ԳիտաՆյութ Լիլիթ Սաֆրաստյան

Համային կարոտախտ. Պարսկական խոհանոցի շունչը արտագաղթի գրականության մեջ

23.08.2019

Պարսիկ վաղամեռիկ արձակագիր Մարշա Մեհրանի (1977-2014) համար դեռ վաղ մանկուց տան ֆիզիկական և հոգևոր գոյությունը քարտեզագրված էր չորս աշխարհամասերի (Ասիա, Ամերիկա, Ավստրալիա, Եվրոպա) հին ու նոր ճամփաների փոքրիկ կանգառներում: Մշտապես ճամփորդ լինելու գոյաձևն ու կենսափիլիսոփայությունը Մարշային ստիպում են ապրել հախուռն, անկանխատեսելի` շտապել-հասնելու, որոնել-գտնելու հոգեֆիզիկական սահմանումներով:

             «Burnt Generation» կամ «Generation X» սերնդին պատկանող Մ. Մեհրանի կյանքը վաղ մանկությունից թաթախված է եղել իրանական մշակույթի, գրականության և ազգային խոհանոցի բույրերի մեջ: Ազգային մշակույթի և դավանանքի հանդեպ ունեցած սիրո, նվիրումի որոնումները, ծիսային և հավատալիքային իրողությունները, համի կարոտախտի (gustatory nostalgia) և հիշողության թեման մշտարթուն են հեղինակի «Նռան ապուր» (2005), «Վարդաջուր և սոդայով հաց» (2008) և «Մարգարեթ Թետչերի գեղեցկության դպրոցը» (2014) վեպերում, որոնց հերոսուհիները կրկնելու են Մեհրանի անցած ճանապարհը` վաղ մանկությունից մինչև կյանքի վերջին կայանները:

             «Ցանկանում էի գրել երջանիկ պատմություն, ինչ-որ վեհացնող մի բան, որն ուրախություն կպարգևեր ընթերցելիս: Ոչինչ՝ հյուսված, տեքստային, գրական. այլ պարզապես մի բան, որը ձեզ կերջանկացնի: Կերակուրն ինձ երջանկացնում է: Երբ պատրաստում ես ինչ-որ բան, ներդնում ես քո սիրտը այնտեղ, ահա այդպես են զգում պարսիկները…»[1]։

            Իր կյանքի մասին պատմող «Երկար ճանապարհ դեպի տուն» էսսեում Մարշան գրում է. «Մեծանալով՝ ես հասկացա, որ ճակատագիրն ինձ համար կյանք էր նախապատրաստել: Հազիվ երկու տարեկան էի 1979թ. նոյեմբերի 4-ին, երբ հայրս փորձում էր ամերիկյան դեսպանատնից մուտքի արտոնագիր ստանալ: Ունենալով արտերկրում ուսանելու ակադեմիական նախասիրություններ՝ ծնողներս որոշեցին արտագաղթել:

Բարի ժամանակները երբեք Մեհրան ընտանիքի ուղեկիցները չեն եղել: Ժամանակները խառն էին, և ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին պատանդ վերցնելուց հետո այլևս հնարավոր չեղավ ստանալ մուտքի արտոնագիր: Իմ ծնողների ամերիկյան ակադեմիական երազանքը մնաց անկատար:

            Ընկերոջ խորհրդով նրանք արտագաղթում են Բուենոս Այրես և բացում են միջինարևելյան սրճարան՝ Ell Pollo Loco («Խենթ ճուտիկ») անունով։ Դոլմայի և հորթի կծու քեբաբի շեշտակի բուրմունքը հիթ դարձավ տեղացիների համար: Բուենոս Այրեսում ես հաճախեցի Ս. Էնդրյուսի շոտլանդական մասնավոր ակադեմիան, որտեղ ուսանողները խոսում էին բացառապես անգլերեն, և որտեղ ամեն առավոտ մենք հավատարմության երդում էինք տալիս բրիտանական թագին: Ես սիրում էի պարկապզուկի միջոցառումները և իմ վանդակաձև դպրոցական համազգեստը: Միաժամանակ սովորում էի խոսել երեք լեզվով` պարսկերեն տանը, անգլերեն դպրոցում և իսպաներեն փողոցում: Ամեն գիշեր, նախքան անկողին մտնելը, ես պարտավոր էի արտաբերել երեք լեզվով` شب بخیر, Good night, Buenas noches»[2]:

            Ռազմական հեղաշրջման սպառնալիքները և արգենտինական տնտեսության պառակտումը ստիպում են Մարշայի ծնողներին վաճառել իրենց սիրելի սրճարանը: 1984թ. գարնանը նրանք տեղափոխվում են Մայամի: Հեղափոխությունը մուտք է գործում Մեհրանների ընտանիք իր բոլոր ձևերով. «14 տարեկան էի, երբ ծնողներս հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին: Ես մորս հետ մեկնեցի Ավստրալիա: Չնայած ավստրալական անսովոր բառապաշարին և դասընկերներիս ջերմ ընդունելությանը… ես չընկերացա Ավստրալիայի հետ»[3]:

«Եվ 19 տարեկանում, 200 դոլար գրպանիս մեջ, ես ժամանեցի Նյու Յորք` արկածներ փնտրելու, սակայն իրականում ես փնտրում էի մի վայր, որը տուն կկոչեի…»[4]

Սակայն ամերիկյան երազանքն անկատար էր ստեղծագործողի համար, նրան չի տրամադրվում մշտական բնակության արտոնագիր, ինչն էլ ճակատագրական դժբախտ շրջադարձերի նոր արահետ է ուրվագծում վաղամեռիկ գրողի համար։ Ինչպես նշում է հայրը. «Մարշան անարդարության և դաժանության զոհ է: Երբ Ամերիկան միլիոնավոր քրեական հանցագործների տուն է, տեղ չգտնվեց մի փայլուն, տաղանդաշատ գրողի համար: Ես գիտեմ նա ինչքան է տանջվել…»[5]:

            Մարշայի տան, ինքնության անվերջ փնտրտուքի հոգևոր ու ֆիզիկական երկար դեգերումներից հետո Եվրոպայի ամենաարևմտյան սահմանը՝ Իռլանդիայի հեռավոր Մայո համայնքը, դարձավ նրա վերջին հանգրվանը, որը ողողված է Ատլանտյան մառախուղով և որի պահապանն էր վեր խոյացող Սուրբ Պատրիկ Քրոա լեռը` կելտական հինավուրց մշակույթի մշտարթուն վկան:

            «Նռան ապուրը» գրքի յուրատիպ հավելվածում Մ. Մեհրանը գրում է. «Ես հաճախ եմ խորհրդածում այն տարօրինակ, շրջանաձև ճանապարհորդության մասին, որ իմ երիտասարդ կյանքն է ընտրել՝ պսակելով միմյանց պարսկական, հարավամերիկյան, ամերիկյան և իռլանդական մշակույթները: Վերջապես ես այս բոլորի միաձուլումն եմ: Այն ամենը, ինչ գիտեմ, այն է, որ հոգիս պարսկական է, գրում և երազում եմ անգլերեն: Անհայրենիք լինելու և մանկության երկար ճամփորդություններից հետո ես վերջապես գտել եմ իմ տունը»[6]:

            Ներշնչանք փնտրելով խենթ գառնուկների և գլխապտույտ ճանապարհների, վառված տորֆի և ֆիդլի-ջութակի համերգների փոքրիկ ափամերձ համայնքում՝ Մարշան անցկացնում է նաև իր կյանքի վերջին ժամերը:

            Մ. Մեհրանի կյանքը վաղ մանկությունից թաթախված է եղել իրանական մշակույթի գրականության և ազգային խոհանոցի բույրերի մեջ, որոնք էլ մշակում են գեղագիտական ճաշակ և նոր գոյաձևի ճանապարհ են բացում երիտասարդ ստեղծագործողի համար: 2005թ. լույս է տեսնում Մ. Մեհրանի «Նռան ապուր» վեպը, որը թարգմանվում է 15 լեզվով և տպագրվում աշխարհի 20 երկրում: Հեղինակն այն նվիրում է ծագումով իռլանդացի իր ամուսնուն՝ «Քրիստոֆերին` ընդմիշտ»: 

            Վեպի ներքին հյուսվածքին համահունչ նախաբանը մեծանուն բանաստեղծուհի Ֆ. Ֆարոխզադի «Այգու նվաճումը» բանաստեղծության մի հատվածն է: Արդի իրանական սփյուռքի գրականության հսկա ժառանգության մեջ Մ. Մեհրանի վեպերն ինքնատիպ են և իրենց նոր աշխարհագրական թափանցումներով` Իռլանդիա, Արգենտինա, զատվում են պարսկական ազգային խոհանոցը ներկայացնող այն գրքերից, որոնք զուրկ են գաղափարական, գեղարվեստական շերտերից:

            Վեպի դիպաշարային առանցքը հետհեղափոխական տարիներին Իրանից Իռլանդիա գաղթած Ամինփուր քույրերի կյանքն է, որը հյուսվում է նորաբաց «Բաբելոնյան սրճարանի» և պարսկական ազգային խոհանոցի մոգական բուրմունքների շուրջ: Վեպի ընկալման անմիջականությունը, դրամատիկական շունչը, կերպարների ամբողջականությունն արագորեն լայնացնում են ընթերցասերների շրջանակը:

Վեպի ավարտին տեղին է հիշատակել Ֆ. Ֆարոխզադի պոեմի հետևյալ տողերը. «Մենք իրականությունը գտանք պարտեզում, //անհայտ մի ծաղկի հայացքի մեջ ամոթխած… //Խոսքն օրվա բաց լուսամուտի. //Եվ թարմ օդից է. //Եվ այն օջախից, որի մեջ անպետք իրեր են այրվում, //Եվ այն հողից, որ արգասավոր է մեկ այլ ցանքսից…»[7]։

2008թ. տպագրվում է Մ. Մեհրանի «Վարդաջուր և սոդայով հաց» վեպը: Մեհրանի կենսագրության տարբեր հանգրվաններում (Իռլանդիա-Ամերիկա-Ավստրալիա) ունեցած միայնության և թափառական գոյաձևի խտացումները նոր, ավելի պիրկ դրամատիկական շունչ հաղորդեցին Ամինփուր քույրերի իռլանդական ոդիսականի շարունակությանը:

(Շարունակելի)

Լիլիթ Սաֆրաստյան

Բանասիրության թեկնածու

ԵՊՀ , Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ

Մեջբերված քաղվածքների՝ պարսկերենից և անգլերենից արված թարգմանությունները՝ հոդվածագրի

Լուսանկարը՝  kobo.com կայքի


[1] Davison Ph., Marsha Mehran: Author who fled Iran with her family, then went on to publish the best-selling novel “Pomegranate Soup” — The Independent, Friday, 11 July, 2014.

[2] Mehran M., The Long Way Home. -The New York Times, July 3, 2005, https://www.nytimes.com/2005/07/03/magazine/the-long-way-home.html (19.08. 2019)

[3] Mehran M., Pomegranate Soup: A Novel, Australia: Harper Collins Publisher, 2005, pp. 2-3.

[4] Mehran M., The Long Way Home — The New York Times, July 3, 2005.

[5] Plummer F., Father brings doughter’s dream to life, -Latrobe Valley Express, Nov. 24, 2014, https://www.latrobevalleyexpress.com.au/story/2708392/father-brings-daughters-dream-to-life/ (19.08. 2019)

[6] Mehran M., Pomegranate Soup: A Novel, Australia: Harper Collins Publisher, 2005, p. 4.

[7] Ֆարոխզադ Ֆ., Մի այլ ծնունդ, թարգմ.՝ Է. Հախվերդյան, Երևան, «ԱՅԲ ԲԵՆ» հրատարակչություն, 1996, էջ 22։

No Comments

Leave a Reply