Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Ինչպես եմ տեսնում «Սև քառակուսին»

01.02.2022

Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսին» (1915 թ․) արվեստի ամենահայտնի, ամենաքննարկվող գործերից է։ Քիչ չեն նաև քննադատությունները։ Փորձեմ մատչելի բացատրել։ Ուշադիր նայեք նկարին։ Այն նույնը կլինե՞ր, եթե հետնամասում` ֆոնին, սևի փոխարեն այլ գույն լիներ։ Ո՛չ, իհարկե։ Նկարը կիսատ ու լղոզված կթվար։ Ավելի ճիշտ՝ պատկերը հստակ չէր լինի։ Բայց ինչո՞ւ։ Մի՞թե այդ «սևը»  իրենից ինչ-որ բան է ներկայացնում։ Պարզվում է՝ այո։ Սևն անսպառ ու անբնույթ էներգիայի աղբյուր է։ Այն առատորեն էներգիա է հաղորդում իր մեջ ընկղմված դիմանկարին։ Խավարն ուժեղացնում է լույսը, որովհետև վերջինս, առաջինի համեմատ, ավելի քիչ էներգիա ունի։

Մալևիչ, «Սև քառակուսի»

Սենյա՞կն է ավելի մեծ, թե նրանում գտնվող կահույքը։ Շե՞նքն է ավելի մեծ, թե՞ երկինքը, որի մեջ այն վեր է խոյանում։ Հուսամ՝ ըմբռնեցիք։ «Չգոյությո՞ւնն» է ավելի մեծ, թե նրանում գտնվող «ինչ-որ բանը»։ Եթե ասեմ առանց երկար-բարակ ֆիզիկայի տերմինների` դատարկության էներգիան անսահման է, իսկ ինչ-որ բանինը, ինչքան էլ մեծ լինի, վերջավոր է։ Փորձեք պատկերացնել, նկատել, զգալ չգոյության` խավարի էներգիան։ Արվեստը պարզապես պարզեցված ձևով մատուցում է այդ ճշմարտությունը։

Իսրայել Ասրյան
Գլխավոր նկարը՝ հեղինակի

No Comments

Leave a Reply