ՕրԸնթաց Հրատապ

«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց

07.10.2019

«Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տևողությամբ հատված Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգին առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար: WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգը երկարատև, մեծ և պատասխանատու աշխատանք էր պահանջում, և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության թիմը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել նման լայնամասշտաբ և աննախադեպ համերգի կազմակերպման գործին: «Այնուամենայնիվ, տեղի է ունեցել թյուրիմացություն, որի կապակցությամբ հայցում ենք Վահան Արծրունու ներողամտությունը: Այսուհետև առավել ուշադիր կլինենք հետագա աշխատանքներում՝ նմանատիպ բացթողումներից խուսափելու նպատակով: Ուրախ ենք, որ համերգը մեծ արձագանք է գտել ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանդիսատեսի շրջանում՝ արժանանալով նման բարձր գնահատականի: Առաջիկայում պատրաստվում ենք էլ ավելի աննախադեպ նախագծեր ներկայացնել հայ ունկնդրին: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են համերգի իրականացմանը»,- նշում է միջոցառման և ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը:

Ի պատասխան՝ Վահան Արծրունին արձագանքել է ֆեյսբուքյան գրառումով. «29 վայրկյանն էլ բավական է, որ գիտակցվի հեղինակային իրավունքի, փոխադարձ հարգանքի և միջմարդկային հարաբերությունների կարևորությունը:
Կամո Մովսեսյանին ճանաչում եմ ամենալավ կողմից և չեմ զարմանում, որ հենց նա նախընտրեց հանգուցալուծել այս խնդիրը, չնայած ինքը չէ ստեղծված իրավիճակի հեղինակը, այլ լրիվ այլ անձ, ով հրաժարվեց հրապարակավ ներողություն խնդրել` և՛ ինձ, և՛ «Մեցցո Պրոդաքշն»-ին դնելով տհաճ փաստի առաջ:
Շնորհակալ եմ, Կամո, որ գտնվեցիր քո մարդկային բարձունքի վրա և ցուցաբերեցիր ինտելիգենտ անձնավորությանը հատուկ կեցվածք»:


No Comments

Leave a Reply