Փառո՜ն… Խեղճ ու կրա՜կ, անշառ ու անօգնակա՜ն, հիսուն տարի առաջ՝ ծննդյան օրը, իր անգիտությամբ Փառանձեմ գեղեցկուհի տատի՝ թագուհիներին վայել անունը նվեր ստացած և երկու օր հետո թիֆլիսներից հյուր եկած նույն տատի. «Ամա՜ն,- որդուց ու հարսից մահու չափ վիրավորված «գեղագետ» տատից առգրավված,- ամա՜ն, իսի ախչի՞կը տի «Փառանձեմ» ըլլի… Իսիկ խո…»,- և իրենից հետո ամբողջական անվան փշրանքները թողնելով նորածնին,-
«…Իսիկ խո Փառո՜ է, տեղովը՝ Փառո՛…»,- շտապ հեռացել որդու տանից ու… գյուղի՜ց:
Եվ ուրեմն հենց էս՝ հեռու-մոտիկ գյուղերին չորս գեղեցկուհի աղջիկ հարս տված ու շքեղագույն մի որդի էլ ռուսաստաններին նվիրած էս խեղճ ու կրա՜կ, անշառ ու անօգնակա՜ն Փառոն, Պերրոս՝ իրենից էլ խեղճ ու կրակ ու իր խեղճ ու կրակ Փառոյին անգամ պաշտպանել չկարողացող ամուսնու քառասունքից հետո, եկել-կանգնել էր իրենց դռանն ու՝ կրծքին խփելով, հեկեկալով ու ասելիքը մի կերպ իրար կապելով (Փառոն հորինող չէ՜ր, Փառոն միայն լսածներն էր մի կերպ հեգո՜ւմ) Նունիկ աղջնակի Մարիամ մորը.
— Մար-րամ ճա՜ն,- (գյուղի բոլոր Մարիամներն էլ «Մարրամ» էին՝ մեկ կամ երկու «ր»-ով՝ Մարրամ),- Մարրամ ճա՜ն,- ասում,- ինի Սետ-րա-կը (տագեր որդին)… ինի Սետ-րա-կը կը-սե. «Տու-նըդ թո՛ղ ու ռա-դըդ քա-շե՜,- կը-սե-ե՜,- ռադ ըլի ըս-տե-ղե՜ն»,- օր իմ տու-նըս քան-դյե՜ ու իմ հողու հետ… ախր, Մար-րամ ճա՜ն, էտի տունն ու հող իմ Խա-չա-տուր հերն էր տվե ին-ծի ու Պերրոսին, ու Պերրո՜ս, լուսի փայ տառնա էնոր հոգի՜ն… ինքը թողեց, օր ուր ախպեր տուն շինե մեր հողի վրե՜ն… ու հիմիկ Սետրակ կըսե. «Չէրթաս նե՜,- կըսե,- քիշերը կուքամ՝ ճիտըտ կը-կըտ-րյեմ…,- կըսե,- կը-հաս-կը-նա՜ս,- Մար-րամ ճա՜ն, կը-հաս-կը նա՜ս… կը-լո՜ւ-խըս կը-կըտ-րյե… Հը-բը, օր օրըմ զարթ-նի՜մ ու… ու տես-նի՜մ, օր էլ կը-լուխ չու-նի՜մ…Սետ-րակը կըտ- րյել է՜, Մար-րամ ճա՜ն…»:
Ու «Մարրամ» կինը՝ հակամետ զգացումների, իրենց փոքրիկ աշխարհի մեծ անիրավության՝ աչքածակ Սեդրակի անմարդկային պահանջի ու ջանքերի, այլանդակ խոսքերի, Փառոյի՝ անգլուխ մնալու և անգլուխ ապրելու՝ չլինելիք-լինելիության և… իր իսկ ասածին հավատացող այդ խեղճ ու կրակին հանգստացնել չկարողանալու հուսահատության մեջտեղում կանգնած՝ չգիտեր իր ասելիքն ու անելիքը, երբ աչքն ընկել էր բաժակով ջուրը ձեռքին ու խոշոր աչքերը լայն բացած իր Նունիկ աղջնակի վրա՝ ջո՜ւրը…
Եվ Փառոն՝ երբեմն-երբեմն «Մար-րամ ճա՜ն…» ասելով ու ջուրը վրան թափթփելով՝ կամաց-կամաց հանգստացել էր…
Հանգստացել էին նաև Նունիկ աղջնակն ու նրա Մարիամ մայրը, որ.
— Փառո ճան,- էր ասել,- Փառո ճան, լաց մի ըլի, ինծի լսե. կուքաս ու քու տունիտ պես կապրիս մեր մենծ տանը մեճը,- ապա լռել էր մի պահ և,- էլ տուն չէրթաս,- ասել,- հո՛ս՝ քովըս կը կենաս. կիտյես, օր մեր մարթը խոպան (Ռուսաստան) աշխատելու գացեր է, ու տյուն քովըս կը մնաս, քովըս կը քնիս, ու ոչ ես կը վախենամ, ոչ էլ դուն անտուն կը մնաս:
— Իդման կըլլի՞, Մարրամ ճան, իդման կըլլի՞,- խաղալիք գտած երեխայի նման՝ արցունքների միջից ժպտացել էր Փառոն,- իդման կըլլի՞…
— Կըլլի՛, կըլլի՛:
Ու ինքը՝ Նունիկ՝ անտատ ու իրենց տան տատությունը կամա կամ ակամա, կամ գուցե՝ իրենից մեծ, բոլոր գործերից խուսափող քրոջ լուռ որոշումով իր վրա վերցրած,- («Նունի՛կ, թռի… Նունի՛կ, արի… Նունի՛կ գնա… Նունի՜կ, ջո՜ւր… Նունի՛կ, հավե՜րը… Նունի՛կ, փոքր քուրիկդ… Նունի՛կ… Նունի՜կ…») Նունիկ աղջկա ոտքերն ուրախությունից կտրվել էին գետնից. վերջապես ուրիշների տների նման իրենց տունն էլ տատ (մա՜մ) կունենա. բակի դռան մոտի քարին նստող ու իլիկով թել մանող, այդ թելով լաթիկ գործող, մյուս մամիկների նման քթի տակ երգ ասող (բայց Փառիկ մամը երգ ասել չգիտեր ու Նունիկին չէր կարող փոխանցել անցավորաց՝ իր չիմացած երգերի խորհուրդը խորին), Փառիկ տա՜տ, որ մի օր՝ արթնանալուց հետո, չէր տեսնելու. «…օր Սետրակը կըտ-րյել է՜ իրա վի-զը .… ու օր էլ կը-լուխ չու-նի՜ ինքը…»: Եվ արդեն Նունիկի մոր, Նունիկի քույրերի՝ արդեն աշխարհի քաղցրությունն իրենց մեջ առա՛ծ «Նունի՛կ, թռի… Նունի՛կ, արի… Նունի՛կ, գնա… Նունի՛կ, ջո՜ւր… Նունի՜կ, հավերը… Նունի՛կ, պզտի քուրիկդ… Նունի՛կ… Նունի՜կ…» կանչերն անտրտունջ վազեցնում էին Նունիկին… Եվ աշխարհն իրենն էր՝ Նունիկ անունով աղջկանը, որն իր անվան փոքրացուցիչ «իկ» մասնիկը սիրով կիսելու էր իր Փառո մամի հետ ու նրան դարձնելու էր «Փառիկ տա՜տ»,- ու ոչինչ, որ մեկ շաբաթ չանցած՝ մայրը, «…վնաս չունի» ասելով, խուզել էր ոչ միայն Փառոյի, այլև իր՝ Նունիկի ու մյուս քույրերի առատ մազերը. «Վնաս չունի՝ ամառ է…»:
Ու ձմեռնամուտին, երբ արտագնա աշխատանքից վերադարձել էր հայրը, Փառիկ տատը հանկարծ կորել էր, ու մայրը լաց լինելով ասել էր ամուսնուն. «Ի՞նչ ըսիր էն խեղճ որբին, օր գնաց- կորա՜վ…»:
— Մեղա-մեղա՜,- զարմացած կնոջն էր նայել հայրը,- խելռա՞ր, այ կնիկ, ի՞նչ տի ըսեի…
— Չիտե՜մ… Չիտե՜մ՝ ինչ տի ըսեիր կամ չըսեիր, հըմը գտի էնոր,- պահանջել էր մայրը,- գտի, օր էս ցրտին շուն ու գելի բաժին չը-դառ-նա՜…
Ու հայրը, ոչ թե ստիպված, այլ հուզված, գարաժից հանել էր գրեթե մեկ տարի անգործության մատնված ավտոմեքենան և՝ ո՞ւր եք՝ հեռու-մոտիկ գյուղեր,- ճամփա ընկել…
Օր ու կես հետո իրենց տանն ու Նունիկ աղջկա հոգում տո՜ն էր. «Իր Փառիկ մա՜մը…»:
Բայց գարնան գալու հետ տոնը հանկարծ ավարտվել էր. ռուսաստաններից, որ հետո պիտի «Մինվոդի» անունն ստանար, եկել էր «ի՛ր Փառիկ մամի» որդին ու խնդրանք-աղաչանքով,- «Այ մեր, էլ ի՞նչ ունիս՝ ինձնից բացի…»,- տարել նրան, որտեղից, մեկ ամիս էլ չանցած՝ իր տուն էր վերադարձել քրքրված ու տանջված, հազար ճամփի փոշի վրան առած «ի՛ր Փառիկ տատը», ու Նունիկ աղջկա մայրը, «Դու տուն ունի՛ս» ասելով, ետ էր բերել, լողացրել ու նոր շորեր էր հագցրել նրան. դու տուն ունի՜ս…
— Ունի՜մ… Քու տունիտ մեճը ես տուն ունիմ, Մարրամ ճան, ուրտեխ դուն իմ ծեռքյես չես խլե խոշոր կտրտածս սոխը ու չես տանի ինծի շունի բունի մոտը, թե՝ քու տեխըտ իտի շունի բունն է…
Նունիկ աղջկա մայրը համրացած նայել էր իր մայրենին անգամ մի կերպ իրար կապող, անլեզու, անբերան Փառո «քրոջն» ու.
— Դուն ռուսերե՞ն կը հասկնաս, այ Փառո…
-Չիտյեմ… Չիտյեմ՝ կը հասկնամ, թե չեմ հասկնա իտի լեզուն, բայց ես հասկցա ուրան ըսածները, Մարրամ ճա՜ն… Ուրան ըմմեն ըսածները հասկցա՜…,- ու լռել՝ մեկ շաբաթ տևած ՄԵԾ ԼՌՈՒԹՅԱՄԲ…
Ու թե իր իսկ ստեղծած բազում անհայտներով այդ հավասարման մեջ Փառոն ինչպե՞ս էր եկել ու ինչպե՞ս էր հասել իր երկիր (Փառոն խոսացո՞ղ էր)՝ հավերժորեն մնաց անհայտ, ու միակ հայտնին այն էր, որ մեկ շաբաթ հետո նրա որդին էլ էր հասել գյուղ ու գլուխը բռնած. «Ախր, խայտառակ էղա, այ մեր, աշխարհով մեկ խայտառակ էղա»,- ու խնդրում էր վերադառնալ, քանզի. «…ամեն ինչ լավ է լինելու, հավատա՜…»:
Հավատար, թե չհավատար (Նունիկ աղջիկն Աստված էր կանչում, որ իր Փառիկ մամը չհավատա ու չգնա)՝ Փառոն, կարծես նոր տեսած, կարոտած ու անխոս նայում էր որդուն և նույնիսկ իր թաշկինակով քնքշորեն սրբեց նրա այտերի արցունքները ու «ոչ»-ի ձևով տարուբերեց գլուխը, և Նունիկ աղջկա Մարիամ մայրն այդ ամբողջ ընթացքում առաջին անգամ բացեց բերանը.
— Գնա՛, մանչս, գնա. քու կնգա էրգիրը իսի որբի էրգիրը չէ, ու իսի որբը քու կնգա էրգրինը չէ՜… Ու քանի մենք կանք, քու մարը անտեր չի ըլլի… Գնա՛ ու մի ամչնա. քու մարդ իրա էրգրի համար է ետ էգե, գնա՛ ու քու տունդ մի՛ քանդե, գնա՜ Աստուծով, գնա՛, մանչս:
Եվ իրիկունը Նունիկ աղջիկը մորը խնդրել էր, որ. «Փառիկ մամս թող իմ սենյակիս մեջ քնի»,- ու մայրը ժպտացել էր…
Եվ էլեկտրական լամպն անջատելուց հետո վերմակը գլխին քաշած ու համակ լսողություն դարձած Նունիկ աղջկա համար մի նոր իմաստ էին ձեռք բերել գիշերները. անկողնում նստած իր Փառիկ քչախոս տատի՝ խաչակնքվելով սկսվող ու խաչակնքվելով ավարտվող կարճառոտ. «Ահը սրտես չառնի՜ս, ամոթը՝ էրեսե՜ս» աղոթքի և փառաբանության. «Փա՜ռք տվածիդ, Փա՜ռք կամեցածիդ» խոսքերով և… նոր միայն նկատած՝ պատուհանից ներս լցվող հազարավոր աստղերի թարթումներով ու լուսնի փայլատ կաթնալույսով ողողված գիշերները…
Նունիկ աղջիկը, իհա՛րկե, դեռ չէր հասկանում իր Փառիկ տատի ո՛չ աղոթքի, ո՛չ էլ փառաբանության իմաստը, բայց որ այդ խոսքերով գլուխը բարձին դնելուն պես անմիջապես լսվում էր հանդա՜րտ ու արդա՜ր քնով արդեն քնած տատի շնչառությունը, այդ մեկը, հաստա՛տ, փառք Աստծո, ինքը լավ հասկացավ ու լավ սովորեց… նվե՜ր ստացավ ամբողջ կյանքի համար…
Եվ ժամանակն անցնում էր, ու Փառոն՝ չգիտես՝ ինչպես երկրից երկիր անցած ու տեղ հասած Փառոն, երբեմն-երբեմն երևի կորցնում էր տնից տուն անցնելիք ճանապարհն ու… կորչում. որտեղ և որքան ժամանակով՝ միայն Տիրոջն էր հայտնի, ապա վերադառնում՝ իր սակավիկ բառերն ավելի կորցրած, մեղմ ժպիտով և, միաժամանակ, առավել անթափանց հայացքով, որի մասին Նունիկ աղջկա մայրն ասում էր. «ոսկեջրվա՜ծ հայացքով» Փառոն…
Եվ ժամանակն անցնում էր, ու Փառոն՝ իր ներկա բացակայությամբ կամ բացակա ներկայությամբ, միշտ իրենց հետ էր բոլոր ուրախությունների ու նաև… բոլոր դժբախտությունների պահերին, երբ հևալով՝ չգիտես որտեղների՜ց հասնում էր ու. «Մարրամ ճա՜ն, դարդ չենյես, Մարրամ ճան. Աստված չի թողնի, օր քու աչվընիտ արտըսունքով լցված մնան, Աստված կլսյե ինծի…»:
Եվ… լսում էր.
Նունիկ աղջիկը… Օրիորդացա՜ծ Նունեն արդեն ուսանողուհի էր Երևանում, երբ վեց քրոջ միակ, երեքամյա Մուրադ եղբայրն ու նրանից մեկ տարով մեծ քույրիկը վառվել էին եռման ջրով, և Մուրա՜դը… իսպառ կորցրել էր տեսողությունը…
Ու հայտնվել էր Փառո՜ն. «Մարրամ ճա՜ն» ,- ու վազելով մտել Մուրադի սենյակ, բացել Սուրբ Հովհաննեսի մատուռին նայող պատուհանները և լա՜յն՝ մատուռը գրկելու նման լայն պարզած թևերով.
«Սուրբ Հովհաննես ճա՜ն,- լաց եղել,- ոտացդ տըկի հողն ու մոխիրն իմ, Սուրբ Հովհաննես ճա՜ն, կը խընտրյեմ քեզի, օր…»,- պատմում էր արցունքներից խեղդվող մայրը:
-Ախր, Փառոյին որտեղի՞ց էդքան բառ ու էդ տեսակ միտք, օր կըսեր. «…կը խընտրյեմ քեզի, օր բարեխոս ըլլիս Աստծուս Միածին Որդու մոտ, օր իր ծեռքը դնե իսի էրեխու աչքերի՜ն… Սուրբ Հովհաննես ճա՜ն…»:
Ու… երրորդ օրը… Երրորդ օրը, է՜…- բացվել էին Մուրադի աչքերը, ու վերադարձել տեսողությունը…
Հենց այդպես էլ.
— Չը մտածյես, Մարրամ ճա՜ն,- կտրվել էր իր սիրելի Նունիկին պատուհասած դժբախտությունների շարանը,- չը մտածյե՜ս, Նունիկս ախչիկ տի ունենա…
Ու մայրը՝ հավատալ-չհավատալով. էդքան վիժումներից հետո՜… նայել էր Փառոյին, որ հաստատել էր իր ասածը.
— Ախչի՛կ տի ունենա, ու ախչկա անունը «Աննա» տի դնեք…
Ի՞նչ գիտեր Փառոն՝ իր քչախո՜ս Փառիկ տատը, որ համոզված էր, թե ինքը. «…պա՜ն չիտյե», և ի՛նչ չգիտեին իրենք, որ վստահ էին, թե գիտեն… ամեն ի՜նչ:
Եվ անկանգ առաջ շարժվող ժամանակն ահա, Աննա դստրիկի (տեսնես Փառիկ տատը գիտե՞ր, որ իր դրած և կնունքով ու փաստաթղթով վավերացված «Աննա» անունը Աստվածածնի մոր անունն է) բարուրը գրկած Նունեին ու նրա ամուսնուն բերել-հասցրել էր հորանց տան դռներին, որտեղից, ըստ Նունեի, իրենց դիմաց դուրս եկող ու իր դստրիկին առաջին գրկող մարդը պիտի իր Փառիկ տատը (իր մա՛մը, իր մամի՜կը) լինի…
Չէ՛ր եղել. ո՛չ դրսում և ո՛չ էլ ներսում նրանց առաջին դիմավորողն ու դստրիկին առաջինը գիրկն առնողը իր Փառիկ մամը չէ՛ր եղել, ու նա զարմացած հարցրել էր մորը.
— Մա՛, ո՞ւր է իմ Փառիկ մամս:
Ու մայրը՝ իբր գործով ընկած, դստերն ու փեսային, երկար սպասված Աննա թոռնուհուն հյուր ընդունած և դես ու դեն վազվզող մայրը, իբր չէր լսել հարցը, և դուստրը երկրորդել, ապա և երրորդել էր հարցը.
— Մա՛, քեզ չհարցրի՞, թե ուր է իմ Փառիկ մամս:
— Թող գործս վերջացնեմ ու հետո պատմեմ. խո չփախա՞,- նեղսրտել էր մայրը,- խո չփախա՞…
Ու երբ որ մայրը վերջապես ավարտել էր գործերը, ապա օրորոցի մեջ դրել թոռնուհու բարուրն ու նաև քնելու տեղավորել բոլորին.
— Փառո մամդ,- ասել,- Փառո մամդ, թե օր կհիշես՝ Ռուսաստանեն դառնալեն ետքը ժամանակ առ ժամանակ կորելու սովորություն էր ձեռք բերե, ու ինծի կթվար, թե էլի կորցրել է գեղի տեղը, տան տեղը… Մի խոսքով՝ էդ անգամ էլ…
Գիշեր էր ու գիշերը երկա՜ր էր, ու իրենք՝ երկուսով նստած՝ երկուսով չէին. իր բացակա ներկայությամբ իրենց հետ ու իրենց կողքին էր իր Փառիկ մամը, որպեսզի տեղ–տեղ իրենց՝ միայն ուրիշից լսած պատմության մեջ՝ մեկ-երկու բառով, մեկբառանի շշուկով կամ ձայնարկությամբ մի կարևոր լրացում կատարի ինքը՝ մոր Փառո քույրն ու իր Փառիկ տա՜տը…
— Մի հինգ տարի առաջ («Հա՞,- կարծես ուզեց ճշտել տարիների հաշիվը ոչ թե կորցրած, այլ նույնիսկ՝ չիմացած Փառոն,- հա՞…»),- ու մայրը ուսի վրայով նայեց երևի քամուց ծածկված դռան կողմը,- ուրեմն մի հինգ տարի առաջ՝ աշնանամուտի էս պայծառ օրերին, մի ավտո կանգնեց մեր դռանը, ու զարմանալին ավտոն չէր, զարմանալին ավտոյի անծանոթ լինելն ու էդ անծանոթ ավտոյից մի անծանոթ տղամարդու իջնելն ու հետևի դուռը բացելով՝ մի անծանոթ ու մեծահասակ կնոջ իջեցնելն էր, և.
— Էս տանը Մարիամ անունով կին կապրի՞, քուր ջան,- հարցը:
— Դե՝ «քուր ջան»-ը ես էի ու ասացի. «Կապրի, ու այդ կինը ես եմ…»:
— Հա՜,- ժպտալով մեծահասակ կնոջը՝ ասաց տղամարդը, — Փառք Աստծո, գտանք փնտրածդ, ա՛յ մեր:
Ու ես, արմանք-զարմանք կտրած, նայեցի նրանց. տեսնես ո՞րերորդ պորտի կորած հարազատներս են… Ու.
— Ներս եկեք,- խառնվեցի իրար,- ներս եկեք…
Հրավիրեցի նստելու ու սառը թան բերեցի.
— Երևի հեռվից եք գալիս,- ասացի:
— Հա՛,- երկուսով պատասխանեցին նրանք,- հա՛, հեռվից: Մեզ, ավելի ճիշտ՝ մորս, ձեզ մոտ է ուղարկել ձեր քույրը:
— Քո՞ւյրս,- ուսերս թոթվեցի ես,- ես քույր չունե՜մ…
Տղամարդը նայեց մորը՝ գուցե սխա՞լ ենք եկել, ա՛յ մեր…
— Բայց ինքը՝ Փառանձեմն էր ասում, որ…
— Փառո՞ն… Փառո՜ս,- ուղղեցի ինքս ինձ,- Փառո՜ս…
— Հա-հա՛, Փառոն, Փառո քույրդ,- աշխուժացավ մեծահասակ կինը:
— Ու որտե՞ղ է Փառո՜ս,- ամեն բառի հապաղում արդեն ցավ էր պատճառում ինձ,- ու որտե՞ղ է…
— Մի վախենա, քուր ջան,- ժպտաց տղամարդը,- բան չի պատահե:
Իսկ տարեց կինն ասաց.
— Մենք Աստվածածնա տոնին ոտքով «Յոթվերք» ուխտի գնացող մեր խմբով նրան հանդիպեցինք… չհանդիպեցի՛նք, կողքից անցանք-գնացինք… Ու հետո՝ ճամփեզրին իրիկնահացի նստելիս, մեր շուրջը վազվզող մեր երեխաներից մեկը,- (չընդհատելով կնոջ խոսքը՝ «…մե՜կը…,- ու ես ցնցվեցի՝ Փառո՜ս…,- շշնջաց ականջիս,- վեց-յոթ տարո՜ւ, լուսի կտոր մե մա՜նչըմ…»), որ երկա՜ր նայել էր քարին նստած ու ոտվին տրորող մամիկին, վազել էր դեպի մեզ և. «էն մամիկը,- ըսավ՝ ցույց տալով մի քարընկեց հեռավորության վրա նստած իմ տարիքի կնոջը,- էն մամիկը, օր սաղ օրը կուքար հետևնի՜ս…»:
— Մեր հետևից մա՞րթ կուքար,- հարցուցի ես:
— Հա՛, մե մամիկըմ…
— Ու մենք անհայտությունից հայտնաբերեցինք իրան, ու ես հարցուցի.
— Ո՞ւր կերթաս, քո՛ւրս:
Հըմը ինքը՝ անձեն ու անծպտուն կնայեր իր դիմացը, ու մենք մտածեցինք, թե ինքը… խուլ է ու համր…
— Ու ես (Մարիամ մայրը մի պահ լռեց),- ու ես նորեն լսեցի Փառոյիս ձայնը.- «…իսկ ես՝ անձեն ու անծպտուն… պապընձվա՜ծ՝ չէի կըրնա աչվիս կտրիլ իտի լուսե էրեխո՜ւց…»:
— Բայց,- ասաց մեծահասակ կինը,- բայց ես, կրկնելով հարցս, շարունակեցի.
— Չըսե՞ս, քո՛ւրս, թե ո՞ւր կերթաս միս-մենակ…
— Չիտյեմ…,- վերջապես խոսավ ան,- չիտյեմ՝ ճի՞շտ, թե՝ սխալ, պայց… պայց Աստվածածնա «Յոթվերք» ժամը կերթամ…
— Մինա՞կ,- քար կտրեցինք ես ու մոտեցած կանայք,- մինա՞կ:
— Մինա՜կ…
Ու ես ըսի.
— Դե հելի, քուրս, դե հելի, դու ճիշտ ես էկի ու ճիշտ հանդիպեցար մեզի, հելի էրթանք մեզ հետ…
— Չէ՜…- ըսավ ինիկ:
Ու ես՝ Փառոյի Մարրամ քուրը, մտածեցի, որ. «…երևի կապվել էր քիչ բառերի տեր Փառոյիս լեզուն…»:
— Չէ՜,- կրկնեց ան ու նայեց ինծի, որ կըսպասեի իրան,- ես գոհ եմ իմ Տեր Ասսուց ու ձեզնեն, օր հանդիպաք ինծի. ես հեռվեն՝ ձեր հետևեն կուքամ…
— Վիր հելի,- քիչիկըմ էլ՝ ու լաց պիտի ըլլեի ես,- նորից հուզվեց պատմողը,- վիր հելի,- ըսի ու բռնեցի ինոր թևեն,- հելի, մենք՝ բիթունըս՝ մեր ու քու Աստծու հենց նույն տունը կերթանք՝ ուխտի, հելի, մենք հացի ենք նստի, հելի, օր քեզի հետ կտրենք մեր մե բրտունջ հացը ու քիչիկըմ հանգստանալեն ետքը՝ շատ կանուխ ճամփա ընկնինք. արդեն քիչ է մնացի…
— Ու էրկու օր մենք մենակ չթողեցինք ինոր, էրկու օր հետներս էր «Աստվածածնա» եկեղեցու վերնատան՝ միսաֆիրներու (հյուրերի) մենծ սրահին մեճը, ու երկու օր հետո ես էնոր ըսի.
— Հիմի շուտ տի քնինք, Փառիկ քուր, ու դու էլ քնի, օր էքվան՝ առավոտ կանուխ, ճամփա ընկնինք…
— Բայց Փառո՜ն…,- մայրը լռել էր:
Նունիկ դուստրն այլևս հարցեր չէր տվել, Նունիկ դուստրը լռությամբ էր պատասխանի սպասել…
— Բայց Փառոն, Փառո՜ս… Յուղաբին (այդպես էր որդու հետ մեր տունը փնտրած ու գտած կնոջ անունը՝ Յուղաբ՝ Յուղաբե՜ր)… Յուղաբին խնդրել էր, թե. «Իմ Մարրամ քրոջս կըսեք… Կըսեք, օր ինծի ման չգա՜ն…»,- ու ավելացրել. «Ու ես երկնքեն գետին գոհ եմ ձեզնեն. բարով էրթաք ու բարով հասնիք ձեր տները, իսկ ես, օր քանի՜ տարի… (ու հուզվել էր Յուղաբեր կինը. ես, որ կկարծեի, թե ինիկ խոսիլ չիտե, ըսավ) «…իսկ ես, օր քանի՜ տարի կփնտրեի ու չէի գտնի էս ճամփեն, արդեն տեղ իմ հասի…»:
Սաթենիկ Մկրտչյան
No Comments