Բեյրութում ծնված հայ երգիչ Սերժ Թանկյանը, որ առավել հայտնի է որպես System of a down–ի գլխավոր վոկալիստ, որ նաև մարդու իրավունքների ցմահ իրավապաշտպան է, Greek City Times-ի հետ զրույցում խոսել է Արցախ ներխուժելու և բնիկ հայերին էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական փորձի մասին։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։
— Արցախն ունի անհերքելի հայկական ժառանգություն՝ ամենաքիչը մ.թ.ա. 6-րդ դարից և հայաշատ տարածք է մինչ օրս։ Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց այդքան ուժեղ զգում։
— Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի և Հայաստանի դեմ իրենց ագրեսիայում տարբեր մտադրություններ ունեն։ Ադրբեջանի համար դա ռեժիմի գոյատևման խնդիր է, քանի որ նրանք ունեն կոռումպացված նավթաօլիգարխիկ կառավարություն, որի դեմ պայքարում են ժողովուրդն ու իրենց ընդդիմությունը, որը հիմնականում բանտերում է։ Թուրքիայի շահագրգռությունը այսօր և ավելի քան մեկ դար պանթուրանիզմն է։ Այդ է պատճառը, որ նրանք մեկ դար առաջ ցեղասպանություն են իրականացրել հայերի, հույների և ասորիների նկատմամբ։ Կարծում եմ, որ դրանք երկու ագրեսորների հիմնական դրդապատճառներն են այս հակամարտության մեջ։
— Հունաստանը մեկ անգամ չէ, որ դատապարտել է Ադրբեջանին՝ Արցախ ներխուժելու փորձի համար: Բացի համերաշխության դատարկ խոսքերից, ի՞նչ պետք է և ի՞նչ կարող են անել Հունաստանը և միջազգային հանրությունը, որ վերջ դրվի Թուրքիայի կողմից հովանավորվող ադրբեջանական ագրեսիային։
— Հայերը շատ շնորհակալ են Հունաստանի և Կիպրոսի ղեկավարներին՝ իրենց հորդորների համար։ Բացի Ադրբեջանի և Թուրքիայի ներխուժման դեմ կոչերից, Հունաստանը կարող է միավորվել Կիպրոսի հետ, պնդել, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիվ հարձակման համար։ Ես չեմ հասկանում, թե ինչպես է ԵՄ-ն Թուրքիային պատժամիջոցներով սպառնում հորատման համար, բայց անտեսում նույն ընթացքում Կովկասում սկսած պատերազմը։
— Թուրքիան և աշխարհի շատ երկրներ չեն ուզում ճանաչել 1914-1923 թվականների հույների, հայերի և ասորիների ցեղասպանությունը։ Հիմա ավելի, քան երբևէ թվում է, որ ցեղասպանության ճանաչումը միջազգային հրամայական է: Ի՞նչ եք կարծում՝ ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հատուցումը կօգնեի՞ն խուսափել Թուրքիայի և Ադրբեջանի՝ Արցախ ներխուժելու ներկայիս փորձից:
— Բացարձակապե՜ս։ Քանի դեռ հանցագործությունը չի պատժվել, առավել ևս՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, հանցագործներն անպատիժ կշարունակեն իրենց գործունեությունը …. Թուրքիայի դիվանագիտության 600-ամյա փորձը․ նրանք ասում են այն, ինչ բոլորն ուզում են լսել, հետո անում այն, ինչ ուզում են։ Մենք այդ ամենը շատ լավ գիտենք: Էրդողանը բախտն է փորձում, և շուտով կգա հատուցման ժամանակը։ Ես կարծում եմ, որ համաշխարհային հանրությունը պետք է խրախուսի ռեժիմի փոփոխությունը թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում, որպեսզի մենք բոլորս կարողանանք գործ ունենալ ավելի խելամիտ առաջնորդների հետ, որպեսզի նրանց ժողովուրդը նույնպես կարողանա առաջ շարժվել հաջորդ հազարամյակներ՝ առանց սեփական կարծիքը հայտնելու համար բանտ նստելու։
— Հայաստանն աղքատ, դեպի ծով ելք չունեցող երկիր է՝ ընդամենը 3 միլիոն բնակչությամբ, ընդդեմ 80 միլիոնանոց Թուրքիայի և 9 միլիոնանոց Ադրբեջանի։ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ծախսերը, համեմատած Հայաստանի հետ, մի քանի անգամ ավելի են և անհամեմատելի։ Այնուամենայնիվ, հայերը համառորեն և հաջողությամբ պաշտպանում են իրենց պապենական հողերը։ Նեոիմպերիալիստական զավթիչների դեմ պայքարող բնիկ ժողովուրդը կարող է հաղթահարել իր դեմ ուղղված այդպիսի սարսափելի դժվարություններ, սակայն, չնայած հայերի խիզախությանը, նահատակված զինվորների կեսից ավելին 19 և 20 տարեկան են։ Ի՞նչ ազդեցություն կունենա այս պատերազմը գալիք սերունդների վրա:
— Հայաստանն ու Արցախը պայքարում են էքզիստենցյալ մարտում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ պարտվել։ Ահա թե ինչու ամբողջ հայ ժողովուրդը համախմբված ամեն ինչ անելու է, որ ապահովի իր երեխաների լավ ապագան։ Դա ճիշտ է։ Մենք կռվում ենք ավելի շատ զենք ունեցող թշնամու դեմ, բայց պատմությունը մեզ բոլորիս սովորեցրել է, որ պատերազմներում հաղթում են ոչ թե բանակները, այլ զոհաբերվելու պատրաստ մարդկանց ոգին, սրտերն ու մտքերը …. Պատմության ընթացքում ոչ ոք երբեք չի նվաճել Արցախը: Նրանք մեր սպարտացիներն են:
Անգլերենից թարգմանեց Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուր՝ greekcitytimes.com
No Comments