Երաժշտություն Թանգարան Կարինե Ռաֆայելյան

150-ամյա Սպենդիարյանը

18.08.2021

2021 թվականը հոբելյանական է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի համար. նշվում է նրա 150-ամյակը: Հոբելյանը չի պարփակվում հանրապետական ոգեկոչումի սահմաններում. այն արժանացել է միջազգային արձագանքի: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի հետ:

Հոբելյանական բաներ

— Մարինե՛, կարծում եմ՝ բարեբախտություն է, երբ անվանի մարդիկ ունեն տուն-թանգարաններ: Այս դեպքում նրանց հիշատակին, մասնավորապես հոբելյանական տարելիցներին նվիրված միջոցառումները ունեն կոնկրետ պատասխանատու-հասցեատերեր: Ի՞նչ նախաձեռնությամբ է հանդես գալիս տուն-թանգարանը 150-ամյա Սպենդիարյանին հարգանքի, հիշատակի տուրք մատուցելու առումով: Կխնդրեի անդրադառնալ նաև կոմպոզիտորի հոբելյանի միջազգային արձագանքներին:

— Սպենդիարյանի 150-ամյակի տոնակատարության շուրջ սկսել ենք մտածել տարիներ առաջ: Հոբելյանի հայտը ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվել է երեք տարի առաջ: Ես ուրախ եմ, որ Սպենդիարյանի անձը, նրա հոբելյանն ըստ արժանվույն գնահատվեց միջազգային այդ կառույցում, և Սպենդիարյանը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտնի մարդկանց օրացույցում, 2020-21թթ. հռչակվեց Սպենդիարյանի տարի:

Հիշատակի օր՝ նվիրված Ա. Սպենդիարյանին. ձախից՝ Տ. Մանսուրյան, Մ.  Օթարյան, Հ.  Պապյան, Մ. Գրիգորյան

2020 թվականը հայ ժողովրդի կյանքում շատ ծանր տարի էր, սրան էլ գումարվել էր ՔՈՎԻԴ 19-ի թողած ազդեցությունը ողջ աշխարհի վրա: Բայց այդ ընթացքում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կարողացավ լիարժեքորեն նախապատրաստել հոբելյանական տարվա աշխատանքները. մշակեցինք հոբելյանի բրենդինգը, դետալավորվեց ամեն բան՝ Pactory Production ընկերության հետ համագործակցությամբ:

Հոբելյանական նամականիշի մարման արարողություն

Մենք ցանկացել ենք կոմպոզիտորի 150-ամյակը հասու դարձնել հանրության տարբեր շերտերին և որքան հնարավոր է հասարակության լայն շերտերի մասնակցությունն ապահովել հոբելյանական միջոցառումներին: Որպես 150-ամյակի լոգոտիպ՝ ընտրվեց 1905 թվականին Սպենդիարյանի ստեղծած երաժշտական գործիքը, որը Ռիմսկի-Կորսակովը կոչել է Սպենդիարոֆոն: Հոբելյանական բրենդի վրա 150 թվի 0-ն հենց պատկերում է այդ երաժշտական գործիքը: Նպատակը նաև գործիքի հանրահռչակումն է, դրա ճանաչելիության ընդլայնումը: Երևանում և Երևանից դուրս կարելի է տեսնել մեծադիր պաստառներ, որոնք ազդարարում են Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի մասին: Հոբելյանական ծրագիրը ներկայացրել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: Համաձայն եմ այն դիտարկման հետ, որ տուն-թանգարանները տվյալ արվեստագետի հանրահռչակման, հիշատակի պահպանման ուղիղ կրողներն են: Դա պայմանավորված է նաև նրանով, որ արվեստագետի ժառանգությունն ամբողջությամբ հավաքված է տուն-թանգարանում: Հետևաբար, ուրիշ որտե՞ղ ավելի լավ կարող են ուսումնասիրել, խորությամբ իմանալ Սպենդիարյանի և նրա թողած ժառանգության մասին: Ուստի և Սպենդիարյանի հոբելյանի տոնակատարության կրողը և համակարգողը դարձավ տուն-թանգարանը: Գրեթե բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները մենք ենք ներկայացրել: Եվ շեշտը չենք դրել միայն ձևի վրա, կարևորել ենք բովանդակությունը: 

  Ալեքսանդր Սպենդիարյան-150. Երաժշտական ֆլեշ-մոբ՝ օպերային թատրոնի երաժիշտների մասնակցությամբ

Մենք այս տարիներին հասկացել ենք, որ պետք է ներկայացնել Սպենդիարյանին՝ որպես համամարդկային նշանակության արժեք: Նրա երաժշտությունը պետք է վերարժևորվի: Մենք մշակեցինք միջոցառումների մի քանի ուղղություն: Մեկը կրթական ուղղությունն է, որը շատ կարևոր է: ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ պատրաստեցինք շրջաբերականներ, որոնցով և՛ Երևանում, և՛ Հայաստանի բոլոր մարզերում տեղեկացրինք Սպենդիարյանի սպասվող հոբելյանի մասին: Դրանով հորդորեցինք բոլոր կրթական, մշակութային հաստատություններին մասնակից դառնալ այս հոբելյանին: Այս առումով կարևոր ձեռքբերումներ ունեցանք, քանի որ կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ, որոնք նվիրված էին Սպենդիարյանի 150-ամյակին: Իհարկե, կոմպոզիտորի ծննդյան օրը նոյեմբերի 1-ին է, բայց այն արդեն արժանացել է լայն հանրահռչակման տարբեր հաստատություններում:

— Որպես կանոն՝ յուրաքանչյուր հոբելյան առիթ է դառնում նորովի ներկայացնելու, ինչ-որ նոր բացահայտում անելու՝ հոբելյարի թողած ստեղծագործական ժառանգության կամ կենսագրության հետ կապված: Կա՞ն այդպիսի նորություններ, որոնք հանրությանը կներկայացվեն Սպենդիարյանի 150-ամյակի տոնակատարության շրջանակներում:

— Մեկի մասին արդեն ասացի՝ Սպենդիարոֆոնի հանրահռչակումը. ի դեպ, այն առաջին անգամ դուրս բերվեց տուն-թանգարանից և հոբելյանական համերգի օրը ցուցադրվեց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

     Սպենդիարոֆոնը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում 

Շատ կարևոր մի նպատակ ունեինք, հանուն որի իրականացման ջանքեր ենք թափել տարիներ շարունակ. անհրաժեշտ էր Սպենդիարյանի՝ հայ դասական երաժշտության հիմնադրի ստեղծագործությունների կատարումների հաճախականությունը մեծացնել: Այս նպատակին հասել ենք որոշ չափով:

Հոբելյանական համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր՝ Է. Թոփչյան

Արդեն ունեցել ենք երկու սիմֆոնիկ համերգ: Առաջինը կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան: Երկրորդը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգն էր՝ դիրժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երկուսն էլ բավական հարուստ ծրագիր են ներկայացրել՝ բաղկացած Սպենդիարյանի լավագույն ստեղծագործություններից: Ավելին, հունիս ամսին Դուբայի օպերային թատրոնում կայացած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյայի համերգի ժամանակ Սերգեյ Սմբատյանի առաջարկությամբ երգիչը կատարել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը: Էդուարդ Թոփչյանն էլ ասել է, որ Սպենդիարյանի «Երեք արմավենի»  ստեղծագործությունը պատրաստվում է ներառել նվագախմբի բոլոր երվրոպական հյուրախաղերի ծրագրում: Փա՛ռք Աստծո, որ թեև ուշացումով, բայց կարողացանք հասնել այս արդյունքին: Մեծ ձեռքբերում է նաև այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավանության արժանացավ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ներկայացրած ծրագիրը, որի նպատակն է հրատարակել պատկերագիրք՝ ձայնասկավառակով: Այս հրատարակությունը կլինի հոբելյանական տարվա մեծագույն նորությունը: Մենք արդեն երկու տարի է, որ հավաքում ենք սպանդիարյանական մասունքները բոլոր արխիվներից, բոլոր պահոցներից: Դրանցից լավագույնները կընդգրկվեն պատկերագրքում: Բացի այդ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Վահագն Պապյանի ղեկավարությամբ, ձայնագրել է սկավառակ, որում տեղ են գտել Սպենդիարյանի՝ տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները: Հենց այս սկավառակն էլ կցվելու է պատկերագրքին: Սա իսկապես մնայուն արժեք է, որը եկող սերունդներին համապարփակ կերպով կներկայացնի Ալեքսանդր Սպենդիարյան մարդուն և ստեղծագործողին:   

— Ինչպե՞ս է այսօր մատուցվում Ալեքսանդր Սպենդիարյանի ժառանգությունը 21-րդ դարի մարդուն, ինչո՞վ եք հրապուրում տուն-թանգարանի այցելուներին:

— Մենք միշտ փորձում ենք համահունչ լինել ժամանակին: Այս իմաստով մեր հիմնական գործիքակազմը կրթական ծրագերն են:

Այո՛, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն իրականացնում է ուշագրավ կրթական ծրագրեր:

— Տուն-թանգարանը վերանորոգումից և վերաբացումից հետո արդեն տասը տարի որդեգրել է այն մշակութային քաղաքականությունը, որ Սպենդիարյանի մասին տեղեկատվությունը պետք է փոխանցել ժամանակակից սերնդին՝ այդ սերնդի մտածողությամբ: Ակնհայտ է, որ դա արդյունավետ մոտեցում է: Այդ մասին է վկայում մեր այցելուների թվաքանակի աճը: Հեբալյանական տարվա նախաշեմին մենք ներմուծեցինք ևս մեկ նոր կրթական ծրագիր՝ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից Հայաստան»: Նպատակն այն է, որ 21-րդ դարի մարդը խաղի, թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով անցնի այն ուղին, որով անցել է կոմպոզիտորը:

Վարդատունկ՝ կոմպոզիտորի շիրմին

— Այսօր առավել, քան երբևէ մեր առջև դրված է հայապահպանության հրամայականը: Ալեքսանդր Սպենդիարյանից ի՞նչ ունի սովորելու մերօրյա հայը:

— Երևի թե պատահական չէ, որ գրեթե մեկ դար առաջ՝ 1924 թվականին, Սպենդիարյանը եկավ Հայաստան: Այն ժամանակ էլ Հայաստանի համար շատ ծանր շրջան էր: Նա իր ամբողջ կյանքն ապրել է ճոխության, շքեղության մեջ, ունեցել է հարուստ հայր և ստացել բավական մեծ ժառանգություն: Բայց երբ եղավ Հայաստանի իշխանությունների հրավերը աշխարհում ապրող անվանի հայերին՝ գալ և իրենց մասնակցությունը բերել երկրի կայացման գործին, Սպենդիարյանն անմիջապես արձագանքեց հրավերին և եկավ Հայաստան: Իհարկե, համեմատության եզր չկար նրա ղրիմյան և հայաստանյան կյանքերի միջև: Բայց նա եկավ, և կատարվեց զարմանալի բան. Սպենդիարյանը հիանում էր նոր ձևավորված 18-19 հոգանոց սիմֆոնիկ նվագախմբով այն դեպքում, երբ իր ստեղծագործությունները կատարվել էին ռուսական, եվրոպական բեմերում: Դա շատ մեծ բան է, երբ ճանապարհ անցած, կյանքի և պրոֆեսիոնալիզմի հարուստ փորձ ունեցող կոմպոզիտորը գալիս է հայրենիք և կարևորում յուրաքանչյուր ազգային արժեք, յուրաքանչյուր ձեռքբեում, իր նպաստը բերում դրանց կայացման գործին: Հիմա, երբ մենք կրկին բարդ ժամանակաշրջան ենք ապրում, երբ բոլորս ունենք ծանր բարոյահոգեբանական վիճակ, պիտի քաջալերվենք Սպենդիարյանի օրինակով, պիտի հետևենք դրան: Պիտի կարողանանք հնարավորինս առաջ մղել Սպենդիարյանի թողած ժառանգությունը, որը մեր մեծագույն ազգային արժեքներից է: Երբ ազգայինի հետ, արմատիդ հետ քո կապը, քո զգացողություններն ամուր են, հեշտ չի լինի դրանք կորցնել: Դու կառչում ես դրանցից ու պահպանում: Հիմա մենք բոլոր արժեքավոր բաները պիտի բերենք առաջին պլան և ամեն մեկս մեր տեղում ջանք թափենք՝ դրանք պահպանելու համար: Սրանք պարզապես խոսքեր չեն, սա ուղենիշ է՝ իմ հետագա գործունեությունը շարունակելու համար:   

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը  

No Comments

Leave a Reply