maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ ՃՇ

Հուշահամալիրը … գայթակղության առարկա

05.07.2022


Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր



Ի սկզբանե հեղինակները խորապես մտածված հորինվածք և խորհուրդ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմքում՝ այն զերծ պահելով ամեն տեսակ ավելորդություններից: Կառույց, որ ժամանակների հոլովույթում ներկայանում է իր կատարելության մեջ անաղարտ մնալու թելադրանքով և պահանջով: Ականջալո՛ւր լինենք և անսա՛նք այդ մասին զգուշացնելու լիիրավությունն ունեցող անվանի ճարտարապետի հորդորին:



«Հուշահամալիրը շարունակում է նոր գայթակղությունների առարկա դառնալ…. Ի՞նչ է լինելու հետո, երբ եկող յուրաքանչյուր սերունդ շարունակի սրբագրումներ անել՝ աղճատելով այս հոյակերտ շինվածքի նախաստեղծ ներդաշնակությունն ու կատարելությունը: Ապավինել նրանց խելամտությա՞նը, թե՞ քարագիր մի ուղերձ թողնել ապագային: Ծիծեռնակաբերդի կառույցը ահա արդեն չորս տասնամյակ իր շուրջն է համախմբում ողջ հայությանը՝ դառնալով անցյալն ու ներկան շաղկապող՝ ազգային վերածնության մի վսեմ խորհրդանիշ: Նրա այս դերակատարմանը անհարիր է կոթողի խորհուրդը դույզն-ինչ չափով նսեմացնող որևիցե կամայական վերաբերմունք»:
«ՃՇ», 11, 2007

Իր այս հրապարակումից մեկևկես տասնամյակ անց «ՃՇ»-ն շարունակում է ահազանգել հուշահամալիրում տիրող անվերահսկելի իրավիճակի, ձևավորվող նորօրյա արատավոր երևույթ-ավանդույթների մասին:

Եղեռնի հուշահամալիրը ողջ հայ ժողովրդինն է, նրա խորհրդի անխաթար պահպանումը՝ պետության և ոչ թե այն ստեղծող ճարտարապետի պարտքն ու պարտականությունը: Բայց, չգիտես ինչու, տարիների և տասնամյակների չդադարող ոտնձգությունների դեմ հանդիման կանգնած է ընդամենը մեկը, և այդ մեկը հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանն է: Ճարտարապետի պայքարի՝ հուսահատ ճիչի փոխակերպված այս մի վերջին ակորդը խմբագրությունը ընթերցողների, մասնագիտական հանրության, պետական ատյանների ուշադրությանն է ներկայացնում՝ որպես սթափության կոչ ՝ ընդդեմ խաթարվող ազգային արժեհամակարգի կորստաբեր իրողության:


Ո՞ւմ և որքա՞ն հորդորել




Հայոց Մեծ եղեռնի նահատակների հուշահամալիրի 55-ամյա ոդիսականը


Սաշուր Քալաշյան
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայոց Մեծ եղեռնի նահատակների հուշահամալիրի համահեղինակ

*****
Օրենսդրական փաթեթ, որի ո՛չ Տեղն է հայտնի, ո՛չ էլ Տերը:
*****
Անհարկի միջամտությունների մրցավազքը շարունակվում է:



Յուրաքանչյուր առիթով, երբ անդրադառնում եմ ճարտարապետության ոլորտում մեզանում առկա խնդիրներին, պարտք եմ համարում հիշել և հիշեցնել երկու հայտնի բնութագրում՝ այն, որ ճարտարապետությունը ազգային մշակույթի դիմագիծն է և այն, որ ճարտարապետությունը քարացած երաժշտություն է: Արդյո՞ք ա՛յս ձևակերպումները չեն, որոնց շնորհիվ քաղաքակիրթ բոլոր երկրներում գործում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման և օգտագործման մասին օրենքներ, և ապահովվում է այդ երկրներում զբոսաշրջության գրավչությունը:

Մեզանում ևս կա նմանատիպ օրենսդրական փաթեթ, սակայն մինչ օրս նրա ո՛չ Տեղն է հայտնի, ո՛չ էլ Տերը: Արդյունքում՝ ազգովի ականատես եղանք մշակութային աներևակայելի սանձարձակությունների, որոնց զոհ գնացին Երևանի դիմագիծը ձևավորող 19-20-րդ դարերի բազում երևելի և առաջնակարգ շենքեր ու շինություններ, այդ թվում՝ «Սևան» հյուրանոցը, Երիտասարդների պալատը, Ծածկած շուկան, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին շենքը: Այսօր սպառնալիքի տակ են նաև Հանրապետության հրապարակի կառավարական նախկին 2-րդ տունը, որը սեփականաշնորհվեց և հանձնվեց նույն «Զվարթնոցն» ավերողին, «Ռոսիա» կինոհամալիրը, «Հրազդան» մարզադաշտը և այլն:

Բնականաբար, այս երևույթը չէր կարող բողոքի ալիքներ չառաջացնել մտավորականության լայն շրջանակներում: Սակայն պարբերաբար կազմակերպվող մասնագիտական քննարկումները հասարակական բոլոր, անգամ` այլ երկրների կազմակերպություններում, դրանց կողմից մեր պետական պատկան մարմիններին հասցեագրված անհանդուրժելիության ուղերձները, որպես կանոն, մնացին անարդյունք՝ այն պարզ պատճառով, որ համատարած ամենաթողության պայմաններում թելադրողը ոչ թե Օրենքն է, որը պարզապես շրջանցվում է, այլ պատվիրատուի և պետական լիազոր անձի միջև կնքվող ու փոխադարձ շահն ապահովող պայմանագիրը: Իրավիճակն այնքան թեժացավ, դարձավ անհանդուրժելի և ազգադավ, որ 2016 թվականին, «Զվարթնոց» օդանավակայանի ապամոնտաժման անսպասելի հրահանգից վրդովված՝ ՀՀ նախագահին առընթեր՝ Ճարտարապետության բնագավառում պետական մրցանակներ շնորհող հանձնախմբի ողջ կազմն ընդվզեց և հրապարակավ դադարեցրեց իր պարտականությունների կատարումը՝ հիմնավորմամբ, որ անհանդուրժելի է, երբ պետությունը մի որոշմամբ Պետական մրցանակ է շնորհում՝ խրախուսելով ոլորտում արձանագրված նվաճումը, հաջորդիվ՝ հրահանգում է ապամոնտաժել ու վերացնել նախկինում նույն այդ մրցանակին արժանացած ու հանրային հպարտության կառույց ճանաչված գլուխգործոցները:

Այժմ անդրադառնամ մեկ այլ, նույնպես հանրային ճանաչման արժանացած՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրին: Նրա կառուցման ընթացքում մտքովս անգամ չէր անցնում, որ շինարարության ավարտման պահից այն ձեռք էր բերելու համազգային հնչեղություն ու համալրելու էր մայրաքաղաքի մշակութային այցեքարտների շարքը. կառույց, որտեղ մեր պատմության մեջ առաջին անգամ ճարտարապետությունը սինթեզվեց մշտապես հնչող երաժշտությամբ:

Եվ սակայն, իր 55-ամյա կենսագրության ընթացքում, այն նույնպես կրել ու շարունակում է կրել իր ամբողջական կերպարի ու արժանապատվության պահպանման նկատմամբ տարաբնույթ ոտնձգությունների դրսևորումները:

Եվ այսպես՝ ըստ ժամանակագրության:

Մարզահամերգային դահլիճի ՝ տվյալ տարածքում տեղակայման աննպատակահարմարության հիմնավորումներն անառարկելիորեն ընդունվեցին, սակայն…


Դեռևս 1965-ի տարեվերջին, Հայոց ցեղասպանության հուշարձանի շինարարության նախաշեմին հայտարարվեց ճարտարապետական մի նոր մրցույթ՝ Երևանում 10 000 հանդիսատեղով սպորտի պալատի նախագծի համար: Ճակատագրի բերումով ապագա շինության համար առաջադրվել էր նույն՝ «Ծիծեռնակաբերդ» քաղաքային այգու բարձունքի արևմտյան՝ «Աջափնյակ» բնակելի թաղամասին հարող հողատարածքը:

Այս մրցույթում ներկայացված մեր նախագիծը, որի հեղինակային կազմում ներգրավված էի նաև ես, նույնպես արժանացավ առաջին մրցանակի, սակայն բուն նախագծման աշխատանքները հետաձգվեցին՝ ֆինանսավորման հնարավորությունների բացակայության պատճառով: Միայն տասը տարի անց՝ 1975 թ. խնդիրը վերակենդանացավ՝ այս անգամ որպես մարզահամերգային դահլիճ, և մենք հինգ հոգուց ձևավորված հեղինակային խմբով լծվեցինք գործի:

Մինչ ստեղծագործական պրպտումներին անցնելը՝ առաջարկեցի, Ծիծեռնակաբերդի այգում կյանքի կոչված իրողություններից ելնելով, քննարկել մարզահամերգային դահլիճի՝ նախանշված տարածքում տեղակայման աննպատակահարմարության խնդիրը: Հարցադրումն ընդունվեց միաձայն, որից հետո մեկ ամսվա ընթացքում կատարվեցին հուշահամալիրի հանդեպ ծավալատարածական անհամատեղելիության, ինչպես նաև օբյեկտի քաղաքաշինական տեղակայման ու դրանից բխող՝ շահագործման տնտեսական արդյունավետության բազմակողմանի վերլուծություններ և կազմվեցին անբեկանելի հիմնավորումներ՝ կառույցի տեղակայման աննպատակահարմարության վերաբերյալ: Զուգահեռաբար՝ առաջարկվեցին նաև ապագա կառույցի տեղակայման այլընտրանքային տարածքներ: Քննարկումները տեղի ունեցան պետական լիազոր մարմիններում և ամփոփվեցին Կենտկոմում՝ Կարեն Դեմիրճյանի մոտ: Լսելով մեր եզրահանգումներն ու կառավարական պատկան մարմինների ղեկավարների կարծիքները և ամփոփելով՝ նա ասաց, որ հեղինակների հիմնավորումները միանշանակորեն համոզիչ են: Հանձնարարվեց մեկ շաբաթվա ընթացքում մեկ անգամ ևս քննարկել բարձրացված խնդիրները և կայացնել վերջնական որոշում:

Մեզ համար սառը ցնցուղ էր, երբ մեկ շաբաթ անց տեղեկացանք, որ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի վերջնական որոշմամբ հողատարածքի փոփոխումը նպատակահարմար չէ, քանի որ առնչվելու է տարածքներում մեծաչափ իրացումների բարդությունների հետ: Այդ պահից հիասթափվեցի և, ելնելով Ծիծեռնակաբերդի արդեն իսկ կայացած քաղաքաշինական անուրանալի դերակատարումից, պաշտոնապես հրաժարվեցի նոր կառույցում իմ համահեղինակությունից՝ աներեր համոզմամբ, որ տվյալ վայրում ահռելի մեծ նորակառույցի տեղակայումն անտրամաբանական է, իսկ ծավալատարածական առումով՝ Ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդը նսեմացնող:

Ռեստորան … Ցեղասպանության թանգարանի հարևանությամբ


Դեռևս 1980-ականներին, երբ Ծիծեռնակաբերդի այգին, հանդիսանալով հանրային տարածք, գտնվում էր Երևանի քաղխորհրդի գործկոմի ենթակայության տակ, հուշահամալիրի և մարզահամերգային համալիրի միջնամասում, ներկա թանգարանային մասնաշենքի հարևանությամբ, կառուցվել էր միհարկանի ծառայողական մասնաշենք՝ այգու տարածքի պահպանման և տնտեսասպասարկման աշխատակազմի կարիքների համար: 1990-ականներին, երբ սկսվեց անշարժ գույքի համատարած վերաբաշխման գործընթացը, Ծիծեռնակաբերդի այգու տարածքը բաժանվեց երկու սեփականատերերի միջև: Այգու արևմտյան հատվածը հանձնվեց Մարզահամերգային համալիրի տնօրինությանը, իսկ արևելյանը, որի սահմաններում էր այգու սպասարկման վերոնշյալ կառույցը՝ ՀՀ ԳԱԱ-ի ենթակայության տակ գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ հատուկ պահպանման գոտու կարգավիճակով: Քանի որ թանգարանն ուներ սակավաթիվ աշխատակազմ, սպասարկման կառույցը տևական ժամանակ մնաց լքյալ վիճակում՝ մինչև որ մի օր, ինչ-ինչ հանգամանքներում, հայտնվեց անհատ ձեռներեցի տրամադրության տակ, վերակառուցվեց որպես… ռեստորան, որտեղից տարածվող խորովածի գայթակղիչ բույրը, այգու տարածքով մեկ հնչող հոգեմաշ երաժշտության զուգորդմամբ, մինչ օրս պարուրում է հուշահամալիրի ողջ տարածքը: Մնացյալը՝ ընթերցողի դատին:


Եթե չսթափվեինք, հուշահամալիրի շրջակայքն իսպառ կվերածվեր գերեզմանատան


1990 թ., երբ պետականությունը գտնվում էր խալխլված վիճակում ու սկիզբ էր առել Ղարաբաղյան շարժումը, պատերազմի առաջնագծում զոհվում է նրա ակտիվիստներից Մովսես Գորգիսյանը, որի հուղարկավորումը, անվերահսկելի ամբոխի վճռով, անտրամաբանորեն ուղղորդվում և հանգրվանում է Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի միջնամասում՝ անմիջապես Սգո պատի դիմաց: Կարճ ժամանակ անց այն հավելվում է ևս չորս հուղարկավորումներով և գեղագիտական փոխներդաշնակությունից զուրկ երեք այլ խաչքարերով:

1994 թ., երբ նախաձեռնվեց հուշամալիրը թանգարանային մասնաշենքով համալրելու գործընթացը, պետական գործիչների հետ հաճախակի շփումների ընթացքում պարբերաբար բարձրաձայնում էի հուշահամալիրին անհարիր հինգ գերեզմանների տեղափոխման ու արդեն կայացած Եռաբլուրում վերահուղարկավորման անհրաժեշտության հարցը: Առաջարկին մոտենում էին ըմբռնումով, սակայն մինչ օրս խնդիրն այդպես էլ մնացել է օդում առկախ:

Մեկի առաջը դեռ չառած՝ հայտնվում էր հաջորդը


2004 թ., ցեղասպանության 90-ամյակին ընդառաջ, տեղի ունեցան անհարկի միջամտության ևս մի քանի փորձեր:

Քիչ թե շատ հայտնի ճարտարապետներից մեկն ինքնակամ որոշել և սկսել էր Սգո պատի ճակատին բարձրաքանդակների շարանի փորագրման մի գործընթաց՝ այն պարագայում, երբ մենք՝ հեղինակ ճարտարապետներս, դեռևս հուշահամալիրի նախագծի մշակման ընթացքում կտրականապես բացառել էինք դեկորատիվ, առավել ևս պատմողական բնույթի բոլոր կարգի արտահայտչամիջոցների կիրառումը հուշահամալիրի ճարտարապետական տարրերում: Այդ նախաձեռնությունը մեր կողմից անմիջապես կասեցվեց, իսկ պատի ճակատային՝ արդեն իսկ քանդակված մոտ 10 քմ մակերեսով հատվածը բարեբախտաբար վերականգվեց և բերվեց իր նախնական տեսքին:
***
Նախաձեռնողականության հարցում հետ չմնացին նաև դրացի վրացիները: «Ռուսթավելի» համավրացական ընկերությունն առաջարկությամբ դիմել էր ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին՝ Ծիծեռնակաբերդում տեղադրելու իրենց նախագծած և «Հայաստանի վերքը» անվանակոչված հուշակոթողը՝ «ի կարեկցանք հարևան երկրի պատմական ողբերգության»: Երբ այդ հարցը ներկայացվեց մեզ՝ համաձայնեցման, բնականաբար մերժեցինք և շնորհակալություն հայտնելով ցուցաբերած բարյացակամության համար՝ առաջարկեցինք այդ հուշակոթողը, որպես բարեկամության քայլ, տեղադրել Վրաստանի հայկական որևէ համայնքի տարածքում:

Նախաձեռնողականության հարցում հետ չմնացին նաև դրացի վրացիները…

***
Ցեղասպանության տարելիցի նախօրեին հեռուստատեսության ուղիղ եթերում ցուցադրվեց հուշահամալիրի տարածքում, Հավերժության տաճարի հարևանությամբ կառուցվելիք …եկեղեցու հիմնադրման մեծաչափ հայտաքարի օծման հանդիսավոր արարողությունը և, որ ավելի տարակուսելի էր, բարձրաձայնվեց, թե «այս սրբազան կառույցով վերջապես կամբողջանա հուշահամալիրը»:

Իրականությունն այնքան անսպասելի ու անտրամաբանական էր, որ անմիջապես մեկնեցի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե ի՞նչ հիմունքով է հուշահամալիրի անձեռնմխելի այդ հատվածը տրամադրվել կառուցապատման: Ի զարմանս ինձ՝ տեղեկացա, որ քաղաքապետարանը հարցին բացարձակ անտեղյակ է ու անմասն: Զայրույթս հազիվ զսպելով՝ խնդրեցի ապօրինի տեղադրված քարը օրենքով սահմանված կարգով հեռացնել հուշահամալիրի տարածքից: Սակայն, իրավասու մարմինների քար լռության կամ գուցե անզորության պատճառով, այդ քարը մինչ օրս տեղափոխված չէ…

Ապօրինի տեղադրված և կառուցվելիք …եկեղեցու մասին ազդարարող հուշաքար

***
Սրան հաջորդեց մեկ այլ անըմբռնելի ձեռնարկում, այս անգամ՝ ցեղասպանության թանգարանի ցուցադրությունում: Ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը թանգարանին նվիրաբերեց իր հեղինակած ու ցեղասպանության թեմային առնչվող մի քանի տասնյակ մեծաչափ, միատարր ու անբովանդակ պատկերումներով գեղանկարչական կտավներ, որոնք անմիջապես տեղադրվեցին թանգարանի՝ առանց այն էլ սահմանափակ տարածքով ցուցասրահում: Արդյունքում, բովանդակային աղճատման հետևանքով ցուցադրության տարածքը վերածվեց գեղանկարչության պատկերասրահի՝ այն պարագայում, երբ ի սկզբանե կոչված էր Մեծ եղեռնը վկայակոչող փաստավավերագրական նյութի հավաքագրման ու պատմական փաստերի ներկայացման նպատակին:

Կատարվածն անմիջապես հարուցեց մտավորականության բողոքը, իսկ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը մամուլում հանդես եկավ հոդվածով՝ դիպուկ գնահատական տալով հիշյալ երևույթին՝ «ցեղասպանության ճանաչման մեջ արվեստը գործ չունի, այնտեղ պետք է խոսեն Փաստերն ու Վավերագրերը»:

Տարիներ հետո միայն վիճակը շտկվեց, երբ թանգարանի տնօրենի պաշտոնը փոխանցվեց պատմաբան Հայկ Դեմոյանին: Պաստառները ցուցադրությունից հանվեցին և տևական ժամանակով պահեստավորվեցին: Ցավոք, տարիներ անց, Դեմոյանի հեռանալուց հետո, դրանք նորից մեջտեղ եկան՝ այս անգամ «զարդարելով» թանգարանի վարչական մասնաշենքի սրահները:

***
2012 թ. «ծնվեց» հերթական նախաձեռնությունը, այս անգամ՝ Սփյուռքի նախարարությունում: Չգիտես ում կողմից մտահղացվել էր մի գաղափար՝ Ծիծեռնակաբերդի այգում, դեպի հուշահամալիր տանող հետիոտն ծառուղու եզրամասերում տեղադրել աշխարհի բոլոր ծայրերում կառուցված՝ Մեծ Եղեռնին նվիրված հուշակոթողների մանրակերտները: Դրանց լուսանկարներն իրենց բնութագրերով հավաքվել և տրամադրվել էին նախարարությանը: Երևակայել իսկ չէր կարելի՝ Ցեղասպանության հուշահամալիրի զուսպ միջավայրում խառնիխուռն ոճերով և ծավալատարածական տարատեսակ ոճերով ու տարաչափ լուծումներով իրականացված մի քանի տասնյակ հուշակոթողների մանրակերտների բացօթյա ցուցադրության այդպիսի տխուր ձևաչափ: Որպես հարցի լուծման միակ ողջամիտ տարբերակ՝ նախարարությանն առաջարկեցի թանգարանի գործող ցուցասրահին կցակառուցել հավելյալ սրահ, որտեղ և ցուցադրել թվարկված հուշարձանների լուսանկարները, ինչով և վերջակետ դրվեց քննարկման գործընթացին:

***
2015 թ. ցեղասպանության 100-ամյա տարելիցին ներկայացվեց հուշահամալիրի ծավալատարածական «համալրման» հերթական անակնկալը: Առաջարկվեց հուշահամալիրի թանգարանային մասնաշենքի տանիքին տեղադրել 7 մ բարձրությամբ գրանիտե հուշարձան (ոմն ճարտարապետ Ա. Բարաբանովի և քանդակագործ Գ. Գևորգյանի հեղինակմամբ)՝ նվիրված այն հայ կանանց հավաքական հիշատակին, որոնք ցեղասպանության տարիներին անձնազոհաբար փրկել են հայոց միջնադարյան մատենագրքերը: Բնականաբար այդ նախաձեռնությունը ևս կասեցվեց:

Եվ սա դեռ վերջինը չէ…

Տարածքի խաթարված տեսահորիզոն՝ հուշահամալիրի հարթակից

Տասնամյակներ առաջ, երբ Ծիծեռնակաբերդի բարձունքում հստակեցնում էինք հուշահամալիրի ծավալատարածական բաղադրիչների վերջնական փոխդասավորումը, հաշվի էինք առնում նաև այնտեղից բացվող զմայլիչ տեսահորիզոնի ընկալման ու ներազդման կարևորությունը: Նկատել էինք, որ միակ անբարենպաստ հատվածը Զանգվի ձորի դիմացի լանջի բնակելի թաղամասի կառուցապատման անհրապույր տեսարանն է, որի քողարկման նպատակով երկարաձգեցինք Սգո պատը: Մնացյալ բոլոր կողմերից բացվում էր ծավալատարածական խոչնդոտներից զերծ, հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռն ու Արարատյան ողջ անծայրածիր հովիտը: Այս հանգամանքով է բացատրվում նաև, որ տարիներ առաջ, թանգարանային մասնաշենքը նախագծելիս, տեսահորիզոնը անաղարտ պահելու նպատակով գերադասեցինք նորակառույցն իրականացնել կիսագետնափոր հորինվածքով՝ նրա տանիքը հավասարեցնելով հուշահամալիրի հարթակի նիշին և ծառայեցնելով իբրև բացվող տեսարանով զմայլվելու հավելյալ հարթակ:

Հետագա տարիներին, Երևանի կոնյակի գործարանի հարևանությամբ, Արարատ լեռան ուրվագծի վրա հայտնվեց քաղաքաշինական առկա միջավայրին աններդաշնակ ու միայնակ բնակելի բարձրաբերձ, որի կերպարը դաջվելով Արարատ լեռան պատկերի վրա՝ հերթական անգամ ի ցույց դրեց քաղաքաշինական սխալի անուղղելի հետևանքները: Բնական է, որ այս երևույթը չէր վրիպելու մասնագիտական շրջանակների ուշադրությունից, ինչի վկայություններից է մեր իսկ ամսագրի 2018 թ. համարներից մեկում ճարտարապետ Կարեն Բալյանի հեղինակած և նորօրյա քաղաքաշինական խնդիրներին նվիրված վերլուծականը:


Ցեղասպանության զոհերի հուշահամալիրից դեպի Արարատ լեռը բացվող տեսահորիզոն է խցկվել …երևանյան երկնաքերը

Ծաղկեպսակների տեղադրման արարողակարգը պետք է փոխվի

Այժմ անդրադառնանք Մեծ եղեռնի տարելիցի օրերին ծաղկեպսակների տեղադրման արարողակարգի անկատարությանը՝ երևույթ, որով մտահոգված եմ տարիներ շարունակ: Բանն այն է, որ նախկինում պսակների տեղադրումը դեռևս այսքան զանգվածային թափ չուներ, և դրանց հենումը Հավերժության տաճարի մույթերին չէր անհանգստացնում: Վերջին տասնամյակում, սակայն, պսակների քանակն աճեց այնքան, որ դրանք իրենց փայտյա եռոտանիներով խառնիխուռն թիկնելով հավերժության տաճարի մույթերին՝ գործնականում ձևավորում էին աղբակույտի տեսարան:


Խնդիրը բազմիցս քննարկել ենք և եկել եզրահանգման, որ լուծման լավագույն տարբերակը ծաղկեպսակների տեղադրման արարողակարգը փոփոխելն է: Առաջարկվել է դրանց համար օգտագործել Սգո պատի 110 մ երկարությամբ ճակատը, իսկ հուշահամալիրի պատվանդանի հարթության վրա տեղադրել միմիայն Կառավարության, Հայոց եկեղեցու և օտարերկրյա դեսպանությունների պսակները:

Այս ձևաչափը թանգարանի տնօրինության կողմից որևէ կերպ կյանքի չկոչվեց՝ պատճառաբանությամբ, թե հարցի լուծման համար հատուկ աշխատախումբ է հարկավոր, որը չեն կարող ապահովել: Որպեսզի ինչ-որ կերպ խթանեմ տնօրինության շահագրգռվածությունը, 2014թ․ ես և կինս՝ թանգարանի համահեղինակ, ճարտարապետ Լ. Մկրտչյանը, նախաձեռնեցինք և տարելիցի հաջորդ օրն իսկ այցելելով Ծիծեռնակաբերդ՝ բոլոր պսակները հատ առ հատ, ժամերի ընթացքում տեղափոխեցինք ու տեղադրեցինք Սգո պատի երկայնքով: Նշված արարողակարգը պաշտոնապես ամրագրեցինք նաև «Համալիրի շահագործման կանոններում»*: Ավաղ, դա նույնպես չօգնեց, ու ամեն ինչ շարունակվեց ըստ տխուր ավանդույթի:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ՝ ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
Հետին պլանում՝ Սգո պատը՝ տեղափոխված և պատի երկարությամբ տեղադրված ծաղկեպսակներով:
2014 թ., ապրիլի 26:


******

*Հատված՝ հուշահամալիրի շահագործման կանոններից.
V. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԾԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

     24. Հայոց Ցեղասպանության տարելիցի  համաժողովրդական  ծեսի ընթացակարգը պետք է  կազմակերպվի Հուշահամալիրի ճարտարապետական գաղափարաբանությանը համահունչ, այն է. 
       1)     Հուշահամալիրում  սգո երգեցողության զուգակցումը, ինչը   նրա անքակտելի բաղադրիչն է,  որպես կանոն՝ պետք է  հնչեցվի  ամեն օր և անընդմեջ, առավոտյան ժամը 9.00-ից մինչև երեկոյան 12.00-ը:
       2)     Հավերժության տաճարի կենտրոնական մույթի դիմաց պետք է տեղադրվեն միմիայն Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության  Կառավարության և Հայոց եկեղեցու  պսակները:
       3) Օտարերկրյա դեսպանատների պսակները պետք է տեղադրվեն Հուշահամալիրի Հավերժության տաճարի մնացյալ մույթերի առջևում: 
       4)     Մնացյալ բոլոր կարգի պսակները պետք է տեղադրվեն Սգո պատի առջև, որի վրա արձանագրված են պատմական բոլոր այն բնակատեղիները, որոնցում հայերն ունեզրկվել ու ենթարկվել են սպանդի։
       5)     Սգո ծեսի բոլոր  մասնակիցները կարող են հարգանքի մեկական ծաղիկ խոնարհել Հավերժության տաճարի հատակին`  անմահ  կրակի շրջագծում:                
       6)   Սգո պատի սկզբնամասից մինչև Հավերժության տաճարից ելնելը ծխախոտի օգտագործումը հարգի չէ:
         Վերը նշված ընթացակարգը պետք է կազմակերպվի և վերահսկվի Հուշահամալիրի տնօրինության և Երևանի քաղաքապետարանի միացյալ ջանքերով:


******

Հերթական խեղկատակությունը


Այս տարի, ցեղասպանության նահատակների հիշատակի օրը տեղի ունեցավ հերթական խեղկատակությունը, որին լրատվական կայքերից մեկում, 2022 թ. ապրիլի 24-ին արձագանքեց բարեկիրթ նկարիչ Սուքիաս Թորոսյանը՝ հետևյալ գրառմամբ.

«Իմ պատուհանից երևում են ԱՐԱՐԱՏ լեռը և Ծիծեռնակաբերդը: Ամեն օր հիանում եմ Մասիսներով և մեկ րոպե խորանում մտքերիս մեջ՝ նայելով Ծիծեռնակաբերդին: Այսօր տարօրինակ դիսկոտեկային լույսեր էին վառվում, և ինձ հետաքրքրեց պատճառը: Թող ների այն օգտատերը, ումից վերցրել եմ այս նկարը: Երաժիշտներին չեմ մեղադրում… Հասկացեք, ինձ համար ծանր է տեսնել այսպիսի միջոցառումներ մի վայրում, ուր հարազատներիս, երեխաների, մայրերի, քույրերի, եղբայրների, ծնողների անգերեզման ոգիներն են պտտվում…..Խնդրում եմ, հանգիստ թողեք գոնե մեկ չպղծված վայր»:


«Խնդրում եմ հանգիստ թողեք գոնե մեկ չպղծված վայր»․ Հավերժության տաճարի «դիսկոտեկային» հանդերձավորումը հարուցել է հայ արվեստագետի մտահոգությունը:



Կեցցե՜ք պարոն Թորոսյան:

Նորանկախ պետականության ձևավորման սկզբից մինչ օրս պարբերաբար պայքարել եմ հուշահամալիրի տարածքում բազմաբնույթ ու գավառական գործողությունների ու անհարկի միջամտությունների դեմ: Ի հեճուկս իմ բոլոր դիմումների ու կոչերի՝ հուշահամալիրի տիրույթում դեռևս առկա են գերեզմանները, վերացական եկեղեցու կառուցումն ազդարարող ապօրինի տեղադրված հուշաքարը, ինչպես նաև թանգարանի գիտավավերագրական ցուցադրության հետ առնչություն չունեցող՝ Ժանսեմի անպատեհ գեղանկարների մեծաչափ պաստառները, որոնց իրական ցուցավայրը պետք է լիներ Պետական պատկերասրահը: Այժմ էլ Հավերժության տաճարի տարածքը վերածվում է «ֆիլհարմոնիկ դիսկոտեկայի»: Մտքի ինչպիսի՛ փայլատակում…
Ամփոփելով այս ամենը՝ հերթական անգամ հանգում ես նրան, որ քանի դեռ մեզանում բացակայում է օրենքի գերակայությունը և առկա է զանգվածային օրինազանցության ներքին պահանջը, շարունակելու ենք մեկ՝ արարել ու արժեքներ ստեղծել, մեկ՝ օրինազանցել ու, վեր դասելով անձնական շահը, ոտնահարել նախորդաց արարումները:

Այլևս ո՞ւմ դիմենք ու որքա՞ն աղերսենք այս ազգադավ վիճակից ձերբազատվելու համար……


Խմբագրության կողմից

Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակի ոգեկոչումը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն ու պարտականությունն է, սերնդեսերունդ փոխանցվող պատգամ՝ արթուն պահելու հայի գենետիկ հիշողությունը, քաղաքակրթությունների քառուղիներում նրա առաքելության խորհուրդը: Երբե՛ք, ո՛չ մի դեպքում հիշատակի տուրքի մատուցումը չպետք է պարունակի ողբերգական, լալահառաչ, սրտաճմլիկ կամ տոնական հանդիսություն հիշեցնող, ոգեղենը բացասական ազդակների փոխակերպող բաղադրիչներ, որպեսզի հայոց լուռ, զուսպ, միասնական երթը դեպի Հավերժության տաճար չվերածվի պատկերասրահի ցուցանմուշներ և զգայացունց ներկայացումներ տեսնելու ակնկալիքով եղեռնի հուշահամալիր այցելող խառնամբոխի զբոսանքի:

Ի սկզբանե հեղինակները խորապես մտածված հորինվածք և խորհուրդ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմքում՝ այն զերծ պահելով ամեն տեսակ ավելորդություններից: Կառույց, որ ժամանակների հոլովույթում ներկայանում է իր կատարելության մեջ անաղարտ մնալու թելադրանքով և պահանջով: Ականջալո՛ւր լինենք և անսա՛նք այդ մասին զգուշացնելու լիիրավությունն ունեցող անվանի ճարտարապետի հորդորին:

Հուշահամալիրի բացումը, 1967 թ.: Ճարտարապետներ Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը:


No Comments

Leave a Reply