ardi.am Թատրոն

«Մոր անունը»՝ «Մեկ քառակուսի մետր»-ում

08.12.2021

«Մեկ քառակուսի մետր» թատրոնի և կատարողական արվեստի միջազգային 15-րդ փառատոնում  Անի Անտոնյանի «Մայրը» թատերգության բեմադրությունը արժանացել է «Հիանալի թիմային աշխատանքի համար» հատուկ հիշատակման։ Բեմադրիչը Հայարփի Ասոյանն է, դերակատարը՝ Քնարիկ Շուշանյանը։ Փառատոնն անցկացվել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնում։ Մրցանակաբաշխությունից հետո զրուցել ենք Անի Անտոնյանի հետ։  Նրա «Մայրը» պիեսի հիմքում  «Մոր անունը» մանրապատումն է, որ հրատարակվել էր 2020-ին ardi.am լրատվականում։

— Անի, մանրապատումդ բեմադրության վերածելու փորձը ի՞նչ տվեց քեզ։

— Որպես լրագրող, որը նաև ստեղծագործում է, հետաքրքիր էր տեսնել, թե բեմում ինչքան շերտեր ու փոխակերպումներ կարող է ունենալ տեքստը: Թատրոնն ալեգորիա է. այստեղ անսահման երևակայություն է պետք: Կինոյում պատկեր ստեղծելն ավելի հեշտ է:

— Թիմային աշխատանքը ինչո՞վ է աչքի ընկել։

— Կարծում եմ` միմյանց նկատմամբ վստահությամբ, մեկս մյուսին  չենք կաշկանդել,  այսպես ասած, մասնագիտական կաղապարներով: Միասին ենք կառուցել ներկայացումը, քայլ առ քայլ:

— Բեմադրիչի մեկնաբանությունը հոգեհարազա՞տ էր։

— Այո, որովհետև մերօրյա իրականության մասին էր. դու պետք ես այնքան ժամանակ, որքան կարող ես օգտակար լինել: Ակնարկվում էր նաև քաղաքական խաղերի, համավարակի մասին: Ի սկզբանե պիեսը գրված էր կնոջ կերպարի համար, սակայն բեմադրիչը փոխեց դրամատիկ գիծը` խոսք տալով անլեզու կենդանուն: Կատարողական առումով լավագույն որոշումն էր:

— Դերասանուհին…

— Գերեց: Դա միանշանակ էր:



— Հանդիսատեսի արձագանքն ինչպիսի՞ն էր։ Ըստ քեզ՝ տեղ հասա՞վ ասելիքը։

— Փառատոնի ձևաչափով` ներկայացումից հետո լինում է քննարկում հանդիսատեսի և հեղինակների հետ: Ամենահետաքրքիր բացահայտումները հենց այս ընթացքում եղան: Իմաստային առումով` ներկայացումը սիրո և հայրենիքի մասին է, բայց հանդիսատեսը նաև կանանց և կենդանիների իրավունքների պաշտպանության ակնարկ տեսավ: Ամենահակասական կերպարը հենց գլխավոր հերոսն էր` նոր մայրացած կովը, որը պատմում է իր կյանքի մասին:

— «Մեկ քառակուսի մետրը» կաղապարո՞ւմ, թե՞ ազատություն է տալիս ստեղծագործողին։

— Ավելի շատ` երկրորդը, որովհետև շեշտը տեղափոխվում է դիմախաղի ու խոսքի վրա: Իսկական արվեստագետին միայն մտքի թռիչք է պետք, մնացածը պարզապես արդարացում է:

Եթե ժամանակային սահմանափակում չլիներ․․․

Միևնույն է, ներկայացման տևողությունը չէր փոխվի: Երկրորդ՝ ամենակարճն էր` 15 րոպե: Ասելիքը տեղ հասցնելու համար բավական էր:


-Մասնակցությունդ շարունակակա՞ն է լինելու այս մրցույթին, թե՞ այլ հարթակներ ես փորձելու։

— Ինձ ավելի հոգեհարազատ է կինոն, բայց եթե  առաջարկ լինի, այո, կհամագործակցեմ:

Ardi.am

No Comments

Leave a Reply