ԳրաԴաշտ Հովիկ Հովեյան

Հովիկ Հովեյան. Բանաստեղծություններ

23.01.2021

                            

***

Ու քարշ տվեցին ինձ՝ իմ իսկ ընկածի մարմնով բացված կածանով

Դեպի պարտությունը պարտված դրախտի…

Ու գարշապարիս կառչած փուշը միայն պահեց

Մարմինն իմ – սահանք…

Ու երկարելով այդպես, ձգվելով համառ

Օրեր, տարիներ, ես ափը հասա

Հանդիպակաց փշի

Եվ ողնաշարը տողիս՝ շատ ու շատ փխրուն,

Կարգեցի կամուրջ

Հաղթության դրախտ փնտրողի համար,

Ում, ավաղ, ինձ պես հին կամրջվողի

Մարմնով անցնող փխրուն կածանով                                                                      

Պիտի սահեցնեն դեպի Հայրենիքիս ոսկորներով գոց

Դարպասները պարտված դրախտի…

***

Տեղավորում եմ ինձ

Տեղահանվող Աստվածներիս

Ձեռնափերի մեջ

Եվ տեղատվություններ հետո

Բողբոջում որպես քարի աղաղակ՝

Պատմությանս քարսիրտ

Հապավումն ի վեր…

***

Ծառի արյունը տարակույսն է թռչնի,

Հոսո՞ւմ է, թե՝ ծլարձակում…

Հոսում է աստվածներիս ոտնաթաթերի միջով,

Ծլարձակում՝ մահվանս տանիքին…

***

Բյուրավոր մոխրակույտերի Եդեմ,

Որ խառնվում ես աչքերիս ճյուղերին

Եվ պտուղներ տալիս

Ծիծեռնակաձև…


No Comments

Leave a Reply