Էրիկ Քլեփթոնը լույս աշխարհ է եկել 1945 թվականի մարտի 30-ին, անգլիական Ռիփլի գյուղում: Իր առաջին կիթառը նա ստացել է տասներեք տարեկանում, սակայն նվագելու հաճույքն ու երաժիշտ դառնալու իսկական տենչը երկու տարի հետո է միայն նրան այցելել:
Քլեփթոնի մականունը «slowhand» («դանդաղ ձեռք») է: Մի սխալ պատկերացում կա, ըստ որի՝ նա արագ անցումների փոխարեն ավելի դանդաղ, հյութեղ ու երգեցիկ սոլոն է միշտ նախընտրել: Այնուամենայնիվ, դա այդպես չէ: Իրականում մականունը ծնվել է բառախաղի վարպետ, «Yardbirds» խմբի մենեջեր Ջորջիո Գոմելսկու շնորհիվ: Այդ խմբի կազմում ժամանակին նաև ինքը՝ Քլեփթոնն էր հանդես գալիս: Համերգների ժամանակ, երբ լար էր կտրվում, Էրիկը ոչ թե վազում էր կուլիսներ, այլ հենց բեմի վրա էլ ամեն ինչ իր տեղն էր դնում: Այդ կարճ դադարը հանդիսատեսն ուղեկցում էր, ինչպես Անգլիայում էր ընդունված ասել, «show handclap»-ով՝ դանդաղ ծափով: Գոմելսկին, ցանկանալով Էրիկին ընկերաբար բորբոքել, այդ արտահայտությունը վերաձևել է «slowhand»-ի, ու հորինանքը, այդ ժամանակից ի վեր, սկսել է անողոքաբար հետևել Քլեփթոնին:
Էրիկ Քլեփթոնը իր ամենահայտնի կոմպոզիցիաներից մեկը՝ «Layla»-ն, նվիրել է Փաթի Բոյդին, որն այդ ժամանակ իր մտերիմ ընկեր Ջորջ Հարիսոնի հետ էր ամուսնացած: 1976-ին Բոյդը նախկին «բիթլից» Քլեփթոնի մոտ է փախել, բայց ինչն է հատկանշական՝ Էրիկն ու Ջորջը դրանից հետո էլ շարունակել են ընկերներ մնալ: Փաթին, ձանձրանալով Էրիկի անառողջ ապրելակերպից, 1988-ին ամուսնալուծվել է:
1991-ին Քլեփթոնի կյանքում ողբերգություն է կատարվում. նրա հնգամյա որդին ցած է ընկնում երկնաքերի 53-րդ հարկի պատուհանից: Ավելի քան մեկ տարի երաժիշտն անցկացնում է խոր վշտի մեջ: Քլեփթոնն իր «Tears in Heaven» առինքնող բալլադը նվիրել է որդուն: Հետագայում այն դարձել է նրա ամենահայտնի երգերից մեկը:
1993 թվականին «Layla»—ի ձայնային վարկածը «Լավագույն ռոք երգ» անվանակարգում «Գրեմմի» է ստացել՝ շրջանցելով այնպիսի սուպեր-հիթի, ինչպիսին Քուրթ Կոբեյնի «Co Smells Like Teen Spirit»-ն է: Քլեփթոնի խոսքով՝ նա երգի գործիքավորումը փոխել է, որովհետև բնօրինակ արագընթաց ռիֆ նվագելու համար այն պարզապես հնացել էր արդեն:
Քլեփթոնի «Badge» երգը նրա, Հարիսոնի ու Ռինգո Սթարի համատեղ աշխատանքի արգասիքն է: Անվանումը պատահականորեն է ընտրվել: Վարկածներից մեկի համաձայն՝ Քլեփթոնը չի կարողացել ընթերցել Ջորջի տգեղ ձեռագրում «bridge» (անգլ.՝ «կամուրջ») բառը. կարդացել է այն իբրև «Badge» («կրծքանշան»): Մեկ այլ վարկածի համաձայն ՝ սխալը բաց է թողել հենց այդ ժամանակ գինովցած Ռինգոն. վերջինիս է պատկանում նաև «I told you ’bout the swans that live in the park» («Ես ձեզ պատմեցի այգում ապրող կարապների մասին») տողը:
Էրիկ Քլեփթոնը հայտնի «Մահացու զենք» կինոնկարի բոլոր չորս մասերի երգահանն է:
1979 թվականին Էրիկը իր «Fender»-ը նվիրել է Լոնդոնի «Hard Rock Cafe»-ին ՝ սկիզբ դնելով բարերի այս ցանցին պատկանող երաժշտական գործիքների հայտնի հավաքածուին:
Էրիկ Քլեփթոնը միակ երաժիշտն է, որը երիցս ընդգրկվել է ռոք-ըն-ռոլ-ի Փառքի սրահում՝ որպես «Cream» և «Yardbirds» խմբերի անդամ և որպես մենակատար:
Էրիկ Քլեփթոնը «Crossroads Guitar Festival» բարեգործական երաժշտական փառատոնի կազմակերպիչն է, որը ստեղծվել է նրա իսկ կողմից հիմնադրված վերականգնողական կենտրոնին սատարելու համար (Անտիգուա,Կարիբյան կղզիներ): Փառատոնն անցկացվել է 2004, 2007, 2010 և 2013 թվականներին: Տարբեր ժամանակներում երաժշտական միջոցառմանը մասնակցել են այնպիսի ականավոր կատարողներ, ինչպիսիք են Ջեֆֆ Բեքը, Բի-ԲԻ Քինգը, Ջոն Մաքլաֆլինը, Կառլոս Սանտանան, ZZ Top- ը և այլք: Ու, հարկավ, նաև ինքը՝ կազմակերպիչը:
ԷՐԻԿ ՔԼԵՓԹՈՆԻ ՄՏՔԵՐԻՑ
Բլյուզը կին չունեցող տղամարդու մասին երգ է: Կամ երգ է այն տղամարդու մասին, որի կինը լքել է իրեն: Կամ՝ կնոջ հետ ընդհանրություն չունեցող մարդու մասին է:
Որոշ մարդիկ ունեն մեծ պատասխանատվության զգացում, բայց, ցավոք, նրանք զուրկ են երաժշտական ճաշակից: Ոմանք էլ հիանալի երաժշտական ճաշակ ունեն, բայց գործնականում պատասխանատվությունը նրանց համար չէ: Այս պարագայում առհասարակ ներդաշնակ մարդիկ ծայրաստիճան քիչ են:
Բլյուզը անհատական արվեստ է: Մեն-մի մարդ կիթառով՝ ողջ աշխարհի դեմ:
«Layla» երգի մասին
Ես սիրում եմ լսել այս երգը: Կարծես թե՝ իմը չէ: Կարծես թե լսում եմ մեկին, որն ինձ դուր է գալիս:
Թմրամիջոցների մասին
Ինձ թվում էր, թե կարող եմ ցանկացած պահի կանգ առնել: Ավելի քան մեկ տարի ես հերոինը խառնում էի կոկայինի հետ ու խմում, և լավ էի զգում ինձ: Թմրամիջոց էի ընդունում՝ երկու շաբաթը մեկ, ու ահա, այնպես է ստացվել, որ դրա վրա ամեն օր նստած եմ: Հիշում եմ առաջին 24 ժամերը, երբ սկսեցի թողնել: Մարմնիս ամեն մի նյարդ ու մկան քարացել, մեռնում էին: Ամենազազրելին այն էր, որ երբ արդեն իսկ մաքրվել էի՝ էլ ավելի վատ էի զգում ինձ:
Հիշում եմ. երգը որպես մի աննշան բան էի ընկալում, սա տեղի էր ունենում կիթառ նվագելու ու էլի մի ինչ-որ բանի միջև, և՝ ուզում էի հնարավորինս շուտ ձերբազատվել այդ զգացումից: Երգելը մի առօրեկան զբաղմունքի էր վերածվել, էլ հաճելի չէր ինձ:
Երբ հնարավորություն ունես ինչ-որ բան կատարելագործել կամ թողնել նույնը՝ իր բնական տեսքով, ապա ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը:
Չգիտեմ՝ հավատում եմ բախտին, թե՝ չէ, բայց ես անչափ հաջողակ եմ:
Ռուսերենից թարգմանեց Արամ Ալավերդյանը
No Comments