ԳրաԴաշտ Շուշանիկ Թամրազյան

Շուշանիկ Թամրազյան/Հայացք

20.06.2022

                                                                                          Վահան Իշխանյանին

    20. 06. 2022

Դժվար է վարժվել այն մտքին, որ այն մարդիկ, որոնց ժամանակ առ ժամանակ հանդիպում ես՝ քեզ համար թանկ կամ կարևոր գրքերի մասին խոսելու, մի օր այլևս չկան, ու զրույցները, որ հաճախ հետաձգվում էին առօրյա հոգսերի թելադրանքով, այլևս չեն լինի: Եվ որ երբեմն ինքնաբերաբար ստիպված ես լինելու հորինել հարցերիդ պատասխանները: 

Վահան Իշխանյանի հետ առաջին անգամ հանդիպել եմ պատահաբար, Ֆրանսիական դեսպանատան կազմակերպած ընդունելություններից մեկի ժամանակ. երկուսս էլ անթաքույց ձանձրանում էինք, և պարզվեց, որ բաց գույնի աչքերով և պարզ, անբռնազբոսիկ պահվածքով մարդը, որ ֆրանսերեն չգիտեր և իր ժեստերով, ձայնի տոնայնությամբ կարծես ի սկզբանե մերժում էր ամեն մի պաշտոնականություն, գիտեր թարգմանածս գրքերից մի քանիսի վերնագրերը, ավելին՝ կարդացել էր, և որ նա Վահան Իշխանյանն էր՝ մայրիկիս ամենասիրելի դասախոսի՝ Ռաֆայել Իշխանյանի տղան: Զրույցը ստացվեց շատ անկաշկանդ, և շուտով երկուսս էլ խոսում էինք ֆրանսիական գրականությունից ու ծիծաղում: Առաջին իսկ զրույցի ընթացքում Ֆրանսիական դեսպանատան խառը, աղմկոտ սրահում ինձ զարմացրեց Վահանի՝ ժամանակակից ֆրանսիական գրականության իմացությունը և գրական խստապահանջ, ազնվական ճաշակը, որ ուղղորդել էր նոր անունների և վերնագրերի ընտրությունը: Վերադարձել էի Երևան Մոնպելյեի համալսարանում անցկացրած ուսումնառության տարիներից հետո, և հաճելի էին նման անակնկալները: 

Բայց նաև ուրիշ մի բան. ամենազարմանալին և հետագա մեր շփումների համար, թերևս, ամենավճռորոշը լայն, ազատ շնչառության այն զգացողությունն էր, հայացքի բնական, անճիգ ազատությունը, որ հնարավոր էր դարձնում անկեղծ շփումը երկու այդքան տարբեր կենսագրությունների, հայացքների տեր մարդկանց միջև: 

Զարմանքս մեծ էր և անկեղծ, որովհետև ըստ բոլոր կանոնների, ըստ բոլոր տրամաբանությունների, բոլոր տեսանկյուններից՝ մենք հակառակ «ճամբարներում» պետք է լինեինք: Ես գիտեի, որ Վահանը գաղափարական մարդ է, ու նաև, որ հետաքրքրվում է քաղաքականությամբ, բայց գեղարվեստական գրականության մեջ գաղափարական հեղձուկի հանդեպ ունեցած իմ անվստահությունը, իմ ապաքաղաքականությունն ու «ապագաղափարականությունը» երբեք չէին խանգարում մեր զրույցներին: 

Հիմա շատ տարիներ են անցել իմ, Վահան Իշխանյանի և Վիոլետ Գրիգորյանի հանդիպումներից Աբովյան փողոցի կամ Օպերայի մերձակա սրճարաններում, և թվում է՝ անդառնալի փոփոխություններ, կողոպուտներ և նույնքան անդառնալի կորուստներ են բաժանում ինձ հետկեսօրի մեղմ արևի տակ դանդաղ պարպվող սրճարանի այդ պատկերից: Եվ լիաթոք այդ ազատությունը, բնականությունը, որ թվում է՝ ծնվում էր արևի դիրքի կամ օրվա ժամի պես պատահական մի բանից, այլևս թվում են անհնարին և շատ թանկ: 

Հիշում եմ՝ ինչպես Վահանը պնդեց, որ մասնակցեմ Օրանժի գրական մրցույթին, որի գոյության մասին ես չգիտեի: Մի բան, որ ինձ համար շատ անսպասելի էր… Ես չէի մասնակցում «Ինքնագրի» բանավեճերին, ընդհանրապես իմ բնույթով բանավիճող մարդ չէի, իմ, Վահանի և Վիոլետի հանդիպումները միշտ շատ ջերմ էին ու պարզ, բայց հազվադեպ, յուրային չէի… Եվ անսպասելի էր գրեթե պատանեկան այն համառությունը, որով Վահանը սկսեց պաշտպանել իմ մի քանի բանաստեղծությունը, որ սահմանված կարգի համաձայն՝ ներկայացվել էին ընթերցողների քվեարկությանն ու ընդամենը 53 ընթերցող ունեին՝ գրչակիցներիս հազարավոր ընթերցողների համեմատ: Ես ֆեյսբուքյան էջ չունեի, և Վահանի գնահատականների մասին իմանում էի կողմնակի անձանցից: Ամեն անգամ զարմանում էի, ժպտում…

Նույն թեթևությամբ, նույնքան անճիգ էր ստացվել արձակ տեքստերիցս մեկի  տպագրությունը «Ինքնագրում»: Իմ առաջին արձակ տեքստն էր Երևան վերադառնալուց հետո, և առաջին անգամ էի Վահանի և Վիոլետի հետ շփվում՝ որպես խմբագրի: Սպասում էի ամենաանկանխատեսելի զարգացումների՝ այս կամ այն բառի կիրառության կամ հեղինակային կետադրության վերաբերյալ որոտընդոստ բախումներով: Հիշում եմ հրճվանքս, երբ Վիոլետը զանգահարեց և ասաց, որ տեքստը տպվում է, և փոփոխությունների մասին տագնապած իմ հարցին պատասխանեց շատ կտրուկ. «Բայց ի՞նչը փոխեի»: Հետո արդեն ամիսներ էին անցել, և Վահանը մինչև վերջ պնդեց, որ ես ստանամ իմ պատմվածքի հոնորարը: Եվ ես հոնորարով ինձ համար վենետիկյան սև հովհար առա, որ հետո մի օր կորցրեցի Փարիզում՝ Կոմեդի-Ֆրանսեզի հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկում: Միշտ հիշում եմ Վիոլետի և Վահանի այդ հովհարը, որ մնաց փարիզյան անավարտ պատմությունների հետ, հուլիսյան մամռագույն Սենայի կողքին: 

Ու չեմ կարող մոռանալ նաև Վահանի արձագանքը Կլոդ Սիմոնի «Ակացիայի» հայերեն տպագրության առիթով: Ինձ համար արդեն շատ ծանր ամիսներ էին՝ մութ, խճողված, տխուր: Գիրքը Վահանին տվել էի պատահաբար. ձեռքիս էր, երբ պատահաբար հանդիպել էինք քսան համարի կանգառում: Իմ անձնական օրինակն էր՝ մատիտով արված նշումներով: 

Ինձ թվում է՝ Վահանն այդ գրքի ամենանուրբ ընթերցողն է եղել՝ հայրիկիցս հետո: 

Ու նաև իմ զարմանքը մի անգամ Իվ Բոնֆուայի «Ժամը ներկա» գրքի շնորհանդեսից հետո.

-Ինձ թվում էր՝ դու Իվ Բոնֆուա չես սիրի, Վահա՛ն:  Բայց մինչև վերջ մնացիր: 

Եվ դիմացինին զարմացնելու, անակնկալի բերելու իր այդ ունակության մեջ, որ ծնվում էր կաղապարների բացակայությունից, Վահանի ներքին, մշտարթուն ուղևորությունն էր, Վահանի գեղեցկությունը: Մեծ ազնվությունը, որ իմ խոհերում մշտապես սերտաճած  է մնում Վահանի կերպարին, հայացքի անճիգ և պայծառ ազատությանը: 

Վահանի ընտրությունները հաճախ կարող էին զայրացնել, բայց անձամբ ինձ համար երբեք չէին դառնում լուրջ խզման պատճառ, որովհետև ներքին մի զգացողություն ինձ մշտապես հուշում էր դրանց ծագման աղբյուրը, որ ազնիվ էր. երբեմն անիրագործելի, գրեթե պատանեկան մի ազնվություն: 

Գիտեմ, որ Վահանը չէր խուսափում սահմանները վերասահմանելուց, սահմանների հետ խաղալուց, և ինձ միշտ թվացել է, որ նա այդքան սիրում էր սահմանների գլխապտույտ այդ պարը և այդքան ազատորեն էր տրվում դրան, որովհետև գիտեր, որ իր ներսում ինչ-որ բան մեկընդմիշտ խարիսխ է գցել իր ոսկի և կապույտ հայրենիքում, որին նա սերտաճած էր իր հիշողությամբ և բառերով: Իր նվիրումներով: Եվ որ ոչինչ չի կարող այդ կայմերը խորտակել:

Մնաս բարով, սիրելի Վահան: 

No Comments

Leave a Reply