Ardi.am-ը պարբերաբար ներկայացնելու է «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի հրապարակումներից։ Ամսագիրը լույս է տեսնում տպագիր տարբերակով։ Հիմնադիրներն են՝ Հայաստանի շինարարների միությունը և Հայաստանի ճարտարապետների միությունը։ Գլխավոր խմբագիրը Անահիտ Պողոսյանն է։
«Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի հյուրն է Հայաստանի տառաստեղծների միավորման նախագահ Ռուբեն Թարումյանը։
«ԱրԹարումյան» ընտանիքի և մի շարք այլ հայկական համակարգչային տառատեսակների հեղինակը բոլորին է հայտնի, բայց Թարումյան բանաստեղծը, թարգմանիչը, նկարիչը և երգահանը մեզ համար իսկական հայտնություն էր:
Զրույցը սկսվեց ազգային խնդիրներից. վերահաստատեցինք, որ հայ ազգը պատկանում է աշխարհի խոշորագույն ազգերի թվին՝ հիմք ընդունելով նաև Ռուբենի այն փաստարկը, որ երկրագնդի վրա գոյություն ունեցող հազարավոր ազգերից մերը մոտ 100-րդն է, իսկ, օրինակ, Ճեպագիտարանի (wikipedia) շուրջ 300 լեզուներից հայոց լեզուն 37¬րդն է, և այդ իմաստով այնքան էլ վտանգված չենք, բայց վտանգված ենք այնքանով, որքանով մեզ թուլացնում է մեր մտածելակերպը: (Հետո արդեն «tarumian.am» կայքէջի թարումյանական չափածոյում պիտի գտնեի տողեր, որ գրված էին ներքին ընդվզումով. «Իսկ ի՞նչ ասենք նոր սերնդին՝ որ սովորո՞ւյթ ենք դարձրել՝ հող կորցնել, հետո՝ լացել…»):
Այնուհետև սահուն անցում կատարեցինք դեպի հայոց լեզուն, խոսեցինք հնդեվրոպական արմատներից, ազգի պահպանության գործում գրի և գրավոր լեզվի դերից: Հասանք նաև Մատենադարան, ավելի ճիշտ՝ չհասանք, այլ խոսեցինք նրա դիմաց՝ փողոցի երկայնքով ձգվող հայոց այբուբենից, որտեղ տառերի նկարվածքը ոչ թե հայկական, այլ գոթական ոճի է, ու իմ տարակուսանքին ի պատասխան, Ռուբենն ասաց. «Ամեն նկարիչ ինչ ուզում՝ ստեղծագործում է, խնդիրը քաղաքային իշխանություններինն է ՝ նպատակահարմար գտնո՞ւմ են ամեն մի արվեստի գործ տեղադրել քաղաքում, այն էլ՝ հենց Մատենադարանի կողքին: Դա գոթական ոճը հայերենի վերածած տարբերակ է, ինքս էլ ունեմ նման տառատեսակ: Բայց հարցը դրանում չէ, այլ տեղադրման վայրի: Ամեն ինչ պետք է դնել այնտեղ, որտեղ պետք է»:
Ճարտարապետի և նկարչուհու ընտանիքի ստեղծագործական մթնոլորտն ինչպե՞ս է անդրադարձել Ռուբենի հետագա ճանապարհի վրա: Ասաց, որ իրեն գրավել են հոր մակագրությունները նախագծերի վրա, գրքերի, կոնֆետների պիտակների նրա յուրահատուկ ձևավորումը, տառերի հետաքրքիր ուրվագծերը: Մոր նկարչական ձիրքից էլ երևի ինչ-որ բան փոխանցվել է: Նրա Թարումյան ազգանունն էլ վերցրել է իբրև ստեղծագործական գրչանուն («ռուբենհակոբյանները շատ էին»)՝ օգտագործելով գրության դասական ձևը՝ Թարումեան, բայց հայրական Հակոբյանն էլ է պահպանել:
Մի խոսքով՝ ինքն ամբողջովին արվեստի աշխարհում է: Ինչ-որ ժամանակ կիթառն էլ է դարձել նրա մտերիմ ընկերը, մի քանի մեղեդիներ է ստեղծել, և գոգոլյան «Սիրերգը» նրա թարգմանությամբ թախիծ է կաթեցրել. «Միշտ քեզ համար, քնքուշ հրեշտակս, միշտ քեզ համար եմ աղոթում…»:
Նկատեցի, որ ռուսալեզու կրթություն ստացած մարդու այդպիսի ապշեցուցիչ մաքուր, հիասքանչ հայերեն չեմ լսել: Ի պատասխան ասաց՝ չի սիրում իր հասցեին հիացական խոսքեր: «Ես միշտ ներկայանում եմ իմ իրական ուժերից մի քիչ ցածր: Չեմ ուզում, որ մարդիկ ինձնից ինչ—որ սպասում ունենան»:
Ծանոթության համար այսքանը համարելով բավարար՝ անցանք բուն թեմային:
Ամեն ինչ պետք է դնել այնտեղ, որտեղ պետք է:
Տեղեկույթի հաղորդիչ — տեղեկույթի կրիչ — տեղեկույթի ընդունիչ շղթան պետք է պահպանվի: Սա նշանակում է՝ իրավունք չունենք տառաձևերը խախտել: Միևնույն ժամանակ մեր գործը հենց այդ «խախտելն» է՝ նոր բան ստեղծելը, բայց այնպես, որ մեկը մյուսից չհեռանա:
Մաշտոցներ շատ ունենք, վռամշապուհնե՛ր չունենք:
— Ռուբեն, համակարգչային հայկական տառատեսակների ձևաստեղծման գաղափարն ի՞նչ հենքի վրա մարմին առավ: Ո՞րտեղից սկսվեց տառաստեղծի ձեր ճանապարհը:
— Հետաքրքիր զուգադիպություն. այդ ճանապարհը սկսվեց հենց այն շենքից, որտեղ հիմա տալիս եք ինձ այդ հարցը: Այստեղ նախկինում քիմիական տեխնիկումն էր: Այն ժամանակ արդյունաբերական երկիր էինք, ժամանակակից մասնագիտությունների ու մասնագետների պահանջարկ կար, և, այդտեղ տարածք էր հատկացվել (եթե չեմ սխալվում՝ 89-90 թվականներին) հումանիտար տեխնոլոգիաների «ՀայՀամակարգիչ» նորաստեղծ կենտրոնին՝ Վահրամ Մխիթարյանի ղեկավարությամբ: Այստեղ հավաքվել էր հայ ինտելեկտուալ մտքի այն սերուցքը, որը դեռ այն ժամանակ համակարգչի հետ հնչյունային հաղորդակցության առաջին փոքրիկ հաջողություններն էր գրանցում («Microsoft»-ի այդ տեխնոլոգիաները ստեղծվելու էին ավելի ուշ): Ինձ ևս հրավիրեցին այդ թիմում աշխատելու. համակարգիչները գալիս էին լատինական տառատեսակներով, հարկավոր էր դրանք «աշխատեցնել» նաև հայերեն:
Սկզբում ամեն ինչ շատ պարզ էր. գոյություն ունեցող լատինական տառատեսակները ինչ-որ ձևով հարմարեցնում էինք հայկականին: Ի դեպ, «հարմարեցնելը», կամ «տեղայնացնելը» սովորական բան է. համակարգչային հայտնի տառատեսակները, ինչպես, ասենք, «Georgia»- ն կամ «Arial»¬ը, միշտ էլ ունենում են առանձին տառաշարեր բազմաթիվ լեզուների համար: Այդ ձևաչափով հիմա էլ ենք աշխատանքներ իրականացնում, և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերում արդեն մեկ տասնյակից ավելի հայերեն տառատեսակներ ունենք:
— Իսկ հակառակը չի՞ կարող լինել՝ ընդօրինակում կատարվի, ասենք, հայկական տառաձևերից, նաև հայկականը համակարգչային աշխարհում դառնա ճանաչելի և գործածելի:
— Այդպիսի փորձ ժամանակին արել եմ՝ «Microsoft»-ին առաջարկելով իմ տառատեսակներից մեկը: Բայց նման հավանականությունը փոքր էր, և հասկանալի է թե ինչու. տառատեսակը նախ և առաջ ծրագրային արտադրանք է, որը պետք է ճիշտ պատրաստված լինի, խոտանը բացառելու համար ծախսատար գործընթացներ՝ փորձեր և ստուգումներ անցնի, և դրա ամբողջ պատասխանատվությունը կրող ընկերությունը չի ցանկանա իր հեղինակությունը վտանգի տակ դնել: Ահա թե ինչու աշխատում ենք այս ձևաչափով՝ արդեն եղած հիմքի վրա կառուցել մերը:
— Ռուբեն, դուք նաև գրահրատարակչության ոլորտում ստեղծել եք բուն հայկական տպագիր տառատեսակներ, որոնք աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ, հայերենահունչ ու տրամադրություն ստեղծող կերպարային առանձնահատկություններով: Որո՞նք են ձեր ներշնչման աղբյուրները՝ մեսրոպատառ այբուբենի ոգեղենությո՞ւն, մատենադարանի ձեռագրե՞ր, հին հրատարակություննե՞ր, գուցե պարզապես ճարտարապետի ստեղծագործական երևակայությո՞ւն:
— Բոլորն էլ՝ այս կամ այն չափով: «Գրքի նորը», օրինակ, ստեղծել եմ՝ հիմք ընդունելով 19-րդ դարի մի դասագրքի տառատեսակը: «Արիան գրքի» տառատեսակի հիմքում ավանդական «Գրքի սովորական» և «Արամյան» տառատեսակներն են: Ունեմ տառատեսակներ՝ «Արեգ», «Վահան», «Խաչատուր» և այլն, որոնք պատրաստված են զրոյից: Ցանկացած ճարտարապետ այս կամ այն չափով տիրապետում է տառարվեստին (ասենք՝ նախագծի անվանման, դրա վերաբերյալ որոշակի տեղեկույթի ձևավորման համար): Մոմիկը, ճարտարապետ լինելով, նաև գրիչ էր, ծաղկում էր ձեռագրերը: Բնականաբար, որպես ճարտարապետ պատմական հուշարձաններն ուսումնասիրելիս՝ ինձ գրավել են քարե արձանագրությունները, և դա էլ է ազդեցություն ունեցել տառերի հետ աշխատելու իմ նախասիրության վրա:
Տառարվեստն, առհասարակ, շատ պահպանողական ոլորտ է: Ամեն ինչ կարող է փոխվել, տառերը մնում են: Ահռելի տարբերություն կա, ասենք, Միքելանջելոյի դարաշրջանի և մեր ժամանակների ճարտարապետության միջև, բայց տառերը նույնն են. Գարամոնի տառատեսակներն, օրինակ, թեև կարող են ինչ-որ տեղ հնաոճ համարվել, բայց առ այսօր օգտագործվում են: Այսինքն, եթե ուզում ենք ստեղծել մի բան, որն ընթերցողը կարդա, չպետք է դուրս գանք ընդունված հունից: Դա տառաստեղծման, գրչարվեստի դպրոցն է: Եթե այն չլիներ, հիմա չէինք կարողանա կարդալ մաշտոցյան մատենագրերը: Այս շղթան՝ տեղեկույթի հաղորդիչ — տեղեկույթի կրիչ — տեղեկույթի ընդունիչ, պետք է պահպանվի: Սա նշանակում է՝ իրավունք չունենք տառաձևերը խախտել: Միևնույն ժամանակ մեր գործը հենց այդ «խախտելն» է՝ նոր բան ստեղծելը, բայց այնպես, որ ստեղծված նոր տառաձևը դասական ձևերի միջուկից՝ գրույթից չհեռանա:
— Տառի ձևը որոշակիորեն ազդում է մարդու տեսողական, ենթագիտակցական, հուզական ընկալումների վրա: Ինչպե՞ս է ընտրվում այս կամ այն բովանդակային ուղղվածություն ունեցող շարադրանքի տառատեսակը:
— Եթե վերցնենք, ասենք, գովազդի ոլորտը, որտեղ նյութը կարող է ընդամենը երկու բառով ներկայացվել, ապա տառի ձևը հիմնական գործոնն է: Բայց այստեղ կարևորվում է ոչ այնքան տառաստեղծի, որքան դիզայների՝ տվյալ տեքստին համահունչ տառատեսակ գտնելու արհեստավարժությունը: Մեզանում հաճախ, հատկապես գրքարվեստում, էջադրման գործն իր բարձրության վրա չէ: Ենթադրենք, խնդիր է լինում քիչ թղթի վրա մեծ տեքստ տեղադրել. առանց հաշվի առնելու՝ որքանով է դա մատչելի ընթերցողին՝ լուսանցքները վերացվում են, տողերը խցկվում իրար մեջ, պարզապես անհնար է դառնում կարդալը: Կամ էլ հակառակ երևույթին ես հանդիպում՝ ահռելի հաստությամբ մի գիրք, ուր տողերն իրարից այնքան են հեռու, որ և՛ ընթերցելն է դժվարանում, և՛ ափսոսել կարելի է այդքան թուղթ վատնելու համար: Դա էլ մի առանձին ոլորտ է՝ էջկապի մասնագիտությունը, որին հարկ եղած չափով տիրապետողները դեռևս քիչ են:
— Այսինքն՝ այս ոլորտը վերահսկողությունից դուրս չպետք է լինի: Եվ նույնը կարելի է ասել նաև տառաստեղծման ոլորտում՝ երբ տառի ձևն աղավաղվում է ընդհուպ մինչև անհասկանալի դառնալը:
— Եթե տառի գրույթի վրա է ազդում փոփոխությունը, միանշանակ անընդունելի է: Ունենք տառաձևեր, երբ փոքրատառ «ն»-ի վերին ելուստը դեպի ներս է շրջված, որը որոշակի հիմնավորում ունի՝ արագ գրելաձևում ընդունված և կայացած է: Սակայն վերջին ժամանակներս ի հայտ է եկել նաև մեծատառի նույնանման ձև, որը ոչ մի կերպ չի արդարացվում: Այստեղ է, որ դաշտը պետք է վերահսկելի լինի: Կիրթ և գրագետ պետք է լինեն երկու կողմերը՝ և՛ տառաստեղծը, և՛ գրահրատարակիչը:
— Թարումյանական տառաձևերից որո՞նք են հատկապես ձեզ սրտամոտ, եթե նկատենք, որ բոլոր ստեղծագործողներն ունենում են, այսպես ասած, իրենց սիրելի զավակը:
— Իմ ստեղծած տառաձևերը շատ են՝ մոտ երկու հարյուր (ոճային տարբերակները հաշված), բայց որևէ մեկը չեմ առանձնացնում, բոլորն էլ հավասար են ինձ համար, քանի որ սիրելով այս գործը՝ յուրաքանչյուր տառաձև ստեղծում եմ սիրով:
— Ստեղծագործական ինչպիսի՞ փնտրտուքների արդյունքում են ծնվել, օրինակ, «Թումանյանի ձեռագիրը», «Վարդը». «Իշխանուհին», «Անփույթը» և էլի շատերը, որոնցից յուրաքանչյուրի անվանումը զարմանալիորեն ներդաշնակ է տառի ձևին:
— Յուրաքանչյուր անվանում կապված է իրեն ծնող հանգամանքի հետ և իր փոքրիկ պատմությունն ունի: «Թումանյանը» մեծ բանաստեղծի ձեռագրի թվայնացման արդյունքում է ստեղծվել այստեղից և՝ անվանումը: Այն ստեղծելիս ուղղակի պետք էր գտնել կենդանի ձեռագրի որոշակի օրինաչափություններ, համադրելով նույն տառի երկու տարբեր գրելաձևերը՝ կառուցել մեկը, որպեսզի բանաստեղծի ձեռագիրն իր բազմազանության մեջ երևա: Այդ տառատեսակի ռուսերենն ու անգլերենն էլ եմ մշակել՝ ըստ բանաստեղծի ձեռագրի՝ թանգարանում պահվող նմուշների: Նման խնդիր էր դրված նաև Գևորգ Էմինի ձեռագիրը թվայնացնելիս: Երբեմն տառատեսակներն անվանել եմ ընկերներիս, հարազատներիս անուններով (օրինակ՝ «Խաչատուրը» հորս անունով է, «Աստղիկը»՝ դստերս), երբեմն՝ ըստ գործառույթի, ինչպես «Գրամեքենան», որը գրամեքենայի հայկական տառատեսակներից մեկի թվայնացված տարբերակն է: Երբեմն էլ պարզապես զգում եմ, որ տվյալ տառատեսակը պետք է հենց այդ անունն ունենա. այդպես ծնվել են «Վարդ», «Արեգ» անունները:
— Ռուբեն, ձեր մասնագիտությունը, կարելի է ասել, ինքներդ եք ստեղծել: Գրչական մշակույթի դարավոր ավանդույթներ ունեցող Հայաստանում ձեր և ձեր արվեստակիցների շնորհիվ որոշակիորեն զարգացել են տառաստեղծման գիտությունը (իսկ սա անհերքելիորեն գիտություն է) և դպրոցը, որով պետք է կրթվեն սերունդները: Այդ գործընթացի ինչպիսի՞ նախադրյալներ կան:
— Մյուսները՝ չգիտեմ, բայց ես ինչ-որ չափով լծված եմ այդ գործին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, բացի «Ճարտարապետության նախագծման հիմունքներ» առարկայից, դասավանդում եմ նաև տառարվեստ:
— Ռուբեն, դուք նաև հեղինակել եք գրքեր, աշխատություններ, ուսումնական ձեռնարկներ՝ նվիրված տառաստեղծության օրինաչափություններին, հայոց այբուբենի ծագումնաբանական հարցերին: Որպես այդ ոլորտի մարդ՝ ինչպե՞ս եք բանաձևում մաշտոցյան այբուբենը, Մաշտոց երևույթն ընդհանրապես:
-Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է արել Մաշտոցը: Մաշտոցը ստեղծել է հայոց այբուբենը՝ տառակազմը, այբբենական կարգը, այլ ոչ թե հայոց տառաձևերը: Հայոց տառերի ձևաստեղծումը կապված է նույն՝ 5-րդ դարի գրիչ, ազգությամբ հույն Հռոփանոսի անվան հետ (հենց այդտեղից է գալիս այն թյուրիմացությունը, որ ոմանք դրանց վերագրում են եթովպական ծագում. իրականում դա ժամանակի գրչական «մոդան» էր՝ հունական, եթովպական և այլն), բայց բուն հայկական տառերի միջուկը՝ կորիզը, շատ ավելի հին է: Չի բացառվում, որ որոշ լրացուցիչ տառերը հենց Մաշտոցն ստեղծել, բայց իր հիմնական ներդրումն այն է, որ նա գիտակցել է հայատառ այբուբենի անհրաժեշտությունը և կարողացել այդ գաղափարը հասցնել վերևներին՝ Վռամշապուհ թագավորին, Սահակ Պարթև կաթողիկոսին, նրանց հավանությանն արժանացնել: Եվ այդ երկու առաջնորդների դերն էլ է շատ մեծ. հասկացել են խնդրի կարևորությունն ու աջակցել Մաշտոցին. առանց դրա ոչինչ չէր ստացվի։ Հիմա, երբ խոսք է գնում պետականորեն կարևոր այս կամ այն մշակութային գործընթաց սկսելու մասին, ասում են, թե հիմա մաշտոցներ չունենք. ես ասում եմ՝ մաշտոցներ շատ ունենք, վռամշապուհնե՛ր չունենք:
Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) հետ զրուցեց Անահիտ Պողոսյանը
Տառաձևեր
Տողեր՝ թարումյանական պոեզիայից
«Achtung, achtung․․․»՝ ամեն առավոտ
Քաղաքում պարեկներ են շրջում,
Բերանները փակել պահանջում։
«Achtung, achtung․․․»՝ ամեն առավոտ։
Ձայնազուրկը բերան չի բացում։
Բարձրախոսը անհույզ է, խռպոտ․
«Achtung, achtung․․․»՝ ամեն առավոտ։
Քաղաքում պարեկներ են շրջում։
Ռ.Թ.
***
…Եւ ուժերին նախկին՝ արագ նշավակել դուք կսկսեք,
Աներեւույթ մի նոր դիմակ երեսներին ձեր կքաշեք։
Բայց ամոթի այս դիմակից չի հաջողվի ձեզ ազատվել․
Այն չի ստացվի հանել կյանքից, այն խղճի մեջ է ձեր դաջվել։
***
Ուրիշ ենք, զոռով չի։ Ահա, համոզվենք․
Դիմակը պատռում են, որ դեմքը տեսնեն։
Մեզ մոտ հակառակն է․ դիմակ դրեցին
Եւ դեմքն իսկական բոլորին բացեցին։
Ռ.Թ.
***
Ինչո՞ւ ես թողնում, որ ժամերը վայրի
անցնեն քո կողքով ու կորչեն հավիտյան։
Որսա՛ դու նրանց ու դարձրո՛ւ ընտանի,
թող քե՛զ ծառայեն ե՛ւ րոպե, ե՛ւ վայրկյան։
Ռ.Թ.
***
Բառերն իրար են սոսնձվում,
Կազմում Ժամանակի պատկերը
Եվ ավազի խառնակույտում
Տեսնում եմ գալիքի նախշերը:
……………………………………………
Տեսնում եմ ապագա դեպքերը,
Երկնաքարեր, խավարումներ,
Պատերազմներն ու անկումները
Շրջանցելու արահետներ։
Ոչ։ Ես գուշակ չեմ մոլագար,
Ոչ գիտնական եմ, ոչ հանճար,
Ոչ կրոնավոր, ոչ գործարար․
Ես քարոզում եմ անվճար….
Ռ.Թ.
No Comments