Սաթե Ղևոնդյանի «Բնության շունչը» և փոխակերպումները
Նկարիչ, Sateh Jewellery ապրանքանիշի հիմնադիր ու դիզայներ Սաթե Ղևոնդյանի հետ զրույցի առիթը «Արդեան» պատկերասրահում բացված ցուցահանդեսն էր։ «Բնության շունչը» խորագիրը կրող էքսպոզիցիան մեկտեղել էր նկարչուհու ծաղկային շարքի կտավները, որոնք տեխնիկապես և գունային լուծումներով լրացնում էին միմյանց։
-Ծաղիկները վերջին 5-6 տարիների աշխատանքներ են։ Նկարել եմ քովիդի համաճարակից հետո,- ասում է Սաթեն։- Դա այն ժամանակ էր, երբ տնից դուրս գալու համար տեղաշարժման թերթիկ էինք լրացնում, նշում դուրս գալու և վերադարձի ժամը, նպատակը, ուղղությունը։ Մի օր էլ նստեցի բալենու տակ ու սկսեցի լացել, թե ինչու չեմ կարող ազատ դուրս գալ տնից։ Գարուն էր, ծառերի ծաղկման ժամանակ։ Թափված ծաղիկներից մի բուռ հավաքեցի, բերեցի տուն ու սկսեցի նկարել։ Այդ ընթացքում շատ էի նկարում փոքր ձևաչափի ծաղիկներ։ Շատ եմ սիրում ջրաներկի տեխնիկան, ոնց որ խոսեմ ջրաներկի հետ, երբ խոնավ թղթի վրա գույնը կաթեցնում ես, սկսում է տարածվել՝ շատ նման ծաղկաթերթի։ Շատերը ասում են, որ բարդ է ջրաներկով աշխատելը։ Ինձ համար մեդիտացիայի պես մի բան է, հեշտ ու հաճելի տեխնիկա։
-Քովիդի ժամանակ կտրված էինք արտաքին աշխարհից, մարդկանց հետ շփումից, բայց Դուք բնապատկերներ եք ստեղծել։
-Ես հաճախ եմ լինում բնության գրկում ու շատ եմ սիրում ծաղիկներ։ Մեր տանը միշտ ծաղիկներ կան։ Ինքս աճեցնում եմ խոլորձներ (օրխիդեաներ)։ Երևի դրանով էր պայմանավորված, որ տանը մնալով՝ սկսեցի ծաղիկներ նկարել։

-Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները ամբողջական կտավի տպավորություն էին թողնում։ Հատո՞ւկ էր արվել։
-Մեր հնարավորությունը սահմանափակվում էր մեկ պատով։ Պետք է տարածությունն այնպես կազմակերպեինք, որ ցուցադրությունը ճնշող չլիներ, միաժամանակ սիրուն լիներ։ Արդյունքը եղավ հետաքրքիր, խոսուն ու ամբողջական մի պատկեր։
-Այլ շարքեր ունեք, միանգամայն տարբեր ծաղիկներից։
-Այո, դրանք ավելի շատ հորինված կերպարներ են` մետամորֆոզներ։ Ես մոնստրիկներ եմ անվանում մարդու և կենդանու երևակայական այդ փոխակերպումները։ Արծաթի զարդերի շարք ունեմ, որ կոչվում է «Անտառի ոգիներ»։ Յուղաներկով նկարում եմ, հետո վերածում զարդերի։


-Կա՞ մարդ, որին առաջինն եք ցույց տալիս աշխատանքները կամ որի դիտողությունը էական է Ձեզ համար։
-Երբեմն դիմում եմ քրոջս՝ Հայկանուշին, ով արվեստագետ է, ընկերուհուս՝ նկարչուհի Նվարդ Հայթայանին, ավագ ընկերներիս՝ իմանալու նրանց կարծիքը։ Իսկ առհասարակ ինձ հետաքրքիր է բոլորի կարծիքը՝ և՛ արվեստաբանների, և՛ արվեստասերների։ Թեև ի վերջո ընտրում եմ այն տարբերակը, որ ինքս եմ ճիշտ համարում։
-Նկարները չե՞ք վերնագրում։
-Ցուցադրված նկարներից միայն մեկն եմ վերնագրել․ քարի շուրջը գորտերն են հավաքված, ինչը շատ համահունչ է բամբասանքին։
-Նկարներից հե՞շտ եք բաժանվում։
-Հետաքրքիր է, որ շատերը արվեստի գործերը նմանեցնում են երեխաներին։ Ես կարծում եմ՝ համեմատելու բան չէ։ Սիրով նվիրում եմ, վաճառում ու ամենևին էլ դժվարությամբ չեմ կտրվում նրանցից։ Թեև մի աշխատանք կար, որ ցուցահանդեսի ժամանակ շատերն էին ուզում գնել, բայց դա չէի վաճառում։ Ծաղիկների շարքի սկզբնական գործերից է, ուզում էի մոտս պահել։
-Ձեր Արևածաղիկը Վան Գոգի Արևածաղիկների հետ կապ ունի՞։
-Շատերն են հարցնում, բայց Վան Գոգի ծաղիկներն այնքան ինքնատիպ են, ոչ մի այլ աշխատանքի հետ չես համեմատի։
-Դուք նմա՞ն եք Ձեր նկարներին։ Խոսքը ծաղկային շարքի մասին է։
-Իմ մի մասը նման է։
-Իսկ մետամորֆոզների մասին եթե հարցնեմ։
-Դրանք լրիվ ես եմ։


-Ձեր աշխատանքները հանրայնացնո՞ւմ եք սոցցանցերում։
-Մի ժամանակ էսքիզները չէին ցուցադրում, որ հանկարծ չտեսնեն ու կրկնօրինակեն, բայց հիմա այնքան է արագացել ամեն բան, դու մի բան մտածում ես, մեկ էլ տեսնում ես՝ համացանցում արդեն ուրիշը գրեթե նույն բանը մտածել, արել է։ Դրա համար ես ինչ անում եմ, ստորագրում եմ ու միանգամից տեղադրում իմ էջերում։
-Բայց չէ՞ որ կա ձեռագրի տարբերություն։
-Իհարկե, մարդիկ գալիս են ցուցահանդեսի, լուսանկարում են, բայց ես հանգիստ եմ, որովհետև ոչ ոք չի կարող ինձ նման նկարել։ Կարող են անգամ ավելի լավ նկարել, բայց ոչ նույնությամբ։
-Մեր օրերում արդիական չէ այլևս «աղքատ արվեստագետ» բնորոշումը։ Կարծես հակառակ տենդենցը կա, որ եթե դու լավն ես, դու պետք է հարուստ ու պահանջված լինես։ Ի՛նչ կասեք այս մասին։
-Ես, լինելով նկարիչ, արվեստագետ, գումար վաստակում եմ միանգամայն այլ աշխատանքով․ կարի պատվերներ եմ վերցնում։ Նյութերը շատ թանկ են, չես կարող նկարել, եթե գումար չունենաս։
-Դեռ մի բան էլ պիտի վճարես, որ քեզ թույլ տան ստեղծագործել։ Սաթե, իսկ ի՞նչն է արվեստի գործը դարձնում գլուխգործոց։
-Կարծում եմ՝ արվեստի գործի շուրջ պտտվող պատմությունը։
-Որտե՛ղ է այն վայրը, որտեղ ազատություն եք տալիս մտքերին, վրձնին։
-Շատ ազատ եմ ինձ զգում Շորժայում՝ Նկարիչների տանը, ուր տարին մեկ անգամ գնում ենք հանգստանալու։ Միակ շրջանն է, երբ ինձ տալիս եմ նկարելուն։ Հանգիստ, խաղաղ տրամադրությամբ վերցնում եմ ներկերը, գնում մի քարի վրա նստում ու սկսում նկարել։ Ցուցահանդեսում շատ էին Շորժայում արված նկարները։ Զարդերի էսքիզները տրանսպորտով երթևեկելիս եմ ստեղծել։ Էսքիզագիրքը (Sketchbook) վերցնում էի հետս ու նկարում էի, չնկատելով՝ շուրջս ինչ են խոսում, ժամանակը ոնց է անցնում։
-Իսկ քաղաքային կոլորիտը կտավին փոխանցելու ցանկություն չունե՞ք։
-Քաղաքային կոլորիտը շատ է դուրս գալիս, հատկապես սրճարանային անցուդարձը։ Երբեմն էն, ինչ մարդիկ սթորի են անում, ես նկարում եմ։ Որոշ մտքեր ունեմ, ժամանակ է պետք իրագործելու համար։

-Աշխատանքը, կենցաղը խլում են արվեստագետի ժամանակը։ Կուզենայի՞ք առավոտից երեկո նկարչությամբ զբաղվել։
-Աշխատանքը պարտադիր է նախ՝ ֆինանսական, հետո՝ շփման առումով։ Ես հոյակապ մարդկանց հետ եմ աշխատում։ Ամենօրյա աշխատանքը, շփումները լիցք են տալիս։ Ազատ ժամանակ էլ ուզում եմ նկարել։ Չէ, առավոտից երեկո չեմ կարող նկարելով զբաղվել։ Նկարչությունը ինձ համար հանգստանալու ձև էլ չէ, ֆիզիկական աշխատանք է։ Երբ սկսում եմ նկարել, չեմ զգում՝ ոնց է ավարտվում նկարը։ Մի պահ կտրվում եմ իրականությունից, չեմ գիտակցում՝ շուրջս ինչ է տեղի ունենում։ Հետո երբ նայում եմ կողքից, միշտ չէ, որ արածս գոհացնում է։ Վատ եմ զգում, որ այսքան նկարեցի, բայց իմ ուզածը չստացվեց։ Ու գալիս է հոգնությունը։ Պետք է հանգստանաս, նկարն էլ հանգիստ թողնես։ Բայց միշտ չէ, որ ժամանակին կանգ ես առնում, այդպիսով էներգիադ լրիվ սպառվում է։ Նկարչությունը հեշտ աշխատանք չէ։
-Ցուցահանդեսի ժամանակ Ձեզ համար կարևոր, հատկանշական կարծիքներ եղա՞ն։
-Իրականում հեշտ չէր այդ ամբողջ ընթացքը, համակարգելը, կազմակերպելը, և այնքան էի հոգնել, որ մի պահ մտածում էի՝ վերջ, առաջինն ու վերջինն է։ Բայց այցելուների դրական արձագանքն այնքան ինձ ոգևորեց, որ սկսեցի մտածել՝ ինչ ձևով եմ նկարելու հետո, ցուցահանդեսին ի՞նչ եմ ներկայացնելու։
-Ե՞րբ սպասենք նոր ցուցահանդեսին։
-Չեմ կարող ասել։ Եթե ժամկետ դնեմ, պիտի ամեն ինչ անեմ, որ իմ ասած ժամանակին հասցնեմ։ Նյութը կա, գաղափարը կա։ Կարծես սկիզբը դրված է։ Աշխատել է պետք։ Հաճելի է նաև, որ ես հետագա անելիքներ ունեմ։
Զրուցեց Արմինե Սսրգսյանը






