Բարև, ընկե՛րս, վաղուց չենք հանդիպել։ Եկել եմ՝ հարցնեմ որպիսությունդ։ Ո՞վ կմտածեր, որ մեր երիտասարդ տարիների մեկնարկը կտանք պատերազմով։ Գիտեմ՝ ասածիս հետ համամիտ կլինես. հենց պատերազմից է սկսվում հայրենասիրությունը։
Իմ հարյուր տարվա ընկե՛ր։ 10 տարեկանից սպորտում երկուսս լավագույնն էինք, բայց ո՞նց եղավ, որ գոնե մի անգամ հաղթողի մեդալի համար չկռվեցինք։ Հիշում եմ՝ մի օր բանակից զանգեցիր, ասացի՝ սպասես ինձ։ Երեք ամիս հետո տալոն քաշեցի, ու (բա՞խտ էր, թե ինչ) Ջեբրայիլում առաջինը դու ինձ դիմավորեցիր։ Ծրագրեր էինք մշակում՝ ինչ անել զորացրվելուց հետո, կյանքն այնքան գունավոր էր թվում։
Ապրիլի 2-ի առավոտյան տագնապից հետո, երբ բոլոր ստորաբաժանումները շարասյունով դուրս եկան, երկար ազդանշան տվեցիր ու ժպտացիր ինձ։ Մեր ճամփեքը բաժանվեցին։ Մարտական գործությունների ժամանակ հրամանատարիս հարցրի, թե ձախ թևում ինչ ծխի օջախներ են, ասաց. «Կա՛մ մերոնք են տանկ խփել, կա՛մ մերոնց են խփել»։ Էլ քեզ չտեսա…
Պատերազմի ժամանակ հրետանային առաջին հաշվարկի հրամանատարն էի։ Տիկոն, Կարենը, Թելմանը, Ռոմանը. կպատկերացնեի՞ր, որ մի օր մենք կընկերանանք։ Հերթապահության ժամանակ նույն փոսի մեջ ենք քնել, երգել, աղոթել։ Մի գիշեր անձրևից թրջվել էինք հերիք չէր, մեքենայի կուզովի տանիքից էլ ջուր էր կաթում մեզ վրա։ Ցրտից ատամներով «սիմֆոնիա» էինք նվագում))։ Հետո պարզվեց, որ բոլորիս ատամների հերն անիծվել է։ Երեք օր հաց չէինք կերել. մեր մեջ մի ղարաբաղցի կար, տեսնենք՝ դաշտից գոռում է. «Թրթնջո՜ւկը, թրթնջո՜ւկը»։ Վրան մի ահագին ծիծաղեցինք, հաջորդ օրը սիրտներս այդ կանաչից էր քաշում։ Ջուր բերեցին. ցեխոտ դեմքերով մի բակլաժկայից ջուր էինք խմում։ Այդ օրերին ես մի բան հասկացա՝ հրետանին ամենաուժեղ ու հավատարիմ թիմն է. եթե հրետակոծության ժամանակ ծառայակիցները խրամատում են, մեկը միշտ պառկում է նրանց վրա, որ իր մարմնով պաշտպանի պայթած արկերի բեկորներից։ Խոսք տվեցինք, որ զորացրվելուց հետո հավաքվելու ենք, ու մեր խոստման տերը եղանք։
Մեր մարտկոցը զոհ չտվեց. թիրախավորված ռմբակոծությունից միայն դիվիզիոնի հրանոթն էր շարքից դուրս եկել։ Առաջին կրակն իմն էր. բառերով նկարագրելու չի ուրախությունս, երբ խոցեցինք հակառակորդի ստորաբաժանումն ու տեխնիկան։ Մի քանի դիրք էին գրավել, հրետանու աջակցությամբ մեր վաշտերը կարողացան հետ վերցնել։ Սկսվեց փոխհրաձգություն՝ հրետանու և վաշտերի մակարդակով։ Լուր ստացանք, որ մեր տղերքը գրավել են Թալիշը, հասկացանք, որ գրոհելու մեր ժամանակն է։ Հրադադար հայտարարեցին․ մի կողմից՝ ներքուստ խաղաղվեցինք, որ այլևս զոհեր չենք ունենա, մյուս կողմից՝ ափսոսում էինք, որ պատերազմը չի ավարտվել, ու մեր որդիներին էլ նույն բախտն է հասնելու։
Այն նույն օրը, երբ քեզ վերջին անգամ տեսա, հաղորդեցին հրամանատարության մեծ մասի մահվան մասին. առաջնագծի տղերքը կռվել էին հրամանատարների հետ հավասար։
Պատերազմից հետո մեզ խրախուսեցին, բայց դու չկայիր, որ հպարտությամբ ձեռքս սեղմեիր։ Ճիշտ այնպես, ինչպես ես էի հպարտանում, երբ լավագույն նշանառու ճանաչվեցիր։ Քեզ համար ծառայությունը պարտադիր տղամարդկային պարտք էր հայրենիքի առաջ։ Գիտեմ՝ որքան էիր ուզում հասնել ընտանիքիդ, որին երկու տարի մի «տուլիկի» չափով նեղություն չտվեցիր։ Նույն ավտոբուսով պիտի տուն գնայինք, բայց արձակուրդ գնալս երկարեց։
Քեզնից հետո մեր քաղաքում շատ բան է փոխվել. մեր հարազատ մարզադպրոցն այսուհետ քո անունն ունի, դպրոցի պատին քո դիմանկարն է, նախասրահում՝ քեզ նվիրված փառքի անկյունը։ Շենքի բակում՝ քո հուշաղբյուրը։
Քեզնից հետո ես եմ փոխվել։ Ուսումս շարունակեցի, որ գիտելիքովս պետք լինեմ երկրիս։ Սպորտը չեմ թողել, սպորտը մեզ կոփեց այնպես, ոնց կանք։ Կյանքումս հայտնվել է մեկը, որին դու վաղուց ես ճանաչում։ Դե ասա՛, ասա՛ քո սիրած խոսքը՝ լավ է լինելու։
Կարոտով՝ քո ընկեր Գևորգ
Պատմությունը գրի է առել Անի Անտոնյանը
Նվիրվում է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, տանկիստ Վահե Զաքարյանի հիշատակին։ Նա հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։
No Comments