ԳրաԴաշտ Լիլիթ Հակոբյան

Յոթ աստղակաթ հեքիաթ․ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… սուլեց թեյնիկը

01.06.2020

Լիլիթ Հակոբյանի «Յոթ աստղակաթ հեքիաթ» շարքը ներառում է յոթ հեքիաթ, որոնք բարության, սիրո, համերաշխության, փոխվստահության հորդոր են հնչեցնում՝ համեմված ուշագրավ պատմություններով: Հեքիաթները կհրապարակվեն հաջորդաբար՝ Լիլիթ Վաղարշյանի նկարազարդումներով: Այս շարքը նախ և առաջ հասցեագրված է մեր փոքրիկ ընթերցողներին, սակայն մանկության հետ կապը չկորցրած մեծահասակները ևս կարող են վայելել ինքնատիպ այս հորինվածքների փունջը: 

Ardi.am

— Մեր թեյնիկն աշխարհի ամենալավ գնացքն է,- կանչեց տղան:

— Քանի՞ վագոն ունի,- հարցրեց մայրը:

-Հիմա հաշվեմ,- ասաց փոքրիկ տղան ու սկսեց հաշվել սեղանի վրայի բաժակները,- հայրիկինը՝ մեկ, քոնը՝ երկու, իմը՝ երեք, քույրիկինը՝ չորս:

— Ապրե՛ս,- մայրիկը բաժակների մեջ թեյ լցրեց:

Թեյնիկի քթից դուրս եկող գոլորշին մայրիկի քիթը խուտուտ տվեց: Տղան  նկատեց ու ծիծաղեց:

— Մեր թեյնիկը սիրո՜ւն է երգում,- նորից բացականչեց տղան:

— Մեր գնա՛ցքը,- ուղղեց մայրը:

— Հա՛: Գիտե՞ս՝ ինչի մասին է երգում: 

— Չէ… 

— Երգում է՝ ինչպես է շողն արևի հետ խոսում, աստղը՝ Ծիր Կաթնի, խոտը՝ արտի…

— Ես էլ՝ քեզ հետ,- ժպտաց մայրը: 

— Մեր գնացքը երկնքից է ընկել,- ավելի ոգևորվեց տղան,- հաստա՛տ-հաստա՛տ: Ի՞նչ է, չե՞ս հավատում, տե՛ս՝ ամպը գոլորշի է դարձել: Արևը կրակ է, որի վրա երգում է թեյնիկը:

— Բա աստղե՞րը… աստղերը մոռացար:

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… աստղե՜րը…  աստղերը մոռացա,- հաստատեց տղան:

— Աստղերը երգ են դարձել,- ժպտաց մայրիկը,- բաժակդ տուր՝ մի երգ լցնեմ: 

Հաջորդիվ՝ Աստղիկները, արքան ու․․․

Լիլիթ Հակոբյան
Նկարները՝ Լիլիթ Վաղարշյանի

No Comments

Leave a Reply