Առավոտը յոթին շուկայում բաց էր միայն պապիրոսի բուդկան: Դիմացն արդեն հերթ էր: Անլվա, տկլոր տղամարդիկ, քսված, անչուլկի կնանիք… Որ նայում էիր, քեզ թվում էր՝ տեսնում ես մեռնող մարդկանց, որոնք թքած ունեն, որ մեռնում են… Սուրոն հերթի մեջ էր: Սուրուն նույնիսկ ատամներն էր լվացել, չնայած ճմռթած շապիկով էր: Շապիկը Սուրոյին երբեք պետք չէր գալիս: Ատամները՝ միշտ: Դրանցով էր ապրում, եթե նաև մաքուր էին՝ սրա-նրա ծոցը: Սուրոն քնում էր, երբ պապիրոսը վերջանում էր, ինչպես աշխարհի բոլոր մենակ մարդիկ: Չնայած մի երեխա ուներ, մի կին, էս պահին՝ մի սիրուհի, բայց Սուրոն մենակ մարդ էր, ինչպես աշխարում բոլոր տղամարդիկ, ովքեր հա՛մ կին ունեն, հա՛մ էլ սիրած: Մեկ-մեկ երկուսին էլ դավաճանում էր: Առհասարակ Սուրոն այնքան էր դավաճանել, որ ուրիշ կինը նրա համար ոչ թե դավաճանություն էր, այլ նորմալ կյանք: Նրա համար էլ, նրա կանանց համար էլ: Բոլոր կանանց:
Պապիրոսի հերթն աշխարհի ամենադաժան հերթն է, որովհետեւ պապիրոս չունես, որ ծխես-համբերես: Սա՝ բոլորի համար, բայց ոչ՝ Սուրոյի: Ինքը միշտ շապիկի պես ճմռթած մի սիգարետ պահում էր, որ հերթի ժամանակ ծխի: Վառում էր, մի երկու մուխ քաշում ու փոխանցում՝ հերթի ժողովրդին, որ իրենք էլ կարողանան համբերել: Անտեր Տանյան էլ շատ դանդաղ էր սպասարկում: Տանյան միակ կինն էր քաղաքում, որին Սուրոն ճանաչում էր, բայց որը Սուրոյին միայն պապիրոս էր տալիս: Ավելին հնարավոր չէր, որովհետև Սուրոյից նույնիսկ առավոտ շուտ՝ մաքուր օդին, սիգարետի հոտ էր գալիս և քանի որ Տանյան, որ պապիրոսի բուդկայի թմբլիկ տերն էր ու վաճառողը, մինչև վերջին բջիջը զզվում էր սիգարետի հոտից: Մի անգամ նույնիսկ Սուրոն հարցրեց, թե բա որ զզվում ես, ինչի՞ ես վաճառում, կամ ո՞նց ես կարողանում վաճառել: Տանյան էլ, շապիկն ուղղել էր, որ մուգ կարմիր կրծկալի դուրս ընկած թելը չշեղի Սուրոյին խորը զրույցից, ու պատասխանել.
-Հենց դրա համար էլ վաճառում եմ ու շատ մեծ հաճույքով:
Սուրոն այդպես էլ բան չհասկացավ Տանյայից: Տանյան էլ՝ իր կյանքից: Ծնվել էր Բելառուսում, կապրեր Բելառուսում, եթե այնտեղ ծառայելուց չլիներ Գառնիկը, որը ուղղակի բռնեց Տանյայի ձեռքն ու բերեց Երևան: Մի տարի իրար հետ քնեցին ու միասին զարթնեցին: Գառնիկն ընկավ մեքենայի տակ ու երրորդ օրը ամենևին էլ հարություն չառավ: Տանյան ուժեղ կին էր: Այնքան, որ մաքուր ու գլուխը բարձր ապրում էր մի քաղաքում, որն իրենը չէր, և որտեղ ամեն տասը տղամարդուց յոթն ուզում էր, որ Տանյան իրենը լիներ՝ թեկուզ մի քսան րոպեով: Գառնիկի տունը վաճառեց, մի փոքր սենյակ առավ ու պապիրոսի բուդկան դրեց: Չէր բողոքում: Տանյան երբեք չէր բողոքում: Ոչ մի բանից:
Սուրոն զգաց, որ հերթի միակ սիգարետը վառելու ժամանակն է: Կողքին կանգնողներն արդեն գիտեին տենչալի ձայնը: Սուրոն մատներով տրորում-ուղղում էր սիգարետը, ու թութունի խշշոցը երկար սպասված ծովի ձայնի տպավորություն էր թողնում հերթում:
-Մո՜ւր, քեզնից հետո ես եմ,-ասաց Դեզին, որը քաղաքի պոռնիկներից միակն էր, ում կարող էիր հանգիստ ասել պոռնիկի զավակ, քանի որ Դեզիի մայրը նույնպես ջուր էր տալիս քաղաքի ծարավ տղամարդկանց:
Մուրը Սուրոյի մականունն էր: Սուր-Մուր. որի կյանք մտնում էր Սուրոն, վերջում այդ կյանքից մնում էր մուրը: Դեզիի հետ բոլորն սկսեցին վիճել: Սուրոն քթի տակ խնդում էր, որովհետեւ մի սիգարետը կարող է մարդկանց վրա անսահման իշխանություն տալ, եթե այդ մարդիկ բոլորն էլ ծխող են ու ոչ մեկը սիգարետ չունի: Եթե այդ պահին Սուրոն ասեր՝ բոլորդ իմ հետևից՝ դեպի Լուսին, Լուսինը շուտով կդառնար մարդաբնակ: Մուրը վառեց սիգարետն ու, չգիտես ինչու, մտքով անցավ, որ Լուսնի վրա սեր անելը երևի առանձնահատուկ հաճույք է, ու քանի որ երկար չծխելուց հետո սիգարետի առաջին մուխից գլուխը թեթևակի պտտվեց, համոզվեց, որ հենց այդպես էլ կա: Սիգարետն անցավ ձեռքից ձեռք, բերանից՝ բերան, թոքից՝ թոք: Սուրոյի հերթը մոտենում էր: Նա նայեց ժամացույցին: Արդեն ուշանում էր: Այդ օրը Սուրոյի որդին, որն ուզում էր մոր սիրած ջութակը նվագել և մոր պես կապույտ աչքեր ուներ ու մոր պես Սուրոյի հետ շատ չէր խոսում, պետք է դպրոցն ավարտեր: Սուրոն ուզում էր, որ ինքն էլ լինի որդու կողքին:
…
Երբ Սուրոն ու Նանեն արդեն քաղաքում սիրելի սրճարան ունեին ու իրար հետ սուրճ խմել չէին ամաչում, Նանեն մի օր կապույտ աչքերով ժպտաց եւ ասաց.
-Իսկ գիտե՞ս, թե իմ անունը ինչ է նշանակում:
Սուրոն էն ժամանակներից էր շատ ծխում և վառեց սիգարետն ու ոչինչ չասաց: Նանեն այն ժամանակ չէր կարևորում, որ Սուրուն իր հետ շատ չի խոսում, դրա համար էլ ասաց.
-Նանեն հայկական դիցարանում օջախի պահպանության աստվածուհին է:
Սուրոն դա գիտեր՝ առանց Նանեի ասելու: Ոչ թե այն, որ հայկական դիցարան կա, որ Նանեն աստվածուհի է, այլ այն, որ Նանեն օջախի համար է:
Ու իսկապես. Նանեն հսկայական օժիտ բերեց՝ գունավոր ճամպրուկներով, ոսկեջրած գդալ-պատառաքաղով: Նանեի սովորական բանվոր հայրն ասել էր՝ բա իմ ոսկի աղջիկը հո սովորական գդալով չի՞ ճաշ ուտելու: Նանեն այդ գդալները երբեք չօգտագործեց. ափսոսում էր: Միայն այն բանից հետո, երբ Սուրոն սկսեց տանը հաց չուտել, մեկ-մեկ տուն գալ, երբ արդեն գիտեր Նանեի բոլոր գիշերանոցների գույներն ու կնոջ կողքին եթե պառկում էլ էր, ապա միայն քնելու համար, Նանեն հասկացավ, որ որդու աչքերի գույնն աշխարհում իր միակ ուրախությունն է: Սկզբում պատուհանի մոտ կանգնում էր, հիշում, որ եկեղեցում երեք անգամ ասել է՝ հնազանդ եմ ու սպասում: Հետո, երբ հիշեց, որ ախր Սուրոն էլ ասել է՝ տեր եմ, որոշեց, որ նույնիսկ ամուսնու շապիկը չի արդուկելու… Չնայած համարվում էին երիտասարդ ընտանիք, բայց սկսեցին մոռանալ: Օրինակ՝ այն օրը, երբ Լուսինը կարմիր-կարմիր էր՝ ճիշտ Նանեի շուրթերի պես, կամ այն օրը, երբ մտել էին աշխարհի ամենասառը ջրվեժի տակ ու քանի որ ներսից վառվում էին, թվում էր, թե ջուրն էլ տաք է: Մի տարի Նանեն աշունը կիսող օրը՝ հոկտեմբերի 15-ին, Սուրոյի համար ժամացույց առավ, որ նայի ու շուտ տուն գա: Սուրոն մեծ հաճույքով ընդունեց նվերը, բայց ինքը մոռացել էր Նանեին բան բերել, չնայած 15 տարի առաջ, երբ եկեղեցում իրար էին նայում, աչքերով երդվել էին՝ երբեք չմոռանալ այդ օրը: Սուրոն երբեք Նանեին չէր խփել: Եթե Սուրոն տանն էր, ինքը մի տեղ էր նստում, Նանեն՝ մի տեղ, իրենց տղան էլ՝ մի ուրիշ տեղ: Ու ոչ մեկը չէր խոսում: Բայց մի անգամ Սուրոն ասաց.
-Բողոքելու տեղ չունես, որովհետեւ ես կյանքում քեզ չեմ խփել:
Նանեն էլ պատասխանեց.
-Ո՞վ ասաց…
Ապրում էին, որովհետեւ Սուրոյին դուր էր գալիս այդպես ապրելը, քանի որ Նանեն չէր կարող այլ կերպ ապրել (չնայած՝ ուզում էր), և որովհետեւ որդի ունեին, որը որոշեց շատ արագ դառնալ ծնողների բոյին ու հիմա արդեն ավարտում է դպրոցը, նույնիսկ սիրահարվել էր, բայց ծնողներին այդ մասին չէր ասում, որովհետեւ վստահ էր, որ իրեն չեն հասկանա: Անունը Վրեժ էր: Սուրոյի հոր անունն էր, ու Նանեն այնքան ուրախ էր, որ Սուրոյի հոր անունը հենց Վրեժ էր, ու որ իր Վրեժը կապույտ աչքեր ունի:
…
Վրեժն ու Սուրոն իրար մասին ոչ մի բան չգիտեին: Օրինակ՝ Վրեժը չգիտեր, որ հայրը ժպտում է, ու երբ մի անգամ հոր հին ընկերներից մեկն ասաց.
-Ա՛յ տղա, տոչնի հորդ պես ես ժպտում:
Ինքը տուն եկավ ու հորն ասաց.
-Պա՛պ, դու ո՞նց ես ժպտում:
Բայց Սուրոն ռոմանտիկ բաների ժամանակը չուներ: Նա արդեն պատվիրել էր դաշտային գույնզգույն ծաղիկների փունջն ու շտապում էր՝ վերցնի, որ գնա երաժշտական դպրոցի ջութակի ուսուցիչ Լուսինեի մոտ: Վրեժի հարցը մնաց անպատասխան: Տղայի բոլոր հարցերն էլ մնում էին անպատասխան, օրինակ էն, թե առյուծն է ուժե՞ղ, թե՞ վագրը, կամ էն, թե քաղաքի մի ծայրից մյուսը ավելի արագ հեծանիվով կհասնե՞ս, թե՞ ձիով… Մեկ-մեկ Նանեն պատասխանում էր որդու հարցերին, բայց հաճախ Նանեն հիշում էր, թե Վրեժի հայրն ով է:
Վրեժն ամենաշատը սիրում էր երաժշտություն (մանավանդ ջութակ) ու գրքեր, որովհետև երբ երաժշտություն ես լսում կամ գիրք կարդում, լռությունը չես զգում: Տղան ընկերներ չուներ, որովհետև բոլորն աշնանը գալիս էին ու պատմում, թե ամռանն ուր են գնացել՝ ընտանիքներով, իսկ ինքը լռում էր, ինչից մանկուց զզվում էր: Բայց սիրահարվեց, սկզբում՝ «Ձյունե թագուհու» միջի Գերդային, հետո՝ Փոքրիկ իշխանին, մի շրջան՝ Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճային, վերջում նոր՝ Անիին: Անին իրենց դասարանի ամենաշատախոս աղջիկն էր: Երբեք չէր լռում ու միշտ ժպտում էր: Վրեժը չգիտեր՝ ինչպես Անիի հետ խոսի, չնայած միայն սիրո մասին տասնյակ գրքեր էր կարդացել: Վրեժը չէր ուզում, որ Անին խոսի, ինքը՝ լսի: Վրեժն ուզում էր, որ ինքն ու Անին իրար հետ խոսեն: Ու այդպես միշտ լինի:
…
Սուրոյի հերթը վերջապես հասավ: Տանյան անժպիտ հարցրեց.
-Ինչպես մի՞շտ:
Սուրոն ասաց.
-Ինչպես միշտ:
Երկու տուփ կարմիր Marlboro-ն վերցրեց: Մեկն արագ դրեց գրպանը, մյուսն սկսեց արագ բացել դողացող ձեռքերով: Սիգարետը վառեց ու նայեց ժամացույցին: Սուրոն հիշում էր, որ ժամացույցը կինն էր նվիրել, նույնիսկ գիտեր, թե ինչու է նվիրել: Սկսեց քայլել, սկզբում՝ դանդաղ, մոլորված, չհասկանալով, թե ուր է գնում և ինչու, հետո՝ արագ-արագ, հստակ իմանալով գնալու տեղն ու նպատակը: Հետևից Դեզին գոռաց.
-Մո՜ւր, էսօր եթե պետք լինեմ, կինոյի շենքի հետևն եմ լինելու:
Սուրոն չլսեց, թե ինչ են ասում իրեն: Լսեց, բայց չշրջվեց: 15 րոպեից Վրեժը մտնում էր մեծ կյանք: Սուրոն ուզում էր ներկա լինել: Սուրոն սկսեց վազել: Դպրոցը փոքրիկ քաղաքի մյուս ծայրին էր:
…
Դպրոցից դուրս էին գալիս սիրուն հագնված երիտասարդները: Ամենուր ծաղիկներ էին: Մի կին, որ միայն ինքն ու Աստված գիտեին, թե ինչպես էր վազել բարձրակրունկների վրա, ուժասպառ հասավ դպրոցի բակ: Նանեն էր: Ուշացել էր: Մոռացել էր: Ամենասիրուն շորն էր հագել: Հազիվ, որովհետեւ կազմվածքը փոխվել էր այն օրից, երբ վերջին անգամ հագել էր: Սուրոն ավելի շուտ էր հասել, բայց դպրոց չէր մտել: Չէր համարձակվել: Մի անգամ քնած մարդու կողքին նրա կնոջ ծոցն էր մտել, բայց չհամարձակվեց իր որդու դպրոց մտնել: Սուրոն չտեսավ կնոջը: Հեռվում կանգնել ու նայում էր, թե ով է դուրս գալիս դպրոցից: Նանեն էլ էր նայում: Վրեժը չկար: Նանեն առաջինը տեսավ որդուն: Ուզեց վազի, գրկի, բայց… Վրեժը շուտ էր դուրս եկել: Վրեժը Անիի հետ զրուցում էր: Միայն երկուսով, դպրոցի բակից քիչ հեռու՝ ծառի տակ: Նանեն ամաչեց մոտենալ: Նա որոշեց չխանգարել: Նանեն ոչ մի բանի չէր հավատում, բայց որոշեց չխանգարել, մանավանդ որ ուշացել էր: Մի հատ էլ նայեց ու հեռացավ: Առանց հետ նայելու:
Վրեժը բռնեց Անիի ձեռքն ու սկսեցին քայլել: Վրեժը ժպտում էր՝ կապույտ աչքերով: Սուրոն այդ պահին տեսավ որդուն: Վրեժն ու Անին անցան նոր կողքով, բայց քանի որ դպրոցի բակը մարդաշատ էր, չնկատեցին: Բայց Սուրոն նկատեց, թե ինչպես որդին գրպանից հանեց կարմիր տուփով սիգարետն ու վառեց… Սուրոն ժպտաց: Ինքն էլ իրենը հանեց: Վառեց, դրեց բերանն ու ժպտաց՝ մրի պես սև աչքերով՝ կապույտ աչքերով որդու հետևից:
Հովիկ Աֆյան
No Comments