2011 թ․ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում էր հունգարացի տաղանդավոր կինոռեժիսոր Բելա Տարը, որի բազմաթիվ պատկառելի մրցանակներին Երևանում ավելացավ ևս մեկը՝ «Փարաջանովի թալերը»:
Նրա հետ զրույցի ընթացքում հարցրի, թե ինչ հիշողություններ ունի՝ կապված Սերգեյ Փարաջանովի հետ։ Բելա Տարը ժտաց, ասաց՝ հիշում է, թե Փարաջանովն ինչպես էր ամբողջ ժամանակ ագահաբար կուլ տալիս նարինջներ։ Պատմեց իր և Փարաջանովի հանդիպումների մասին․ «Ես շատ եմ սիրում և գնահատում Փարաջանովին: Եվրոպական կինոակադեմիայի համաժողովում եմ հանդիպել նրան: Տեսել եմ Ռոտերդամի փառատոնի ժամանակ: Նա մի հոյակապ անձնավորություն էր: Այնպես էր քայլում, կարծես արքա լիներ, կարծես մի հսկա նավ լիներ, որ շարժվում էր առաջ»։
Արքա, հսկա նավ, կինոպոետ, գեղեցկության մոգ, չհասկացված գեղագետ, հնավաճառ, հեքիաթասաց, աճպարար, նկարիչ, հալածյալ հրեշտակ, այլախոհ, ամենաանազատ երկրի ամենաազատ մարդ․․․ Փարաջանովին տրված բնորոշումների ցանկը շարունակելի է։
Փարաջանովի հեղինակած և նրա մասին գրված օտարալեզու գրականության հայերենացման կարևոր առաքելությանն է նվիրել իր բեղուն-բազմազբաղ կյանքի մի զգալի ժամանակը հեռուստալրագրող (ի՜նչ քիչ է թվում նրա դեպքում այս բառը), հայ մշակույթի հավերժական նվիրյալ Նունե Ալեքսանյանը։ Նրա կազմած (դարձյալ բառը չի հերիքում) «Սերգեյ Փարաջանով․ Հավերժական շարժում» ստվար հատորում հավաքված են կինոհանճարին վերաբերող տարաբնույթ նյութեր․ իր իսկ գեղագիտական, քաղաքացիական, ազգային ընկալումներն ու մեկնաբանությունները, նրա մասին հայ և համաշխարհային կինոդեմքերի էսսե-հիշողությունները, հարցազրույցներ, նամակներ, որոնք ընթերցողին են ներկայանում Նունե Ալեքսանյանի բացառիկ շքեղ հայերենով։

Փարաջանովն այս գրքում «խոսում է» ոսկեղենիկ հայերենով, իր նախապապերի լեզվով, որոնց հետ առնչվելու հրճվանքն արտահայտել է 1971-ին Բելառուսի ստեղծագործական և գիտական երիտասարդների առջև ունեցած ելույթի ժամանակ․ «Հայաստանը մեծ երկիր է՝ ապշեցուցիչ մշակույթով, իմ հայրենիքն է։ Ես առաջին անգամ եղա այնտեղ։ Բացարձակապես շնչահեղձ եղա իմ ժողովդրի գեղեցկությունից և պոեզիայից, որովհետև ես վրացական, թիֆլիսյան ծագումով հայ եմ։ Ծնվել եմ Թբիլիսիում։ Ես առաջին անգամ տեսա Հայաստանը։ Դա անսահման հնագեղություն է, մաքրություն, վսեմություն»։
«Հավերժական շարժում» գրքում մենք տեսնում ենք Սերգեյ Փարաջանովի կերպարի տարբեր մեկնություններ․ նրան բացահայտելու անհնարինության տիրույթում իրենց փորձն են կատարել Ռոման Բալայանը, Ալեքսանդր Աթանեսյանը, Սերժ Ավետիքյանը, Յուրի Մորոզովը, Սոֆիկո Ճիաուրելին, Վերիկո Անջափարիձեն, Յուրի Գարմաշը, Դայանա Տեր-Հովհաննիսյանը, Ալլա Դեմիդովան, Հրանտ Մաթևոսյանը, Գարի Կունցևը, Օլեքսանդր Բոժկոն, Սիրանույշ Գալստյանը, Վասիլի Քաթանյանը, Ստեփան Անդրանիկյանը, Արծվի Բախչինյանը, Իրինա Ուվարովան, Յանուշ Գազդան, այլք։
«Սերգեյը և՛ նվագախումբ էր, և՛ դիրիժոր, և՛ ծաղրածու, և՛ ողբերգակ, և՛ կրկեսի արտիստ, և՛ մեծ հնարող»,- Ռոման Բալայանի խոսքն է։
«Դուք ինձ կհարցնեք․ «Նա գո՞ղ էր»։ Ես կպատասխանեմ․ «Այո՛»։- «Ճշմարտասե՞ր»։- «Այո՛»։- «Ազնվագույն մա՞րդ»։- «Այո՛»։- «Հանճա՞ր»։- «Այո՛»։- «Ստախո՞ս»։- «Այո՛»։- «Ապաշնո՞րհ»։- «Երբե՛ք»։ Նրան պարզապես պետք էր սիրել և երկրպագել։ Եվ մենք սիրում էինք նրան»,- հատված է Ալլա Դեմիդովայի հարցազրույցից։
«Փարաջանովի կինոաշխարհի մեծագույն գյուտերից ու հրաշալիքներից մեկը անհամատեղելի, անհամադրելի առարկաները, իրերը միմյանց հետ հաշտեցնելն է՝ նրանց միջև հարղոդակցման տեսանելի լեզու ստեղծելը»,- վերլուծում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը։
«Նա ․․․․ կյանքի թատրոնի տնօրենն էր ․․․․ Ընդհանրապես նատյուրմորտի ներսում էր ապրում՝ մշտապես համադրելով, շարժելով, փոխելով, ստեղծելով արտասովոր կոմպոզիցիաներ, կարճամետրաժ գլուխգործոցներ»,- բնութագրում է Իրինա Ուվարովան։
Գրքում հանդես եկած հեղինակները նաև յուրօրինակ խոսափող են դառնում Փարաջանովի մասին այլոց արժեքավոր դիտարկումները ներկայացնելու առումով։ Օրինակ՝ Ս․ Գալստյանի հոդվածում կարդում ենք Իոսիֆ Բրոդսկու կարծիքը․ «Եթե Դոստոևսկին համոզված էր, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, ապա Փարաջանովը որոշել էր փրկել գեղեցկությունը»։
Ա․ Բախչինյանի հոդվածից տեղեկանում ենք Ֆելինի-Փարաջանով առնչությունների մասին։
Նունե Ալեքսանյանի՝ Ռոման Բալայանի հետ հարցազրույցում հառնում է Անտոնիոնին՝ հայացքում «Նռան գույնի» պատկերները։ Նույն Նունե Ալեքսանյանի «Հրաժեշտ Փարաջանովին» վերջաբան-էսսեում հանդիպում ենք անզուսպ հեկեկացող Ալեքսանդր Կայդանովսկուն․ աշխարհը հրաժեշտ էր տալիս Սերգեյ Փարաջանովին։ Այդ օրը իր էսսեում այսպես է բնորոշում հեղինակը․ «Այդ կորստաբեր հուլիսյան օրը պատմության համար արձանագրեց, որ Հայաստանը հերթական անգամ «գրկաբաց ու սրտառուչ պատրաստակամությամբ» ընդունեց իր աշխարհահռչակ զավակի անկենդան աճյունը, երբ տասնամյակներ շարունակ մերժում էր կենդանի ու ստեղծագործող հանճարին»։
Ինքը՝ Փարաջանովն է ներկայանում գրքում՝ տարբեր հոգեվիճակներով, տարբեր տրամադրություններով․ նա մե՛րթ հորինումների տարերքին տրված հանճար է, մե՛րթ քաղաքական հալածանքների զոհ, մե՛րթ իրեն հալածողներին ծանակող ըմբոստ, մե՛րթ իր քայքայված առողջության ու ճակատագրի ողբասաց։ Եվ ասես տողատակերում նա մեջբերում է ժամանակի կարևոր դեմքերի խոսքն ու վերաբերմունքն իր արվեստի առնչությամբ։
Այսպես, նա պատմում է, որ Ռոմանովը «Նռան գույնը» որակել է որպես «ինտելեկտուալ շանտաժ», Կուրյանովը՝ «իդեալական կոմիսիոն խանութ», Լյուբիմովը, կարդալով իր դատավճիռը, ասել է․ «Կոմեդի Ֆրանսեզում» բեմադրելու եմ քո դատավճիռը»։ Իսկ Փարիզում իր ծրագրերով հետաքրքվող լրագրողին պարզապես խոստովանում է․ «Ես ամեն օր արթնանում եմ ապշած, որ դեռ ողջ եմ»։
Գուցե ոչ այնքան կարևոր, բայց անուրանալի մի արժանիք ևս ունի Նունե Ալեքսանյանի գիրքը․ այն մեզ հնարավորություն է ընձեռում վերարժևորելու, վերստուգելու արվեստի, մասնավորապես՝ կինոյի մասին ունեցած մեր պատկերացումները։ Այս իմաստով ինձ գրավեց Պանֆիլովի «Սկիզբը» ֆիլմին Փարաջանովի տված բարձր գնահատականը։ Բանն այն է, որ դա եղել է իմ մանկության տարիների ամենասիրելի ֆիլմերից մեկը, ֆիլմ, որի շնորհիվ ես բացահայտել եմ Իննա Չուրիկովային։ Իմանալ, որ Փարաջանովը բարձր է գնահատել մի ֆիլմ, որը ես, ենթագիտակցաբար, ոչինչ չհասկանալով կինոյից, արվեստից, պարզապես սիրել եմ ու տարված եղել դրանով, մեղմ ասած, ուրախացնող է։ (Սա իմիջիայլոց)։
«Հավերժական շարժում» գրքում ամփոփված ասելիքի, ահռելի տեղեկատվական, վերլուծական նյութի մասին կարելի է պատմել շատ երկար։ Բայց մի պահ կանգ առնենք ու գիտակցենք, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարել Նունե Ալեքսանյանը։ Գրքում ընդգրկված նյութերի կազմող-հակամարգող, թարգմանիչ, բացառիկ հարցազրուցավար, սեփական Փարաջանովին որոնող ու իր հոդված-էսսեներում կերպավորած հեղինակ․․․
Այս շնորհակալ ու կարևոր գործը պատկերային արտահայտություն է ստացել լուսանկարների ներդիրի շնորհիվ, որոնց հեղնակը Սերգեյ Փարաջանովի ընկեր, նրա արվեստի նվիրյալ, Փարաջանովի թանգարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանն է։
Չվարանենք կրկնել՝ խոնրահումի արժանի գործ է կատարել Նունե Ալեքսանյանը։ Գործ, որի նշանակությունը պիտի կրկնապատկվի, բազմապատկվի ժամանակների հոլովույթում, քանզի նրա ստեղծած գրքի շնորհիվ հայախոս, հայալեզու ընթերցողների համար անկասկած առավել մոտ, առավել ընկալելի, առավել սիրելի պիտի դառնա մեր ազգի հանճար Սերգեյ Փարաջանովի առասպելակերպ կյանքը, առավել գունավառ ու հրավառ՝ նրա արարած կինոգեղանկարչության աշխարհը։
Կարինե Ռաֆայելյան