Լիլիթ Հակոբյանի «Յոթ աստղակաթ հեքիաթ» շարքը ներառում է յոթ հեքիաթ, որոնք բարության, սիրո, համերաշխության, փոխվստահության հորդոր են հնչեցնում՝ համեմված ուշագրավ պատմություններով: Հեքիաթները կհրապարակվեն հաջորդաբար՝ Լիլիթ Վաղարշյանի նկարազարդումներով: Այս շարքը նախ և առաջ հասցեագրված է մեր փոքրիկ ընթերցողներին, սակայն մանկության հետ կապը չկորցրած մեծահասակները ևս կարող են վայելել ինքնատիպ այս հորինվածքների փունջը:
Ardi.am
— Մեր թեյնիկն աշխարհի ամենալավ գնացքն է,- կանչեց տղան:
— Քանի՞ վագոն ունի,- հարցրեց մայրը:
-Հիմա հաշվեմ,- ասաց փոքրիկ տղան ու սկսեց հաշվել սեղանի վրայի բաժակները,- հայրիկինը՝ մեկ, քոնը՝ երկու, իմը՝ երեք, քույրիկինը՝ չորս:
— Ապրե՛ս,- մայրիկը բաժակների մեջ թեյ լցրեց:
Թեյնիկի քթից դուրս եկող գոլորշին մայրիկի քիթը խուտուտ տվեց: Տղան նկատեց ու ծիծաղեց:
— Մեր թեյնիկը սիրո՜ւն է երգում,- նորից բացականչեց տղան:
— Մեր գնա՛ցքը,- ուղղեց մայրը:
— Հա՛: Գիտե՞ս՝ ինչի մասին է երգում:
— Չէ…
— Երգում է՝ ինչպես է շողն արևի հետ խոսում, աստղը՝ Ծիր Կաթնի, խոտը՝ արտի…
— Ես էլ՝ քեզ հետ,- ժպտաց մայրը:
— Մեր գնացքը երկնքից է ընկել,- ավելի ոգևորվեց տղան,- հաստա՛տ-հաստա՛տ: Ի՞նչ է, չե՞ս հավատում, տե՛ս՝ ամպը գոլորշի է դարձել: Արևը կրակ է, որի վրա երգում է թեյնիկը:
— Բա աստղե՞րը… աստղերը մոռացար:
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… աստղե՜րը… աստղերը մոռացա,- հաստատեց տղան:
— Աստղերը երգ են դարձել,- ժպտաց մայրիկը,- բաժակդ տուր՝ մի երգ լցնեմ:
Հաջորդիվ՝ Աստղիկները, արքան ու․․․
Լիլիթ Հակոբյան
Նկարները՝ Լիլիթ Վաղարշյանի
No Comments