ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյանի վերջին հրաժեշտը՝ գրողների տնից

29.09.2021

Սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։

Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում։ ՀԳՄ-ին վարչության անդամ է, կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայկական աշխարհագրական ընկերության նախագահության անդամ, Հանրային խորհրդի անդամ, Անձավագիտական կենտրոնի նախագահության անդամ։Մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, Հայաստանում ռազմական ալպինիզմի հիմնադիրն է, քարանձավագիտական գործունեության հիմնադիրներից մեկը։
Հրատարակել է մի շարք գրքեր՝ «Փնտրողների արշավանքը» վեպը, «Արքայադրամը» վեպը, որը Կանադայում արժանացել է Համազգային կրթամշակութային հաստատության մրցանակի, արժանացել է նաև «Գրիգոր Նարեկացի» մեդալի։
2021 թվականին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» գիրքը, որտեղ տեղ էին գտել համանուն վիպակն ու պատմվածքները։
Պետական պատվերով հրատարակվել են հեքիաթները («Լուսնի հեքիաթները», «Թաց ու Չորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում» երեքհատորյակը), թատերգությունները («Լևոն Հայկազը», «Ազատության զանգը», «Անապատ»), Էստոնիայի և Կրակովի օպերային թատրոնում բեմադրվել «Ադամամութ» օպերան, որի լիբրետոյի հեղինակն է։
Մոսկվայում հրատարակվել է «Սիրո երգ» բանաստեղծությունը՝ սովետական ժողովուրդների պոեզիայի գրականության ժողովածուում։  
Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն, ֆրանսերեն, լեհերեն, բազմիցս հրատարակվել հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում։
 Մոտ 40 գիտահանրամատչելի և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է («Արևի տաճար», «Հայաստան», «Արցախ», «Թիրախ», «Հայոց պատմություն» ֆիլմաշար (12 ֆիլմ), «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշար (10 ֆիլմ) և այլն։
Նրա թարգմանությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, Կիրովականի (ներկայումս՝ Վանաձորի) Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել են Շոթա Ռոկվայի «Իմ գյուղը գետի այն ափին է» վրացական թատերգությունը, Վիկտոր Էստիմիուի «Մահ տեսած մարդը» ռումինական թատերգությունը։
 Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, բազմաթիվ գրքերի խմբագիր է։

Վահան Տեր-Ղազարյանի Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 18-20-ին «Լուար» սգո սրահում ։ Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 13ին Հայաստանի գրողների միությունից։

No Comments

Leave a Reply