ԳրաԴաշտ

Վարդան Հակոբյան․Մողեսների արքան (վեպ)-7

27.11.2020

Սկիզբը՝ այստեղ

Գլուխ տասնհինգերորդ

-Իսկ մնացած գլուխները ե՞րբ ենք արթնացնելու,- երբ դուրս եկան հորատանցքից ու սկսեցին առաջ սահել ստորգետնյա-քառասուներորդ հարկով, հարցրեց Գայլագլուխը։

          -Գուցե առանց նրա՛նց էլ գլուխ հանենք,- պատասխանեց Շնագլուխը։

          -Ժամանակը ցույց կտա,- եզրափակեց Առյուծագլուխը։

          Իսկ ժամանակը, երեք գլուխներում էլ միաժամանակ, մի քիչ դանդաղել էր՝ սառեցնելով նախնական կատաղությունը։ Լուրջ պատերազմին լրջորեն էր պետք նախապատրաստվել, ու գլուխները վերհիշում էին նախորդ հազարամյակներում իրենց ունեցած ճակատամարտերը, դրանց վերաբերյալ հեքիաթներն ու լեգենդները։ Վերջապես հասան հանդերձարանի դահլիճն ու առանց քննարկելու՝ հագան Մեղոս Վեցերորդի գեներալիսիմուսական համազգեստը։ Կեպի-թագի փոխարեն՝ հրամանատարը գլխին դրեց ոսկե սաղավարտն ու շտապեց դեպի դահլիճի ծայրում՝ հայելու տակ քողարկված շտաբի դուռը։ Կանգնեց հայելու դիմաց ու արտասանեց նշանաբանը՝ «Սերապիսը եկավ». ներս մտնելուն պես գնաց-նստեց գերհամակարգչի ու աստրալ զրույցների կլոր սեղանի արանքում տեղադրված պտտվող, ոսկեզօծ բազկաթոռ-գահավորակին։ Նախ շուռ եկավ դեպի համակարգիչն ու ակտիվացրեց ներքին մողեսականներին հետևող արբանյակները։ Ապա պտտվեց դեպի սեղանն ու ձեռքը դրեց դրա կենտրոնում տեղադրված բուրգին։ Սեղմեց գլխիկն ու սպասեց, մինչև այն լուսարձակի, հետո արտասանեց հնարավորինս հստակ.

          -Սպասում եմ գլխավոր շտաբի բոլոր գեներալներին՝ քսան րոպեից։

          Կրկին շուռ եկավ համակարգչի կողմը։

          «Հիմա տեսնենք, թե ցանցում ինչե՞ր են կատարվում… նախ գտնեմ այդ Դոջսոնին… աաա՜, սա այն անիծյա՛լ մասոններից էր, որոնք դեռ ազնիվ էին ու կարծում էին, թե մարդկությանն են ծառայում… օրենքների դեմ կանոններով էր պայքարում… մահացել է 1898 թվականին… կենդանի ժամանակ էլ՝ խելքն իրենը չէր նամակ գրելու համար… իսկ ո՞ւմ համակարգչից… իր տուն-թանգարանի՞… լավ, անցնենք առաջ… ներքին մողեսականներս ամեն ինչ կպարզեն։ Էլ ի՞նչ են գրում Պանսանդալոսի վերաբերյալ… լռում են… ամեն ինչ գաղտնիացրել են… ճիշտ է… վախեցա՜ն… միևնույն է… վերջում համացանցն ավիրելու եմ… այնպես, որ չվերականգնվի… իսկ հիմա՜… որտե՞ղ է այդ աստրալոպիտեկը… հարյուր քառասունչորսերորդի Գրքասերների միությունում… ապրի՛ Սողեսը… բայց… որտե՞ղ է Սողեսը… քարտուղարուհին էլ չկա… գրողը տանի այդ կիսամարդուկներին… լավ, ուրիշ ո՞վ կա այնտեղ… համարյա՝ ողջ անձնակազմը… դե՛, գործի անցեք ու զեկուցեք, ողջ քաղաքը ոտքի հանեք…»։

          Իսկ մինչ «քաղաքը» ոտքի կկանգներ, Գրքասերների միության պահապանները փորձեցին ներս խուժել ընդունարան, բայց քանի որ տիտանե դուռը փակ էր, վազեցին զոդող սարքը բերելու։

          -Էստեղ գաղտնի ելք ունենք, բայց սրանով հազիվ պահեստ հասնենք, էնտեղից էլ՝ ստորգետնյա պահեստարաններ, էնտեղից էլ՝ Մեղոսի լաբիրինթոսը…,- հիշեց Հակոբիկը ներքին մողեսականի խոսքերը։

          -Դեռ մի կես ժամ էլ ունենք, մինչև բացեն,- մոտենալով ու տեսնելով, որ պատուհանից ցած թռչելն անվտանգ չէ, խոսեց Փորինեն,- մենք, եթե շորերը հանենք, չեն ճանաչի… գուցե, դու հագնես Հակոբիկի՛նը…

          -Մի՛ մտածեք, ամեն ինչ լավ կլինի,- իր հերթին փորձեց հանգստացնել հենց նոր հարազատացած դասընկերներին Արտոն,- դուք նրանց պետք չեք, իսկ ես չեմ էլ մտածում փախչելու մասին, բայց… լաբիրինթոսն ինձ հետաքրքրեց…

          -Ոչինչ չգիտենք դրա մասին…

          -Ինքս կպարզեմ, մի՛ մտածեք…

          Իսկ այդ ընթացքում գրքասերների միության շենքը շրջապատել էին ոստիկանական ու կառավարական մեքենաները, մի քանի դպրոցի տնօրեններ և ուսուցիչներ, դատավորներ ու խաբեբաներ, բանկերի կառավարիչներ ու լրագրողներ, մի խոսքով՝ հարյուր քառասունչորսերորդ քաղաքի մողեսահպատակների մի մասը, մնացածն էլ ճանապարհին էր։ Փորինեն նկատեց մոտեցող հրշեջ մեքենաներն ու կռահեց, որ փորձելու են պատուհաններից ներս խուժել։

          «Թեկուզ և շատ լինեն հակառակորդի զորքերը, կարող ես թույլ չտալ, որ նրանք կռվին մասնակցեն»,- Արտոյի աչքերի առաջ կանգնեց Սուն-Ցզիի խորհուրդը, բայց լաբիրինթոս իջնելն ու միանգամից հակառակորդների պարագլխին հանդիպելն ավելի գրավիչ էր թվում։

          Երբ հրշեջների աստիճանները հենվեցին պատուհանագոգերին, ու ոստիկանները շարքով սկսեցին բարձրանալ, Արտոն շուռ եկավ համադասարանցիների կողմը.

          -Դուրս եկեք ընդունարան ու ձևացրեք, թե գերի էի վերցրել Ձեզ, իսկ ես կհեռանամ ետնամուտքով։

          -Երբեք,- ոգևորված իրադրության բարդությամբ՝ միասին պատասխանեցին երկուսն էլ,- մենք քեզ մենակ չենք թողնի… ամեն մեկիս՝ մի պատուհան… կդիմադրենք մինչև վերջ…

          Իսկ ներքևինները հասկանալով, որ իրենց դիմադրելու են, միանգամից երկու աստիճան դրեցին ամեն պատուհանագոգին ու սկսեցին երկու-երկու բարձրանալ՝ հանգիստ, վայելելով հակառակորդների ենթադրյալ վախն ու իրենց ցուցադրական ինքնավստահությունը… Սակայն այն, ինչ այդ պահից հետո տեսնում էին Հակոբիկն ու Փորինեն, միայն զարմանալի հրաշք էր թվում. ոստիկանները մի քանի աստիճան բարձրանալուց հետո ցած էին թռչում ու հանելով համազգեստները, հեռանում էին ճակատամարտի վայրից։ Մինչ կհասնեին փողոցի երևացող ծայրը, հասցնում էին համարյա ամբողջովին մերկանալ…

          Իսկ Արտոն բոլորովին այլ բան էր տեսնում։ Հազարավոր գրադարանային հրեշտակներ կարծես հայտնվում էին ոչնչից, մի պահ կանգ էին առնում օդում ու հարձակվում մողեսահպատակների վրա. դրանցից ամենաանվախները մխրճվում էին ոստիկանների ականջներից ներս ու կենաց-մահու կռվի էին բռնվում դրանց ներքին մողեսականների հետ՝ իրենց իսկ տարածքում։ Եթե հաջողում էին դուրս հանել դրանց ոստիկանների գլուխներից, հեշտությամբ կաթվածահարում էին մտավոր կայծակներով. սակայն ոչ պակաս գրհրեշտակներ էլ, ճղրտված ու էջահատված, դուրս էին նետվում մողեսահպատակների ականջներից ու քթանցքներից։ Արտոն աննախադեպ հուզմունք էր ապրում անընդհատ ընդլայնվող ճակատամարտը դիտելիս, կաս-կարմիր էր կտրել, ու աչքերն արցունքակալել էին, ինչն անհասկանալի էր դասընկերներին։

          -Դու մտովի՞ ես ազդում նրանց վրա,- փորձեց իրադրությունը հասկանալ Փորինեն։

          -Դա ես չեմ, բարեկամներս են, որ զորք են դարձել…

          Գրքասերների միության շրջակայքում, կողմնակի հայացքով, տարօրինակ իրավիճակ էր. հարյուրավոր մարդիկ էին մոտենում, հետո հանկարծ հանվում էին ու փորձում հեռանալ դեպի ստվերը՝ հայացքով խմելու ջուր որոնելով տապից ճարճատող հարյուր քառասունչորսերորդ քաղաքում։ Իսկ Արտոն հալվող ասֆալտին հարյուրավոր անպոչ-անոտ-անգլուխ ներքին մողեսականներ ու վիրավոր-մասնատված գրհրեշտակներ էր տեսնում։

          «Սրան պետք է վերջ դնել,- ոչ թե հույզմը, այլ սառը դատողությունն էր հնչում նրա մտքում,- գրհրեշտակներն ափսոս են, դրանք ծանր օրերի, քրտնաջան աշխատանքի ու հոգու թռիչքների արդյունք են»։

          Հենց այդ պահին էր, որ պատուհանների ապակիները զնգացնելով՝ ներս խուժեցին քերոլածինն ու հերոդոտածինը, արագորեն մտան Փորինեի ու Հակոբիկի գլուխները, սակայն չգտնելով դրանց ներքին մողեսականներին՝ ներողություն խնդրեցին ու դուրս եկան։ Սիրահար զույգը միայն հաճույքի թեթև զգացողություն ունեցավ նրանց ներխուժումից, ու միասին ժպտացին։

          Փողոցում իրավիճակը փոխվել էր։ Մողեսահպատակներն այլևս չէին փորձում վեր բարձրանալ աստիճաններով. միայն դիրքավորվել էին դրանց շուրջը, ականջները խցանել էին ձեռքն ընկած փալաս-փուլուսի կտորներով ու օդում, ձեռքի տարօրինակ շարժումներ անելով, պաշտպանվում էին գրհրեշտակներից։ Մոտավորապես նույն պատկերն էր նաև շենքի ներսում. ստիպված լինելով զիջել դուռը՝ գրքասերների միության աշխատակիցները՝ մի խումբ ուսուցիչների ու հարկային տեսուչների հետ, վարչապետի գլխավորությամբ, դիրքավորվել էին աստիճաններին ու հաջողությամբ ետ էին մղում գրհրեշտակների ալիքները։ Հետախուզական ճակատամարտը դանդաղել էր, ու զինադադարի հոտ էր գալիս։ Սակայն գեներալիսիմուս Մեղոսը մտադիր չէր հանդարտվել։

          Այդ պահին նա իր վերջին հրամաններն էր տալիս կլոր սեղանի շուրջը հավաքված մողեսագեներալների աստրալ մարմիններին։

          -Պետք է օգնության հասնել հարյուր քառասունչորսերորդ քաղաքի մողեսահոգիներին. մի՛ խնայեք ոչ մի գրհեշտակ, դրանք, ընդամենը, գրքերի ընթերցանություններից են ծնվում, իսկ մեր ներքինները տառապագին աշխատանքի ու զոհված մողեսների արդյունք են, դրանք ձեր նախնիների ու հարազատների հոգիներն են, որ շարունակում են ճգնել մեր ցեղի բարօրության համար… Բոլոր կողմերից շրջապատեք հարյուր քառասունչորսերորդը, ու եթե հարկ լինի, հողին հավասարեցրեք քաղաքը, բացի Գրքասերների միության շենքից ու դրանում հավաքված մեր բարեկամներից. մենք չենք կարող նահանջել…  ժամանակ մի՛ կորցրեք…

          «Չես պատկերացնի՝ որքան ուրախ եմ՝ քեզ ողջ-առողջ տեսնելու համար,- Արտոյի աջ ականջի միջից խոսեց Քերին»։

          «Ես ոտքի, ավելի ստույգ՝ թևի եմ հանել մարդկային քաղաքակրթության ընթացքում ծնված բոլոր գրհեշտակներին… մենք հարյուր-հազարներով բանակ ունենք՝ Վիշապի դեմ պատերազմելու համար… թույլ չենք տա, որ ամեն կենդանակերպի ավարտի պես, այս անգամ էլ ամեն ինչ կուլ տա հրեշը,- իր միտինգային պաթոսից դեռ լիովին չէր ազատվել Հերոն»։

          «Ուզում եմ՝ իջնեմ լաբիրինթոս, անձա՛մբ հանդիպեմ նրան…»:

          «Դու չես կարող,- առաջինը Արտոյի ցանկության դեմ ընդվզեց Քերին,- մենք առանց քեզ չե՛նք կարող…»:

          «Դու իրավունք չունես,- վստահորեն ավելացրեց Հերոն,- մեր ամբողջ բանակն ու մարդկությանը հուսախաբ կանես այդ… ցանկությամբդ…»:

          -Դա ոչ թե ցանկություն, այլ որոշում է,- իր կամքի ողջ ուժը ցուցադրաբար հնչեցնելով՝ չնկատեց էլ, որ բարձրաձայն խոսեց Արտոն,- ես կիջնեմ լաբիրինթոս… այլևս ոչ մի գրհրեշտակ չպիտի՛ զոհվի։

          -Մենք քեզ մենակ չենք թողնի,- չհամաձայնեցին Հակոբիկն ու Փորինեն։

          -Ոչ,- մերժեց Արտոն,- դուք ուրիշ գործ ունեք. պիտի ազատեք պահեստարաններում բանտված գրքերն ու արևի երես հանեք, որպեսզի մարդիկ կարդան, ու զոհվածների փոխարեն նոր գրհրեշտակներ ծնվեն։

          «Դու գոնե պատկերացնո՞ւմ ես, թե ինչ ուշադրությամբ ու ստեղծագործաբար պիտի կարդացվեն գրքերը, որպեսզի դրանցից մեզ պես էակներ ծնվեն…,- վրա տվեց հերոդոտածինը»։

          «Մենք սիրում ենք քեզ, որովհետև միայն քեզ նմանն է կարող գիրքն ընթերցելիս գրադարանային հրեշտակ ծնել…,- ասաց ու նրբորեն փարվեց Արտոյի վզին Քերին»։

          -Ես ձեզ անուններ չպիտի տայի. կամաց-կամաց անձնավորվում եք, գուցե վերջում արյուն ու միս էլ հավաքեք վրաներդ,- իր տեսակետը բարձրաձայն պաշտպանեց Արտոն, բայց նրա ասածներից ոչինչ չհասկացան համադասարանցիները։

          -Ի՞նչ…,- փորձեց հասկանալ Հակոբիկը։

          -Էստեղ ուրիշնե՞րն էլ կան,- ճշտեց Փորինեն,- նրանք, որ օգնեցի՞ն մեզ…

          -Այո,- առիթից օգտվեց Արտոն,- ու չեն ուզում հասկանալ, որ իրենք միայն օգնականներ են, իսկ այս պատերազմը մե՛րն է…

          Գուցե բանավեճը շարունակվեր, եթե ապակիները զնգացնելով՝ ներս չխուժեր մի ուրիշ գրհրեշտակ ու չահազանգեր.

          «Շտապե՛ք, Մեղոսը ոտքի է հանել մարմնավոր մողեսների ողջ զորքը, ու շուտով կհասնեն քաղաք…»:

          «Կռնչացիր-կանչեցի՞ր: Հիմա, իսկապես որ, սա դարձավ ձե՛ր պատերազմը,- իր շփոթվածությունը փորձեց հաղթահարել Հերոն:- Ոչի՛նչ, մի բան կմտածենք, բոլոր կենդանիները չէ, որ Մեղոսին են ենթարկվում…»:

          -Մենք ոտքի կհանենք մարդկանց…,- հերոդոտածինին ասաց Արտոն, ապա շուռ եկավ Հակոբիկի կողմը,- մողեսները հարձակվում են քաղաքի վրա։

          -Այս շոգին ոչ ոք տնից դուրս չի գա,- մասնակցության առիթ գտավ Փորինեն,- բայց կարող ենք փորձել մեր դասարանցիներին ու դպրոցական ընկերներին ոտքի հանել…

          -Ինչ-որ մի բան, թեկուզ սո՛ւտ պիտի հորինենք,- ետ չմնաց Հակոբիկը։

          Ազատվելով մողես-գեներալներից՝ Մեղոսը շուռ եկավ դեպի համակարգիչն ու արբանյակի միջոցով հայացքն ուղղեց հարյուր քառասունչորսերորդ քաղաքին։

          -Ապրեն,- չկարողացավ զսպել զգացումները,- լավ էլ ջարդել են մողեսահոգիներիս… եթե բոլոր քաղաքներումս էլ նույնն անեին, գուցե… ես էլ նրանց կողմն անցնեի…  գուցե՝ միասին պայքարեինք աշխարհի ստվերային իշխանության դեմ… ու գրքերն էլ, որ միայն ժամանակավոր նպատակների համար են ստեղծվել ու լքվել են պատվիրատուներից, գուցե նորից մարդկանց ծառայեին… չէէէ՜, երազանքների գիրկն ընկա… թող դեռ պատերազմեն… չեմ կարծում, թե նույնիսկ մողեսների՜ս հաղթեն…       

            Գլուխ տասնվեցերորդ

Անտանելի շոգի պատճառով քաղաքի ջրամբարների հետ միասին ջրազրկված բնակիչներին նույնիսկ ամենահայրենասիրական կոչերով տներից դուրս հանելն անհնար կլիներ, եթե ընդդիմանային Հակոբիկի՝ թեկուզ խաբեության դիմելու խորհրդին։ Փորինեին ընդամենը մի քանի հեռախոսազանգ էր հարկավոր անել, որպեսզի հաջողության հասնեին.

          -Արմի՞ն, դիմանո՞ւմ ես շոգերին,- լավատեսական-ակտիվ բամբասանքի հնչերանգով էր սկսում խոսակցությունը,- լսիր, ասում են՝ գաջի գործարանի մոտի բուժիչ ցեխալճի ափին ասեղ գցելու տեղ չկա… շոգից մեռռռնեմ էլ՝ չե՛մ գնա… բայց մեր Կարինեն գնացել էր, ասում էր՝ էնքան լա՜վ էր…

          -Կարին, ձեր տնից չոլերը մոտ են, մի հատ պատուհանից նայիր… ասում են՝ էդ կողմերի սեփական տների բակերում ինչ-որ ջրհորներ են փորել ու վարդավառ են խաղում… չի երևա՞… դե լավ, Մարինեին զանգեմ…

          …Ու մի քանի րոպե անց, կենտրոնի բնակիչները, հովանոցները բացած, սկսեցին շտապել դեպի քաղաքի ծայրամասերը. ճանապարհին նրանց էին միանում ծանոթ-բարեկամներն ու հարազատները, կողքից բան լսածներն ու սեփական աչքով տեսնել ցանկացողները… ջրհորների մասին հարցուփորձ էին անում ու ակամա տարածում լուրը. հետո էլ մտքներով անցավ փորել ու ջուր գտնել։

          Գեներալ-մողեսները՝ իրենց քառասուն միլիոնանոց բանակով, միանգամից չորս կողմից էին մոտենում հարյուր քառասունչորսերորդին, ու առաջինը գլխավոր հրամանատար գեներալ Գաբրիել Գարսիա Կալոտը նկատեց, որ քաղաքի ծայրամասերում մարդկանց կուտակումներ կան։ Արագորեն կապվեց գեներալ Մոլոխի հետ, սա էլ՝ քամելեոնների առաջնորդի հետ։ Խորհրդակցության արդյունքը մեկն էր. «Քանի որ մարդիկ ամենախորամանկ կենդանիներն են, պետք է մոտենալ, շրջապատել քաղաքն ու սպասել գիշերվան։ Մութն ընկնելուն պես ներխուժել, գրավել, զեկուցել ու սպասել Մեղոսի գովասանքին»։

          Մութն ընկնելուն դեռ յոթ ժամ էլ կար։ Իսկ որպեսզի ժամանակն արագ անցնի, մողեսների բանակը քաղաքի շուրջը շրջան կազմեց ու սկսեց պտտվել ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Արևի ճառագայթները արտացոլվում էին թեփուկազրահապատ մեջքերին, ու հեռվից թվում էր, թե մի հրե օղակ է պտտվում։

          «Հավանաբար, շոգից տափաստաններն են այրվում, ու շուտով կրակը կհասնի քաղաքին»,- մտածեցին ծայրամասերի բնակիչներն ու սկսեցին ավելի փութաջանորեն փորել։ Գործի գցեցին փորող մեքենաները, ու կես ժամ անց, երեք մետր խորության վրա՝ միանգամից մի քանի վայրերում, հասան ջրին։ Ուրախության աղմուկն արագորեն հասավ իշխանություններին, ու քաղաքապետարանից եկած խլեզահար պաշտոնյաները փորձեցին արգելել ջրի որոնումները երկու մետրից ավելի խորություններում. այդպիսին էր օրենքը։ Դրանից ցած՝ ինչ գտնեին, իրենցն էր[i], ու չէր կարելի, առանց հատուկ թույլտվության ու ջրաչափի տեղադրման, հանած ջրից օգտվել։ Նրանց նույնիսկ հաջողվեց մի քանի ջրհոր լցնել հողով, բայց կողքի բակերում հենց այդ պահին նոր ջրհորներ էին բացվում։

          Այս տարօրինակ գործողությունները թռչող մողեսների լրտեսներն ընկալեցին որպես ծուղակների պատրաստում ու Գեներալ Սցինկի[ii] առաջարկով որոշեցին մեծածավալ իգուանաների դիվիզիոնը ետևից տանել առաջին շարք։

          Իսկ երբ  մարդիկ սկսեցին տանը մեկ-երկու դույլ ջուր պահեստավորել, ու բանուկ դարձան նաև փողոցները, մողեսները ենթադրեցին, թե ծուղակներ են դրված նաև փողոցների երկայնքով, ու առաջին շարք տեղափոխեցին քամելեոններին։

          Ջրի հայտնվելուց ուրախացած մարդիկ հիշեցին, որ այդ օրը վարդավառի տոնն է, ու հարկ է գոնե մի քիչ ջուր սրսկել միմյանց վրա, իսկ մողեսները ենթադրեցին, թե թունաքիմիկատներ են շաղ տալիս քաղաքում։ Պարզ էր, որ ծանր ճակատամարտ է սպասվում, ու գեներալները սուրհանդակներ ուղարկեցին իրենց դաշնակիցների՝ օձերի, ագռավների, ձկների մոտ՝ օգնություն ստանալու ակնկալիքով։

          Առաջինը, ընդամեն քսան րոպեից, կարծես մոտերքում կանգնած սպասում էին, տեղ հասան օձերը՝ Գյուրիզայի առաջնորդությամբ։ Օգտվելով միայն իրե՛նց հայտնի ստորգետնյա ճանապարհներից՝ միանգամից հայտնվեցին քաղաքի ու մողեսների արանքում, շրջան կազմեցին ու սկսեցին պտտվել ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ և այնքան արագ, որ սուրհանդակ մողեսները չէին կարողանում մտնել հոսքի մեջ ու զրուցել Գյուրիզայի հետ։

          Իսկ այն, ինչ կատարվեց մի քանի րոպե անց, ապշեցրեց անգամ շոգից հիմարացած քաղաքաբնակներին։ Երկրի չորս կողմից ագռավների երամները մոտենում էին քաղաքի անտեսանելի երկնային կենտրոնին ու սկսում շրջանաձև պտտվել։ Ագռավների քանակն անվերջ էր, ու քսան րոպե անց քաղաքը՝ իր արվարձաններով, զովանում էր հսկա սև ամպի ներքո, որից ագռավի փետուրների ձյուն էր տեղում։

          Մողեսները չէին կարողանում ճշտել՝ ագռավներն ու օձերն իրենց կո՞ղմ են, թե՝ դեմ, ու, համենայն դեպս, Կալոտը մողեսաշրջանի ողջ երկայնքով շարեց պարսատիկավորներին։

          Իսկ ներքևից կլոր սև ամպ թվացող կոնի գագաթին Միտին էր՝ առանց թեևերը շարժելու, միայն լայնորեն բացած, օդում անշարժ մնալ կարողացող Երկնային ագռավը, որը, թեև երկիր էր իջել միայն ջրհեղեղի մասին իրական պատմությունն անելու համար, բայց չէր կարող հարմար պահը բաց թողնել ու չմասնակցել սրբազան վրեժի այս փառավոր ճակատամարտին։

          Արտոն, Հակոբիկն ու Փորինեն, տեսնելով սև ամպը, բարձրացան գրքասերների միության կտուր՝ իրադրությունը հասկանալու համար:

          -Նրանք մե՛ր կողմից են,- վստահորեն ասաց Հակոբիկը,- Մեղոսը չկարողացավ համոզել, որ ագռավները, օձերն ու ձկներն էլ պատերազմեն մարդկանց դեմ։

          «Ով գիտի պատերազմել, նա իրեն անպարտելի է դարձնում ու այդ վիճակում սպասում է, թե երբ կարելի կլինի հաղթել թշնամուն»,- կրկին Արտոյի աչքի առաջով անցան Սուն-Ցզիի գրքի տողերը։ Հետո շուռ եկավ դեպի Հակոբիկը.

          -Ապրեք, ընդամենը մեկ խորամանկությամբ կանգնեցրիք թշնամուն…

          -Մենք ոչինչ չենք արել,- կյանքի ընթացքում իրենց համեստությունը տեղի՛ն ցուցադրելու առաջին լուրջ առիթը բաց չթողեցին համադասարանցիները,- ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։

          -Ինքնաբերաբարը՝ չգիտեմ, բայց տեսնում եմ, որ կարող եք պաշտպանել մեր քաղաքը՝ նաև առանց ինձ…

          Այդ պահին, իր արբանյակների շնորհիվ, Մեղոսն էլ էր հետևում հարյուր քառասունչորսերորդի[iii] շուրջ ծավալված իրադարձություններին.       

          -Մարդուկնե՜րը… ու ե՞րբ հասցրին լեզու գտնել այդ դավաճանների հետ…   չգիտեն էլ, որ փրկություն չունեն մողեսներիցս… իմ մասնակցության կարիքն էլ չկա…     

          Բոլորը ինչ-որ բանի էին սպասում. մողեսները՝ մթությանը, քաղաքաբնակները՝ հրաշքների շարունակությանը, իսկ ագռավները՝ ձկներին…

          Սև կոնը դեռ նոր էր սկսել կազմավորվել, երբ վաթսուն կիլոմետր հեռավորության վրա՝ ծովափնյա լողափին, տենտերի տակ թաքնված մարդիկ խշշոց լսեցին ու ծովի կողմը նայելով՝ չհավատացին աչքերին։ Ծովը կարծես եռար. ամբողջովին պատված էր մանր ալիքներով։ Միլիոնավոր ձկներ պոչերը դուրս էին հանել ու թափահարում էին, ինչից ջուրը փոշու պես վեր էր բարձրանում՝ առաջացնելով ջրափոշու՝ վայրկյան առ վայրկյան խտացող-կարծրացող շերտ։ Այն արագորեն վերածվում էր երկու թզաչափ հաստության ու հազար չորս հարյուր քառասուն քառակուսի մետր մեծության թռչող ջրագորգի։ Դրա մեջ էր տեղավորվել կամիկաձե պիրանիաների սարսափազդու դիվիզիան, որ ձգտում էր վայրկյան առաջ տեղ հասնել՝ լուծելու Պիրակուլի վրեժը։ Ամբողջանալուց հետո ջրագորգն ուղղահայացորեն վեր բարձրացավ ու առաջ շարժվեց՝ շնորհիվ իր տակից ու վերջնամասից դուրս հանված պոչերի աներևակայելի արագ պտույտների։

          Երբ հեռվից երևաց կոնաձև սև ամպն ու դրա տակ թաքնված քաղաքը, պիրանիաները սկսեցին կատաղորեն կրճտացնել ատամները, ու այդ աղմուկը դարձավ ճակատամարտի սկզբի ազդանշան։ Միտին լուսարձակեց փոքրիկ սպիտակ արևի պես, ու սև կոնի ներքևից առաջին ագռավները կայծակի պես ցած սլացան, սկսեցին չանթել մողեսներին ու վեր բարձրացնելով՝ ցած նետել։  Անմիջապես նրանց դեմ ելան պարսատիկավորները, որ նույնիսկ նշան բռնելու ժամանակ չունեին։ Եթե հաջողում էին որևէ ագռավի ցած գլորել, ներքևում հարյուրավոր մողեսներ վրա էին տալիս  ու արագորեն բզկտում հարյուրամյա-երիտասարդ զինվորներին։

          Մոտ հինգ մետր լայնք ունեցող օղակից կայծակի արագությամբ դուրս էին թռչում օձերը, բերաններն էին վերցնում առաջին շարքերում իրենց հակառակ ուղղությամբ շարժվող հակառակորդներին ու կրկին միանում էին իրենց անիվին, մինչ կուլ կտային գերուն ու կկարողանային կրկնել հարձակումը։ Դրանք, թեև րոպեում ընդամենը հարյուր մողես էին կուլ տալիս, սակայն անխոցելի էին թվում։

          Միայն պաշտպանվելն այլևս վտանգավոր թվաց գեներալ Կալոտին, ու հրամայեց առաջ գալ սեպաձև շարված իգուանաներին[iv], որ իրենց ողջ ծանրությամբ պիտի խրվեին ու կանգնեցնեին ժամանակին հակառակ պտտվող օձանիվը, մասնատեին  ու փախուստի մատնեին օձերին՝ ազատելով դեպի քաղաք տանող ճանապարհը։

          Մողեսագեներալներն ապավինել էին քանակին, որը հազարավոր անգամներ գերազանցում էր ագռավներին ու օձերին, սակայն պիրանիաները ճիշտ ժամանակին վրա հասան…

          Մոտենալով քաղաքին՝ հսկա կարծրաջուր ամպ-գորգը բաժանվեց տասներկու ժապավենների, դրանք՝ ևս տասներկուսի, ու հարյուր քառասունչորս ջոկատները հարձակվեցին մողեսների օղակի վրա։ Դրանք անցնում էին թշնամու վրայով, ինչպես ածելու սուրսայր շեղբը՝ հինգ սանտիմետրից բարձր ամեն ինչը մասնատելով։ Ջրե գորգերը արնազարդվեցին… Հսկա իգուանաներն ու վարանները մի քանի րոպեում անհետացան, կլորագլուխներն արագորեն փոսեր փորեցին ու թաքնվեցին, քամելեոնները դարձան ջրագույն, իսկ մնացածները նրանց հզոր ծնոտներից փորձում էին խուսափել է՛լ ավելի ցածր սողալով։ Մողեսների մեջ էլ պակաս չէին անձնազոհները. մորուքավոր ու թիկնոցավոր ագամները թռնում էին ջրագորգի վրա՝ կռիվն այնտեղ տեղափոխելով, իսկ փշեպոչավորները մտնում էին դրա տակ ու անսպասելի խրում էին փշերը պիրանիաների փորերը։ Ավելի քան մեկ ժամ տևող սպանդը դանդաղում էր։ Մսի կտորտանքից ու արյունից ծանրացող ջրագորգերը կամաց-կամաց ավելի ցած էին իջնում, մինչև չէին բախվում քարերին ու ցփնվում մողեսների շարքերում, սակայն նույնիսկ գետնին ընկած պիրանիաներին անվնաս մոտենալը դժվար էր։ Երկու ժամ անց միայն մեկ ջրագորգ էր օդում մնացել, որ պտտվում էր օձերի օղակից ներս ու ժամանակ առ ժամանակ հարձակվում էր հատ ու կենտ ողջ մնացած մեծամողեսների վրա։

          Ծովաբնակներից ազատվելուց հետո գեներալ Կալոտի[v] հրամանով վերսկսվեց հարձակումը օձերի օղակի վրա. այս անգամ օձանման մողեսներն էին առաջ գնում, պտտվելով նրանց շարժմանը համընթաց՝ միանում էին օձերին ու կենաց-մահու կռվում փաթաթվում էին թշնամուն՝ փորձելով դանդաղեցնել  օձանիվի արագությունը։ Գյուրիզան պատրա՛ստ էր  դիմագրավել այդ հնարքին. օձանիվի հինգ մետրանոց լայնքը իսկույն կիսվեց, ու արտաքին շերտն անցած հսկա լորտուները, պտտվելով հակառակ ուղղությամբ, սկսեցին կուլ տալ օձամողեսներին։

          Ենթարկվելով Միտիի կռնչոցին՝ ագռավները կրկնակի արագացրին հարձակումների հաճախականությունը, մողեսներին չանթում էին միանգամից երկո՛ւ ճիրաններով, պարսատիկավորներին ջնջխում էին տեղո՛ւմ՝ կտուցներով։ Սակայն դա առանձնապես չէր փոխում իրավիճակը։ Ագռավների ու օձերի կորուստները քիչ էին, սակայն մողեսներն այնքան շատ էին, որ նույնիսկ կամիկաձե պիրանիաների հարձակումից հետո էլ միայն մեկ քառորդով նվազեցին։ Կալոտը  օձերի օղակը ճեղքելու երրորդ փորձն էր նախապատրաստում. այս անգամ, բերանները սպառնալից բաց ու խուփ անելով, առաջին շարք էին տեղափոխվում թունատամները։ Սակայն դա միայն երևացող նախապատրաստությունն էր. Սցինկների մի մասը սկսել էր ստորգետնյա  թունելների հորատումը, որպեսզի շրջանցի օղակն ու երկու կողմից հարձակվի օձերի վրա կամ էլ միանգամից ուղղություն վերցնի դեպի քաղաք։ Մութն ընկնելուն երկու ժամ էր մնացել…

          -Էլ ոչ մի օժանդակող չմնաց… Տեսնես գիտե՞ն, որ մի ժամից ճակատամարտը կավարտվի, ու մողեսներս հողին կհավասարեցնեն հարյուրքառասունչորսերորդը,- ինքն իր հետ բարձրաձայն էր խոսում Մեղոսը,- կամաց-կամաց պատրաստվեմ, վերջում գնամ՝ ներկայությամբս ոգեշնչեմ զինվորներիս։

          «Այս սպանդին պետք է վերջ տալ,- չէր էլ ուզում բարձրաձայն արտահայտվել Արտոն,- ես պիտի իջնեմ լաբիրինթոս ու գտնեմ վիշապին»։

          «Երևի թե, ես էլ ի՛մ մեղքի մեծ բաժինն ունեմ այս ամենում,- մեծամտություն էր համարում բարձրաձայն արտահայտելը Հակոբիկը,- պիտի գնամ ու անձամբ կռվեմ մողեսների դեմ»։

          «Էլ ի՞նչ խորամանկություն բանեցնեմ, որ մարդիկ նույնպես մասնակցեն իրենց ապագայի համար մղվող ճակատամարտին,- մտածում էր Փորինեն,-միայն՝ ո՛չ Հակոբիկը…»:

          Իսկ գրհրեշտակներն այդ պահին վերջին հանրահավաքն էին անցկացնում՝ այս անգամ Քերիի ու Հերոյի գրադարանի ավերակների վրա։ Հերոն, թեև ոգեշնչված էր, բայց մահվան վտանգը տեսնողի լրջությամբ էր խոսում.         

          -Վերջապես, մենք նույնպես կարող ենք մասնակցել ճակատամարտին…

          -Ինչպե՞ս, ինչպե՜ս…- տարբեր կողմերից կանչեցին հուսալքված գրհրեշտակները…

          -Պատկերացրեք. մողեսներն այն մարմիններն են, որոնցում հրեշը հասունացնում է իր ծառա հոգիներին. դրանք մահվանից հետո դառնում են նրա աստրալ զինվորները, որպես ներքին մողեսականներ՝ մտնում են մարդկանց մեջ ու այդպես են շարունակում իրենց գոյություն-գործունեությունը։ Իսկ մենք կարող ենք խաթարել գործընթացը։ Մեզանից ամեն մեկը կարող է հազարավոր կտորների բաժանվել ու իր մի փոքրիկ մասնիկը թողնել մողեսների մարմիններում, որից հետո նրանց հոգիներն ա՛յլ զարգացում կունենան, այլևս չե՛ն ծառայի հրեշին, կյանքի ա՛յլ ուղի ցույց կտան իրենց տերերին։ Մենք կարող ենք վարակել նրանց ազնիվ զգացումներով, գաղափարներով ու մտքերով, ինքնագիտակցմամբ ու ինքնահարգանքով… և վերջապես՝ սիրով… իսկական սիրով՝ դեպի իրենց ու իրենց զավակները, իրենց հայրենիքն ու Երկրագունդը։ Կարող ենք վարակել այն շարժիչ ուժերով, որոնց շնորհիվ գրվել են Ձեր գրքերը։ Կարող ենք վարակել այն ճշմարտություններով, որոնք լիուլի են Ձեր էջերում ու որոնք՝ միասին, աշխարհի մասին իսկությունն են կազմում[vi]։

          Մեզանից ամեն մեկը կարող է հարյուրավոր ու հազարավոր մասերի բաժանվել ու ներխուժել մողեսների բանակի զինվորների մեջ… Ձեր ամեն մի բառն էլ կարող է հզոր զենք դառնալ… բայց դա ինքնասպանություն չէ… հենց որ կարդան Ձեզ, կրկին կվերածնվեք, կհառնեք, ինչպես փյունիկներ… կրկին ծնվելու համար պիտի մեռնե՛լ… իմացյալ մահն անմահությո՛ւն է…

          Օ՜ն, առա՛ջ, իմ եղբայրներ…

Գլուխ տասնյոթերորդ

          Համաերկրային, առավել ևս՝ կիսաստվերային պաշտոնյայի սպանությունը լուրջ միջադեպ էր, որպեսզի աշխարհի իրական-ստվերային տերերի անվտանգության ծառայությունը հետաքննություն սկսեր, սակայն այն կոսմիկական արագություն ձեռք բերեց, երբ վերելակի հորատանցքի ուղղությամբ՝ մոտ հարյուր մետր խորության վրա, պայթյուն տեղի ունեցավ։

          Նախ՝ փորձեցին հասկանալ, թե ո՞վ էր հայտնի էլեկտրոնային նամակի հեղինակը։ Ցանցային հետախույզները պնդում էին, որ այն ուղարկված է Լուիս Քերոլի տուն-թանգարանի փչացած համակարգչից։ Մարշալ Մարշալը, երկար զննելով դրա վրա նստած փոշին, համոզվեց, որ այն  առնվազն երեք շաբաթ միացված չի եղել։

          Հետաքննության հաջորդ քայլը Պանսանդալոսի անհետացած քարտուղարուհու որոնումն ու հարցաքննությունն էր։ Այստեղ էլ, վերջինիս կոշիկների երկաթյա կրնկակալներից բացի, ոչինչ չգտան, ու մարշալ Մարշալի ձեռքի տակ մնացած տեղեկատվության միակ աղբյուրը մնաց նամակը։ Վերլուծաբանները պնդում էին, որ այն խմբակային ստեղծագործություն է, ու դրա հեղինակները տարբեր մոլուցքներով տառապող հոգեկան հիվանդներ են։ Սակայն ռումբի տեղադրման վայրի ճշգրտությունն ու իր անդեմ ղեկավարների լռությունը մարշալ Մարշալին ստիպում էին լուրջ վերաբերվել նամակին։ Դրանից ստացած կարևորագույն տեղեկությունը վերելակի հորատանցքով դեպի պահեստարաններ ցույց տրված ուղին էր համարում ու մտադիր էր հենց այդ ճանապարհով գնալ։ Հանքափորների ջոկատը վերելակի տակի հորատանցքն էր մաքրում, ու Մարշալը սպասում էր նրանց զեկույցին։

          Մեղոս Վեցերորդի գեներալիսիմուսական մարմինն այնքան էր ուրախ իր բանակի մոտալուտ հաղթանակի համար, որ մեկ-երկու րոպե բանի տեղ չդրեց համակարգչի ահազանգը՝ լաբիրինթոս օտար մարդկանց մուտք գործելու փորձերի վերաբերյալ։ Երբ Շնագլուխը նրա միջից նկատեց վառվող-հանգչող կարմիր ազդանշանը, Մեղոսը մի պահ քարացավ տեղում, ապա նստեց աթոռին։ Ճակատներին լուսավոր աչքեր ունեցող հինգ մարդուկներ մաքրում էին իր սարքած պայթյունի հետևանքով հորատանցքը լցված քարերն ու վեր էին ուղարկում։ Աշխատանքի այդ արագությամբ՝ մի քանի րոպեից կհասնենին վերին առաջին հարկին, իսկ այնտեղից կարող էին մուտք գործել լաբիրինթոս։ Ստիպված էր հետաձգել իր մողեսաբանակին ոգևորելու ծրագիրն ու զբաղվել մարդուկներով, ինչը վշտի ու խորը վիրավորանքի տեղիք տվեց։ Մեղոս Վեցերորդի մարմին-հագուստը բազկաթոռին նստեցնելով՝ Սերապիսը, միայն պլազմային մարմնով, արագորեն սլացավ դեպի հորատանցք, քարերի արանքներով հորատողների ոտքերին հասցրեց իր երեք գլուխներն ու ողջ կատաղությունը, հրի տեսքով՝ արտաշնչեց նրանց վրա։ Հորատողները մոխրացան՝ իրենց սարք-սարքավորումների հետ միասին։

          -Փորձեք ոտքի հանել մարդկանց,- դիմեց Արտոն համադասարանցիներին,- մնացածին էլ զգուշացրեք, որ դուռ-պատուհանները պինդ փակեն, նստեն տանը։

           Դասընկերներից ազատվելու այլ եղանակ չգտավ. ոչ ոք չպիտի խանգարեր իրեն հրեշի մոտ իջնելիս և ուզում էր գնալ դեպի ետնամուտք, երբ ականջներում զգաց գրհրեշտակների հոգեշնչառությունը։

          -Մենք եկել ենք հրաժեշտ տալու քեզ,- առաջինը խոսեց հերոդոտածինը,- գուցե այլևս չհանդիպենք, իսկ եթե մեր կարիքն ունենաս, պարզապես կարդա մեր գրքերը։

          -Առանց հուզվելո՛ւ,- իր իսկ հուզմունքը զսպելով՝ մեջ ընկավ քերոլածինը,- մենք չգիտենք՝ երբ կարդալով վերածնես մեզ, արդյոք կհիշենք այն ամենը, ինչ կատարվեց վերջին օրերին։

          -Եկել է ճակատամարտին մասնակցելու մեր ժամը…

          -Սպասեք,- հնարավորինս համոզիչ խոսեց Արտոն,- ես հիմա կիջնեմ ու կհաղթեմ վիշապին, արդեն գիտեմ ձևը,- ստեց,- դա դժվար գործ չէ… Ձեր անձնազոհության կարիքը չկա…

          -Պետք չի՛,- Հերոն անդրդվելի էր,- պետք չի սուտ խոսել. դու չես կարող հաղթել հրեշին, քեզանից շատ ավելի ուժեղներն են անէացել նրա հրից…

          -Մի՛ էլ փորձիր,- կրկնակի հուզվեց Քերին,- դու ավելի կարևոր գո՛րծ ունես. ճակատամարտից հետո պիտի վերածնե՜ս մեզ… չի՛ կարելի այդքան անպատասխանատու լինել…

          -Իսկ եթե ոչ՝ ես, ապա ուրիշները չե՞ն կարող…

          -Կարող են,- չկարողացան ստել գրհրեշտակները,- բայց մենք հույս ունենք, որ քո կարդալուց հենց մե՛նք կվերածնվենք՝ մեր վերջին հիշողություններով հանդերձ…

          -Լավ, ես կմտածեմ,- չցանկացավ ո՛չ սուտ ասել, ո՛չ էլ շարունակել բանավեճը,- ես չգիտեմ, թե ինչպե՞ս գրկեմ Ձեզ… հրաժեշտից առաջ…

          -Մենք կգրկենք,- հազիվ զսպեց հուզմունքը Քերին, ու երկուսն էլ փարվեցին հարազատացած տղային՝ իրենց բոլոր էջերով։

          Արտոն միայն մեղմ շոյանք զգաց ողջ մարմնով, հաճելի ու ջերմ շոյանք. մտովի պատասխանեց դրան, ու գրհրեշտակներն էլ զգացին նույն ջերմությունը։

          -Գնացինք,- ընդհատեց մարտական ոգին թուլացնող հաճույքը հերոդոտածինը,- մինչ նոր հանդիպում…

          -Մինչ նո՛ր հանդիպում,- լավատեսական շեշտադրմամբ ավելացրեց Քերին, և Արտոն զգաց նրանց բացակայությունը։

          Իսկույն էլ շտապեց դեպի ետնադուռը՝ արագորեն հրեշին հասնելու ու ճակատամարտը դադարեցնելու հաստատակամությամբ։

          Երբ վիշապը, իր երկու օձաոտքերի վրա սահելով ու մողեսամարմնից հանգստանալով, անշտապ վերադառնում էր շտաբ, մարշալ Մարշալը փորձեց ռադիոկապով միանալ իր հորատողների հետ, սակայն միայն եթերային աղմուկ լսեց։ Վերգետնյա ծառայությունները նույնպես տեղեկություն չունեին, և այլևս չկարողանալով զսպել ամենակարող տերերին ծառայելու իր պոռթկումը՝ անձա՛մբ շտապեց վերելակի հորատանցքը։ Վերևից ցած իջեցնելով տեսախցիկը՝ չգտավ իր զինվորներին, ավելի ուշադիր զննելով միջավայրը՝ տեսավ, որ ներքևում ամեն ինչ մրոտված է։ Գլխի ընկավ, որ հորատողները կրակի զոհ են դարձել, ինչպես Պանսանդալոսի քարտուղարուհին. հագավ հրաբխագետներից վերցրած հակաջերմային կոմբինիզոնն ու սաղավարտը, զինվեց մեջը ջուր լցրած՝ թունաքիմիկատ սրսկելու սարքով ու ցած իջավ։

          Արտոն, ետնամուտքով իջնելով պահեստ, անցավ գնվող ու վաճառվող գրքերի երկար շարքերն ու դուրս եկավ բեռնատար մեքենաների ելք ու մուտքին հարմար քառակուսի դարպասի դիմաց։ Ներս մտավ ու մի պահ կարկամեց. հսկայական, անծայր թվացող լայնահուն միջանցքում հազարավոր դռներ կային։ Մոտեցավ դրանցից մեկին ու կարդաց մակագրությունը. «Բանտախուց համար 123581321, հայկական նախաքրիստոնեական»: Կողքինի համարանիշը միայն մեկ թվով էր տարբեր, սակայն այլ էր մակագրությունը. «Խալդեական աստվածաբանական»։ Հաջորդը՝ «էլամական աստղագիտական», ապա՝ «Էրիդուի բնագիտական»…

          «Հուսամ, որ Հակոբիկն ու Փորինեն կազատեն ձեզ ճակատամարտից հետո»,- ինքն իրեն ու բանտվածներին հուսադրեց Արտոն և առաջ շարժվեց՝ այս պահին իրեն հետաքրքրող միա՛կ դուռը որոնելու։ Համարյա իսկույն էլ, նախ՝ մտքով, ապա՝ աչքերով տեսավ պահեստարանների ծայրում մի դուռ, որը տարբերվում էր մյուսներից. այն մի քիչ պառկած եռանկյունու ձև ուներ, պահեստները մտնելու դարպասի բարձրության ու լայնքի էր, բայց՝ եռանկյուն։

          Դուռը փական չուներ, բայց պառկած եռանկյունու թեքության պատճառով դժվար բացվող էր։ Մի կերպ բարձրացնելով ներքևի ձախ անկյունից, այն դեպի վեր ու աջ քաշելով՝ տակից հրեց։ Հենց որ իր չափով ճեղք բացվեց, ներս սողոսկեց, բաց թողեց դուռն ու գլորվեց հատակին։ Այս դահլիճը գագաթի ծայրից լուսանկարչական լաբորատարիայի կարմիր լույսով լուսավորվող բուրգ էր։ Դրա պատերին մեկ այլ ելք որոնելու համար քայլեց դեպի բուրգի կենտրոնը՝ իրեն հուսադրելով, թե այնտեղից կկարողանա զննել բոլոր պատերը. սակայն տեղ հասնելով՝ հասկացավ, որ կանգնած է հենց ելքի մոտ։

          Բուրգի հատակի կենտրոնում՝ լուսավորման աղբյուրի տակ, մեկ մետր շառավղով կլոր հոր էր, իսկ դրա մեջտեղում՝ երեսուն սանտիմետր շառավղով մետաղյա խողովակ։ Կարմիր լույսը, թեև պիտի լուսավորեր հորի ներսը, սակայն դրսից ոչ մի պատկերացում չէր տալիս դրա խորության մասին, ու Արտոն որոշեց չափել այն։ Գրպանում գտավ համակարգչի հիշողության կուտակիչն ու ցած թողեց՝ ականջ դնելով ու սպասելով դրա բախման ձայնին։ Հույս ուներ հաշվել ժամանակն ու հաշվարկել խորությունը։ Սակայն մեկ րոպե անց հասկացավ, որ փորձն անհաջող էր։

          Ժամանակ չկորցնելով՝ բռնեց խողովակը, փաթաթվեց դրան ու ցած սահեց. դժվար է ասել, թե ինչքան էր իջել, երբ նկատեց, որ իր աչքերի բարձրության վրա՝ օդում, հանգիստ կախված էր կուտակիչը, ու շատ ուրախացավ, որ այն ինչ-որ տեղ ջարդուփշուր չի եղել. բայց ինչպե՞ս էր առանց որևէ հենարանի օդում կախված, բոլորովին այլ հարց էր…

          Ճիշտ այդ ժամանակ, մարշալ Մարշալը, ընդամենը մի քանի քար տեղաշարժելով, զգաց, որ ցած է ընկնում ու հատակին դեմ տվեց նստակյաց աշխատանքից փափկած հետույքը։ Անկումը ցավոտ չէր։ Համենայն դեպս, զգուշությամբ ու անշտա՛պ ոտքի կանգնեց, ուղղեց գլուխը պաշտպանող սաղավարտն ու զգաց, որ միայն ձախ ոտքն էր մի քիչ ցավում։ Տեսավ թեքությամբ ցած իջնող լայնահուն միջանցքն ու թեթև կաղալով՝ առաջ շարժվեց։

          Վիշապը, որ նոր էր հասել իր համակարգչին և ուզում էր վերահագնել գեներալիսիմուս Մեղոսին, ցնցվեց՝ համակարգչի ազդանշանը կրկին լսելով։

          -Ախ այդպեեե՜ս,- կրկնակի կատաղեց՝ մոնիտորին քայլող հրակայուն պաշտպանահագուստը տեսնելով,- կարծում ես՝ չե՞մ ճանաչի քայլվածքդ, մարշալ Մարշալ, հետո՞ ինչ, որ կաղում ես՝ ծերուկ լյուցիֆերին[vii] նմանակելով… և արագորեն ետ սլացավ  միջանցքով։ Մեկ րոպե անց կանգնած էր սարսափած Մարշալի դիմաց ու երեք գլուխներից էլ հուր էր արձակում վրան։ Մարշալը շոգեց, բայց ոչ միայն կարողացավ դիմակայել, այլև հաջողեցրեց բացել ջրի ծորակն ու գոլ հեղուկը սրսկել հրեշի ուղղությամբ։ Նրա արարքը միայն ծիծաղ առաջացրեց օձաոտ հրեշի մոտ ու կարծես մի քիչ բարիացրեց նրան.

          -Դե՛, լա՛վ,- ասաց՝ երեք գլուխներով ժպտալով,- ես քեզ ցույց կտամ իրական էությունս… մահվանիցդ առաջ…

          Հրեշի ժպիտը փրկվելու հույս ներշնչեց Մարշալին, որ սակայն, կես րոպեից պիտի ի չիք դառնար՝ Մարշալի ողջ մարմնի ու պաշտպանահագուստի հետ միասին։ Վիշապը պտտվեց տեղում, մի քանի տարօրինակ շարժում արեց, ու միանգամից դուրս թռան ևս ութ գլուխ։

          -Ընդամենը՝ տասնմեկ,- զոհին վերջին բացատրությունը տվեց հրեշը,- կենդանակերպի այս դարաշրջանի վերջում տասներկուերորդն էլ կուլ կտամ ու կամբողջանամ… ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ, թեև չգիտեմ էլ, թե տասներկուերորդից հետո ի՞նչ կկատարվի… միակ բանն է, որ չգիտեմ… թեև ենթադրում եմ…

          Երկու օձաոտքերի վրա իր տասնմեկ գլուխները հազիվ պահող սառը պլազմայե մարմինը դանդաղորեն սահեց դեպի ջուր սրսկողը.

          -Ես մի անգամ արդեն քեզ կուլ եմ տվել… քսանհինգ-քսանվեց հազար տարի առաջ… մի՞թե կարծում ես, թե երկրորդ անգամ նույնը կրկնելն ինձ հետաքրքիր կլինի…

          Դեռ երեք քայլ էլ կար մինչև իրար հպվելը, երբ Մարշալը սկսեց տարբաժանվել քիմիական տարրերի, սպինի պես պտտվեց իր դատարկ կենտրոնի շուրջն ու անէացավ։ Հրեշին նյարդայնացնող տեսողական աղմուկը դադարեց, սակայն, ի պատիվ մարշալ Մարշալի ասենք, որ նա կատարել էր ճակատագրով իրեն վերապահված դերը. նրա շնորհիվ Արտոն աննկատորեն էր մտել հրեշի տարածքները…

          Մի քանի վայրկյան օդում կախված կուտակիչին նայելուց հետո Արտոն բաց թողեց ձեռքերն ու, ինչպես և սպասում էր, ցած սլացավ՝ վերևում թողնելով իր ֆիզիկական մարմինը։ Աստրալ ճանապարհորդություններին սովոր տղային շատ թեթև թվաց իր զատումը մարմնից, սակայն այդ մասին մտածելու ժամանակ չունեցավ։ Բուրգի գագաթից իջնող կարմիր լույսի ճառագայթները, արտացոլվելով ինչ-որ կոր-հայելանման մակերեսից, ցրվում-տարրալուծվում էին։ Հասել էր հատակին։

          Իսկ այդ ընթացքում հարյուրքառասունչորսերորդ քաղաքի համար ճակատամարտը հասել էր վերջնախաղին։ Գետնանցքերը պատրաստ էին, ու գլխավոր հրամանատար գեներալ Գաբրիել Գարսիա Կալոտը վերջին հրահանգներն էր տալիս՝ ոգեկոչելով ողջ բանակին.

          -Հերոսամողեսներ… երեք հարյուր վաթսուն թունել է փորված օձերի օղակի տակով. մենք կարող ենք շրջապատել ու ոչնչացնել օձերին, բայց չմոռանանք, որ նրանք մեր դաշնակիցներն են եղել, և ավելորդ ժամանակ չկորցնենք։ Մեր նպատակը քաղաքն է, ու թունելներից դուրս գալուց հետո դեպի այնտե՛ղ ենք շարժվելու… միայն թունատամները բավարար են՝ օձերին երկու կողմերից սեղմել-մեկուսացնելու համար… իսկ մնացածը… Իմ ետևի՜ց:- Գոռաց և ուզում էր վազել դեպի մոտակա թունելը, երբ սկսեցին պայթել հակառակորդի անաղմուկ ռումբերը…

          Գրհրեշտակները ժամանակ չէին կորցնում սովորական եղանակով տեղաշարժվելու վրա. միանգամից հայտնվում էին հակառակորդի շարքերի վերևում և լուսարձակելով՝ հազարավոր մասերի էին բաժանվում, ներխուժում թշնամու մարմինները… կարծես սպիտակ-մանուշակագույն հրավառություն լիներ, որի կայծերը միայն դեպի ցած, միայն դեպի մողեսազինվորներն էին գնում, ու կայծերից ոչ մեկն անիմաստ չէր կորչում։

          Գեներալ Կալոտի բազմամյա գերհաստ կաշին մի կերպ դիմադրեց ու թույլ չտվեց կայծերի թափանցումը մարմին, ինչի շնորհիվ էլ կարողացավ տեսնել-գնահատել իրավիճակը։ Հրավառությունը չէր դադարում մեկ բռնկումով դրանց կայծերն էլ էին հրավառվում ու դրանցն էլ. հասնելով մողեսներին՝ փորձում էին մտնել մարմինները. եթե չէր ստացվում, վեր էին բարձրանում ու կրկին փորձում՝ նոր կետից։ Եվ այսպես՝ մինչև հաջողեին, սակայն մողեսները չէին սատկում, միայն անշարժանում էին՝ կարծես մտքերով տարված։

          «Միայն երեք հարյուր վաթսուն թունելներում տեղավորվածներն են ապահով… ամեն թունելում՝ ոչ պակաս, քան հիսունը… մի երկու հազար էլ՝ ինձ պես հաստակաշի…   մոտ քսանհազարանոց բանակ ունեմ՝         քաղաքը գրավելու համար…»։

          Մինչ իր հաշվարկներն էր անում, գրհրեշտակների պայթյուն-բռնկումներն ավարտվեցին… Կալոտը փորձեց կրկին հարձակման կոչ անել, բայց տեսավ, որ իր բանակը խլացել է. ավելին՝ նրա ոտքերի տակ ոչ թե երեսուն միլիոնանոց բանակ էր, այլ երեսուն միլիոն սովորական մողեսիկներ՝ միասնական կամքից ու մարտիկի գիտակցությունից զրկված սողունների անիմաստ բազմություն…

          «Ի՞նչ ենք անում այստեղ՝ տնից-տեղից կտրված… ինչի՞ց է կազմված նյութը… ինչո՞ւ ենք հարձակվել մարդկանց քաղաքի վրա… երկրագունդը կլոր է ու պտտվում է րոպեում երեսուն կիլոմետր արագությամբ… սեր՝ ահա թե հանուն ինչի՛ արժե ապրել… ինչպե՞ս է առաջացել կյանքը, ու ո՞րն է դրա սահմանումը… տիեզերքը վերջ ունի արդյոք… ինչո՞ւ ենք մենք հենց մողես ծնվում, ոչ թե, ասենք, ագռավ… գեղեցկության ընկալումը մեզնի՞ց է կախված, թե՞ այն ընդհանրական է բոլոր էակների համար… եթե ցանկացած կլոր շրջանի երկարությունը բաժանենք իր շառավիղի վրա, անփոփոխ-հաստատուն թիվ կստանա՞նք…»։ Ահա մտքերի մի չնչին մասը, որ պտտվում էր մոտ երեսուն միլիոն՝ հանգիստ տուն վերադարձող ու ոչ թե կանոնավոր նահանջող մողեսների գլուխներում… ամեն մեկի գլխում՝ մի միտք…

          Սակայն գեներալ Կալոտը ո՛չ ի վիճակի էր, ո՛չ էլ ցանկություն ուներ ժամանակ կորցնելու՝ նրանց մտքերը կարդալու համար։

          -Ով կգա, թող գա՛… ի՛մ ետևիիի՜ց…,- պարզապես շարունակեց ոգեկոչումն ընդհատված տեղից ու ինքն էլ մտավ թունել։

          Իրադրության կտրուկ փոփոխությունից զարմացած օձերը կանգ էին առել. ուզում էին հետապնդել նահանջողներին, սակայն տեսնելով նրանց հանգիստ քայլվածքը՝ կորցրին հարձակվելու պոռթկումը։ Երբ Գյուրիզան նկատեց թունելներից դուրս վազող մողեսներին, իր բանակի մի մասն ուղղեց արագորեն դեպի քաղաք շարժվողների ետևից։ Ում հասան-բռնեցին, կուլ տվեցին, սակայն երբ հասան քաղաքի սահմանին, Գյուրիզան ֆշշացրեց կանգառի շեփորը։ Քաղաք մտնելն արգելված էր. մարդկանց սրտերը սարսափից կարող էին ճաքել, եթե տեսնեին տասնյակ հազարավոր օձերի՝ միասին։ Վնասը կգերակշռեր օգուտը։ «Թող քաղաքում էլ ագռավնե՛րն իրենց գործն անեն… մարդիկ սովոր են և նույնիսկ, ակամա, կերակրում են նրանց»։ Գյուրիզայի պատերազմն ավարտված էր։

          Պիրանիաների ջրագորգի վերջին, ողջ մնացած ջոկատն էլ, այլևս անելիք չգտնելով, վերադարձավ ծով, որպեսզի շրջի աշխարհի բոլոր ջրերով ու բոլոր ձկներին պատմի այդ փառավոր ճակատամարտի մասին, որում վրեժի ոգին գտել էր իր բավարարվածությունը…

          Միայն ագռավներն էին զբաղված վերակազմակերպմամբ։ Դրանց կեսը բաժանվեց քաղաքի փողոցների քանակով ջոկատների, իսկ մյուս կեսը դարձավ մի հսկա սև խողովակ, որի գագաթին կրկին Միտին էր։ Նա շարունակում էր սպիտակ լույսով ճառագել, բայց այժմ՝ շատ կոնկրետ, միայն դեպի քաղաք ներխուժող մողեսների ուղղությամբ։ Ճակատամարտի քաղաքային մասը տղայական կռիվ էր հիշեցնում, որին մասնակցող մողեսներն անընդհատ պակասում էին, իսկ անգործության մատնված ագռավները պարզապես հեռանում էին։ Վերջապես քաղաքի գլխին կանգնած մնաց միայն Միտին, որն ուղղահայացորեն վեր բարձրանալով՝ գնաց իր գործերով։

          Միակ ու մինչև վերջին կաթիլ արյունը պատերազմողը գեներալ Կալոտն էր, որ բազմաթիվ վերքերով պատված, մի կերպ, համարյա սողալով՝ հասավ արշավանքի գլխավոր նշանակետին… Մտավ Գրքասերների միության կիսաբաց դռնից ներս, գնաց դեպի գրքերի  պահեստները, որպեսզի հասնի կլոր հորին, թռչի խողովակի մեջ ու ստորգետնյա աշխարհ իջնելով՝ անձամբ զեկուցի Մողեսների երկու թագավորությունների հիանալի կայսերը. «Տե՛ր իմ, առաջադրանքը կատարված է…»։          
Շարունակելի


[i] Նմանատիպ՝ սեփական հողամասում որոշ խորությունից ցած ջրի որոնումն արգելող օրենք է գործում նաև մեր հանրապետությունում վերջին տարիներին։

[ii] Սցինկները մողեսների ընտանիք են։

[iii] Հարյուր քառասունչորսը իսրայելական այն ցեղերի քանակն է, որոնք փրկվելու են համաշխարհային աղետից՝ ըստ Աստվածաշնչի մարգարեությունների։

[iv] Մեծածավալ մողեսների տեսակ։

[v] Մողեսների տեսակ:

[vi] Մտքերի ու գաղափարների վիրուսներին նմանեցման տեսությունը լայնորեն կիրառվում է ինֆորմացիոն ազդեցության ժամանակակից տեխնոլոգիաներում։

[vii] Լյուցիֆերը /բառացի՝ լույս ճառագող/ անկյալ հրեշտակ սատանայի անվանումներից մեկն է։

No Comments

Leave a Reply