«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը։ Նրա նախորդ գրքերը հրատարակվել են մի քանի անգամ։ «Հայելապատում»-ը Դավիթ Սամվելյանի վեցերորդ գիրքն է։ Շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը՝ 19:00-ին, «Զանգակ» գրատանը։
— Դավիթ, ինքդ քեզնից հեռանալն ինքդ քեզ գտնելո՞ւ փորձ է։
— Բնավ: Հեռանալիս ուրանում ես: Խոսք կա չէ՞․ ամենավատը դավաճանություններից՝ երբ ինքդ քեզ ես դավաճանում՝ հանուն կամ պատճառով ինչ-որ բանի: Մենակ մնալն է օգնում ինքդ քեզ գտնել:
— Կորցրած մանկության հետևից գնացող հերոսը վերադառնում է իր ակունքներին։ Բայց չէ՞ որ, «եթե փոքր տարիքում հեծանիվ չես ունեցել, իսկ հիմա ունես «BMW-745», միևնույն է, փոքր տարիքում դու հեծանիվ չես ունեցել…»։
-Ինքներդ արդեն իսկ պատասխանեցիք հարցին:
Գիրքն ամբողջությամբ հենց միֆականացված երազանքների ու իրականության, կորցրածի և ունեցածի, անցյալի ու ապագայի հարաբերության մասին է: Աշխարհը երբեմն տքնում է զրկանքներով լի մանկության արդյունքում դահիճ դարձածների քմահաճություններից ու խելագարություններից: Ամեն ինչ իր ժամանակին է հետաքրքիր ու կարևոր:
— Կարևոր հարց է՝ «Ո՞վ եմ ես»-ը։ Բայց թվում է՝ հայելու մեջ չենք նայում, որովհետև տեսնում ենք ում ասես, բայց ոչ ինքներս մեզ։
— Որովհետև վախենում ենք առերեսումից, որովհետև վախենում ենք հարցերից. հնչած հարցերն էլ հաճախ անպատասխան են մնում: Այդ հարցը սեփական գոյության, պատկանելիության և պարտականություն-պատասխանատվությունների գիտակցման առանցքն ու հիմքն է: Գրքում յուրաքանչյուր «Ո՞վ եմ ես»-ը մի կարևոր հարցի պատասխան գտնելու միջոց է ինչպես անհատի, այնպես էլ ավելի լայն սոցիալական շրջանակի համար:
— Վեպը խոհափիլիսոփոյակա՞ն է, դետեկտի՞վ…
— Եվ խոհափիլիսոփայություն կա, և քաղաքային վեպ է, և որոշակի առումով թրիլլեր: Կյանքի պատմություն է, մեկի կյանքի հարաբերման պատմությունն է կյանքի հետ: Իսկ աշխարհն ու կյանքը միատարր չեն:
— «Հայելապատումը» հարուստ, հետաքրքիր ու արագ զարգացող սյուժե ունի։ Տպավորություն ունեմ, որ բավականին մեծ ծավալ ենթադրող ստեղծագործությունը խտացրել, համակարգել եք համեմատաբար փոքր ծավալների մեջ։ Ի վերջո, այստեղ կարևորը հետաքրքրաշարժ սյուժե՞ն է, թե՞ շեշտադրումները, մեսիջները, որ փորձել եք տեղ հասցնել հետաքրքիր սյուժեի միջոցով։
— Մեկը մյուսին լրացնում է, առանց մեկի՝ մյուսը կդառնար կամ էսսե, կամ հրապարակախոսություն, կամ վավերագրում: Ես փորձել եմ, բայց աներկբա չի, թե բոլորը կնկատեն մեսիջները. վերջիվերջո, ամեն ոք տեսնում և լսում է այն, ինչն իրեն հաճելի է: Իսկ ի՞նչն է այսօր երկար: Երկար կարդո՞ւմ են, երկար սիրո՞ւմ են: Ինչ-որ բանի երկար լինելը միայն տառապանքի ու մոլորության հետ է առնչվում:
— Գրելիս անհամբե՞ր էիք, ուզո՞ւմ էիք իմանալ՝ ինչ է լինելու վերջում։
— Վերջաբանը երկու անգամ փոխվել է: Հերոսին սպանել-չսպանելու հարց կար, ավելի ճիշտ՝ հատուցման խնդիրն էր: Գրքի ամբողջացմանը խանգարող հանգամանքները շատ էին, բայց պետք է ապրել, փորձել ապրել ու ավարտին հասցնել կիսատ գործերը:
— Քանի որ գրելու խոհանոցի մասին խոսեցինք, մի քանի հարց էլ՝ ինչպե՞ս եք գրում, ե՞րբ, որտե՞ղ, հե՞շտ, դժվա՞ր։
— Գրում ես ամենուր: Եվ պարտադիր չէ գրել համարել հենց համակարգչի կամ տետրի դիմաց նստելը: Նախ սկսում ես գրել մտքում: Ոչ թե դժվար, այլ պատասխանատու բան պիտի լինի գրելը: Գեղեցիկ, բայց անբովանդակ խոսքեր շռայլելու, անպատասխանատու ճիչերի ու հորջորջումների պակաս չունենք, գրողի խոսքը պիտի լինի հավասարակշռում, ներդաշնակում մտքի, բովանդակության և պակասող ազնվության ու գեղեցկության:
— «Փոքր սենյակում իրար օտար չորս տղամարդու համակեցությունն անտանելի է: Չորսիս ընդամենը երկու բան էր միավորում՝ անգլերենի կիսատ-պռատ իմացությունն ու փախուստը՝ փախուստը ծննդավայրից»:
Մեզ թվում է՝ արտագաղթը հայերիս է վերաբերվում, իրականում համընդհանուր խնդիր է։
— Աշխարհում ամենաշատը թերևս արտագաղթած չինացի կամ հնդիկ կտեսնես, բայց դա նրանց համար ցավոտ հարց չէ, նրանք շատ են թվաքանակով: Մեր մոտից ամեն արտագաղթ մի լուրջ խնդրի պատճառով ու հետևանքով է լինում, մեր մոտից, ցավոք, հիմնականում արտագաղթում են նրանք, որոնց մնալու դեպքում շատ բան այլ կլիներ:
— Փախստականների ճամբարի մասին այնպես եք գրել, որ ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինքներդ անցե՞լ եք դրա միջով։
— Չէ, չէ, երբևէ չեմ եղել:
— Իսկ երբևէ ցանկացե՞լ եք գնալ երկրից։
— Գնացել եմ, բայց լքել չեմ կարողացել: Որտեղ գնացել եմ, այդպես էլ իմը չի դարձել: Բայց մի ճշմարտություն կա. երբեմն, թեկուզ կարճ ժամանակով պետք է հեռանաս: Հեռվից ու վերադառնալիս ավելի սուր են նկատվում ներքին խնդիրներն ու բացերը:
— Օրինակ այն, որ աստվածաբան եք, նկատելի է…
— Իսկ ինչո՞ւ չնկատվի։ Ես շեշտադրել եմ այն հարցերը, որոնք մեր կյանքի մաս են կազմում, մեր մասնիկն են: Բայց կրոնական խնդիրները ոչ թե լոկալ, մեր միջավայրին վերաբերող են, այլ ավելի համամարդկային: Վերջիվերջո մարդկանց մտածմունքներն ու խնդիրները միայն քաղաքական ու սոցիալական չեն:
— «Հերթական անգամ թերթ գնելուց հետո հայացքս կանգ առավ մի գլխագրի վրա. ‹‹Օմարի լեռնանցքն ազատագրված է››: Մինչ այդ մտածում էի, որ լեռները միշտ ազատ են, որ այնտեղ միշտ ազատ են լինում, բայց պարզվեց, որ ազատ լինելու համար նախ պետք է լեռներին տիրել, քաղաքներում հանգիստ ապրելու համար պետք է անպայման լեռներ ունենալ»: 90-ականների մասին է թերևս։ Իսկ քառասունչորսօրյա պատերազմն անցե՞լ է վիպակիդ միջով՝ ազդեցություն առումով, շեշտադրումների։
— Այդ հատվածը գրվել է մինչև պատերազմը, մինչև վերջին պատերազմը: Կատարվածից հետո ուզում էի անգամ ջնջել-հանել, որ պատեհապաշտություն չդիտվի: Բայց…
Լավ, ուղիղ ասեմ, չակերտ բացեմ: Սա հատված է իմ մանկությունից, թեպետ վեպը ինքնակենսագրական չէ: Ճակատագրի հեգնանքով՝ զինված ուժերում իմ ծառայության մի մասն անցել է Քարվաճառում, ու ցավ էր, երբ տեսագրությամբ տեսա, թե ինչպես են մերոնք այդ վայրերից հեռանալուց առաջ պայթեցնում մեր զորամասերը, որպեսզի թշնամուն չանցնեն:
— «Բոլորի համար այն (քաղաքը- Ա. Ս․ ) վարդագույն էր, իսկ ինձ համար՝ մռայլ ու գորշ»-ը քաղաքական հայտարարություն չէ՞։
— Նույն խնդրին ենք բախվում: Գրելիս ես չգիտեի, որ մի օր հայտնվելու է մեկը, որ նման բնորոշում էր տալու մեր մշակութային քաղաքներից մեկին: Գրքում երեխայի և պատանու աչքերով է այդ գունային ներկապնակն ու դրա բացակայությունը համեմատվում: 90-ականների պատերազմի ժամանակվա՝ անլույս ու անցումային մշակույթով լեցուն Երևանի ու այդտեղից եվրոպական քաղաք տեղափոխված հերոսի համեմատականն է: Հիշո՞ւմ եք, թե սևն ինչ հարգի գույն էր… Չֆիքսվենք դրա վրա, գրքում քաղաքների բազմաթիվ գեղեցիկ ու գունավոր նկարագրումներ կան:
— Հոր աջ ձեռքի ցուցամատի ու միջնամատի բացակայությունը ինչի մասին է խոսում՝ պատերազմում տուժելո՞ւ, թե՞ պատերազմից խուսափելու։
— Պատերազմի ընթացքում չէր կորցրել մատները, բայց առիթ դարձավ, որ պատերազմի դաշտ չգնա: Այսինքն՝ պատճառ դարձրեց: Հոր կամ սեփական սխալների, չարածների սրբագրման մասին է այս հատվածը, բայց թե ոնց է այդ սրբագրումը լինելու, ընթերցողն ինքը թող բացահայտի:
— Ի՞նչ կտա «Հայելապատումը» ընթերցողին կամ ի՞նչ կուզեիր, որ տար։
— Չգիտեմ… ինչպես վերևում նշեցի, մարդիկ տարբեր են, նույն բանը, նույն երևույթը տարբեր կերպ, սուբյեկտիվ են ընկալում ու գնահատում: Ես կուզեի, որ այս գիրքը ևս մեկ առիթ դառնար ինքնահայեցման, վերարժևորման ու անցյալ-ապագա կապի, հայացքի հարցում: Գրքում շոշափված հարցերի շրջանակը շատ մեծ է՝ ընտանիք, անհատ, քաղաք, հայրենիք, արտագաղթ, պատերազմ, սեր, մահ, աշխարհին հուզող ժամանակակից հարցեր, արժեհամակարգերի բախում, ազատություն և կաղապարներ: Վստահ եմ, գիրքն ավարտելուց հետո ընթերցողն ինքն իրեն հարցնելու է. «Ո՞վ եմ ես»…
— Գիրքը կարող է հետաքրքիր լինել նաև դրսի ընթերցողին։ Թարգմանության մասին մտածե՞լ եք։
— Դեռ ոչ, բայց ճիշտ եք նկատել, գիրքը, սյուժեն ու ասելիքը նեղ հայկական չեն:
— Եվ մի վերջին հարց՝ գրքից բխող. հայրենիքը քոնն է արյունո՞վ, թե՞ ճակատագրով։
— Կյանքում երեք բան չես կարող ինքդ ընտրել. ծնողներիդ, ծննդյանդ օրը (վախճանդ ինքդ կարող ես որոշել) ու հայրենիքդ: Դրանք քեզ տրված են ի վերուստ: Եթե փորձես երակներդ կտրել, որ հայրենքիդ արտահոսի ներսիցդ, մահանալու ես՝ թեկուզ և ողջ լինես, բայց մեռած ես լինելու…
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments