bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom
ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Ապահարզան հայկական ձևով

15.03.2023

(Երկու գործողությամբ մենախոսություն)

Մաս առաջին. Տղամարդ

Մերի՞… Ձայնդ խզված է, հո մրսած չե՞ս, այսօր ցուրտ է ու քամոտ… Փառք Աստծո… Այո, ես աստվածապաշտ եմ, ինչ է՝ նորությո՞ւն է քեզ համար, բա ինչո՞ւ եմ Մարիամ Աստվածածնի նկարը մեր ննջարանում կախել, ուրեմն հավատում եմ։ Դու էլ հավատա, եթե մինչև այս րոպեն չես հավատացել։ Լեգենդ է թե հեքիաթ՝ Մարիամը միակ լուսավոր կինն է, որ լույս ծնեց ու նվիրեց աշխարհին։ Իսկ շատ մարդիկ լույսը փոխարինում են մթությամբ, և գիտե՞ս ինչու, որպեսզի չերևան իրենց թերություններն ու մեղքերը։ Հիմա ի՞նչ եմ անում, ուսուցչանոցում մենակ եմ, բոլորը գնացին, ծխում եմ, կում-կում խմում իմ ձեռքով պատրաստված սուրճը և մտածում եմ։ Ինչի՞ մասին։ Չգիտեմ, Մերի, ոչ մի բանի մասին էլ չեմ մտածում, հա, քո մասին եմ մտածում, Մերի, ինչ լավ կին ես, բարի ու գեղեցիկ։ Այո, իմ բախտը բերեց, բայց դու մի ասա, թող ես ասեմ, իսկ քո՞ բախտը… Լռում ես։ Լռությունը ամենաբարձրաձայն հնչող ձայնն է։ Ներողություն, Մերի, եթե ես քեզ դժբախտացրել եմ։ Ասա «այո» կամ «ոչ»։ Մի ասա, թող ես զգամ ու լսեմ։

Այսօր աշակերտուհիներիցս մեկը դասի ժամանակ ինձ անսպասելի հարց տվեց. «Ընկեր Արշակյան, ինչո՞ւ եք Վարազդատ»։ Որ դասարանի՞ց… իններորդ։ Այո, լավիկն է, խաժ աչքերով, գերազանցիկ։ Ինչո՞ւ խանդեցիր, Մերի, հիմար, իմ աշակերտները իմ երեխաներն են, ես բոլորին էլ սիրում եմ հայրական սիրով։ Հարցը ինձ էլ էր հետաքրքիր, իսկապես, ինչո՞ւ եմ հենց Վարազդատ Արշակյան, դու էլ չգիտես, Մերի, դու իմ մասին շատ բան գիտես ու ոչինչ չգիտես։ Ես էլ ինձ կարգին չեմ ճանաչում, ո՞վ եմ, վերջապես, հասկացանք, հին աշխարհի պատմության ուսուցիչ եմ, քո ամուսինը, բայց ինչպիսի՞ մարդ եմ, արդյո՞ք սիրում եմ այնպես, ինչպես Աստված կկամենար, ահա մի հարց, բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերից մեկը, որը պատասխան չունի, դու ասա, Մերի, սիրո՞ւմ եմ քեզ, եթե չես պատասխանում, ուրեմն, կարելի է կարծել, չեմ սիրում, բայց դա սխալ է։ Մեզ շրջապատում են ավելի սխալները, քան՝ ճշմարտություններ, որոնք գալիս են ու հեռանում անվերադարձ, մեզ թողնելով սխալների լաբիրինթոսում, և սա հավերժական ճակատագիր է մարդուս համար, մեծ ողբերգություն, մահացու ապոկալիպսիս, որին ենթարկված ենք նաև ես ու դու կամ դու և ես։

Ինչ մոռացկոտն եմ դարձել, չպատասխանեցի Անուշի հարցին։ Այո, անունը Անուշ է, շատ անուշիկ աղջիկ է, ամեն անգամ հարց է տալիս, և ոչ միշտ եմ կարողանում պատասխանել, իսկ նրան սուտ պատասխան չեմ ցանկանում տալ, չեմ ուզում մեղք գործել։ Նորից սիրտդ խանդոտվե՞ց, Մերի, հո երեխա չես, հանգստացիր, Մերի, ինձ նման ամուսին ունես։ Ես Անուշին ասացի՝ Անուշ, սիրելիս, մեծ դասամիջոցին մոտեցիր ինձ, և կպատմեմ ինչու եմ Վարազդատ Արշակյան։ Պատմություն է, Անուշ, դասամիջոցին, երկար միջանցքի պատուհանի մոտ ասացի նրան, դու էլ լսիր, Մերի, թող ես էլ լսեմ ու իմանամ, թող աշխարհը իմանա։

Վարազդատը՝ իմ հեռավոր պապը, Արշակունյաց թագավորներից էր, իմ վրա նրա անունն է։ Բոլոր Արշակունիները իմ ազգականներն են, այդ պատճառով էլ ես Արշակյան եմ։ Մերի՞… որտե՞ղ ես, կին… Անուշը հիացած նայում էր ինձ։ Մեկ էլ պարտեզում բացված կարմիր վարդի նման շառագունեց ու ասաց, գիտե՞ս ինչ ասաց, Մերի, ասաց՝ երբ ես մի քիչ էլ մեծանամ, մի օր կամուսնանամ, մի օր ինձ տղա կծնվի և մի օր նրա անունը կդնեմ Վարազդատ, ձեր անունը, ընկեր Արշակյան։ Սիրտս հուզմունքից դողաց, ինձ դեռ ոչ ոք այդպես չէր սիրել։ Նույնիսկ դու, Մերի, քո մտքով երբևէ անցե՞լ է, խոստովանիր, եթե այս կամ հաջորդ դարում մեզ տղա-աղջիկ ծնվի, կանվանեմ Վարազդատ կամ Վարազուհի, քո անունով։ Եթե լռում ես, ուրեմն մտքումդ ուրիշ անուն կա։ Ի՞նչ անուն կա մտքումդ, Մերի։ Լավ, համաձայն եմ, թող լինի հորդ կամ մորդ անունը, ի սեր նրանց հիշատակի, թող նրանք ապրեն մեր զավակի մեջ, արժանի են։

Դպրոցի տնօրինուհին՝ տիկին Բիատրիչեն, ինձ կանչում է, ուսուցիչներս իրար մեջ նրան ասում ենք Բիչի, ես շուտով կվերադառնամ։ խնդրում եմ, հեռախոսը մի անջատիր։

… Մերի, եկա։ Եթե հարցնես Բիչիին, կասի հազար անգամ ամուսնացել եմ, թեև պառաված կույս է, նա ինձ էլ է իր ամուսինը համարում։ Մի անգամ ինձ ասաց՝ ընկեր Արշակյան, դուք իմ ամուսինն եք, չէ՞։ Ես պատասխանեցի՝ այո, և կարծես կնիքով վերջնականապես հաստատեցի՝ իհարկե։ Նա բոլորին էլ նույն բանն է ասում, նույնիսկ կանանց։ Մի հուզվիր, Մերի, ես Բիչիի ամուսինը չեմ, ես քո ամուսինն եմ։ Բիչին մեղք է, նա շատ բարի է։ Ուզում է դպրոցում իմ հիսունամյակը հանդիսավորությամբ նշել։ Համաձայն չե՞ս… Բայց ինչո՞ւ, Մերի։ Ամեն մարդ ուզում է իր կյանքում գոնե մեկ անգամ գովեստի արժանանալ։ Դու կարծում ես իմ հարյուրավոր պապերի պապ Վարազդատը դե՞մ կլիներ իր փառաբանությանը, չէ, Մերի, նա էլ մարդ էր և, մանավանդ, թագավոր։

Ինչո՞ւ ես լաց լինում, Մերի… Կարծում եմ, այո, Անուշն էլ ներկա կլինի հոբելյանիս և կարտասանի, պար կգա, կերգի, գուցե շամպայն էլ խմի՝ իր կյանքի առաջին բաժակը։ Դու էլ դահլիճում կլինես, Մերի, իմ կողքին, քո բացլանջ կապույտ շրջազգեստով, քո մարգարտաշար վզնոցով, քո բարձրակրունկ կոշիկներով, որոնց վրա քո ոտքերը երևում են ավելի գայթակղիչ, թող Անուշն ու բոլորը տեսնեն՝ ինչքան գեղեցիկ կին ունեմ։ Չե՞ս ուզում Անուշին հանդիպել։ Սրբիր խանդոտ արցունքները, Մերի, ախր նա երեխա է, հիմար կնիկ, հերիք ինձ տանջես քո խանդոտությամբ, ինչ ամուսնացել ենք՝ խանդում ես մեկ սրան, մեկ նրան, երրորդին ու չորրորդին, կարծես ես Դոն Ժուանն եմ և ոչ մի Վարազդատ Արշակունյաց աշխարհից։ Արդեն հոգնել եմ։ Երբեմն մտածում եմ, գուցե ես Ժուան եմ, ահա թե ինչ սև միտք է մտքովս անցնում։ Խնդրում եմ, վերջ տուր, թող ապրեմ իմ պես և ոչ քո հիվանդ պատկերացումներով։ Լավ, էլի, հանգստացիր, դուրս արա քո սրտից խանդի որդը, Անուշենք շատ շուտով մեկնում են Ամերիկա մշտական բնակության, ես նրան այլևս չեմ տեսնի, նա էլ ինձ։ Գժվեցի՞ր, Մերի, ես ինչո՞ւ նրա ետևից պիտի գնամ Ամերիկա, սա է իմ երկիրը, Մերի, ինչպես մի բանաստեղծ ասել է՝ այնքան փոքրիկ, որ տեղավորել եմ սրտիս մեջ։ Ես եմ այս երկրի տերը, նա էլ ինձ է տեր ու պահապան իր լեզվով ու պատմությամբ։ Ճիշտ է, մի քանի մարդ ելել են մեր երկրի շալակը, ինչպես ասաց մեկ ուրիշ գրող, բայց երկիրը Քուռկիկ Ջալալու պես մի օր, երբ համբերությունը հատնի, ամպրոպային ձայնով կխրխնջա, վեր ու վար կթափահարի գավակը, ծառս կլինի և նրանց իր թամբից կփռի ասֆալտին, հավատա, Մերի, այդպես է լինելու, կփռվեն, կգնան, կմոռացվեն, իմ ապուպապ Վարազդատը կմնա։ Տեր լինելով՝ ես այս երկրի մի ծառան եմ նաև, սա քաղցր աշխատանք է՝ ծառայել և ոչ թե ծառայեցնել։ Ժպտա, Մերի։

Սիգարետ դեռ ունեմ, սուրճս վերջացավ։ Սպասիր մի գավաթ էլ պատրաստեմ տիկին Բիչիի ուսուցիչներիս նվիրած էլեկտրական սրճեփով։ Շնորհակալություն, տիկին Բիչի, ես քո ամուսինն եմ, եթե դա քեզ երջանկություն է։

Քեզնից թաքցնելու բան չունեմ, Մերի, իմացիր, Անուշը ծնողների ու եղբոր հետ չգնաց Ամերիկա երկիրը, հակառակ հարազատների սպառնալիքներին՝ կռիվ տվեց նրանց, լաց եղավ, այժմ ապրում է մորաքրոջ տանը, և թեև արդեն նրա ուսուցիչը չեմ, հաճախ ներկա է գտնվում իմ դասերին ու հարցեր տալիս ոչ միայն պատմության, այլև ֆիզիկայի, աշխարհագրության, հանրահաշվի վերաբերյալ, ես փորձում եմ նրան գոհացնել, բայց դա ոչ միշտ է ստացվում։ Այս մեկ-երկու տարում նա շատ է փոխվել, դարձել է ավելի գեղեցիկ ու հարցասեր, միայն թե հարց ու հարց տա և լսի իմ ճիշտ կամ սխալ պատասխանը, դա ինձ մտահոգում է ու վախեցնում։ Անցյալ շաբաթ ես նրան արգելեցի մտնել իմ դասարանը, բայց ո՞ւմ ես ասում, երեկ նորից եկավ, տրտում-միայնակ նստեց վերջին նստարանին, նայում-նայում էր ինձ, որից ես շփոթվում էի, և ոչ մի հարց չտվեց։ Ես որոշել եմ հեռանալ այս դպրոցից, Մերի, բայց չեմ ուզում տիկին Բիչիին տխրեցնել, կկարծի ես՝ իր ամուսինը, մեռել եմ։ Երևի հեռանամ։ Երևի գնամ մեռնեմ։ Լվա՞ցք ես անում, Մերի։ Քո դոլման միշտ էլ համեղ է։ Կաղամբով ու խաղողի տերևով արա, մի թեթև կծվոտ թող լինի, ոնց իմ կյանքը։

Սոված չեմ, մի անհանգստացիր, քիչ առաջ կերա առավոտյան պատրաստած քո լավաշե բրդուճը՝ պանիր-երշիկով։ Դոլմայիդ հետևիր, հանկարծ չվառվի։ Մեր կատուն ինչպե՞ս է, հղի՞ է, յա՜, քեզնից առաջ ընկավ։ Աշխատանքի գնալիս մետրոյում հանդիպեցի, ո՞ւմ հանդիպած լինեմ, որ լավ լինի, մեր հարսանիքի թամադային։ Հարցրեց՝ ո՞նց է իմ գեղեցկուհի Մերին, լկտիի մեկը, լկտի, մեկ էլ հետաքրքրվեց՝ քանի՞ երեխա ունեք։ Չունենք,– ասացի ես։ Ո՞նց,– ուրախացավ նա,– չբե՞ր ես։ Հարցն ինձ էր վերաբերում։ Ներողություն, Մերի, ես այդ անամոթին ասացի. քո երեխաները, թամադա, քեզնից չեն, ինձնից են։ Բոլո՞րն էլ,– վախեցավ նա։ Մինչև հիմա և հետո էլ ծնվածները, բոլորին ես եմ ցանել։ Այս խոսքի վրա բաժանվեցինք։ Մերի՞… Ի՞նչ ես խոսում, Մերի, ինչո՞ւ ես պետք է նրա երեխաների կենսաբանական հայրը լինեմ, նորից գժվեցի՞ր։

Գիտե՞ս այս րոպեին ում եմ տեսնում՝ իմ պապ Վարազդատին, նոր է հաղթական վերադարձել պարսիկների դեմ մղած ճակատամարտից։ Նա ինձ ասում է՝ աշխարհում միայն մի ճշմարտություն կա, մնացած ամեն ինչ սուտ է՝ ոսկին սուտ է, կյանքը սուտ է ու սուտ, մահը սուտ է, հայրենիքն է ճշմարիտ, դու պետք է այնպես ապրես, որ արժանի լինես նրան։ Չգիտեմ, Մերի, արդյո՞ք ես այնպես եմ ապրում, որ հայրենիքը ինձնից չնեղանա։ Ինձ բավականին ճանաչում ես, տասը տարի ամուսնացած ենք, այդքան ժամանակ քնում ենք նույն մահճակալին, առավոտյան խմում ենք նույն սուրճը, որ ես եմ պատրաստում, ամբողջ երեկո դիտում ենք նույն ձանձրալի հեռուստաֆիլմերը, տեսնում նույն կաշառված պատեհապաշտ գործիչների ասես կացնով տաշված բութ դեմքերը, որոնց մեջ, ցավոք սրտի, նաև կանայք կան, փոխանակ երեխա ծնեն, ազգը շատանա, դոլմա եփեն, սիրեն իրենց ամուսիններին, կին մնան՝ դարձել են քաղաքական աճպարարներ, հատկապես նրանցից իքսերն ու իգրեկները, դու ասա, Մերի, այս մթնոլորտում ես ի՞նչ անեմ, որ մնամ ճշմարիտ մարդ և ուսուցիչ, ի՞նչ անեմ, դու ասա։

Ահա, նորից կանչում է… Ո՞վ… չգիտես ով՝ տիկին Բիչի Բեատրիչեն՝ իմ կինը։ Հիմա ինչ է ուզում… Երևի ուզում է ինձ օպտիմալացնել, կարծելով, թե ես իր ամուսինը չեմ։ Կեղծ եմ։ Փրկյա ինձ ի չարեն։ Եվ քեզ փրկյա, Մերի։ Խնդրում եմ, հեռախոսը չանջատես։

Բիչին սուրճ պատրաստեց և ընդամենն ասաց. ընկեր Արշակյան, քեզ հետ երջանկություն է սուրճ խմելը։ Չէ, չօպտիմալացրեց, այլ դրույքս բարձրացրեց ֆիզիկայի ուսուցչուհու ժամերի հաշվին, համոզված, որ ես իր ամուսինն եմ, պաշտոնական դիրքի չարաշահում, բայց ես համոզված չեմ, թե նրա ամուսինն եմ, դու էլ համոզված մի եղիր, Մերի, կասկածիր, որ մի օր ճշմարտությունն իմանաս։ Այժմ ես նաև ֆիզիկոս եմ և արդեն գիտեմ, որ աշխարհում կա ձգողականության օրենք, բոլորը բոլորին ձգում են, դրա վրա է աշխարհը հիմնված և ոչ դոլմայի, նույն ֆիզիկայի օրենքով՝ դոլման, որքան էլ համեղ, աշխարհը քայքայում է։

Ոչ, Մերի, ես փիլիսոփա չեմ, ես պատմության ուսուցիչ եմ, մի համեստ մարդ ու ֆիզիկոս, փիլիսոփան նա է, ով սուտը մեծամտորեն ներկայացնում է իբրև համընդհանուր ճշմարտություն։

Մի օր, Մերի, ես Անուշից, հիշո՞ւմ ես, նա իմ աշակերտուհին է եղել, հարսանեկան հրավերի գունավոր բացիկ ստացա, մեր գրադարակի գրքերից մեկի մեջ է, կարող ես ման գալ ու գտնել, սուտ չեմ խոսում, այդ բացիկը ոնց որ վեպ լինի, Մերի, հասկացողը կհասկանա և եթե հոգի ունի, նորից ու դարձյալ լսելու է իր ապրած կյանքի ամենասրտալից երգը։ Ես պատշաճ հագնվեցի, ծաղկի կրպակից մի շքեղ-բուրավետ ծաղկեփունջ առա և գնացի այնտեղ։ Այ, այդ մի բանը քեզնից թաքցրել եմ։ Բայց ինչո՞ւ չգնայի, Մերի, մի՞թե ես չեմ իմ գլխի ու սրտի տերը… Ես մոտեցա սպիտակ հարսնաշորով ու քողով զարդարված Անուշին և ծաղկեփունջը պարզեցի նրան։ Քողը մի փոքր վեր առավ և ծաղկեփունջը երկար հոտոտեց՝ հուզված, երջանիկ, կարծես ինձնից էր հոտ քաշում։ Նա ինձ ներկայացրեց իր ամուսնուն, շքեղ բաճկոնով և շատ անշուք երիտասարդ էր։ Մտածեցի՝ մի՞թե սա է քեզ արժանի, Անուշ, և ոչ ես։ Բայց հաջորդ վայրկյանին ինչ եղավ, մինչև մահ չեմ մոռանալու։ Անուշն ասաց՝ ամուսնուս անունը Վարազդատ է, ձեր անունը, ուսուցիչ։ Ես նայեցի այդ տղային, կարծես իմ երիտասարդությունը լիներ, նա ես էի։ Առաջին ու մի վերջին անգամ ես շոյեցի Անուշի ժպտուն դեմքը և սրահից դանդաղ հեռացա՝ նրանց թողնելով մենակ, չխաթարելու հարսանիքի ուրախությունն ու տոնականությունը, և վերադարձա քեզ մոտ, Մերի, սրտիս մեջ մի անչափելի երջանիկ տխրությամբ։

Բիչին նորից կանչում է։ Չեմ գալիս։ Զզվեցրիր։ Ինձ օպտիմալացրու որպես ուսուցիչ ու քո ամուսինը, աշխարհը չվերջացավ, չեմ մեռնի, առանց քեզ էլ կապրեմ։ Շատ եմ խնդրում, հեռախոսը մի անջատիր։

Մերի՞… Հեռախոսդ փչացա՞վ… Ախր ինչո՞ւ անջատեցիր, չե՞ս տեսնում, խոսում եմ։ Կանջատես այն ժամանակ, երբ ես մեռած կլինեմ։ Հիմա ի՞նչ ես անում, Անուշի հարսանեկան հրավերի բացի՞կն ես փնտրում, մի չարչարվիր, գրադարակում  չես գտնի, այն իմ սրտում եմ պահել։ Մերի՞… համոզվեցի՞ր, որ իմ և դպրոցի տնօրինուհու միջև ոչ մի ամուսնական շարժում էլ չկա, այսինքն՝ նրա կողմից կա, բայց ես դրան անմասն եմ, ոչ տեսել եմ, ոչ լսել, ոչ էլ զգացել, ազնիվ խոսք։

Մեր փողոցում իրարանցո՞ւմ է… Այստեղ էլ, Մերի, բոլորը շտապում են, վազում են այս ու այն կողմ։ Պատերա՞զմ… Ոչ պատերազմ ու ոչ էլ խաղաղություն, մի անհանգստացիր, Մերի, երեկ գիշեր, դու արդեն քնած էիր, չիմացար, Գագիկ Սուրենյանը հայտնեց և արբանյակային լուսանկարի վրա ցույց տվեց, որ Սկանդինավներից Հայաստանին են մոտենում ցուրտ և անձրևոտ ամպեր, այսօր ժամը երեքն անց քառասունութ րոպեին կլինեն Երևանի վրա, եղանակը միանգամից կփոխվի, առատ անձրև ու կարկուտ է գալու, հիմա չորսից քսանհինգ է պակաս, մարդիկ շտապում են պատսպարվել իրենց տներում, ընդամենը սա է եղած-չեղածը, մարդիկ ուզում են չթրջվել, չոր մնալ, բայց նրանք չեն գիտակցում, որ վաղուց մինչև ոսկորները թրջված են ու հիվանդ, նրանք տեղ չունեն փախչելու։ Ահա, անձրևի խոշոր կաթիլները խփվեցին պատուհանի ապակուն։ Ահա և կարկուտը։ Արդեն ձյուն էլ է թափվում երկնքից այս շոգ ամառվա կեսին։ Դու ողջ մնաս, Մերի։ Մնացածը՝ անորոշություն։ Թվում է ես կորցնում եմ իմ մարմինը, և ճանապարհն աստիճանաբար ամայանում է։ Ճանապարհին շուն էլ չկա։ Միայն ինչ-որ տեղ երգում է արտույտը։

Դոլման ի՞նչ եղավ։ Չէ, Մերի, դոլմա չեմ սիրում, ոչ թե քո եփածը, այլ ընդհանրապես։ Դոլմայի մեջ ինչ-որ շատ նյութական բան կա, ուտում ես և միայն փորդ ես զգում, կարծես սիրտ ու հոգի չունենաս։ Այ, սուրճն ուրիշ է, սիգարետն ուրիշ։ Այսօր դու առանց ինձ ճաշիր։ Այսօր տուն չեմ գալու։ Չգիտեմ վաղն ականջիս ինչ կասի։ Մյուս օրը, հաջորդ օրերին էլ ամենայն հավանականությամբ կբացակայեմ։ Այլևս չեմ տեսնի քեզ, Մերի, ոչ թե ես եմ այդպես ցանկանում, այլ կյանքի կան ու չկան։ Ներողություն, Մերի, ես վերադառնում եմ առաջին կնոջս մոտ, նա քո սիրելի ընկերուհին է՝ Արփին, որից դու ինձ գողացար։ Այժմ Արփին վատառողջ է, անկողնային, ես պետք է նրան խնամեմ, ուզում եմ քավել մեղավորությունս, նրան հասցրած վիրավորանքը, ապաշխարանք անել, որ գողացվեցի, կարող էի, չէ՞, չգողացվել, բայց թուլակամորեն ենթարկվեցի քո զգացմունքների կախարդիչ ձգողականությանը, որը նաև իմ մեջ էր արթնացել քո հանդեպ։ Ներիր, Արփի, ներիր, եթե կարող ես, հավատա՝ ես քեզ սիրում եմ, մենք դեռ երկար կյանք կապրենք այս կապույտ, արևաշող երկնքի տակ։

Ի՞նչ… Կրկնիր, տղաս… Դու մայրիկին ավելի շատ ես սիրում, քան ի՞նձ… Դու ինձ չե՞ս սիրում… Ասում ես մայրիկը մե՞ղք է, չբաժանվե՞մ նրանից… Դու մե՞ղք ես… Գիտեմ, տղաս, երկուսդ էլ մեղք եք… Ախր ես էլ եմ մեղք… Բոլորս էլ մեղք ենք… Բայց մեղքի առաջ ծնկի գալը մարդկային թուլություն է… Ես գնում եմ ճշմարտության ետևից։

Ամեն առավոտ ես ասում եմ՝ բարի լույս, Արփի։ Կեսօրին հարցնում եմ՝ ինչպե՞ս ես, Արփի, հո ցավ չե՞ս քաշում, փառք Աստծո, ես քո սիրած վարդն եմ բերել, տես ինչ քաղցր է բուրում։ Երեկոյան ասում եմ՝ բարի գիշեր, Արփի։ Առավոտյան ասում եմ՝ բարի առավոտ, Արփի, սրտիդ երազ եկե՞լ է, ի՞նչ երազ  էր, ես երազից վախենում եմ։ Արփին ժպտում է։ Ես երջանիկ եմ. եթե ժպտաց՝ ուրեմն ինձ ներեց։

Մերի, քեզ մի մեծ խնդրանք ունեմ, թույլ տուր երբեմն քո բնակարան գալ՝ որոշ գրքեր ու հագուստ վերցնելու համար, ես դռան բանալին պահել եմ։ Միայն թե դու այդ ժամանակ տանը չլինես, մենք չհանդիպենք, աշխարհը հանկարծ նորից շուռ կգա, արևը կծագի արևմուտքից և մայր կմտնի արևելքում։ Հատկապես ուզում եմ ունենալ սև թիթեռ փողկապը, ինչ գնել եմ՝ ոչ մի անգամ չեմ օգտագործել, զգեստապահարանի ներքևի դարակում է, թաշկինակների ու գուլպաների մոտ, գուցե մի օր ցանկանամ կապել։

Վա՜յ, Մերի… Վա՜յ, Վարազդատ Արշակյան…

Երբ հասարակությունը քաոսի մեջ է, ոչ ոք չգիտի՝ ի՞նչ պատի ենք ճակատով խփվում, ո՞ւր են քայլում մեր հոգնած ոտքերը, որտեղի՞ց է փչում քամին, ի՞նչ է ուզում առանց այն էլ հիվանդ աշխարհից այս նոր ու մահաշունչ կորոնան, դու կանգնում ես անլուծելի երկվության առջև՝ լինե՞լ, թե՞ չլինել։ Նույնիսկ Համլետը հինգ հարյուր թե հինգ հազար տարի չի քնում, օր ու գիշեր մտածում է և չի կարողանում լուծել այս խնդիրը։ Երբ անքնությունը քեզ տանջում է, անվերջ լսում ես կատվի մլավոցը, նինջ ու խաղաղություն գտնելու համար դու որոնում ես անմարդաբնակ կղզին, որը գոյություն չունի։ Ահա այդ ժամանակ ես սուզվեցի իմ ներաշխարհը, որ իմ տունն է, ամուր փակեցի դուռ ու լուսամուտ, որ ոչ ոք ներս չմտնի, և ինքս ինձ խոսեցի այս երկար թե կարճ մենախոսությունը, որտեղ ամեն գործող անձ ու դիպվածներն այնքան ճշմարիտ են, որ կարող են բացարձակ սուտ երևալ։

Մաս երկրորդ. Կին

Վարազդա՞տ… Վարա՞զ… Որտե՞ղ ես… Քանի ժամ զանգում եմ, չես պատասխանում։ Որտե՞ղ ես, այ մարդ… Իհարկե չես մեռել, իմ նման կին ունես, իմ նման կին ունեցողը կմեռնի՞, մեղք չե՞ս, ես մեղք չե՞մ։ Լավ է, որ դերասան չես, բայց վատ չէր լինի, որ մի քիչ էլ դերասան լինեիր, մեր թատրոնը կծաղկեր։ Չէ, ես դերասան չեմ, դու ես դերասան։ Չէ, սիրելիս, Մերին դերասան չի, Մերին կին է։ Դերասանը նա է, ով մեջտեղից կիսված է, ապրում է երկու անհամատեղելի կյանքով՝ թատրոնի բեմում և կյանքի բեմում, որ մեր ձանձրալի իրականությունն է, որտեղ բոլորը բոլորին դավաճանում են, բոլորը բոլորին սիրում են ու ատում, բոլորը  բոլորին հարազատ են և օտար։ Ինչո՞ւ ես լռում։ Եթե լռում ես, ուրեմն դու էլ ես մտածում ինձ նման։ Այնպես եմ ուզում չմտածել, իմ մեջ խլացնել չար ձայները, բայց չի ստացվում, այդ ձայները սրտիս մեջ են, ոչ ականջներիս, այլ սրտիս ու հոգուս։ Անխիղճ, խղճա ինձ։ Ես ավելի թույլ, քան ուժեղ կին եմ, այնքան թույլ, որ վախենում եմ ինքնասպանություն գործել, քեզնից, մեր քաղաքից ու աշխարհից հեռանալ։

Վարազդա՞տ… Վարա՞զ… Ինձ պատմել ես, շատ էիր ցանկանում դերասան դառնալ, խանդոտ Օթելլո պատկերել և խեղդել անմեղ Դեզդեմոնային… Այո, սիրելիս, ես դեռ բավականին արթուն հիշողություն ունեմ, մի դժգոհիր, հիշողությունը մեծ բան է, եթե հիշում ես, ուրեմն ապրում ես, դեռ կաս, չես մեռել։ Հեռախոսդ ինչո՞ւ անջատվեց… Ահա… նորից միացավ։ Ոնց որ քո ձայնը չի։ Այ հիմա քոնն է։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելով՝ դու գնացիր թատերական ինստիտուտ, բայց քեզ չընդունեցին, որովհետև տառակեր հանձնաժողովը նկատեց, որ դու «ռ» տառն արտաբերում ես «ղ», ինչպես ֆրանսիացիները։ Ճի՞շտ եմ հիշում։ Մտքովդ անցավ Փարիզ գնալ, դերասան աշխատել այնտեղի թատրոններից մեկում, բայց Երևանի ու Փարիզի միջև երկաթե անանցանելի վարագույր կար։ Ճի՞շտ եմ պատմածդ պատմում։ Դու դուրս եկար թատերականից ու ետ-ետ նայելով քայլեցիր-հասար Շրջանայինի ու Աբովյանի խաչմերուկ, երթևեկությունը կարգավորող լուսացույցի կարմիր լույսի ներքո թեքվեցիր ձախ, քիչ մնաց ավտոմեքենայի տակ ընկնեիր… Շատ  վախեցար, Վարազ ջան… Երբ անցնում էիր բժշկականի շքամուտքի մոտով, մի կես վայրկյան կանգ առար, մտքովդ անցավ՝ ներս  մտնեմ ու  բժիշկ դառնամ, ի՞նչ բժիշկ էիր ուզում դառնալ, սիրելիս, կարո՞ղ էլ գինեկոլոգ, խոստովանիր… Հաջոդ կես վայրկյանին ոտքերդ գնացին դեպի քիչ վերև գտնվող պետական համալսարանի տուֆակերտ սև շինությունը, և այստեղ հինգ տարի սովորելուց հետո դարձար պատմաբան։  Հիշում եմ, հիշում, հիշում եմ։ Ես դեռ ծեր չեմ, դեռ բավականին հեռու եմ ծերությունից, ես կմեռնեմ չծերացած, և դու աղի արցունք կլացես երիտասարդ Մերիի վրա։ Կլացես, չէ՞։ Խոստացիր, Վարազդատ Արշակունի, իմ անդավաճան ամուսին։ Ճի՞շտ եմ ասում, անդավաճա՞ն, թե՞ դավաճան… Մի անջատիր հեռախոսդ և պատասխանիր։ Հավատա՞մ ստիդ… Ախր ո՞նց հավատամ… Ես քո կենսագրությունը լավ գիտեմ։ Երդվիր, որ ինձ սիրում ես, Բիչիին չես սիրում, ես եմ քո  միակ կինը, որի հետ խաբելով ամուսնացար տասը տարի առաջ, հիսուն, հարյուր, հազար տարի առաջ… Կեղծ դերասան, տաղանդավոր դերասան, սուտ դերասան։ Խեղճ Մերի։ Մեղք Մերի։ Անօգնական Մերի։ Միայնակ ու միայնակ Մերի։ Հեռախոսը չանջատես, դուռն են թակում, գնամ տեսնեմ ով է… Ասե՞մ ով մտավ ներս։ Պիտի ասեմ, որ գժվես։ Մովսես Խորենացին։ Մենք իրար հազար ու ավելի տարիներ սիրում ենք։ Գժվիր, դե գժվիր։ Ես նրանից հղի եմ։ Դու ինձ չկարողացար հղիացնել, նա հղիացրեց։ Այնքան մարդ ու տղամարդ չես, որ սպանես նրան Ես ավելի լավ դերասան եմ, քան դու, սիրելիս։ Դու հեչ դերասան չես, մտել ես կյանքի աղբամանը և ուտում, հա ուտում ես աղբը և չես կշտանում։ Սիրելի, թանկագին, աննման, աղբախեղդ  ամուսինս, դու և Բեատրիչեն իրար արժանի եք, ինչո՞ւ մեր քաղաքապետարանը ձեզ չի տանում Սովետաշենի աղբանոց, չի վառում, պահում է մեր քաղաքում, որ ի՞նչ, որ քաղաքը թունավոր հո՞տ արտաշնչի ինձ վրա, կճռոտի՞ թագուհի դեմքս, որն այնքան սիրելի է Մովսես Խորենացուն։ Մովսես, նստիր բազմոցին, այ այնտեղ, շուտ թե ուշ, այսօր կամ վաղը ես կավարտեմ այս զրույցը իմ Վարազդատ ամուսնու հետ, նրան կուղարկեմ գրողի ծոցը և քեզ համար կպատրաստեմ փարիզյան հինգ համարի սուրճ։ Դա՞ռն ես խմում, թե՞ քաղցր։ Դա՞ռը։ Ես սուրճը իմ շուրթերի պես քաղցր կեփեմ, ես եմ Մերին, ես եմ կինը։

Վարազդատ, Վարազ… Հեռախոսը մի անջատիր, վախկոտ, դեռ շատ բան կա քեզ ասելու, երեկ, այսօր ու վաղը և հավիտյանս հավիտենից  ես լավագույն դերասանն եմ աշխարհում, միակն ու միակը, որը զգում  է ու գիտակցում, որ ավելի լավ  է ապրել, քայլել ու վազել  թատրոնի բեմի վրա, քան կյանքի աղբի մեջ։ Ես դա չէի հասկանա, եթե   նմանվեի քեզ, ամբողջ էությամբ Մերի անունով կին չլինեի։ Կին-ը շատ մեծ  ու իմաստուն բառ  է, բայց բառագետները դա չգիտեն, դու  էլ չգիտես, այս բառը քեզ համար  եղավ ու մնաց մութ  անտառ, որովհետև գինեկոլոգ չդարձար, չգնահատեցիր կին մարմինն  ու հոգին։ Զզվում եմ քեզնից և չգիտեմ ուր փախչել։ Խնդրում եմ, մի խորհուրդ տուր, օգնիր ինձ տեղափոխվելու մեկ ուրիշ  աշխարհ, որտեղ ես մնամ ես։

Ինչո՞ւ ես զարմանում, ես փիլիսոփա չեմ, բայց խոսում եմ  մի փիլիսոփայի պես։ Փիլիսոփայությունը աշխարհի մասին է, իսկ կինը ավելին է, քան աշխարհը։ Տղամարդը վերարտադրության գործիք է, իսկ կինը՝ բուն վերարտադրությունը։ Դու ինձ համար, սիրելիս, մաշված ու ժանգոտ գործիք եղար։ Գիտե՞ս երեկ կեսօրին ում զանգահարեցի… մեր հարսանիքի թամադային։ Գիտե՞ս ինչ ասացի նրան… Ասացի՝ ողորմելի թամադա, ամուսինս հազար ու մի գործ ունի, ամբողջ համաշխարհային պատմությունը նրա անտաղանդ գլխի մեջ է, ամուսինս նույնիսկ ժամանակ չունի ինձնով զբաղվելու, ողորմելի թամադա, անբարոյական կնոջդ հեռու պահիր Վարազ Արշակունուց, ինչ եղել է՝ ներում եմ ու չեմ ներում, չհամարձակվի ամուսնուս իր վրա քաշել, թող քեզ քաշի, ողորմելի, ժանգոտ անասուն թամադա։ Ի՞նչ… Լավ եմ արել։ Ինչո՞ւ չպիտի ասեի։ Շատ էլ լավ եմ արել։ Ոնց էլ պառկել ես էդ պառավի հետ։ Քեզնից հիասթափվեցի։ Հեռախոսը մի անջատիր, նորից դուռն են թակում։ Հիմա ո՞վ է։ Ո՞վ… Մի պառավ կին, քեզ հաստատ չի հետաքրքրի։ Բայց, ով գիտե, չէ՞ որ դու վարազ ես, գուցե և հետաքրքրի։ Ի՞նչ է ուզում։ Մատաղի փող։ Տվեցի հազար դրամ։ Ինչո՞ւ է քիչ։ Եթե մեր փողոցում մի երեք ժամ դես-դեն գնա, հազար ու հազարներ կարող է հավաքել և ոչ թե աքլոր, այլ մատաղացու ոչխար առնել։ Դպրոցում քո մեկ դասաժամը ինչքա՞ն է, սիրելիս, հազիվ երեք հարյուր հիսուն դրամ, չէ՞։ Ամբողջ ամիս, առավոտից իրիկուն դաս ես տալու, աշխարհ ես թափառելու, Անուշի հիմար հարցերին ես պատասխանելու, Բիչի ես խաղացնելու, ինձ՝ քո հարազատ կնոջն ես դավաճանելու, որ կարողանաս մի ծեր-քնձռոտ աքլոր մատաղ անել, ես էլ էդ աքլորը տասը ժամ եփեմ ու եփեմ, էլի մնա հում։ Բա, սիրելիս։ Դարձյալ դուռն  է։ Հիմա էլ հիվանդի ու դեղի փող են հավաքում։ Ասացի՝ չունեմ, ես էլ եմ հիվանդ։ Հարցին՝ ի՞նչ հիվանդ ես։ Պատասխանեցի՝ անբուժելի, ամուսինս ինձ դավաճանում է, ես գժվում եմ։ Ասացին՝ բաժանվիր։ Ասացի՝ ես սիրում եմ  նրան։

Սպասիր, Մովսես Խորենացուն սուրճ տամ և կաթնային շոկոլադ, ներողություն, շոկոլադը քեզնից թաքցրել եմ, պահել եմ սիրածներիս համար, որոնք բոլորն  էլ շոկոլադ շատ են սիրում։

Հիշո՞ւմ ես, երբ դեռ նոր էինք ամուսնացել կամ դեռ ամուսիններ չէինք, այլ զբոսայգիների սիրահարներ, գնացինք «Նաիրի» կինոթատրոն և դիտեցինք «Տղամարդը և կինը» ֆրանսիական ֆիլմը։ Չե՞ս հիշում։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ։ Կնոջ դերը կատարում էր Անուկ Էմեն։ Տղամարդունը՝ Ժան Լուին։ Նրանք դանդաղ քայլում էին ամայի ծովափով, շատ դանդաղ, կարծես չէին քայլում։ Ոչ, իրար ձեռք չէին բռնել, նրանց միջև մի փոքր տարածություն կար, չէին խոսում, լուռ էին և լուռ, բայց մեկ հոգի ու մարմին էին, երկու մարդուց բաղկացած  մեկ  մարդ։ Նրանց քայլվածքը կապույտ-խաղաղ ծովափի տաք ավազների վրայով, նրանց բաժանող տարածությունը, նրանց համաշխարհային լռությունը նման էր կիթառով հնչող սիրային երաժշտության։ Կիթառը նման  էր համեստ շրջազգեստով ծածկված Անուկի մարմնին, որի վրա նվագում էին տղամարդու  սրտի մատները։ Ափսոս, մոռացել ես: Հիմա էլ չես տեսնում Անուկ  Էմեի քայլվածքը, դեմքին  նրբորեն արտահայտված սիրո գույներն ու գծերը, չես լսում  նրա ներքին կնոջ լռության ձայնը, նա այնքան գեղեցիկ է և հմայիչ ու միայնակ, ինչպես ես։ Մի բան ասա, անզգա մարդ։ Ինչպես եմ տասը տարի ապրում քեզ հետ, ո՞նց չեմ խելագարվում, Վարազդատ Արշակյան։ Մի բան ասա, թե չէ հեռախոսը կանջատեմ։ Ի՞նչ… Ի՞նչ ասացիր։ Էմին սեքսուա՞լ է։ Վա՜յ, Վարազ ջան, որքան ճիշտ ասացիր։ Չգիտե՞ս, այ տղա, սեքսուալ չի նշանակում անբարոյական, ուրիշ բառ չասեմ, չի նշանակում բոզ, նշանակում է գեղեցիկ ու հմայիչ կին։ Ես էլ եմ սեքսուալ, բայց ոչ քեզ համար, դու թեև երիտասարդ ես, բայց արդեն բավականին ծեր, չեմ հասկանում ինչպես է Անուշը սիրում քեզ։ Ոնց ես դու սիրում նրան, ախր դու սիրել չգիտես։ Ես ուզում եմ դու ինձ այնպես սիրես, ինչպես ես եմ քեզ սիրում, բայց արդեն չեմ սիրում։ Դու մարդ չես, դու գիտնական ես։ Գիտնական չեմ ուզում,  մարդ եմ ուզում, մարդ եմ կարոտում։

Նայիր, մեր փողոցի երկնասլաց բարդու հաստ բնին հենված, օրը ցերեկով, ավտոմեքենաների  ու բոլորի աչքի առաջ բերան բերանի, կուրծք կրծքի, փոր ու փորով, ձեռք ու ոտքով միմյանց շղթայված, անսկիզբ-անվերջանալի համբուրվում են երիտասարդ աղջիկը, տղան  ու բարդին։ Սերը չի ամաչում։ Ինչո՞ւ դու ինձ այսպես երբեք չես սիրել, արել ես ընդամենը սառն ու թեթև, մակերեսային շոյանքներ։ Քո պատճառով ես չեմ զգացել ու ճանաչել սիրո հրաշքը։ Հիմա եմ զգում, երբ նայում եմ պատուհանից դուրս, մեր փողոցում խշշացող բարդուն, տղային ու աղջկան։ Ուզում եմ այդ աղջիկը լինել։ Ուզում եմ լինել այդ տղան։ Ուզում եմ այդ բարդին լինել։ Բայց դու ինձ խանգարում ես, չես թողնում, որ ես բացահայտեմ իմ ներքին-արտաքին կնոջը։ Ես  ամաչում եմ ինձ ցուց տալ։ Ես չգիտեմ, որ դժբախտ եմ։

Դու ինձ մերկ ու մերկ տեսե՞լ ես։ Չես տեսել։ Նույնիսկ կեսգիշերին, հակառակ այս տղայի, աղջկա և բարդու լուսավոր ու աստվածային բարոյականության, դու միշտ հանգցնում ես մեր մահճակալի գլխավերևում գտնվող  լուսամփոփը և ինձ հետ շփվում ես կույր մթության մեջ։ Եթե մոռանում ես լուսամփոփը հանգցնել, որ հազվադեպ է պատահում, ես եմ հանգցնում, որովհետև ես օտարվել եմ ինձնից։ Ցանկանում եմ վերադառնալ ինձ, վերադառնալ Մերիին, լինել Անուկ Էմե, լողալ ու լողալ սիրո օվկիանոսի ալիքներում, բարձրանալ Մոբի Դիկ սպիտակ կետաձկան մեջքին, Մոբի Դիկը սիրի ինձ, տանի ինձ օվկիանոսի հատակը, որտեղ ապրեմ, մեռնեմ ու ապրեմ անգամ աշխարհի կործանումից հետո։ Վարազդա՞տ… Աշխարհը կկործանվի, բայց սերը կմնա։ Այդ ժամանակ դու, իհարկե, չես լինի։ Չի լինի քո Բիչին, քո Անուշը, քո թամադայի կինը, բոլոր այն կանայք, որոնց հետ դու ինձ դավաճանում ես։ Սպասիր, նորից դուռն են թակում։ Հարևանն է՝ Գեդեոնը, պարտքով փող է ուզում գազի ու ջրի ամսականը վճարելու համար։ Չես տալիս, մի տուր։ Ես ինչո՞ւ պետք է տամ, քեզնից է ուզում, դու ես նրա հետ շախմատ ու նարդի խաղում, ես  չունեմ, հազիվ ամառային դոլմայի մթերք առա, մի քիչ աղացած միս, կաղամբ ու խաղողի տերև, մի քանի հատ պոմիդոր ու կանաչ բիբար, ձեռքիս էլ կոպեկ չմնաց, ե՞րբ ես աշխատավարձ ստանալու։ Երեք օրից իմ ծննդյան օրն է։ Նույնիսկ չգիտես քանի տարեկան եմ։ Ինձ չհամբուրես։ Ծաղիկ չտաս։ Քո ծաղկից մի կարգին հոտ չի գալիս։

Ես անջատում եմ հեռախոսը։ Պետք է լողանամ՝ վրայիցս մաքրելու կյանքի տխրությունն ու ձանձրույթը։ Հետո էլի կզանգեմ։ Դեռ բառեր շատ կան։

Ահա։ Բարև, Վարազդատ Արշակյան։ Ի՞նչ ես  անում, Անուշ և Բիչի ես սիրո՞ւմ։ Հիշում ես առաջին կնո՞ջդ՝ Արփիին, որն իմ ընկերուհին էր։ Թամադայի կնոջ մեջ ո՞րերորդ երեխան ես  ցանում։ Ինչո՞ւ իմ մեջ չես ցանում, անխիղճ մարդ, ստոր արարած։ Դուռը… Բացում եմ դուռը։ Նույն պառավն է, մատաղի փող է ուզում։ Ասում են՝ աշխատանք չկա, ո՞նց չկա, մատաղի փող մուրալը, մուրացկանությունն ընդհանրապես, հիանալի, պատվավոր աշխատանք է։ Օ՜հ, մարմինս թեթևացավ։ Ես մի կողմ եմ քաշում ննջարանի պատուհանի հաստ-մութ վարագույրը, լուսավորվում եմ երկնքում դեռևս ճամփորդող արևի պայծառ լույսով, նայում եմ մեր ընդարձակ մահճակալին,  որտեղ այս գիշեր, լուսամփոփի լույսի ներքո տիրանալու եմ քեզ, որովհետև դու չես կարող, թե՞ չես ուզում տիրանալ ինձ։ Այո, լաց եմ լինում, իմ  մարմինն է հեկեկում, սիրտս է արցունք թափում։ Լավ եմ անում լացում եմ, քո ի՞նչ գործն է, հո քեզ չեմ հարցնելու՝ լա՞ց լինեմ, թե՞ ոչ, ուզենամ՝ կլացեմ, չուզանամ՝ չեմ լացի, հիմա ուզում եմ և ուզում, սրբիր արցունքներս քո թաշկինակով, սրբիր արցունքներս քո համբույրներով, չմոտենաս, հեռու գնա, մի խանգարիր ինձ լացել հազար ու հազար տարի, մինչև աշխարհի անվերջանալի վերջը… Ես մորեմերկ կանգնում եմ բարձրահասակ հայելու դիմաց, շուռումուռ եմ գալիս մեկ այս, մեկ այն կողմ և երկար, շատ երկար,  մի ամբողջ դար ու դարեր նայում եմ Մերիին, որ ես եմ։ Բարև, Մերի, որքան գեղեցիկ ես, որքան կին ես։ Կրծքերդ, Մերի, ոնց որ հոգնել են, իսկ տասը տարի առաջ որքան աշխույժ էին, պար էին  գալիս, երգում էին… Բայց ծաղկանոցդ մինչև հիմա էլ լի է գեղեցիկ-բուրավետ ծաղիկներով։ Ի՞նչ ես  ուտում, որ փորդ ու ազդրերդ չաղացել են։ Նիհարիր, Մերի։ Սպորտ արա, օրը մի քանի ժամ քայլ քայլիր, վազիր մեր քաղաքի փողոցներով, բայց զգույշ եղիր, հանկարծ չընկնես մեքենայի տակ։ Ես քեզ նրբակերտ, բարակիրան եմ սիրում, Մերի, խնդրում եմ, մի ծերացիր, դու իրավունք չունես ծերանալու, դու դատապարտված ես մշտապես երիտասարդ լինել, երիտասարդ ապրել այս աշխարհում,  երիտասարդ մեռնել…

Վարա՞զ… Լսո՞ւմ ես… Այո, քեզ հետ մերկ ու մերկ եմ խոսում։ Մի նայիր ինձ, ես ամաչում եմ։ Անուշին նայիր, մանկապիղծ, Բիչիին մերկ տես, թամադայի կնոջը, փակիր աչքերդ, որ ինձ մերկ չտեսնես, քոռ եղիր, գնա, ուր ուզում  ես գնա, այս րոպեին մենք բաժանվում ենք, դու ինձ համար չկաս, ես կամ ու չկամ։

Ի՞նչ ասացիր, աղջիկ ջան, դու ինձ չե՞ս սիրում, հորդ ես սիրում… Ասում ես հայրիկը մե՞ղք է, չբաժանվե՞մ նրանից… Դու մե՞ղք ես… Այո, երկուսդ էլ մեղք եք… Ախր ես էլ եմ մեղք… Մարդկությունը մեղք է… Բայց ես կին եմ ու թքած ունեմ մեղքի վրա… Իմը ճշմարիտ կյանքն է, որից չեմ կարող հեռանալ, ի վիճակի չեմ, հասկանո՞ւմ ես։ Մի օր կհասկանաս, երբ լինես իմ նման կին։ Այդ օրը, աղջիկ ջան, կգա և կթակի քո հոգու դուռը, պատերն ու լուսամուտը։

Դեռ համբուրվում են աղջիկը, տղան և բարդին։ Բոլորը կմեռնեն, բացի նրանցից։ Սերը չի մեռնում, այլ ամեն րոպե ծնվում է։ Ես քեզ սիրում եմ։ Ես քեզ չեմ սիրում, Ես քեզ սիրում եմ։

Դուռն են ծեծում։ Պրոֆեսոր Սիսակյանն է։ Ի՞նչ եք ուզում, ընկեր Սիսակ։ Սոված եմ, մի կտոր հաց տուր։ Ես նրան հրավիրում եմ ներս և դոլմա հյուրասիրում, որի հոտը տարածվել է ամբողջ բնակարանում, այնքան ախորժելի, որ կարելի է չուտելով էլ կշտանալ։ Ապրես, աղջիկս,– ասում է նա և ինձ գրկելով, շուրթերս համբուրելով, հեռանում։ Դու, Վարազ անունով Վարազդատ, ինձ երբեք այդպիսի համ ու հոտով չես համբուրել։ Շնորհակալություն, պրոֆեսոր,– նրա ետևից դուռը փակելով, ասում եմ ես,– շատ շնորհակալ եմ։

Մի անհանգստացիր, չեմ մրսի, թող վայելեմ իմ մերկությունը։ Կինը պետք է միշտ մերկ լինի, եթե նույնիսկ մերկ չէ, եթե անգամ վագրենի մուշտակ է հագին, ոտքերը՝ երկարաճիտք կոշիկների մեջ, գլխին՝ նույն վագրից տաք գլխարկ, միայն կուրծքն է բաց, դա էլ բավական է, որ նա մերկ երևա։

Որտե՞ղ ես, մարդ, շուտ արի, որ միասին ճաշենք։ Դոլման քո ուզածով կծու եմ արել, քանի որ միսը յուղոտ չէր, կարագ էլ դրեցի, դու յուղալի կերակուր սիրում ես։ Միայն ինձ չես սիրում, մի՞թե ես յուղոտ չեմ այնքան, որ ինձ  ախորժակով ուտես։

Արևը մայր մտավ։ Դու չկաս։ Մերին սպասում է քեզ։ Հեռուստացույցով դիտում եմ «Տղամարդը և կինը» ֆիլմը։ Անուկ Էմե, իմ քույր, դու՝ ես, իսկ  ես՝ դու։ Երկուսս էլ կին ենք, մերկ հոգի ու մարմին։ Վարազդա՞տ… Ընկերուհուս՝ Արփիի մո՞տ ես… Ի՞նչ եք անում… Մի ասա, ես գիտեմ։ Արդեն կեսգիշեր է։ Տխուր խոսում են աստղերը։ Մերկ մարմինս արթուն է։ Գիշերվա ժամը երեքից հինգ է պակաս։ Ահա, երեքն անց է տասնչորս րոպե։ Ճիշտ ժամը չորսն է։ Կրծքերս հորանջում են, բայց քունը աչքերիս մոտ չի գալիս։ Ո՞վ ինձ համար օրորոցային կերգի։ Կաթիլ առ կաթիլ լուսանում է։ Ծլվլաց ճնճղուկը։ Ինչ-որ տեղ աքաղաղն է ծուղրուղու կանչում, արթնացնելով խոր քնած հավերին, եկեք, ածան հավեր, ձեզ սիրեմ։ Լուսացավ։ Քնած չեմ։ Առավոտ է, Վարազ, արևը մտավ մեր անկողինը քո փոխարեն, վերմակը գցեց հատակին ու գրկեց մերկ մարմինս։ Կեսօր։ Քնած չեմ, որովհետև մերկ եմ ավելի, քան մերկ Մախան։ Երեկո։ Չեմ կարողանում քնել։ Գիշեր է, բայց քնած չեմ։ Ամբողջ գիշերը անքուն ապրեցի ամեն տեսակետից։ Մեկ շաբաթ է՝ չեմ քնում։ Դոլման թթվեց։ Մեկ ամիս անքուն եմ։ Մեկ տարի, մեկ դար, ամբողջ հավերժական կյանքը։ Ո՞վ ինձ կփրկի այս աշխարհից։

Ո՞վ ասաց, դո՞ւ ասացիր, թե՞ ես եմ ասում. երբ հասարակությունը քաոսի մեջ է, ոչ ոք չգիտի ի՞նչ պատի ենք ճակատով խփվում, դեպի ո՞ւր են քայլում մեր հոգնած ոտքերը, որտեղի՞ց է փչում քամին, երբ անքնությունը քեզ տանջում է, անվերջ լսում ես սոված կատվի մլավոցը, մարմնի, սրտի և հոգու խաղաղություն գտնելու համար դու որոնում ես անմարդաբնակ կղզին, որը գոյություն չունի։

Վարազդատ, հիմա ես թռչում եմ, լողում դեպի այդ կղզին, որը տիեզերական օվկիանոսում է։ Չգաս իմ ետևից, եթե ինձ մի քիչ սիրում ես։ Բայց ինչո՞ւ եմ անհանգստանում, ախր դու թևեր չունես, հետևաբար իմ ետևից չես կարող թռչել ու լողալ։

Վերջ

(Փակ վարագույրի առջև հայտնվում է «Ճոճանակ» թատրոնի նախկին անտաղանդ  դերասան, այժմ նույն թատրոնի տաղանդավոր գիշերային պահակ Աբիսողոմ աղան, որին հանդիսատեսը ողջունում է ծափահարություններով)։ Բարի երեկո, սիրելի, պատվական քաղաքացիներ։ Մեր թատրոնի տնօրինության հանձնարարությամբ, ինչպես նաև երկու հազար տարեկան հայ թատրոնի անունից խոսելու եմ հետևյալ հայտարարությունը։ Ծափահարեք։ (Բուռն ծափահարություններ)։ Շնորհակալություն և մերսի։ Մեր թատրոնը և հազարամյա հայ թատրոնը, անձամբ թագավոր Արտավազդը ձեզանից ներողություն են խնդրում, մի ծափահարեք, այս ներկայացումը ոչ ևս է, խաղացանկում չկա, դուք այն երբեք  չեք տեսնի ու չեք վայելի,  որովհետև առաջնախաղից առաջ, վերջին փորձի ժամանակ տեղի ունեցավ ավելի մեծ պատերազմ, քան գյուղացի Համբոյի տանը նրա ու իր կնոջ միջև, Գիքորին տանե՞լ քաղաք, թե՞ չտանել, մի գործի տալ, որ մարդ դառնա, Գիքորին լինե՞լ, թե՞ չլինել, այս աշխարհում մարդկությունն ապրի՞, թե՞ մեռնի… Ինչո՞ւ եք ծափահարում… Գյուղացի Համբոն ու իր կինը օրենքով բաժան եղան, բայց շարունակում են անօրեն ձևով միասին ապրել։ Երեկ, այդ վերջին փորձի ժամանակ պիեսի հեղինակի ու բեմադրիչի միջև, որոնք հարազատ, օրինական, հայ առաքելական եկեղեցում խաչ ու բանով երդում կերած ամուսիններ են, թե հավիտյանս հավիտենից հավատարիմ կլինենք իրար ու մի բարձի կծերանանք, բազմազավակ ծնողներ, հանկարծ սկիզբ առավ ստեղծագործական բնույթի անհաշտ վիճաբանություն, շուտով հասնելով բարձրագույն աստիճանի, էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն… Պիեսի հեղինակ ամուսինը համաձայն չէր դերաբաշխման հետ, իսկ նրա ռեժիսոր կինը վճռականորեն մերժում էր ամուսնու գրվածքում ներկա որոշ պատկերների ու բառերի անամոթությունը, մարմնի մերկությունը մասնավորապես։ Մեր թատրոնի տնօրինության, հազարամյա հայ թատրոնի և անձամբ Արտավազդ թագավորի նրանց հաշտեցնելու բոլոր ջանքերն իզուր անցան։ Կինը թքեց տնօրինության տնօրենի դեմքին ու ապտակեց։ Ամուսինը պիեսն առավ ու եկավ ինձ մոտ գիշերելու։ Կինը պատռեց պիեսի բեմական տարբերակը, երեխաներին վերցրեց ու գնաց հորենական տուն։ Չծափահարեք։ Այսօր նրանք դատարանով բաժանվեցին։ Դատական բոլոր ծախսերը դուք կվճարեք և առանց ձգձգելու, թանկ յու։

Պատվական և սիրելի հանդիսատես, սիրելի  ու պատվական, օր մը ես թատրոն գացի, երանի ոտքերս, գլուխս, ձեռքերս կոտրվեին, աչքերս քոռանային, չերթայի, երանի այդ օը չլիներ, թատրոնում տեսա Անուշը, սա Վարազդատ Արշակյանի աշակերտուհի Անուշը չէր, այլ ուրիշ, օձի կծած մի Անուշ, սատանան մտել էր իմ մեջ, րոպե չանցած սիրահարվեցի։ Երանի սիրտ, պլոճիկ ու թոք չունենայի և չսիրահարվեի։ Այս Անուշը անհավատարիմ եղավ յուր պաշտոնին մեջ, յուր անհավատարմությունը միլիոն անգամ հաստատված է վկաներով ու առանց վկաների, հետևաբար բնական է ու տրամաբանական, որ մենք իրարմե բաժնվինք՝ ի բարօրություն ազգի։ Իմ դժբախտ օրինակը քեզ օրինակ, երբեք չսիրահարվես։ Ինձի Բաղդիկ կըսեն, հորս անունը՝ Գեդեոն, մորս անունը՝ Վարդանուշ։ Գեդեոն հայրս՝ երեք անգամ ամուսնացած-բաժանված, Վարդանուշ մայրս՝ չորս անգամ, պատճառները չգիտեմ, ուրեմն պատճառ չկա։ Հորենական պապս՝ Բաղդասարը, ընդամենը մեկ անգամ է ամուսնացած եղել և բաժանվել է երկու անգամ։ Մորենական տատս՝ Նանարը, հա ամուսնացել է, հա բաժանվել, ոչ մի տղամարդ չի կարողացել տեղը տեղին սիրել նրան։ Իմ հեռավոր ազգական թագավոր Արտավազդի ամուսնական կյանքը մութ անորոշության մեջ է, ո՛չ հայ, ո՛չ հռոմեացի ու ո՛չ հույն պատմիչները մի որոշակի տեղեկություն չեն տալիս, միայն անապացուցելի ենթադրություն կա-չկա, թե նա ամուսնացած է եղել Ուրարտուի հետ, որից բաժանվել ու չի բաժանվել և ծնվել է Արմենիա արևային երկիրը։ Այո, ինձի Բաղդիկ կըսեն, ես, ի տարբերություն շատ ապուշների, թշնամիս ալ կըճանչնամ, բարեկամս ալ։ Իմ ու տիկին  Անուշի բաժանության գործը, որտեղ նրբացուցիչ դեպք հանցանաց բնավ չկա, արդեն Երևանի Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում է, անկաշառ, ճշմարիտ ու անաչառ դատավոր Օգսենի սեղանին։ Ժողովուրդ ջան, դատական և ուրիշ բոլոր ծախսերը դու ես  հոգալու և մասամբ Հակոբ Պարոնյանը, մի փոքր էլ Հակոբ Ղազանչյանը՝ որդի Երվանդի ու Գալյայի, թոռ Խաչատուրի ու Եղիսաբեթի, որոնք մինչ ի մահ հավատարիմ եղան իրենց ամուսնական առագաստանավին և գնացին երկնային օվկիանոս, որտեղ դրախտն է։

Սիրելի ժողովուրդ, միայն դու կարող ես ծախս փակել, չանհանգստացնենք ոչ մեր իշխանությանը, որը հազար ծակ է փակում և էլի մնում է հազար ու հազար ծակերով ծակված, չանհանգստացնենք Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին, Համաշխարհային բանկին, կոկորդիլոսների, բուրգերի ու փարավոնների երկիր Եգիպտոսի պատվարժան նախագահ Ալ Սի Սինին, նրանց ծակերն էլ քիչ չեն, ըմբռնումով մոտենանք նրանց, նույնիսկ Ջո-ն, Մակրոնն ու Անգլիան են մտահոգված, ամեն կողմ փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ, լեռները կրակ ու բոց են ժայթքում, դժվար ժամանակներ, իսկ մշուշոտ Ռուսիայից ոչ մի հույս չկա, հակառակ՝ դու ես նրա փրկության վերջին հույսն ու ապավենը, բայց… բայց նրան փրկության ձեռք մեկնելուց առաջ, սիրելի ժողովուրդ, հիշիր քո պատմությունը, նայիր ետ, նայիր ներկա օրվան, նայիր առաջ, գոնե մեկ անգամ իմաստուն ու համարձակ եղիր, ճիշտ մտածիր՝ ռուսին ձեռք մեկնե՞լ, թե՞ ոչ, այս է խնդիրը… Բաժանվիր հյուսիսից և նայիր հարավ, արևելք ու արևմուտք։

Ես էլ եմ որոշել իմ դավաճան կին Մագդայից բաժանվել։ Ախր իրարից նաև ձանձրացել ենք, արդեն շատ տարիներ քնում ենք տարբեր սենյակներում, նա մեր բնակարանի հյուսիսում, ես՝ արևմուտքում, մեր միջև ասիական աշխարհն է իր ծովերով, անտառներով ու լեռներով։ Շաբաթը մեկ իրար մի թթու բարև տանք թե չտանք։ Միայն ճաշելու ժամանակ ենք միասին, միայն այդ րոպեներին ենք մի քիչ մարդ դառնում, եթե, իհարկե, տանը տաք թե սառը ճաշ լինի։ Անգին ժողովուրդ ջան, դատական բոլոր ծախսերը՝ պետական և անձնական-կաշառակերական, այսօր և հավիտյանս քեզ վրա են դրված, չմոռանաս վճարել, խնդրում եմ։

Բարի գիշեր և բարի երազներ։

(Բուռն երկարատև ծափահարություն և Գեդեոն-Պաղտասար-Աբիսողոմ աղայի խաչակնքումն ու գլխահակ խոնարհումը)։

2023 թ., փետրվար

Նորայր Ադալյան

No Comments

Leave a Reply