ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանի հետ զրուցել ենք գրադարանային ոլորտի խնդիրների ու ձեռքբերումների մասին։
— Համավարակ, պատերազմ… Ինչպե՞ս հաղթահարեցին ճգնաժամը գրադարանները։ Ի՞նչ փուլում է այսօր գրադարանային գործը։
— 2020 թվականին համավարակով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ-ում ժամանակավորապես փակվեցին գրադարանները: Փակվելուն զուգահեռ առավել ընդգծվեց գրադարանների կարևորությունը, դերը, գոյությունը, առաքելությունը:
Համավարակը նոր գործիքակազմերի ներդրման, գրադարանավարների և ընթերցողների ներուժի բացահայտման, գրադարանների աշխատանքների բազմազանության և դրանք առավել հետաքրքրական դարձնելու պարտադրված հնարավորություն դարձավ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի միջոցով շուրջօրյա կապ պահեցին ընթերցողների հետ։ Առաջարկեցին նախագծեր, թվային, տեսալսողական հայերեն ու օտարալեզու նյութեր՝ ընթերցողների բովանդակալի ժամանցը կազմակերպելու, ինքնակրթությունը խրախուսելու և կրթական գործընթացը տանը շարունակելու համար. «Լինում է, չի լինում», «Առցանց ընթերցանություն», «Ճանաչեք մեր մարզը», «Ծիծաղով հաղթենք վիրուսին», «Մամուլի տեսություն. Ինչ էր գրում մամուլը 100 տարի առաջ՝ այս օրը», «Անձնական գրադարան. ինչպես կարգավորել այն»․ «Խորհուրդներ գրադարանավարներից», «Համակարգչային խորհրդատվություն», «Արևմտահայ գրականության միամսյակ», «Արտակարգ հյուրեր»:
Համավարակը՝ համավարակ, կարողացանք այսպես հաղթահարել, կամ` պարզապես սովորեցինք համավարակի հետ ապրել և աշխատել:
44-օրյա պատերազմն իր հետևանքներով՝ մեր հերոս տղաների, մեր հայրենիքի մի կարևոր, շատ կարևոր մասի կորուստը, ստեղծեց աննախադեպ իրավիճակ: Պատերազմը օրակարգ թելադրեց ինչպես մեր պետությանը, այնպես էլ գրադարաններին: Արցախում կորցրեցինք 127 գործող գրադարան՝ շուրջ 650 հազար գրքային ֆոնդով: Այժմ քայլեր ենք ձեռնարկում այդ կորուստը մեղմելու և կորսված գրադարանային հավաքածուն վերականգնելու ուղղությամբ:
Պատերազմի հետևանքները հաղթահարելու համար, կարծում եմ, մենք դեռ երկար, շատ երկար ճանապարհ ունենք անցնելու: Այս գործում գրադարանների դերը, անկասկած, մեծ է՝ ազգային ինքնության պահպանման, երիտասարդների ինքնագիտակցության բարձրացման առումով։
— Ընթերցողի հետաքրքրությունները փոխվե՞լ են, կա՞ն գրքեր, որ պատերազմից հետո առավել մեծ պահանջարկ են վայելում։
— Բնականաբար, պատերազմից հետո մեծացել է հետաքրքրությունը պատմավեպերի, ինչպես նաև մեր հերոսների կյանքի և ստեղծագործությունների հանդեպ՝ Մոնթե Մելքոնյան, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան, շարքը կարելի է շարունակել, ընթերցող հանրությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է փնտրում…
— Գրադարաններում ինտերակտիվությունը հաջողվո՞ւմ է պահպանել։
— Համավարակի պարտադրանքով սկիզբ առած սոցցանցային ակտիվությունը շարունակվում է, ավելին, այն օրեցօր դառնում է ավելի հետաքրքիր, տեսանյութերը՝ ավելի որակյալ, պրոֆեսիոնալ: Գրադարանների կառուցվածքում սկսել է կարևորվել մեդիա աշխատանքը: Հանրությունն այսօր ժամանակի մեծ մասը անց է կացնում մեդիամիջավայրում: Մեդիան այսօր թելադրում է իր կանոնները: Գրադարանները չեն կարող դուրս գալ այդ ծիրից: Գրադարանների մի շարք առցանց նախագծեր փոխարինել են համացանցի դատարկամիտ և անիմաստ ստատուսներին, մատուցած տեղեկատվությունը՝ հավաստի է, ձևը՝ պարզ և մատչելի:
Գրադարանների առցանց աշխատանքը նկատելի է: Դրա մասին են վկայում էջերի դիտումների մեծ քանակը, շուրջ 70 հազար հետևորդները… 30 հազարից ավելի նոր հրապարակումները (միայն վերջին ամիսների ցուցանիշն է):
— Ի՞նչ խնդիրներ ունեն մարզային գրադարանները։
— Մեր երկրում գրադարանները խիստ անհամաչափ են զարգանում, մի կողմից ունենք ժամանակակից թվայնացվող էլեկտրոնային գրադարանների աճ, լայն հնարավորություններով` աշխարհին ներկայացվող գրավոր ժառանգության հայատառ, ինչպես նաև Հայաստանի և հայերի մասին էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու հնարավորություն, մյուս կողմից` ունենք ոչ բարվոք պայմաններ ունեցող, օրեցօր կրճատվող քանակով` փակվող կամ լուծարվող համայնքային գրադարաններ, չհամալրվող, չթարմացվող գրքային հավաքածուներով:
Մարզային գրադարանների հիմնական խնդիրը տեխնիկական բազայի արդիականացումն է, որը ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում:
Նորագույն տեխնիկական միջոցներով վերազինված հայաստանյան գրադարանները հնարավորություններ կստանան դիմակայելու ժամանակակից աշխարհում օրեցօր ուժգնացող լրջագույն մարտահրավերներին և աշխարհին ներկայացնելու գրավոր ժառանգության հայատառ, ինչպես նաև Հայաստանի ու հայերի վերաբերյալ համակարգված տեղեկատվությունը:
Կարևորում եմ նաև սպասարկման ոլորտի կատարելագործումը: Այս համատեքստում առաջիկայում բավականին արդյունավետ կլինի նոր նախաձեռնության ներդնումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության բոլոր գրադարաններից մեկ ընդհանուր ընթերցողական քարտով օգտվելու հնարավորությունը։ Կա խնդիր կազմակերպելու գրականության նախնական պատվիրումը և ավտոմատ հետվերադարձը, առանց գրադարանավարի միջնորդության, որը կապահովի թղթի, տպագրական փոշու մեծ խնայողություն։
Ճիշտ է, նախարարության ենթակայության բոլոր մարզային գրադարանները ապահովված են համապատասխան տարածքով, բայց կարծում եմ, հարկավոր է մեր երկրում կառուցել ժամանակակից պահանջներին համապատասխան, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով նորակառույց գրադարաններ: Այն պայմանները, որոնցում այսօր պահպանում ենք մեր հարուստ գրավոր ժառանգությունը, մեր գանձերը, նկատի ունեմ Հայաստանի ազգային գրադարանի պահոցները, հեռու են բավարար լինելուց: Դեռևս միջնադարյան Հայաստանում գրադարանների հատուկ շենքեր են կառուցվել խոշոր մշակութային կենտրոն-վանքերում, որոնք ճարտարապետությամբ տարբերվել են վանքերի աշխարհիկ շինություններից։ Առավել հայտնի են Սանահինի, Հաղպատի, Նոր Գետիկի, Հոռոմոսի, Սաղմոսավանքի գրադարանները։ Կարծում եմ մեր գրադարանային կառույցներն էլ պիտի տարբերվեն իրենց նոր և ինքնատիպ ճարտարապետական լուծումներով: Այժմ այս խնդիրների շուրջ ենք ծրագրեր կազմում, որոնց լուծումներըը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում:
— Ինչպե՞ս են վճարվում գրադարանների աշխատակիցները։ Դժգոհություններ կա՞ն այս առումով։
— Գրադարանավարներն ամբողջ հանրապետությունում վճարվում են նվազագույն աշխատավարձի չափով: Դա շատ հեռու է բավարար լինելուց: Գրադարանային գործի առաջընթացի մոտիվացիան ամենևին էլ բարձր աշխատավարձը չէ, այլ գրադարանավարի անձնային հատկանիշներն են, գրադարանավարի նվիրվածությունը և գիտակցումը՝ իրեն հատկացված որոշակի ժամանակի մեջ գիրքը պահպանելու, գրքի բովանդակությունը պահանջատիրոջը հրամցնելու և գիրքը նոր սերնդին փոխանցելու առաքելությունը, որի գինը նվիրաբերված կյանքն է: Այդ առումով մենք հարուստ ենք նվիրյալներով: Անկասկած, հարկավոր է գնահատել այդպիսի աշխատանքը՝ արժանացնելով բարձր վարձատրության:
— «Լավագույն գրադարան» մրցույթի մասին ի՞նչ կասեք։
— Համացանցում գրադարանների ծավալած աշխատանքը ցույց տվեց, որ մեր գրադարաններից յուրաքանչյուրն իր տեսակի մեջ հետաքրքիր է, ներկայանալի, մրցունակ: Նման մրցույթ առաջին անգամ ենք կազմակերպում, որոշ մտավախություններ ունեինք, բայց դրանք փարատվեցին, անվանակարգերն ընտրել ենք այնպես, որ Հայաստանում գործող յուրաքանչյուր գրադարան՝ անկախ իր տեսակից, պատկանելիությունից, հնարավորություն ունենա մասնակցելու, հավակնելու լավագույնը դառնալուն: Մրցույթի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումը և հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, օրեցօր զարգացող աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը: Այժմ հայտերի ընդունման փուլում ենք: Արդյունքները կամփոփվեն 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
— Գրքերի համալրման առումով ի՞նչ առաջընթաց է նկատվում մարզերում և մայրաքաղաքում։
— Գրադարանային հավաքածուի համալրումը նոր գրքերով՝ ոլորտի զարգացման կարևոր ցուցիչներից մեկն է: Մարզային գրադարաններում համալրմանը հատկացվող միջոցները 2021 թվականին կրկնապատկվել են: Հուսանք, որ կկարողանանք պահպանել նոր սահմանած շեմը: Ե՛վ մարզերում, և՛ մայրաքաղաքում աշխատում ենք ապահովել նոր գրքերով համալրման շարունակականությունը:
— Գրադարանների ապագան․․․
— Գրադարանը ստեղծվեց առաջին գրքի հետ, դարերի ընթացքում տարաբնույթ փոփոխությունների ենթարկվեց, այսօր ունենք այն, ինչ ունենք և պիտի լինի այնքան ժամանակ, որքան կլինի գիրքը՝ թղթային, թե թվային, ավանդական գրադարան, թե էլեկտրոնային, կարևոր չէ: Ստեղծարար գրադարանավարը միշտ էլ ստեղծելու է լավ գրադարան:
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments