«Քաղաքը կարդում է»․․․ Ավանդական դարձած Գրքի Երևանյան փառատոնն այս տարի գրքասերներին հրավիրում է Հայաստանի ազգային պատկերասրահը։ Երեք տասնյակից ավելի միջացառումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, պոեզիայի ընթերցումներ, թատերական ներկայացումներ, փիչինգ, պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառ և այլն։
Փառատոնի համակազմակերպիչը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն Է։
Փառատոնի բացումը զուգորդվեց ուշագրավ ցուցադրությամբ. երեք օր շարունակ ՀԱՊ-ում ցուցադրվելու է Միսաք Մեծարենցի ագաթե քարով ոսկե մատանին, որ բանաստեղծին նվիրել է նրա մայրը։ Մատանու վրա փորագրված է․ «Կատարեալ սէր՝ մերժե զերկիւղ»։ ԳԱԹ-ում պահվող այս մատանին, թանգարանի տնօրեն, փառատոնի համակազմակերպիչ Սյուզաննա Խոջամիրյանի տեղեկացմամբ՝ թանգարանին է փոխանցել բանաստեղծի եղբոր դուստրը։ Ս. Խոջամիրյանը վստահ է, որ Միսաք Մեծարենցի հոգուց, մատանուց ճառագած կատարյալ սերը փոխանցվելու է փառատոնի մասնակիցներին ու այցելուներին։
Ինչո՞վ է պայմանավորված մեկ մատանու ցուցադրությունը և անդրադարձը Միսաք Մեծարենցին։ Գրքի Երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը ardi.am-ի հետ զրույցում ասաց, որ մտածել են գրական թեմայով ավելի լայն ցուցադրություն կազմակերպելու մասին, բայց հետո հասկացել են, որ լայն ցուցադրությունը ուշադրությունը հրավիրում է ընդհանուր կոնցեպտի վրա, առարկաները, այսպես ասած, կորչում են։ ՀԱՊ-ը վերջերս ունեցել է նախադեպ ցուցադրելու մեկ նմուշ՝ Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» ստեղծագործությունը՝ վերականգնումից հետո, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ուստի և որոշել են շարունակել ցուցադրության այդ ձևաչափը՝ ԳԱԹ-ի և ՀԱՊ-ի համագործակցությամբ կազմակերպելով Մեծարենցի մատանու ցուցադրությունը։
Իսկ թե ինչո՞ւ Միսաք Մեծարենց, Արմեն Սարգսյանը նշեց, որ հրաժարվել են փառատոնը որևէ գրողի հոբելյանին նվիրելուց։ Եղել է նախադեպ, Ե․ Չարենցի ծննդյան 125-ամյակին են նվիրել փառատոնը, բայց հետո հասկացել են, որ խտրական վերաբերմունքի պատճառ կարող է դառնալ։ Այս տարի հոբելյանական է Բակունցի համար, Սևակի, Զահրատի, Կապուտիկյանի․․․ Նրանցից ո՞ր մեկին կարող են առանձնացնել։ Եվ օրինակ է բերում․ «Ընթերցումներից մեկը նկարահանել ենք Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծություններից մեկի հիման վրա (կարդում է Ներսես Ավետիսյանը)։ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 80-ամյակը հաջորդ տարի է, բայց մենք որոշեցինք նախընթաց ինչ-որ ձևով արժևորել, չսպասել գրողների վրա ուշադրություն հրավիրելու «պատեհ» առիթներին»,- պարզաբանեց Արմեն Սարգսյանը։
Այսպես է արևմտահայ վաղամեռիկ բանաստեղծի մատանին դարձել փառատոնի զարդը։ Առիթ է վերհիշելու «հիվանդ, հանճարեղ պատանու» ֆենոմենի մասին։
Միսաք Մեծարենցը (Մեծատուրյանը) ապրել է 22 տարի, ստեղծել այնպիսի բանաստեղծություններ, որոնք բոլոր ժամանակների հայ քնարերգության գլուխգործոցներ են։
Օսմանյան Թուրքիայի բռնապետական կարգերի պայմաններում Մեծարենցի ասպարեզ դուրս գալը համեմատվել է խավարի մեջ շողացող լույսի ճառագայթի հետ: Այս ամենին գումարվել է երիտասարդ բանաստեղծի անձնական դրաման, մոտալուտ մահվան գիտակցումը, նրա ստեղծագործության դեմ ծավալվող բուռն գրապայքարը։ Ու սակայն Մեծարենցին հաջողվում է ստեղծել բանաստեղծական լիարյուն աշխարհ, ուր անձնական երջանկությունը փոխակերպվում է անանձնական երջանկության։ Բնությանը ձուլվելով բանաստեղծը սովորական ճամփորդից վերածվում է հավերժի ճամփորդի։ Կյանքի, մահվան ու հավերժության մասին մտորումները դառնում են աշխարհն ընկալելու կերպ, յուրատեսակ փիլիսոփայություն ու վերածվում գեղարվեստի։ Նման գիտակցության հասնելու համար հարկ է մի ամբողջ կյանք ապրել։ Բայց Մեծարենցը ժամանակ չուներ (ինչպես որ Թ․ Ազատյանի հետ հանդիպելիս է մի առիթով ասում՝«Ատեն չունիմ») նրա կյանքը, ստեղծագործությունը, մտքի ու հոգու կենսափիլիսոփայությունը խտանում է կարճ ժամանակի մեջ. ստեղծագործական գործունեության բուռն շրջանը եղել է երկու տարի։
Բանաստեղծը «ինքնադատության փորձ մը» հոդվածում գրել է ինքն իրենից մեկ քայլ առաջ անցնելու մասին։ Եվ այն ինչ ստեղծեց, վեր էր և՛ անձնական դրամայից, և՛ զուտ իր ապրած ժամանակի նկարագիրը լինելուց։
«Սպասման հիվանդի» կարճ ու զարմանալի հարուստ ստեղծագործական որոնումները մինչև օրս քննարկումների առիթ են տալիս․ որտե՞ղ է ավարտվում անձնականն ու սկսվում անաձնականը, ինչպե՞ս են միաձուլվում մարդն ու բնությունը, հատվո՞ւմ են ի վերջո իրականությունն ու երազանքը։ Սիրո երգերից մինչև աղոթքի երգը, ու հետո էլ, բացահայտվում ու միաժամանակ առեղծված է մնում Մեծարենցի ֆենոմենը։
Կյանքի վերջում տարում գրած «Տո՜ւր ինծի, տէր» («Արդի մարդուն Հայր մերը» խորագրով) բանաստեղծությունը հասնում է մեր օրերը՝ չկորցնելով արդիականությունը։
Միայն տաղանդի ուժն ու հավերժի հետ ունեցած հարաբերությունները կարող էին ստեղծել անմար գործեր՝ համատարած խավարի մեջ մարդկությանը փոխանցելով լույսը։ Իսկ ամենահիմքում սերն է։ «Կատարեալ սէր՝ մերժե զերկիւղ»։ Մեծարենցի ողջ կյանքն ու ստեղծագործությունը եղան այս տողերի հաստատումը։
Գալով այսօրվան` հավելենք, որ Գրքի երևանյան փառատոնը շարունակվելու է մինչև սեպտեմբեր 8-ը։ Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։ Միջոցառումների մուտքն ազատ է։
Արմինե Սարգսյան
Լուսանկարները՝ հեղինակի