Մայրամուտի ծակող արևը խանգարում էր պատուհանից հանգիստ դուրս նայել։ Չէր օգնում նույնիսկ մթնեցված ակնոցը։
Մտքերս իրար էին խառնում դիմացս նստած հետաքրքրասեր երեխայի անվերջ հարցերը մայրիկին։ Մի քանի անգամ, դիտավորյալ թե պատահական, ոտքով խփելով ինձ՝ ստիպեց ուշադրություն դարձնել իրեն։
— Մամ, էս աղջիկը սիրուն ա, չէ՞:
— Սո՛ւս, կամաց խոսա, չի՛ կարելի:
— Բայց ասա, որ սիրուն ա։
Այդպես էլ մայրիկից չստանալով սպասված պատասխանը, սև աչքերը կլորացնելով՝ հարցրեց.
— Քո անունը Աննա՞ ա:
Ոչինչ չասելով՝ ժպտացի։
— Ես էդ անունը շատ եմ սիրում, ուզում եմ, որ քո անունը Աննա լինի:
— Իսկ քո անունն ի՞նչ ա:
— Կարեն։
Չսպասելով հաջորդ հարցին՝ Կարենը պատմեց, որ չի սիրում գնալ մանկապարտեզ, որովհետև այնտեղ սիրուն աղջիկներ չկան։ Ամենասիրած խաղերից է շախմատը: Մեկ-մեկ բարկանում է քրոջ վրա, երբ նա իրեն չի լսում։ Դե, ինքը տան մեծն է։
— Մամ, էն առավոտվա կոնֆետներից մնացե՞լ ա մոտդ:
Երիտասարդ կինը փորձում էր հասկացնել երեխային, որ նա քիչ խոսի:
— Եթե մամաս թողնի, ես քեզ մեր տուն կտանեմ։
Մեծ աչքերով փոքրիկ տղան ուզում է դառնալ բժիշկ, որ հենց ինքը բուժի իր ոտքերը և կարողանա առանց մայրիկի օգնության քայլել։
Կարենը լացելով, բայց ուրիշ ճար չունենալով՝ մայրիկի հետ իջավ Կայարանի կանգառում։
Ես նայում եմ ձեռքիս կոնֆետին և մտածում, որ նա այդպես էլ չիմացավ, որ իր սրտի աղջկա անունը Աննա չէ։
No Comments