հավանաբար աղով են բեռնված, գալիս են Երևանի կողմերը՝ արհեստագործական առարկաների, մետաքսի և այլնի հետ փոխանակելու աղը, չուխի թելերը՝ սայլի ցնցումների պատճառով կապել չկարողացող տղան էլ, հավանաբար, իգդիրցի է կամ հենց Կողբից․․․
Ալ էղնիմ, ալ եղնիմ,
Թշիդ վրա խալ էղնիմ։
Թուշդ պաչեմ զօր-գիշեր՝
Ես քո սիրած յարոն իմ․․․
Այս սայլապան տղան պիտի որ Նահապետ Քուչակի շառավիղներից լինի։ Բայց չէ, որ Քուչակինը լիներ.․․ խալը բոլորովին ուրիշ տեղ «տեղադրված» կլիներ․․․ Համենայն դեպս։ Խալը սիրո խարան է, երանի նրան, ով սիրո ստրուկն է և այդ խարանով է խարանված․․․
Կողբա գալիս էր աղ բարձած սայլերի շարասյունը․․․ Երբևէ հակառակ ուղղությամբ կգնա՞ մեր հրասայլերի շարասյունը ․․․
Լուսանկարը՝ Գաբրիել Գյուրջյան, Հայկական գյուղ
Ազգային պատկերասրահի հավաքածուից
No Comments