Սկիզբը՝ այստեղ
Գլուխ տասնութերորդ
Տասնմեկ գլխանի վիշապը ոչ մի բավարարվածություն չզգաց մարշալ Մարշալի անէանալուց, ավելին, երկար ժամանակ թաքնված-կիսաքնած գլուխները սկսեցին տնքալ-տնքտնքալ ու վզները պտտելով՝ հարմարվել նոր վիճակին։ Առաջինը ընդարմացավ-խոսեց ցլի գլուխը.
-Մի՞թե արդեն եկել է մեր ժամանաաա՜կը…
-Դեռ ոչ, դեռ ոչ,- կատվի պես ասաց առյուծը,- միայն ուզում էի տեսնել, թե ինչպես եք զգում Ձեզ…
-Ձեզնից լա՛վ,- խայթեց կարիճը,- հանգստանո՜ւմ ենք…
-Ես լաաա՜վ քնեցի,- մեջ ընկավ ոսկեգեղմ խոյը,- որքա՞ն ժամանակ մնաց…
-Հարյուր տարուց ավելի,- պատասխանեց վարազը,- ու հետո ազատությո՜ւն կստանանք… կստանա՞նք…
-Ես հիմա էլ եմ ազատ,- վրա տվեց ընձուղտի գլուխը,- ամեն ինչի ներսում էլ տարածությունն ավելի մեծ է, քան դրսում… չե՞ք նկատել…
-Ձեզ ի՞նչ կա,- բողոքեց գայլի գլուխը,- դուք ձեր հաճույքներով եք զբաղված, իսկ մենք աշխատում ենք բոլորի փոխարեն…
-Նրանք էլ մե՛ր տեղն են աշխատել,- հակաճառեց շունը…
Հետո,Աառյուծագլխից բացի, բոլորը միասին սկսեցին խոսել։
-Հիմա հասկացա՞ք,- վերջապես մռնչալով՝ բոլորին լռեցրեց առյուծը,- որ միասին՝ միայն խանգարում ենք իրար…
-Պատճառն այն է, որ տասներկուերորդը՝ լռակյաց ձուկը, չկա,- փորձեց հակաճառել ձին,- նրանով կլրանանք, ու ամեն ինչ այլ կերպ կլինի…
-Դե՛, ուրեմն մտեք տեղներդ ու հարյուր հիսուն տարի էլ սպասեք նրա՛ն,- էլ ավելի ահարկու մռնչաց առյուծը։
-Լավ…
-Լավ…
Համաձայնեցին բոլոր դուրս եկածներն ու ներս մտան, բացի Գայլագլխից ու Շնագլխից։
-Իսկ դո՞ւք ինչի եք սպասում,- մռնչոցը նվազեցրեց առյուծը,- ես ուզում եմ մենակ մնալ… օձաոտքերս հազիվ են ինձ պահում… եթե պետք լինեք, ձայն կտամ։
Մեկ գլխով անհամեմատ ավելի արագ տեղաշարժվեց ու մի քանի րոպեից՝ համակարգչի դիմաց էր։ Արագորեն հագավ գեներալիսիմուսի մարմինն ու միացրեց արբանյակային աչքը. հույս ուներ, որ մողեսների բանակը դեռ չի մտել հարյուրքառասունչորսերորդ քաղաքը, ու ինքը կհասցնի առաջնորդել հաղթական երթը, սակայն…
Խողովակի կողքով հորատանցքից դուրս գալով՝ Արտոն հայտնվեց առաստաղից, հատակից ու պատերից բխող թույլ-լյումինիսցենտային լուսավորմամբ, մեծ, կլոր դահլիճում։ Պատերին երկու հարյուր երեսուներեք երկփեղկ դուռ-հայելի հաշվեց. «Ֆիբոնաչիի հաջորդականության տասներկուերորդ թվի քանակով… ո՞րն է իմ ճանապարհը… գուցե մեկից բացի, մնացածը ծուղակնե՞ր են… արտացոլումնե՞ր…,- ուրախությունից բղավեց ներքին ձայնով,- բոլորը միայն մեկի արտացոլումներն են, իսկ իրականը նա պիտի լինի, որից բխում է լույսի աղբյուրը…»։ Սակայն մի բան նկատեց, որն առաջին անգամ էր իր հետ կատարվում. աստրալ մարմինը համալրվում էր ինչ-որ անտեսանելի մասնիկներով, ու թեև չնչին, բայց՝ քաշ էր հավաքում։ Ոտքերում թեթև ծանրություն զգալով՝ քայլեց դեպի առաջին հայելի-դուռը, գլուխը ներս մտցրեց ու երկար, կոր անկյուններով, ամբողջովին հայելամակերես միջանցք տեսավ։ «Հեշտ հաջողությունը ծուղակ է, որտեղ անհաջողությունն է սպասում քեզ»,- հիշեց ինչ-որ գրքից ու նահանջեց։ Հաջորդ հայելուց ներս նույն պատկերն էր, ու բոլոր մյուսներից՝ նույնպես։ Ոչ մի դուռ-հայելու ներսը մյուսից չէր տարբերվում։ «Պիտի որ վիշապի մոտ տանող իսկական ճանապարհը գտնելու ա՛յլ միջոց լինի, բայց…»։ Հենց այդ պահին էր, որ հորատանցքի մոտ թույլ թրմփոց լսեց ու ետ նայեց…
Գեներալ Կալոտի բախտը չէր բերել, բայց ինքը չգիտեր այդ մասին։ Քառակուսի ու եռանկյունի դռների՝ հատուկ մողեսների համար թողած արանքներով ներս սողոսկելուց հետո, մոտենալով բուրգի հատակի կենտրոնում տեղադրված հորատանցքին, վերջին ուժերով թռիչք գործեց դեպի խողովակը, մտավ մեջն ու կիսաուշաթափ սահեց ցած։ Արնաքամ էր, բայց ոգևորված. վերջապես կարող էր մարմնապես քայլել ստորգետնյա լաբիրինթոս-տաճարով, անցնելով բոլոր փորձությունները՝ հասնել ստորին Երուսաղեմ ու մուտք գործել Երիքովի ճանապարհով[i], ոտք դնել Տիրոջ Տաճարի սրբության սրբոց ու լավ լուրը զեկուցել երկու մողեսաշխարհների երանելի կայսր Մեղոս Վեցերորդին։ Այնքան թուլացած էր, որ չկարողացավ բռնվել խողովակի պատերից, ու միայն ներերկրային անկշռելիության շնորհիվ, ջարդ ու փշուր լինելու փոխարեն, ընդամենը ձախ թաթով թեթևակի հարվածեց հատակին, մեկնվեց մեջքի։
Ծնված օրից էր նախապատրաստվել այս ուղուն ու գիտեր լաբիրինթոսով անցնելու սկզբունքը, այն կիրառելու համար անհրաժեշտ թվաբանական համաչափություններն ու հաջորդականությունները, գաղտնի նշաններն ու բառերը։ Ուշքի գալով՝ շուռ եկավ ոտքերի վրա, գանգի վերևում տեղադրված երրորդ աչքի շնորհիվ տեսավ միայն մեկ միջանցք ու կաղալով քայլեց դեպի այն…
«Ուղեկի՞ց,- առաջին բառն էր, որ Արտոյի միտքը եկավ. հետո զննելով՝ ճանաչեց մողեսների արյունարբու հրամանատարին,- մի՞թե գրհրեշտակներին ոչինչ չհաջողվեց, ու մողեսները գրավել են քաղաքը… եթե սա այստեղ է, ուրեմն… միայն ես եմ հույսը»։
Հետևելով գեներալ Կալոտին՝ ուսումնասիրում էր միջանցքը. խորդուբորդ պատերը երկնագույն երանգով արծաթապատ հայելու էին նման, ավելի ստույգ՝ պատերն այնքան էին հղկված-փայլեցված, որ արծաթափայլ-հայելանման էին դարձել, չնչին իսկ քերծվածք չկար, բայց խորդուբորդերը պահպանվել էին։ Աստրալ մարմնով շոյել-փորձելն անիմաստ էր, բայց թվում էր, թե պատերը առաձգական են՝ ռետինե խողովակի պես։ Ուշադիր, ավելի քան ուշադիր զննելով մակերեսից բխող թույլ լույսը՝ ենթադրեց. «Թույլ, դանդաղ, քվանտային մասնիկներ են, որ ոչ մի ալիքի մեջ չլինելով՝ «կիսալույս» են մնում[ii]… հենց ա՛յդ մասնիկներն են հավաքվում ու քաշ տալիս աստրալ մարմինս,- չհասցրեց գիտակցել այս նկատառումը, երբ հաջորդ միտքը ցնցեց իր պարզությամբ,- …ու միայն կենդանի մարմինն է ի զորու առաջացնել այդ մասնիկները… գուցե… ես աստրալի արծաթե պորտալարի ներսում եմ… երկրի արծաթե պորտալարի… Գեայի… որ կյանք է տվել ողջ կենդանականին…»։
Արդեն չզարմացավ, երբ նայելով իր ոտքերին՝ տեսավ, որ մինչև ծնկները մարմնեղացել է, առնվազն՝ արտաքին մաշկի շերտում։ «Նման բաները, երևի, միայն այստեղ են հնարավոր,- փորձեց հանգստացնել իրեն,- պատմեմ՝ չեն հավատա»։
Կենդանի լաբիրինթոսի հայելանման պատերին, աստիճանաբար, Արտոյի ողջ մարմինն արտացոլվեց, ու գեներալ Կալոտի գլխավերևում տեղադրված երրորդ աչքը նկատեց նրան։ «Արդեն հասնում եմ դարպասներին, և ինձ ուղեկցում են. սա լավ նշան է,- ինքն իրեն հուսադրեց ու դա միայն իր անձին ուղղված պատի՛վ համարելով՝ հպարտորեն շարունակեց ճանապարհը,- մնացած ուղեկցողներս էլ, երևի, քաղաքում կմիանան ու արժանապատիվ թափոր կունենամ»։
Իսկ երբ աջ թեքվելով՝ միջանցքի ծայրում քաղաքային դարպասի պես ինչ-որ բան նկատեց, այնպես ոգևորվեց, որ մոռացավ վերքերի մասին։ Վազեց ու սկսեց հրել դարպասը։
Հայացքը սևեռելով մոնիտորին՝ առաջին պահին գեներալիսիմուս Մեղոս կայսրը չհասկացավ, թե ինչ է կատարվել. քաղաքի շուրջը միայն ճակատամարտի զոհերի դիակներն էին ու սոված կատուներ, որ սատկացնում-ուտում էին վիրավոր մողեսներին։ Քաղաքը կանգուն էր ու դատարկ. չկային ո՛չ ագռավները, ո՛չ օձերը։ Ստիպված էր վիրտուալ ժամանակով ետ գնալ ու… է՛լ ավելի զարմացավ։ Քաղաքաբնակներն ինչ-որ նոր, նույնիսկ իրեն անհայտ զենք էին օգտագործել. ապա տեսավ ճակատամարտի դաշտը լքող միլիոնավոր մողեսներին ու սկսեց ուռել կատաղությունից։ Հետո վերցրեց մի կադր լուսապայթյուններից, նշեց մի քանի կայծկլտումներ ու հնարավորինս խոշորացրեց դրանք։ Պարզվեց, որ ճիշտ կտրվածքներով՝ օղակներ, եռանկյուններ, քառանկյուններ, տարբեր քանակի թևերով աստղեր ու էլի բազմապիսի երկրաչափական մարմիններ էին։ «Ընդամե՞նը,- չկարողացավ զսպել զարմանքը,- հետո՞»։ Դրանք էլ խոշորացրեց ու վրաները տարբեր խորհրդանիշեր տեսավ՝ բազմապիսի խաչեր, նետահարված սրտեր, բռունցքներ, եռաթև անտենաներ, կենդանիների ուրվագծեր… «Հետո՞,- կրկին ոչինչ չհասկացավ,- սրանք մարդկա՛նց համար արժեք ունեն, բայց ոչ՝ մողեսների, հետո՞»։ Կրկին խոշորացրեց՝ համարյա երկու մետր անկյունագծով ամբողջ մոնիտորի չափով, ու չհավատաց օգտագործված գաղափարի պարզությանը… Բոլոր գծերը ՐիբոՆուկլեինաԹթվի վիրուսային կոդով[iii] էին գծված, մարդկանց ու կենդանիների համար ընդհանուր` զգայական նախալեզվով, որը ո՛չ տառերի, ո՛չ բառերի, ո՛չ էլ խոսքի կարիք ուներ… եթե որևէ կայծի մի չնչին մասն իսկ զգալի լիներ կայծահարվածին, նրա էությունը, դեպի երկրագնդի հյուսիսային մագնիսական դաշտը ձգվող ասեղի պես, կփոխեր իր ուղղվածությունը, բոլորովին ա՛յլ կետում կհայտնվեր իրականության հանդեպ ու բոլորովին ա՛յլ իրականություն կտեսներ, մի քայլ վեր բարձրանալով՝ զգայապես կընկալեր խորհրդանիշերը, ապա՝ մտքերն ու գաղափարները։
Չեմ կարող ասել կատաղությունից, թե ոգևորվածությունից այնպես փքվեց, որ Մեղոսի գեներալիսիմուսական մարմինը պայթեց՝ հազարավոր կտորտանքների բաժանվելով ու անէանալով… Գայլի ու շան գլուխները միանգամից դուրս թռան տեղերից ու երեքով էլ սկսեցին քահ-քահ ծիծաղել…
-Խաղն ավարտվե՞ց,- վերջապես կարողացավ խոսել Առյուծագլուխը։
-Ու մենք պարտվեցի՞նք,- զարմանքն արտահայտեց Շնագլուխը։
-Մենք չենք կարող պարտվել,- նյարդայնացավ Գայլագլուխը։
-Ինչպե՞ս պարտվենք, երբ ինքներս մեզ հետ ենք խաղում,- պարզեցրեց իրադրությունն առյուծը,- Մեղոսը մեռավ… գնանք դրա տասներկու մարմինները մոխրացնենք…
-Ազատություուո՜ւն,- ուրախացավ Գայլագլուխը։
-Ազատությո՞ւն…
-Չգիտեմ, չգիտեմ,- հանդարտեցրեց Առյուծագլուխը,- հետո կտեսնենք, թե աշխարհում ինչեր են կատարվում… կարողանում են արդյոք մեր մողեսահպատակեցված հարյուր քառասունչորս քաղաքները կրկին մարդայնանալ… մողեսները մեզ այլևս պիտանի չեն, դա՝ հաստատ… բայց և… ընդամենը հարյուր հիսուն տարի մնաց ձկան դարին… չգիտեմ… կտեսնենք…
Ուզում էր շարժվել տեղից, երբ համակարգիչը երկրորդ աստիճանի խախտման ահազանգի շեփոր հնչեցրեց, ու մոնիտորին հայտնվեց գեներալ Կալոտը…
-Մենակ սա էր պակաս,- հիասթափված խոսեց Գայլագլուխը։
-Բա ետևը նայեք,- առաջինը նկատեց Շնագլուխը,- մարդու ոտքեր են…
-Դավաճա՛ն,- եզրահանգեց Առյուծագլուխը,- գերի ընկնելով՝ ինքնասպան էլ չի եղել… հիմա ես քեզ կդատեմ քո իսկ ռազմական օրենքներով,- ու սեղմեց համակարգչի՝ Դ, ապա Ո տառերով կոճակները։
Դ ու Ո տառերըը նշանակում էին «դաժան ոչնչացում»։ Միջանցքի պատերից դանդաղ, համարյա աննկատ՝ զմրուխտե բյուրեղներ դուրս եկան ու հանկարծ, միանգամից, դրանց ծայրերը սկսեցին կարմիր ճառագայթներ կրակել։ Գեներալ Կալոտը ծակծկվեց միանգամից տասնյակ կետերից՝ չհավատալով կատարվածին. չէր էլ մեռնում. մկանները ցնցվում էին, ու խեղճը իրար ետևից վեր էր թռչում ու ցած ընկնում։ Արտոն, որ նույնիսկ ֆիլմերի մահվան տեսարանները չէր սիրում, տարօրինակ հանդարտությամբ էր նայում մողեսի երկարաձգված հոգեվարքին. ճառագայթներն իր միջով էլ էին անցնում, սակայն, առանց որևէ հետևանքի, միայն թեթև ծակծկոցներ էր զգում, այն էլ՝ եթե տեսնում էր դրանց՝ իր մեջ մտնելու պահը։ Վերջապես Կալոտը ձկնորսական խճճված ցանցի նմանվեց, ու հարձակումը դադարեց. մողեսից ծուխ ու գոլորշի էր բարձրանում, բայց Արտոն դրա հետ վեր բարձրացող ինչ-որ բան էլ նկատեց։ Գաբրիել Գարսիա Կալոտի հոգին դուրս եկավ մարմնից, դանդաղ վեր բարձրացավ, շուռ եկավ դեպի Արտոն, մոտեցավ դեմքին, նայեց ուղիղ աչքերին ու հարցրեց.
-Ինչո՞ւ…
-Ես չգիտեմ…
-Դու իմ ուղեկիցը չե՞ս…
-Ո՛չ, ես ուզում եմ գտնել լաբիրինթոսի տիրոջը…
-Աաա՜,- գլուխը կախեց Կալոտը,- թյուրիմացությո՜ւն է… ինձ դավաճանի տեղ են դրել… բայց դա արդեն կարևոր չէ… ես պիտի հասնեմ մեր երկրորդ՝ մողեսահոգիների թագավորությունը… ՆԱ ինձ կհասկանա…
-Ո՞վ,- անկեղծ ու ակամա հարցրեց Արտոն։
-Երկու թագավորությունների մեծն կայսրը… կհասկանա, ու որպես պարգև՝ մողեսական դրախտի ամենավերևում կընդունի… հետո էլ կտեղավորի որևէ բարձր երկրային պաշտոնիայի գլխում, ու ես կկառավարեմ միլիոնավոր մարդկանց բանակները…
Եթե մարմնով լիներ, Արտոն հավանաբար կհակակրեր Կալոտին, սակայն աստրալ մարմնով, նույնիսկ արծաթե պորտալարում թեթևակի համալրված, միայն խղճահարություն զգաց մողեսի հանդեպ։
-Իսկ դու մի խղճա ինձ,- վրա տվեց գեներալ Կալոտը,- դու դեռ նոր պիտի մի ամբողջ կյանք ապրես մողեսի մարմնում ու հետո նո՛ր կարողանաս ներքին մողեսական դառնալ… մարդկանց բախտը չի՜ բերել… դուք միանգամից մողես չե՜ք ծնվում…
Արտոն քիչ մնաց ծիծաղի ու երբ զսպեց իրեն, աստրալ մարմինը մանր գունավոր կայծեր արձակեց. գեներալը մի քիչ ետ թռավ, հետո ատամները բացելով՝ իբր սարսափազդու դեմք սարքեց ու ֆշշացրեց.
-Գնանք, դու լաբիրինթոսի տիրոջն էիր որոնում… ե՛ս էլ կհանձնեմ քեզ նրա ձեռքն ու դրա համա՛ր էլ պարգև կստանամ…
-Գնանք,- ուղեկցին վերագտնելու համար ուրախացավ Արտոն,- առաջ անցիր…
-Ի՞նչ ենք անելու գեներալի հոգին,- հարցրեց Գայլագլուխը, հենց որ Արտոն ու Կալոտը դռնից ներս անցան,- փաստորեն, իզուր պատժեցինք… պիտի մողեսական դրա՞խտ ուղարկենք…
-Իսկ ի՞նչ ենք անելու մողեսական դրախտը, եթե խաղն ավարտվել է…,- իր հարցն էլ տվեց շունը։
-Դրախտը… չգիտեմ, մեզ որ պետք չէ…,- Առյուծագլուխն էլ էր մտահոգ իրենց անելիքով,- լավ, մի բան կմտածենք, հիմա էս տղայով պիտի զբաղվենք… էլ ո՜վ դիմանա, Նեոանտրոպոս Աստրալիկուս[iv]… համարյա՝ աստված, որ չգիտի այդ մասին… արդեն հարյուր տարի կլինի, որ սրանց ծնունդներն ավելացել՝ կանոնավոր են դարձել, բայց սա առաջինն է, որ մեզ հյուր եկավ…
-Նորություն չէ,- հիշեցրեց շունը,- բոլոր դարաշրջանների վերջում էլ սրանք հայտնվում ու փորձում են երկրաստեղծ գիտելիքներին տեր կանգնել… հիշու՞մ եք Պյութագորասին[v]… ի՜նչ հրաշալի տղա էր…
-Մեզ խաբեց… «Ուզում եմ ապրածս կյանքերը չմոռանա՜մ»… մենք էլ խաբվեցինք, ու համարյա անմահ դարձավ…- հուշերի գիրկն ընկավ գայլը։
-Ի՛բր խաբվեցինք,- մռնչաց Առյուծագլուխը,- ի՛բր… մեզ էլ հենց դա էր պետք… մենք թշնամի չենք մարդկանց ու ոչ էլ թալանել ենք ուզում… դե գիտեք… իսկ հիմա գնանք, հյուրին համապատասխան հագնվենք։
-Չհրավիրված հյուրին,- ճշտեց Գայլագլուխը։
-Բայց միշտ էլ սպասելի…- հստակեցրեց Շնագլուխը։
-Թե էս խաղերն էլ չլիներ, ի՞նչ էինք անելու երկու հազար տարի…,- իրեն ու գլխակիցներին տեղից վեր հանելով՝ ավելացրեց առյուծագլուխը։
Դարպասից ներս, սկզբում, նույն միջանցքն էր, բայց մի քանի քայլից ճյուղավորվեց. Կալոտն աներկբա ընտրեց աջ կողմինը, ու Արտոն վստահեց նրան։ Հայտնվեցին մի դահլիճում, որը լի էր մարդկանց տանջամահ անելու ամենատարբեր սարքավորումներով. Արտոյի ուշադրությունը մի մեծ խաչ գրավեց, այնպիսին, ինչպիսինի վրա պիտի որ Հիսուսին խաչած լինեին, բայց այն տարբերությամբ, որ սա ամբողջությամբ պատված էր ասեղներով, ու մարդու ձեռքերը մեխելու կարիք չէր լինի։ Դիմացն իր բոյի մետաղյա գունդ էր՝ վրան ձեռքերն ու ոտքերն ամրացնելու փոս գցած տեղերով։ Նկատելով Արտոյի հայացքը՝ Կալոտը բացատրություն տվեց.
-Սա նիհարների համար էր. եթե երեք հարյուր քայլ գլորվեին դրա վրա կապված ու գանգերը չճխլվեին, կենդանի կմնային։
Չցանկացավ օգտվել մողեսի զրուցելու հակումից ու նույնիսկ չհարցրեց էլ, թե՝ ինչո՞ւ։ Նայելով տանջելու գործիքներին ու մեքենաներին՝ պատկերացնում ու զգում էր տանջվողների վիճակը. ձեռք ու ոտքից քաշվող-ճողվողներին, գլուխը բանալիավոր օղակով ճզմվողներին, լեզվից ու ականջներից հատուկ կեռիկով կախվածներին. միայն դահլիճի ծայրում երևացած դուռը մի քիչ հանդարտեցրեց Արտոյին։ Իսկ վերջում, երբ դուրս էին գալիս, կարողացավ հարցնել.
-Որտեղի՞ց գիտես…
-Ես ինքս եմ անցել նման փորձություններով… գեներալ դառնալուց առաջ… եթե չհասկանայի, որ մահը գոյության վերջը չէ, ինչպե՞ս էի զինվորներիս դեպի այն տանելու…
-Իսկ ի՞նչ իմաստ ունի կյանքը, եթե այն ինքնի՛ն, ընտրածդ ճանապարհից անկախ՝ արժեք չունի։
-Մարդավարի ես մտածում,- կարճ կապեց Կալոտը, որ փիլիսոփայական զրույցների ցանկություն չուներ։
Վերջապես, նոր էր մահացել։
-Հիմա՞ ենք ոչնչացնելու Մեղոսի մարմինները,- հարցրեց Գայլագլուխը, երբ մտան հանդերձարան-դահլիճ։
-Գոնե մեկը պահենք հիշատակ,- մեջ ընկավ Շնագլուխը,- զմրուխտափայլ ֆրակն ու կեպի-թագն ինձ շատ էին դուր գալիս։
-Թող բոլորն էլ մնան, գուցե երբևէ պետք գան, ինչպես հիմա՝ հունական Սերապիսինը,- քայլերը դեպի արխիվային մարմիններն ուղղեց Առյուծագլուխը։
-Արդեն ընտրե՞լ ես…
-Ո՛չ մեծ ընտրություն կա, ո՛չ էլ ժամանակ… կարճ ճանապարհով են գալիս,- բանկային ծանրածանր մետաղյա դռնից ներս մտնելով՝ մոտեցավ կենտրոնում, հերմետիկ ապակյա ցուցափեղկում թույլ լուսավորությամբ ցուցադրված մարմնին ու կողքին տեղադրված վահանակի վրա հավաքեց գաղտնաբառը,- ինչ ուզում եք ասեք, գեղեցկությունը էակների տեսակներից անկախ է ընկալվում ու համատիեզերական է։
-Եթե դեմքն էլ թախծոտ չլիներ ու ժպտար, մեր կյանքն էլ ուրախ կլիներ,- կրկին դժգոհելու առիթ գտավ գայլը։
-Հումորի զգացումը… մեզ պես հազարամյակներ ապրողների համար ամենակարևորը հումորի զգացումն է…,- գայլին միացավ շունը։
-Միայն հիմարներն են միշտ ծիծաղում կամ դժգոհում,- ասաց առյուծը՝ բացված ապակե փեղկից ներս մտնելով,- բայց իրականությունը կերտում են իմաստունները։
Շարունակելի
[i] Երիքովի ճանապարհով Երուսաղեմ մուտք գործեց Հիսուսը։
[ii] Ըստ քվանտային ֆիզիկայի՝ ազատ քվանտները մասսա՝ քաշ ձեռք բերելու հնարավորություն ունեն։
[iii] Րիբոնուկլեինաթթու — վիրուսները հենց միայն դրանցից են կազմված. դրանք մտնում են բջջի կառուցվածք ու օգտագործում են դրա սպիտակուցները՝ իրենց վերարտադրելու համար։
[iv] Նեոանտրոպուս՝ նոր մարդ, աստրալիկուս՝ աստրալում ապրող։
[v] Ըստ առասպելի՝ մաթեմատիկայի հիմնադիր Պյութագորասը աստվածներից խնդրեց չմոռանալ իր նախորդ կյանքերն ու համարյա աստված դարձավ, քանի որ մարդու ու հին աստվածների հիմնական տարբերությունը կյանքի տևողությունն է։
No Comments