30-ականներին փայտաշեն դպրոցը միակ երևացող կառույցն էր գյուղի տափակ, հողածեփ կացարանների շարքում: Դպրոցի վարիչը գյուղացիների ահ ու սարսափն էր: Սուտ մատնությամբ ճակատագրեր կործանող այդ ճիվաղը դեռ մանկությունից էր հայտնի իր այլանդակությամբ: Բայց երբ սկսեց համագործակցել Ներքին գործերի սև ագռավների հետ ու «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» նշանակվեց գյուղի դպրոցի վարիչ, մանկության ու պատանեկության հոռի վարքուբարքը թվացին անմեղ նախավարժանքներ այն նենգության ու ստորության համեմատությամբ, որոնք դարձել էին նրա նկարագրի անքակտելի բաղադրիչները:
Բոլորից առավել սարսափած էին դպրոցականները: Նրանց ու դպրոցում դասավանդող երկու ուսուցիչների կյանքը պարզապես մղձավանջի էր վերածվել. վարիչի կամայականությունները չունեին չափ ու սահման: Թե՛ աշակերտներին գնահատելիս, թե՛ գործած-չգործած սխալների համար խարազանելիս, թե՛ ուսուցիչների աշխատանքը վերահսկելիս, թե՛ դասերից հետո ուրվականի նման բոլորին հետապնդելիս այս մարդն առաջնորդվում էր իր անպատժելիության և դիմացինին ամենաանհավանական մեղքերը վերագրելու բացարձակ իրավունքի գիտակցումով: Ոչ ոք չէր համարձակվում հակադրվել, ծպտուն հանել: Սրանով չէր ավարտվում ամեն բան. տեղի-անտեղի, որպես տեր Թոդիկի արժանավոր հետնորդ, ազատություն էր տալիս ձեռքերին, գոռգոռում՝ չընդհատվող կրակահերթի նման բերանից դուրս թափելով վիրավորական բառեր: Վերջին հատկանիշն էլ պայմանավորել էր դպրոցականների՝ նրան կպցրած մականունը՝ Բարութ:
Հալածանքների ալիքը հատկապես ուղղվում էր այն երեխաների դեմ, որոնց հարազատները նրա թեթև ձեռքով հայտնվել էին ստալինյան մսաղացում: Յուրաքանչյուրն ուներ իր տխուր պատմությունը, բայց բոլոր պատմությունների մեջ ամենաողբերգականն ու առեղծվածայինը կապված էր Բարութի նախկին համադասարանցի, գյուղի դպրոցի, ապա Երևանի բժշկական ինստիտուտի գերազանցիկ շրջանավարտ Վիրաբ Այվազյանի հետ:
Սովետներից առաջ Այվազյանների ընտանիքն ապրում էր բարեկեցիկ կյանքով:
Գյուղի չափանիշներով նրանք մեծահարուստ էին՝ կուլակ: Սա բավական եղավ, որ 20 թվից հետո հայտնվեին սև ցուցակում: Այդուհանդերձ, տան միակ արու զավակի՝ Վիրաբի արժանիքները գնահատելի ու պահանջված էին նաև կուլակաթափությունից հետո: Նա կարողացել էր ճեղքել դասակարգային թշնամանքի պատնեշն ու դառնալ բժշկական ինստիտուտի ուսանող: Բայց երբ ավարտել էր բուհն ու մերժել կրթությունը շարունակելու, մայրաքաղաքում ապրելու-աշխատելու առաջարկը և վերադարձել հայրենի գյուղ՝ ստացած գիտելիքները համագյուղացիներին ի սպաս դնելու, Բարութը գործի էր անցել և ուր որ հարկն է ուղարկել իր մատնագիր-զառանցագրերը: Այս ամենն ավարտվել էր Վիրաբի ձերբակալությամբ:
Դրանից հետո Վիրաբի կրտսեր քրոջ հետ սիրախաղ էր սկսել գյուղի բոլոր հարսնացուներից մերժված Բարութը՝ հավատացնելով, թե ինքն ամեն ինչ կանի, որ եղբայրը փոքր պատժաժամկետ ստանա:
Ամեն շաբաթ լուր էր բերում կալանավայրից. Վիրաբին հագուստ ու սնունդ է պետք, թուղթ ու գրիչ, գրքեր… Չորս քույրերը ոչինչ չէին խնայում միակ եղբոր համար: Տալիս էին Բարութի ուզածն ու հույսով սպասում բարի լուրի: Բայց մի օր Վիրաբի միջնեկ քրոջ՝ Աղավնու ամուսինը, որ բարձրաստիճան, հարգված զինվորական էր շրջկենտրոնում, իր ծանոթների միջոցով պարզել էր, որ աներորդին վաղուց շրջանային բանտում չէ, ու հայտնի էլ չէ, թե ուր են նրան քշել: Կանայք դադարել էին իրենց սուղ միջոցներով հանձնուք պատրաստել-ուղարկելուց, իսկ Վիրաբի գեղեցկուհի քույրը խզել էր կապը Բարութի հետ: Ավելին՝ Աղավնին այսուայնտեղ հայտարարել էր, որ Բարութի մատը խառն է Վիրաբի ձերբակալությանը: Սա, իհարկե, կատաղեցրել էր հրեշին:
Վիրաբը մի գամփռ ուներ՝ Մարխը, որին ձերբակալության օրը հանձնել էր Աղավնու որդու՝ Լևոնի խմանքին: Ձերբակալության ժամանակ շունն անհանգիստ հետևել էր Վիրաբի շուրջ կատարվող անցուդարձին, կատաղի հաչել նրան ձերբակալելու եկած, տունը տակնուվրա անող չեկիստների վրա: Երբ նրանցից մեկը ատրճանակն ուղղել էր Մարխի կողմը, Վիրաբը իրենով փակել էր շանն ու ականջին հրամայական շշնջացել. «Գնա՛ Լևոնի մոտ»: Հետո դարձել էր տղային, որ հոր հետ ներկա էր քստմնելի այդ տեսարանին.
-Դո՛ւրս գնա, Մարխին էլ հե՛տդ տար: Հիմա դու ես տերը:
Գամփռը կաղկանձել էր, փաթաթվել Վիրաբի ոտքերին, սակայն վզի թոկը քաշող Լևոնի հետ դուրս էր եկել ու այդուհետ դարձել նրա շունը:
Վիրաբի, հետո էլ Լևոնի ընկերները սիրում էին փորձել Մարխի ապշեցնող զգոնությունն ու հավատարմությունը: Ամենախաղաղ պահերին սուտ կռիվ էին սարքում տիրոջ հետ, ձևացնում, թե քաշքշում են, խփում: Մարխը այնպիսի կատաղությամբ էր նետվում դեպի տղաները, որ եթե մեկ ակնթարթ ուշանար տիրոջ «Մա՛րխ, նստե՛լ» հրահանգը, պարզապես կբզկտեր նրանց:
Ութերորդ դասարանցի Լևոնն ուղղակի քեռու պատճենն էր՝ թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ: Հենց նա էլ դարձավ Բարութի թիրախը: Ամեն անգամ դաս պատասխանելիս Բարութը տեղի-անտեղի ընդհատում էր նրան, դիտավորյալ տալիս այնպիսի հարցեր, որ տղան շփոթվում էր, պապանձվում: Լևոնի օրագրում իրար հետևից շարված երկուներն սկսեցին անհանգստացնել ծնողներին. նրանք լավ գիտեին Բարութի նենգությունը:
Հայրը մի օր անսպասելի գնաց դպրոց և խնդրեց իրեն թույլ տալ՝ ներկա գտնվելու որդու դասաժամին: Վարիչը, որ լավ գիտեր, թե ով է պատռել իր դիմակն ու զրկել իրեն Վիրաբին խելապատառ սիրող քույրերից ստացվող բերքուբարիքից, կծու հայացքով չափել էր Լևոնի հորը, բայց չէր համարձակվել մերժել:
Հոր համար բնավ անսպասելի չէր, որ որդին պարզապես ենթարկվում է ճնշող-
ստորացնող հավատաքննության, ոչ թե դասահարցման: Իսկ Լևոնը կրկնակի էր վիրավորվել հոր ներկայությամբ իրեն այդ վիճակի մեջ դնելու համար:
Հաջորդ դասաժամին Բարութը (նա երեք առարկա էր դասավանդում) որոշել էր ամրագրել իր շենշող հաղթանակն ու կրկին գրատախտակի մոտ էր կանչել Լևոնին:
Մարխը, որ հաճախ էր սպասում տիրոջը դպրոցի բակում, պատուհանից տեսել էր նրան դաս պատասխանելիս ու մոտ վազել այն պահին, երբ Բարութը շառաչուն ապտակ էր հասցրել տղային: Տեսնելու բան էր, թե ինչպես էր հսկա շունը կոտրել պատուհանի ապակին, ցատկել-մտել դասասենյակ ու հարձակվել Բարութի վրա: Բոլորի ահ ու սարսափ այդ սինլքորը գույնը գցել էր ու ծղրտացել կնոջ պես:
-Մա՛րխ, նստե՛լ,- բղավել էր անակնկալից մի կերպ ուշքի եկած Լևոնն ու դժվարությամբ հետ պահել գամփռին:
Շունը հասցրել էր հոտոտել ու ճանաչել Բարութին. նա էր գիշերները տիրոջ պատուհանի տակ պպզում այնքան ժամանակ, մինչև իր անհանգիստ հաչոցների վրա բակ դուրս եկած Վիրաբին տեսնելով՝ սա թաքուն ցատկում էր ցանկապատի վրայով ու կորչում, իսկ Մարխը կատաղում էր, որ չի կարողանում պոկել վզի շղթան ու հասնել հետևից:
Դասերից հետո, ընկերների հետ դպրոցի բակում շարված գերաններին նստած, Լևոնը դառնացած դուրս էր թափել ներսում կուտակվածը, հայհոյել Բարութին, հիշել քեռու դաժան պատմությունը: Տիրոջ ոտքերի մոտ պառկած Մարխը սևեռուն նայել էր Լևոնին ու մերթընդմերթ հատու հաչացել: Երեկոյան նա տուն չէր գնացել Լևոնի հետ, ինչպես լինում էր սովորաբար: Լևոնը նշանակություն չէր տվել դրան, քանի որ գյուղում ամեն քար ու թուփ անգիր իմացող Մարխի համար դժվար չէր ինքնուրույն գտնել տան ճամփան: Բայց երբ մթնել էր, ու շունը չէր հայտնվել, Լևոնն ու նրանց ամբողջ ընտանիքն անհանգստացել էին: Փնտրել էին բոլոր հավանական տեղերում, ձայն տվել աջ ու ձախ, բայց այդպես էլ չէին գտել:
Բոլորը մտածել էին, թե պահեստի վերածված եկեղեցուց սերմացու գողանալու եկած գողերն են տարել-կորցրել: Մարխը ոչ միայն Լևոնենց տան, այլև ողջ գյուղի պահապանն էր: Բերքահավաքի օրերին կոլտնտեսության նախագահը գալիս էր Վիրաբի, հետո էլ Լևոնի հոր մոտ՝ խնդրանքով, որ Մարխին մի քանի գիշեր տանեն եկեղեցու բակ՝ բերքը գողերից պաշտպանելու: Եթե Մարխն իր հսկիչ կետում էր, ոչ մի կենդանի արարած չէր համարձակվում ոտք դնել այնտեղ: Օտար մեկի հայտնվելուն պես գյուղով մեկ տարածվում էր Մարխի ամեհի հաչը և ոտքի հանում բոլորին: Մի անգամ կողքի գյուղից ինչ-որ մարդիկ փորձել էին գողանալ ամբարված սերմացուն ու ընկել Մարխի ճանկը: Մինչև նրա հաչոցի վրա կարթնանար գյուղը, Մարխը ձգել-պոկել էր վզի կապը, հարձակվել, մի լավ կծոտել էր դրանց ու քշել: Եկեղեցու բակից սկսվող արյան հետքերը ձգվում էին մինչև գյուղի ծայրն ու անհետանում երկու գյուղերը բաժանող գետի մոտ: Հաջորդ օրը հարցուփորձով իմացել էին, որ կողքի գյուղից երեք հոգի վիրակապերով են ման գալիս:
-Ամեն ինչ պարզ է՝ պղտոր ջրի պես,- կատակել էր Լևոնի հայրն ու շոյել Մարխի գլուխը:
Հիմա, երբ ամբողջ գիշեր տուն չէր եկել Մարխն ու չէր արձագանքել տերերի կանչին, գրեթե համոզված էին, որ դրանք են մի չար խաղ խաղացել իրենց արյունլվիկ արած գամփռի գլխին:
***
Մարխը պահ էր մտել դպրոցին կից բացատում դարսված աթարի կույտի հետևում ու սսկվել:
Դպրոցի բակում կողք կողքի շարված էին համայնական արտաքնոցները, որոնց գարշահոտը մարդ էր խեղդում տասնյակ մետրի վրա: Ուշ երեկոյան դպրոցից դուրս եկավ Բարութը և ուղղվեց արտաքնոցների կողմը, բացեց դրանցից մեկի դուռը, մտավ ներս: Մարխն անձայն մոտեցավ նեղլիկ տնակին ու պառկեց դռան առջև: Գործն ավարտած՝ Բարութը բացեց արտաքնոցի դուռը: Չէր հասցրել ոտքը դուրս հանել, երբ լսեց Մարխի կատաղի հաչն ու տեսավ նրա սարսափազդու երախը: Գույն տվեց-գույն առավ, իսկույն հետ գնաց ու փակեց դուռը: Տեսարանը կրկնվեց մի քանի անգամ: Հուսահատ Բարութն սկսեց օգնություն կանչել: Երբ նա գոռում էր, Մարխը մի էնպիսի հաչոց էր կապում, որ խլանում էր Բարութի ձայնը: Արդեն մթնում էր, իսկ Բարութը ձմեռվա ցրտին փակվել-մնացել էր համայնական արտաքնոցում՝ առանց վերարկուի: Հույսը կտրած, թե ինչ-որ տեղից օգնություն կգա, Բարութը որոշեց պոկել հետևի պատի տախտակներից մեկ-երկուսն ու մի կերպ դուրս պրծնել նեղ ճեղքից: Մարխը կռահեց նրա մտադրությունը, կատաղի գռմռոցով վազեց դեպի արտաքնոցի հետնամաս ու ատամները խրեց տախտակների արանքում անհանգիստ շարժվող մատների մեջ: Ժամեր շարունակ մենամարտում էին մարդն ու շունը՝ մեկն ինքնապաշտպանական բնազդի, մյուսը՝ շնային հավատարմության ու ներսում վաղուց խմորվող վրեժի թելադրանքով: Լուսադեմին մոտ մի խուլ թրմփոց լսվեց արտաքնոցից, հետո տիրեց կատարյալ լռություն: Մարխը մի քանի պտույտ արեց իր գիշերային պահակետի շուրջ և ծանր քայլերով հեռացավ:
Դասերն սկսվելուց առաջ արտաքնոցը մաքրելու եկած հավաքարարը բացել էր դուռն ու գտել անշունչ Բարութին՝ կեղտ ու մեզի մեջ տապալված: Ոչ ոք չիմացավ, թե ինչպես և ինչու էր վրա հասել նրա մահը համայնական արտաքնոցում: Բայց շատերը գյուղում թեթևացած շունչ քաշեցին, միմյանց թաքուն աչքալուսանք տվեցին ու մտածեցին, որ այդ կեղտագունդը գտել է իր մահն ամենաճիշտ տեղում:
***
Լուսադեմին փայտե ցանկապատը կամաց ճռռաց: Լևոնը, որ ամբողջ գիշեր չէր քնել շան կորստի ցավից, արագ վրան գցեց վերարկուն ու դուրս վազեց: Տնամերձից ձգվող երկու ածուի միջով սիգաճեմ-հանդիսավոր դեպի իր բույնն էր քայլում Մարխը: Մեկ էլ, երևի, Ալեքսանդր Մակեդոնացին էր էդպես վերադարձել Գավգամելայի ճակատամարտից: Լևոնը փաթաթվեց շանը: Զննեց մորթին, թաթերը, մռութը. ոչ մի կասկածելի բան չնկատեց:
-Ո՞ւր էիր կորել, Մա՛րխ,- գորովանքով հարցրեց:
Շունը կլանչեց, գնաց-մեկնվեց իր բնում, ծմրեց՝ անուժ կրծելով երեկ կիսատ թողած ոսկորը:
Երբ Լևոնն առավ Բարութի մահվան լուրը, անորոշ ենթադրեց, թե որտեղ է գիշերել Վիրաբ քեռու և իր հավատարիմ շունը: Այդ օրը Մարխը համարյա դուրս չեկավ բնից. մի տեսակ հոգնած-սպառված էր ասես: Բայց մեկ օր անց մի իսկական խրախճանք սարքեց, երբ թաղելու էին տանում Բարութին: Պոչը տնկած, աշխույժ, խաղացկուն վազում էր մահվան թափորի կողքով այնպես, ինչպես Վիրաբին ու Լևոնին էր ուղեկցում լորի կամ ձկան որսից վերադառնալիս: Մերթընդմերթ գլուխը թեքում էր դպրոցի կողմը, անհասցե հաչում, զվարթ կլանչում, ապա մոտենում Լևոնին և ինքնագոհ գռմռալով՝ փաթաթվում ոտքերին: Լևոնը քայլում էր հուղարկավորների շարքում ու փորձում գլխում համադրել տեսածն ու կարծրացող ենթադրությունները: Դասարանի միջադեպը… Երեկոյան դպրոցի բակից չհեռանալը… Բարութի անհեթեթ վախճանը… Մարխի էս քեֆ-ուրախությունը… Ամեն ինչ շաղկապված էր աներևույթ, բայց խիստ տրամաբանական հանգույցներով. Մարխը չէր ներում տիրոջ վրա ձեռք բարձրացնողներին:
Հ.Գ.
Տարիներ անց ինչ-որ անորոշ լուր էր հասել Աղավնու ականջին, թե եղբայրը ողջ է, ապրում է արտասահմանում, սեփական հիվանդանոց ունի: Էդ լուրը ո՛չ հերքվեց, ո՛չ հաստատվեց: Բայց քույրը միշտ ասում էր. «Սիրտս զգում է՝ Վիրաբը կա, ապրում է մի տեղ, բայց ի հայտ չի գալիս, որ մեզ չվնասի: Բարութի նմաններից է վախենում»: Մահվանից երկու տարի առաջ յութանասունամյա Աղավնու ինքնազգացողությունն անսպասելի վատացել էր, նա ուշաթափվել էր ու մի քանի ժամ եղել անգիտակից վիճակում: Ո՛չ մի բժիշկ, ո՛չ մի դեղամիջոց չէին օգնել: Երբ բոլորն արդեն հույսները կտրել էին, Աղավնին բացել էր աչքերն ու շուրջը հավաքված հարազատներին ասել.
-Իմ սրտի թելը կտրվեց: Վիրաբն էլ չկա:
Հ.Գ. (անձնական)
Պատմվածքում ներկայացված փաստերը հիմնականում գեղարվեստական հորինվածք են: Սակայն հերոսներից երկուսի՝ Աղավնու և Վիրաբ Այվազյանի անուններն ու նրանց վերաբերող որոշ հատվածներ իրական են: Աղավնին տատս է, Վիրաբը՝ նրա եղբայրը: 1941-ին Երևանի բժշկական ինստիտուտը կարմիր դիպլոմով ավարտած, առաջին իսկ զորակոչին Հայրենական մեծ պատերազմ մեկնած, ֆաշիստական և ստալինյան ճամբարներում տառապած Վիրաբի մասին մեկը մեկից հետաքրքիր պատմությունները տատիցս, մորիցս ու մորաքույրերիցս լսել եմ տասնյակ անգամներ: Բակունցի Արթին պապի նման աղոտ հույս եմ փայփայում, թե մի օր կգա երկար սպասված լուրն ու լույս կսփռի գրեթե մեկ դար առաջ անհետ կորած իմ ազգականի առեղծվածային կենսագրության վրա: Գուցե անհեթեթ բան եմ մտածում, բայց… Հույսը վերջինն է մեռնում. էդ էլ հո ե՞ս չեմ հորինել:
No Comments