ԳրաԴաշտ Դավիթ Սամվելյան

Դավիթ Սամվելյան․ Մի բաժակ Չերչիլ

05.04.2022

Մեկ տարի առաջ այս օրերին ամեն ինչ այլ կերպ էր:

Գործի գլուխ էին կանգնել հինգ հոգով․  մեկը   ցեմենտի ու քարի հետ անընդմեջ շփումից  կոշտացած մատներով ուղիղ ու ամուր պատեր ու սալահատակ էր շարում, մյուսը  մկանուտ ձեռքի բռունցքներով պատրաստ էր պեմզաբլոկե պատեր քանդել, բայց ամենանուրբ գործերն էր միշտ անում, ավելի երիտասարդը՝ Գևորիկը, ամեն անգամ բողոքում էր, երբ պարկերը կամ դույլերը մի քանի կիլոգրամ ավել էին լցված լինում, բայց տարածքը միշտ մաքուր էր պահում շինաղբից, չորրորդն էլ ապահովում էր հանապազօրյա ջրի անխափան հոսքը: Գործն առաջ էր գնում․ և՛ տնօրինությունն էր գոհ մնում, և՛ պատվիրատուները, և՛ աշխատողները:

 Մեկ տարի առաջ նույն օրերն էին, երբ հերթական ստանձնած գործը պետք է հասցնեին ավարտին ու  հանձնեին սեփականատիրոջը: Սեթը սովորականի պես ժամը իննին բացել էր այն գրասենյակի դուռը, որի վերանորոգման աշխատանքներն առաջ էին գնում ըստ պլանի: Մեկը՝ ժամանակին, մյուսը՝ հինգ րոպե, երրորդը կես ժամ ուշացած հասել էին աշխատավայր. ազգային բնավորություն՝ յուրաքանչյուրն ուշանալու իր պատճառներն էր միշտ ունենում:  Հագել էին աշխատանքային, այլ պարագայում հագնելու համար անպիտան, փոշոտված ու կիսամաշ շորերն ու վայելել էին առավոտյան սուրճը՝ պատրաստված շիկացած գալարավոր պարույրով սալօջախի վրա: Ավանդույթի համաձայն սրճախմությունը վերջացնելուց հետո ևս մի գլանակ սիգարետ էին ծխել ու ժամը տասի կողմերն անցել գործի. դրանից շուտ էլեկտրական գործիքներն աշխատանքի գցելն ու աղմկելը հարամ բան էր․ գրասենյակի տարածքը, որն իննսունականներին կոպեկներով սեփականաշնորհել էր թաղային իշխանություններին մոտ կանգնած ոմն Վիտյա, իսկ տարիներ անց հարյուրապատիկ թանկ գնով  վաճառել  ներկրումներով զբաղվող մի բարեխիղճ գործարարի, գտնվում էր բնակելի շենքի առաջին հարկում:

Կարևորը՝ բոլորը գոհ էին՝ և՛ Վիտյան, և՛ գործարարը, և՛ հարևանները. Վիտյան իր հաշվին բակում զրուցարան ու ցայտաղբյուր էր տեղադրել:

Արդեն ընդմիջման համար նախատեսված ժամն էր: Շինարարները լվացվել ու տեղավորվել էին նախկինում ննջարանը միջանցքից առանձնացնող, իսկ այժմ որպես սեղան ծառայող  դռան շուրջը, յուրաքանչյուրն իր տոպրակից հանել ու սեղանին էր շարել տնից բերած ուտելիքները, ջրմուղագործ Աշոտը՝ նաև օղին: 

-Տղերք, վերջին անգամ ե՞րբ եք օպերա գնացել,- բոլորի համար անսպասելի, երբ դեռ աշխատողները չէին հասցրել կուլ տալ առաջին կտոր հացը,  հարցրել էր Սեթը:

Լռություն էր տիրել: Մեկը գլուխն էր կախել, մյուսը՝  երշիկով ու պանրով բրդուճը բերանում քարացել ու գլուխը թեքել էր Աշոտի կողմը, որն այդ պահին արդեն դատարկել էր բաժակի անգույն պարունակությունը, ափի հակառակ կողմով սրբել էր շուրթերն ու պատրաստվում էր մի կտոր բան դնել բերանը:

-Դպրոցում: Դասարանով տարել էին «Անուշ» օպերան նայելու,- լռությունը համարձակորեն խախտել էր Գևորիկը:- Բայց բան չհասկացա, Սեթ ջան, ու դրանից հետո օպերա չեմ գնում, իսկ այ Օպերայի շենքի մոտ հաճախ եմ լինում: Դե՜, ժամադրություն, բան… հարմար տեղ ա…

Մնացած երեքը սկսել էին հիշողությունները լարել: Ռուբոն վերսկսել էր ծամել բրդուճն ու թշերն ուռեցրած մտել խոսակցության մեջ։

-Ինչ մեղքս թաքցնեմ, տղերք ջան,- լմբլմբացնելով ու հայացքը հառելով նախորդ օրն իր ձեռքով ներկած առաստաղին՝ շարունակել էր,- ամուսնանալու առաջին տարում կնգաս հետ «Սպարտակն» էինք գնացել նայելու: Հազիվ տոմս գտա. մեր ժամանակ մարդիկ մշակույթով էին ապրում․ գիրք էին կարդում, կինո էին գնում, թե չէ հիմա էս  ջահելները…

-Ռուբո՜, «Սպարտակը» բալետ ա, օպերա չի,- ծիծաղը մի կերպ զսպելով ընդհատել էր Սեթը:

-Ի՜նչ տարբերություն, մեկ ա նույն շենքում էր, այ ախպեր,- խոսքի տակ չմնալու և արդարանալու համար վրա էր բերել Ռուբոն:

Գևորիկը ոգևորվել էր.

-Կա տարբերություն, ձյաձ Ռուբո, հիմա ոնց որ դռան տեղը պատուհան դնենք  ու ասենք՝ ինչ տարբերություն, մեկ ա նույն շենքում ա, ու երկուսով էլ կարող եք մտնել ու դուրս գալ:

-Աշո՞տ, մի բան էլ դու ասա, ի՞նչ ես գլուխդ մտցրել հեռախոսիդ մեջ,- խոսակցությունը փորձել էր թեժացնել Սեթը:

-Ես օպերա-մոպերա չգիտեմ,-  առանց բարձրացնելու ճաղատ գլուխը ՝ մրմնջացել էր Աշոտը,- կինոն ա լավ՝ համ մութ ա, համ սիրուն աղջկերք կային: Է՜հ, Սոֆի Լորեն, ականջդ կանչի,- խոր հոգոց էր հանել ու գլուխը տարուբերել:

-Բա էդ ո՞ւմ համարն ես ման գալիս:

-Սեթո, մի խանգարի, դուք ձեր օպերան նայեք: Երեկ մեկի տանը գործ էի անում, բաժանված, սիրուն կնիկ էր, համարը վերցրի, էն էլ ուրիշ անունով գրանցեցի հեռախոսի մեջ, որ Մարգոն հանկարծ չբռնացնի: Արա´, հիմա չեմ կարողանում հիշել, բայց հաստատ պիտի էդ կնգան մի տեղ տանեմ:

-Հա՜, փաստորեն Ամանորից առաջ թարմություն ու ջերմություն ես ուզում:

-Դե՜,- արդեն ժպիտն ինքնագոհ դեմքին՝ գլուխը վերջապես բարձրացրել էր Աշոտը,- գտա: Սվարչիկ Սուրիկ, մտքիցս թռել էր:

-Լավ, տղերք ջան,- հասկանալով, որ աշխատողներն առանձնապես հետաքրքրված չեն օպերայով՝ փորձել էր թեման կտրուկ փոխել Սեթը:- Երկու լուր ունեմ հայտնելու․ մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Որի՞ց սկսեմ:

-Լավից, այ ախպեր,- վերջապես խոսել էր պատշար Կարոն:- Էնքան վատ լուրեր ենք լսում…  գոնե դու մի լավ բան ասա, մեկ էլ տեսար էնքան լավը լինի, որ վատին հասնելիս էլ  ականջներս ուրախությունից խլանան  ու վատը չլսենք:

-Լավ, լավ: Սեղանը կարգի բերեք ու բաժակները պատրաստ պահեք:

Մեկը տարբեր տեսակ թթուներն էր մի ամանի մեջ լցրել, մյուսը պանրից մնացած կտորն էր մանրացրել ու բժշկական երշիկը դասավորել կողքը, Գևորիկը մոխրամաններն էր դատարկել աղբի պարկի մեջ ու յուրաքանչյուրի բաժակն իր դիմաց էր դրել: Սեթը ձեռքն իջեցրել էր սեղանի տակ պահած տոպրակի մեջ՝ հայացքը չկտրելով տղերքից, որոնց դեմքին սպասման քաղցր ու մեղմ ժպիտ էր եկել: Տոպրակից հանել էր տասը տարեկան «Դվին» կոնյակի կարմրաոսկեգույն տուփերից մեկն ու հանդիսավորությամբ դրել սեղանին.

-Ահա՜, էս էլ էսպես: Սա տանտիրոջ կողմից: Գևորիկ ջան, որպես մեջներից ջահել, մի տես ինչ ես անում: Բաժակները լից: Ափսոս՝ շոկոլադ չունենք, բայց դե մանդարինն էլ չեղած տեղից վատ շոկոլադ չի: 

-Լո՞ւրջ, փաստորեն լավ լուրը է՞ս էր: Վատ չի՜,- չէր համբերել Աշոտն ու ձեռքը մեկնել էր դեպի կոնյակի տուփը:

-Я сам, նեղացնում ես, ձյաձ,- Աշոտի երկարած ձեռքը հետ հրելով՝ մեջ էր ընկել Գևորիկը:

-Սա լավ լուրի սկիզբն էր: Մարդը գնահատել է ձեր աշխատանքն ու իր կողմից մի բան է ցանկացել անել: Երկու շիշ է, մեկը դեռ տոպրակի մեջ սպասում է: Արժանի եք: Ամեն աշխատանք գնահատելի է,- հավելել էր Սեթն այն ընթացքում, երբ Գևորիկը դարչնագույն հեղուկը լցնում էր բաժակների մեջ:- Դե, քանի որ արդեն պատրաստ եք, անցնենք գլխավորին: Լավ լուր համար երկրորդ. վաղվանից  արձակուրդ ենք գնում, ու էսօր գործից հետո պետք է օֆիս գնանք՝ ստանալու այս ամսվա, հունվարի և, ուշադրությո՜ւն, տասներեքերորդ աշխատավարձ:

-Յա՜, փաստորեն սովետը հետ ա եկել, էս ի՜նչ խաբար ա, այ ախպեր,- հիացմունքը չէր կարողացել զսպել Կարոն:- Իրոք լավ լուր էր:

Սպասման կասկածամիտ, բայց քաղցր ժպիտը փոխակերպվել էր լիաթոք ուրախության: 

-Ջա՜ն, հեռախոսիս ապառիկից կպրծնեմ,- ձեռքը բռունցք արած հարվածելով սեղանին՝ ինքնավստահ գոչել էր Գևորիկը:

-Արա՜, ինչ հեռախոս, կոմունալները կմուծեմ-կպրծնեմ  ու էդ լուսի մարդու դեմքը չեմ տեսնի,- ուրախությունը չէր կարողացել զսպել Ռուբոն:

-Լա՜վ, լա՜վ, ես էլ կնոջս հետ մի քանի օրով կգնամ Աղվերան, պրծա՞նք: Ինչ եք բոլորդ ինձ նայում: Բայց դու վատն ասա, Սեթո ջան, ոնց որ թե շատ ուրախացանք,- էյֆորիկ ուրախությունից իբրև թե սթափեցնելու փորձ արեց Աշոտը:- Մեր գործում արձակուրդներից մենակ ամանորյան ա լավ, թե չէ մնացած ժամանակ ունեցած արձակուրդը հավասար ա անգործության: Ամեն օրը հաշիվ ա, Սեթ ջան, ինձնից լավ գիտես:

Սեթը մտքերը հավաքել, վերցրել էր  Չերչիլի  նախընտրած կոնյակով պռնկեպռունկ լի հիսունգրամանոց սուրճի բաժակն ու ձեռքը փոքր-ինչ կտրելով սեղանից՝ շարունակել նախատոնական լրահոսը.

-Վատը, ասում եք: Վատին դեռ կանդրադառնանք: Վատ լուրերը լրատվականներն ու հարևաններն են արագ հաղորդում: Հիմա ուզում եմ ձեր կենացը խմել, տղերք ջան: Մեկդ դպրոցական տարիքում է առաջին ու վերջին անգամ օպերա գնացել, մյուսը՝ Խաչատրյանին օպերա գրող դարձրեց, բայց ոնց չեղած տեղից մանդարինը որպես շոկոլադ է ծառայում, էդպես էլ չեղած տեղից Սպարտակն էլ վատ օպերա չի, կարևորը՝ գնացել ես, Ռուբո ջան: Մյուսդ Զիտա-Գիտան է նայել արդեն վաղուց ավտոսալոն դարձած «Արագած» կինոթատրոնում: Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, թատրոն եմ սիրում: Բայց էս ամենում մի կարևոր բան կա: Էստեղ բոլորս միասին շատ կարևոր բան ենք անում: Մեկդ բանվոր է, մյուսդ՝ ջրմուղագործ, Կարոն՝ պատշար, Ռուբոն՝ ներկարար: Բայց…

-Այ ախպեր, ինձնից ինչ ջրմուղագործ, ես սանտեխնիկ եմ,- հումորի էր տվել Աշոտը:

-Արա, դե մի խանգարի էլի, մարդը կուլտուրական բան ա ասում,- սաստել էր Կարոն:

— Բայց բոլորս միասին էստեղ սիմֆոնիա ենք գրում,-ուշադրություն չդարձնելով Աշոտի հումորին՝ շարունակել էր Սեթը,- մարդկանց համար սա զուտ շինարարություն է: Փողը տալիս են՝ քանդի, սարքի, կարևորը՝ վերջում իրենց ուզածով լինի: Միշտ ուզում են քիչ գումար ծախսելով առավելագույն արդյունք ունենալ: Բայց կարևորն ընթացքն է, որին իրենք հիմնականում ականատես չեն լինում: Էստեղ՝ էս փոշու, քանդված, նոր շարվող պատերի ու կիսաչոր գաջով պատված սյուների ներքո դուք սիմֆոնիա եք գրում՝ քարերի սիմֆոնիա, որի հնչյուններից հարևանները զզվում, բայց քաղաքավարությունից ելնելով՝ հանդուրժում են, իսկ մենք ու մեզ պես հազարավորները մուրճի հարվածների, բահերի ու մնացած գործիքների աղմկոտ ձայներով ստեղծում ենք արարման ու վերածննդի սիմֆոնիան:

Լռություն էր իջել՝ կամ խոսքի բարդ ու մտքի անհասկանալի լինելու, կամ զարմացական հիացմունքի պատճառով, բայց մի քանի վայրկյան լռություն էր տիրել, ապա բոլորը գլուխները հետ էին գցել ու մինչև վերջին կաթիլը կուլ տվել կոնյակը՝ չիմանալով, որ այն տարիներ անց դատապարտված էր լինելու բրենդի կոչվելու: Այս անգամ արդեն Աշոտը ձեռքը չէր տարել շուրթերը մաքրելու համար, այլ լեզվով լպստել էր դրանք, որ մի կաթիլ անգամ կորուստ չունենա:

-Սեթո, դու ի՞նչ գործ ունես էստեղ, գնա մի պաշտոն ստացիր ու աշխատիր, այ ախպեր,- լռությունը կրկին խախտել էր Կարոն:- Լավ ես խոսում, համա թե վատ լուրը չես ասում:

Սեթը գլուխը կախել էր ու աչքի տակով նայել Գևորիկին:

-Պաշտոնն ինչի՞ս է պետք, Կարո ջան, ես մասնագիտություն ունեմ:- Ապա խոր շունչ էր քաշել ու շարունակել:- Վատ լուրը, տղերք ջան, ոչ թե ձեզ, այլ ինձ է վերաբերում: Լից, Գևոր:

Նորից լռություն էր տիրել: Այս անգամ սպասման քաղցր ժպիտի փոխարեն կասկածամիտ տխրություն էր իջել բոլորի դեմքին:

-Լավ, ինչևէ, եկեք էս բաժակով էլ խմենք միասնության ու վստահության կենացը,- կրկին երկարացրել էր սպասումը:- Միշտ ասում ենք՝ մեկս մյուսով, բայց շատ հաճախ պակասողը հենց այդ միասնությունն է: Հենց միասնությունն է հաջողության գրավականը: Երբ ամեն օղակում յուրաքանչյուրը պատասխանատու է իր աշխատանքի համար և պատվով է կատարում այն, լավ արդյունքն անխուսափելի է: Ես առանց ձեզ չէի կարող ոչնչի հասնել, բայց… բայց արձակուրդից հետո էլ չեմ վերադառնալու էս աշխատանքին:

— Հո մեր պատճառով խոսակցություն չի՞ եկել վրեդ, Սեթո ջան,- միջամտել էր Ռուբոն:

-Չէ, չէ, ամեն ինչ կարգին է, տղերք ջան: Գործս եմ փոխում՝ գնում եմ լրագրող դառնամ: Բայց չեմ ուզում՝ մեր կապը կտրվի: Գալիք Նոր տարին իրար հետ ավանսով նշեցինք, բայց Սուրբ Ծնունդին բոլորիդ իմ տանը կսպասեմ:

Շինարարները խոր շունչ էին քաշել ու մեկը մյուսին հերթ չտալով խոսել.

-Ես էլ ասի բան ա եղե՜լ, այ Սեթո ջան,- ձայնի տարբեր տեմբրներով, բայց համաչափ վանկարկել էին:

-Բայց տես հա՜, շառ-մառ չանես մարդկանց վրա, դուզ բաներ կգրես,- կեսկատակ ասել էր Կարոն:

-Մեկ էլ, ախպոր պես, շամշյան չանես, էլի,- բարձրածիծաղ շարունակել էր Գևորիկը:

-Տե՛ս, Սեթո ջան, թե «Կիսաբաց լուսամուտներում» աշխատես, հանգիստ կարաս ինձ հյուր կանչես: Գիտեմ, մի օր կնիկս ինձ բռնցնելու ա, էնպես որ պատրաստի թեմա եմ: Իսկ եթե լուրջ՝ կարևորը քեզ համար լավ լինի: Մենք էլ կողքիդ ենք, հենց ռեմոնտի գործ ունենաս՝ իմաց կտաս: 

Օրն աննկատ երեկոյացել էր՝ փողոցի լապտերների դեղնավուն լույսն արդեն ընկել էր ճամփեզրի հողաթմբերին նստած բարակ շերտով ձյան ծածկույթի վրա: Սակավաձյուն ձմեռ էր, բայց օդերևութաբանները խոստացել էին, որ տոներից հետո ձյան պակաս չի զգացվելու: Հողը  թարմ թացության կարոտ էր, ժամանակին չտեղացած ձյունն էլ սպառնում էր հետագայում կարկուտի տեսք ընդունած վնասել ծառերի նոր բողբոջածաղիկներն ու ապագա բերքը փչացնել: 

Փողոցի հեքիաթաշունչ լռությունն ու ներսի ուրախ, ծիծաղախիտ մթնոլորտն անհաղորդ էին միմյանց. պատուհանները եվրոպական արտադրության էին…

Գրկախառնվել ու բաժանվել էին՝ միմյանց խոսք տալով, որ տված խոսքին տեր են լինելու. բացառիկ մի բան, որն այդ օրերին պակասում էր: Խոսքի տեր էին լինում նրանք, ովքեր կյանքում ոչ մի մեծ բանի տեր չէին, իսկ ովքեր էլ տեր ու տիրական էին, ոչ ճիշտ խոսքին էին ականջալուր լինում, ոչ էլ ասած խոսքերին էին տեր լինում: Սեթին էլ համոզել էին, որ մնացած կոնյակն իր հետ վերցնի. ամեն տարի հավաքվելուց պիտի մարդը մի բաժակ խմեր: Հույս ունեին՝ գոնե երկու տարվա հավաքույթի համար հերիք կաներ:

Եռապատկված աշխատավարձը ստանալուց հետո յուրաքանչյուրն ամանորյա գնումներն աղայավարի կատարել էր ու պատրաստվել դիմավորելու հերթական անձյուն Ամանորն իր ընտանիքներում:

Խոստման համաձայն՝ Սուրբծննդյան օրը՝ երեկոյան պատարագից հետո,  մի մարդու պես հավաքվել էին Սեթի բնակարանում: Տոնական տրամադրությունն այս անգամ ապահովել էր  Արենիից բերված գինին, որի մասին, ցավոք,  Չերչիլն իր ժամանակին տեղյակ էլ չէր… 

Մեկ տարի առաջ այս օրերին ամեն ինչ այլ կերպ էր: 

Այս տարի ձյուն շատ էր տեղացել, բայց օդերևութաբանները մանուկներին ու ձյան կարոտ մնացածներին շնորհավորելու տրամադրություն չունեին. կարոտը դեռ տաք էր ու սև: Սեթը միայնակ նստել էր Սուրբծննդյան կիսադատարկ սեղանի շուրջը. հեռուստացույցը սովորականի պես անջատված էր, սեղանը՝ սովորականից աղքատիկ: Տղերքից ոչ մեկը չկար՝ հյուր չէր եկել: Տղերքի մի մասը չկար: Ամիսներ առաջ ավարտված պատերազմից հետո  Ռուբոն տունը վարձով էր տվել պատերազմից մազապուրծ մի ընտանիքի, կնոջն ու դպրոցահասակ տղային վերցրել գնացել էր Եվրոպա, որպես պատերազմում պարտված երկրի գաղթական ապաստան հայցել: Ընդունվել էր պատուհաններ արտադրող  ֆիրմաներից մեկում ու իր ու ընտանիքի գլուխը մի ձև պահում էր:

Պատերազմի լուրն առնելուն պես Աշոտը կամավորագրվել էր ու նախկինում պատերազմ տեսած ընկերների հետ գնացել սահման, Գևորիկին էլ զորակոչել էին: Երկուսն էլ չէին վերադարձել կռվի դաշտից. Աշոտը, որ ոգևորված ասել էր, թե «էս հարցը պիտի վերջնական լուծենք ու չթողենք սերունդներին», զոհվել էր գնալուց երկու օր հետո. իր իմացած կռիվն ու զենքերը չէին. մարմնի վրա փամփուշտի քերծվածք անգամ չկար․ մոտակայքում պայթած ռումբի ալիքի հարվածը նրան մոտ տասը մետր շպրտել էր քարերի վրա. ողնաշարը փշրվել էր: Աշոտը չէր վերադարձել, նրա անշնչացած մարմինն օրեր անց բերել էին ու հանձնել Մարգոյին: Հոգեհանգիստը սակավամարդ էր՝ մարդիկ կամ սահմանին էին, կամ էլ երիտասարդների հոգեհանգիստներին: Ներկա էին Մարգոն, ով եռագույնով ծածկված դագաղի կողքին էր, Սեթը, նրա կողքին՝ Կարոն, որն առաջին պատերազմի ընթացքում ստացած կանտուզիայից հետո հաշմանդամության կարգ էր ստացել: Սրահի դռների մոտ կանգնած մի անծանոթ գեղեցկադեմ ու սևազգեստ կին էլ գլուխը կախ հեկեկում էր. Աշոտի հեռախոսում  սվարչիկ Սուրիկ ծածկանվան տակ գրանցված Վերժինեն էր…

Գևորիկից լուր չկար… համարվում էր անհետ կորած…

Լուր չկա: Այդպես կարճ ու կոնկրետ էին ձևակերպում անհետ կորածների մասին տեղեկությունները:

Պատերազմը չսպասված հյուրի պես թակել էր բոլորի դռները՝ մեկը տուն էր կորցրել, մյուսը՝ հարազատ, իսկ բոլորը միասին՝ անցյալը…

Անցած Սուրբծննդյան տոնին հինգն էլ համաձայնել էին՝ ամեն տարի պետք է սովորույթ դարձնեն այդ հավաքը՝ որքան էլ յուրաքանչյուրը զբաղված լինի կամ ուրիշ աշխատանքի անցած: Սովորույթները պարտվում են հանգամանքներին. միշտ: Սովորույթները պարտվում են գումարին, հնարավորություններին, տրամադրությանը, կարգավիճակին, բայց այս անգամ այն պարտվել էր պարտությանը…

Ի տարբերություն անցած տարիների՝ այս անգամ Ճրագալույցի պատարագին մարդիկ լուռ էին ու առանց հրմշտոցի էին իրենց մոմերը վառել: Այս տարի Ծննդյան ավետիսը մարդկանց սրտերին ավելի շատ մխիթարական հույս էր ներշնչել, քան նախկինում: Սեթը դուրս էր եկել եկեղեցուց, հանգցրել էր աշտանակից վառած մոմն ու դանդաղ քայլքով շարժվել դեպի տուն. ճանապարհն այնպես էր  ողողված  մոմերի լույսերով, կարծես երկնքի աստղերը ցած էին իջել, կարծես երկինքն ու երկիրը տեղերով փոխվել էին: Մոտ կես ժամ քայլել էր խոնավ, մինչև ոսկորները սողոսկող ցրտին, հասել տուն, մոմը վառել ու դրել էր ուղղանկյուն սեղանի ձախ կողմում: Հետո այդ մոմից ևս մեկ մոմ էր վառել ու դրել կողքին:

Նստել էր սեղանի գլխին, դիմացը՝ տասը տարեկան «Դվին» կոնյակի կիսադատարկ շիշն ու դեռ շինարարության օրերից որպես հիշատակ պահած հիսունգրամանոց սուրճի բաժակը:

Հազիվ էր կոնյակով պռնկեպռունկ լի սուրճի բաժակը մոտեցրել շուրթերին՝ դռան զանգը հնչեց: Չշտապեց, մինչև վերջ բաժակի պարունակությունը քաշեց գլուխը, և մինչ հնչում էին երկրորդ ու երրորդ զանգերը, անշտապ քայլերով մոտեցավ դռանն ու բացեց: Կարոն էր՝ աժդահա մարմինը  հենել էր դռան կողքի պատին  ու շնչակտուր հևում էր:

-Փողդ չէր հերիքե՞լ մի քանի հարկ ներքևում տուն առնեիր, տո տնաշեն,- շունչը տեղը բերելով կատակի էր տվել Կարոն:

Սեթը լուռ ու ոչինչ չարտահայտող հայացքը դեմքին քաշվել էր մի կողմ ու անբառ ներս հրավիրել Կարոյին:

Ոտմաքրելիքի վրա մի քանի անգամ կոշիկները քսելուց հետո Կարոն ներս անցավ ու հայացքը հառեց Սեթի աչքերին, որոնք լի էին տխուր սառնությամբ: Հենց այդպես լուռ էլ ողջագուրվեցին, մի քանի վայրկյան անշարժացան ու գրկախառնված լաց եղան. տղամարդիկ  արտասվում են լուռ, միայն աչքերով, հաճախ՝ աչքերը փակ,  արցունք են թափում ոչ թե սեփական ցավերի կամ չստացված կյանքի, այլ կորուստների համար: 

-Դու հրաշքներին հավատո՞ւմ ես, Սեթ,- արդեն սեղանի շուրջը հարցրեց Կարոն:

Սեթը լռեց, բայց այդ լռությունը ոչ հաստատման նշան էր, ոչ էլ փախուստ էր պատասխանից:

-Ես ուզում եմ, որ հրաշքները չմեռնեն մանկությունից հետո, որ հրաշքների հանդեպ հավատը չմեռնի ամեն անգամ, երբ կյանքը փորձությունների է ենթարկում մարդուն, Կարո ջան: Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

-Մեզ և ձեզ մեծ Ավետիս,- պատասխանեց Կարոն՝ հայացքը չկտրելով Սեթի աչքերից:-Էս անցած տարվա Չերչիլը չի՞, բա ինչի՞ ինձ գինի լցրեցիր:

-Կարգն ա էդպես:

— Սեթ, մի բաժակ լից  դրանից: 

-Տվածդ խոսքը պահեցիր, փաստորեն, եկար,- կոնյակի շիշը մոտեցնելով Կարոյի բաժակին՝ ասաց Սեթը:

— Լուր ունեմ ասելու՝ և՛ լավ, և՛ վատ: Սկսե՞մ:

-Ասա, Կարո ջան, ոնց ուզում ես ասա, մեկ ա հիմա լավն ու վատը իրարից ջոկել չի լինում:

-Գևորը ողջ ա…

-Բա դրա վատը որն ա, արա՜,- տեղից վեր ցատկեց Սեթն ու մոտեցավ Կարոյին, որ գրկի:

-Գերի ա ընկել…

Սեթը կեսճամփին քարացավ: Ձեռքը ձգեց մոտակա աթոռին, քաշեց ու իրեն գցեց դրա վրա։

Կարոն կարկամեց: Հայացքը կախեց ու չէր համարձակվում խոսքը շարունակել. անցած ամռանը Սեթը Գևորգի ամուսնության քավորն էր դարձել: Որքան ընդդիմացել էր, բացատրել, որ չի կարող, որ ինքն ամուսնացած չի, միևնույն է, Գևորը համառել էր:

-Բա հետո՞,- ուշքի գալով անսպասելի լուրից՝ հարցրեց Սեթը,- բա ի՞նչ պիտի անենք:

-Մե՞նք: Էսքանից հետո  մենք որևէ բան կարո՞ղ ենք անել: Վերևներում ասել են, որ եռակողմ բանակցություններ են տարվում, ավելի ճիշտ՝ մենք դիմել ենք, երրորդ կողմը համոզում է, երկրորդ կողմն էլ ձևեր է թափում:

-Սաղ դուք եք մեղավոր, Կարո, ձեր սերունդն ա մեղավոր…

-Սեթո՜, հանգստացիր, մենք ի՞նչ ենք արել, մեր սերունդը հաղթող սերունդ ա եղել: Մենք կամ վիրավորվել, կամ էլ զոհվել ենք անկախության համար:

— Դուք չէիք ասո՞ւմ, որ արյունով վերցրած հողը չեն վերադարձնում: Բա ո՞ւր էին էդ ասողները: Համ արյուն թափվեց, համ հողերը չկան… էդ անկախության համն էլ չիմացանք էսքան տարի: Ես չեմ, որ պիտի քեզ դասեր տամ, գիտեմ, որ պատերազմի դառնահամը սեփական մաշկիդ վրա զգացել ես տասնամյակներ առաջ:

-Բա էլ ինչ ես ամբախ-զամբախ խոսում: Հիմա պիտի ուրախ լինենք, որ Գևորիկը ողջ ա: Հրաշքի մի մասը կատարվել ա, մնում ա մյուս մասը՝ հասնի տուն: Ասում են՝ վիրավորված ընկած ա եղել անտառում, դրանք էլ տեսել բռնել են…

-Տարօրինակ ա չէ՞, որ…

-Մի խորացիր, էս Չերչիլի սիրելիին պիտի ոչնչացնենք, բաժակները թարմացրու: Լավ էլ սուրբ-սուրբ պահել ես: Ու մի խոսիր, լռիր, թե չէ գլուխս գնացել ա էս թեմայով խոսակցություններից:

Սեթը կրկին լցրեց  բաժակներն ու վերադարձավ իր տեղը:

-Սեթո, մեր սերունդը էս կյանքում մի բան ուներ՝ հայրենիք, որի համար գործել ա, իսկ հիմա  միայն խոսում են էդ հայրենիքի մասին ու օգտագործում են՝ ոնց ուզում են… Մարդիկ: Ասում են՝ սիրեք հայրենիքը: Ասում են՝ սիրեք իրար, մարդիկ: Մարդիկ համ օգտագործվում են, համ օգտագործում: Մարդը սիրում ա հայրենիքը, հայրենիքի համար օգտագործում են մարդկանց սերը: Արդյունքում կամ սերերն են անտեր մնում, կամ հայրենիքը: Բառը սպանում ա ու ապրեցնում: Բառը… Բառերից ծնվում ենք մենք: Ի վերջո, եթե չասվի՝ «ես սիրում եմ քեզ», հազիվ թե ծնվենք: Մի նորմալ ծնվենք: Բառը մեռնում ա, երբ չի դառնում խոսք՝ ի սկզբանե էր բանը՝ խոսքը… անհոդաբաշխ ու անտեղի բառերը շատացել են: Արի լռենք ու էս բաժակով էլ խմենք Աշոտի կենդանի կենացը: Վստահ եմ, Գևորիկի հետ ամեն ինչ լավ ա  լինելու: Դու ոչ մեկի էլ մի մեղադրի: Բոլորս ենք մեղավոր: Մենք անգամ մեզ չենք կարողանում հաղթել… մենք ինքներս մեզ, միշտ, միշտ պարտվում ենք, ու զոհում ենք մեր ամենանվիրականը, էն, ինչը բազում կյանքերի գնով պահպանվել ու ժառանգվել ա մեզ:

Լռություն տիրեց: Օրվա նորություններից ու Կարոյի խրատական խոսքերից հետո Սեթը ոչ ուժ ուներ մի բան ասելու, ոչ էլ՝ ցանկություն: Մնում էր մի բան՝ հավատալ հրաշքի իրականացմանը, հավատալ, որ գոնե այս դեպքում այն կիսատ չի մնա, ինչպես որ մեր կյանքում շատ երազանքներ, հարաբերություններ կամ կյանքեր:

Մոտ վեց ամսվա գերությունից հետո Գևորգին վերադարձրին: Թե ինչի դիմաց՝ այդպես էլ չպարզվեց, բայց մի բան հաստատ էր՝ ոչ մարդասիրությունից դրդված: Վերադարձից օրեր անց Կարոն, Գևորգն ու Սեթը կրկին հանդիպեցին: Ուրախ էին, ամեն ինչից անկախ ուրախ էին, որ կրկին հնարավորություն ունեին իրար  տեսնելու: Սեղանի ուղիղ մեջտեղում դրված էր տասը տարեկան «Դվինի» շիշը, որի տակն ընդամենը հինգ բաժակ կոնյակ էր մնացել, իսկ Չերչիլը մեկ շիշը մեկ օրում էր խմում և ասում, որ պատմությունը  հաղթողներն են գրում: Բայց պատերազմում, հավանաբար, բոլորն են պարտվում, որովհետև պատերազմները սկսվում են, երբ  խոսքերն արդեն անուժ են դառնում, որովհետև պատերազմում առաջինը մեռնում են ճշմարտությունը, արդարությունն ու խաղաղությունը, իսկ հետո՝ դրանց համար պայքարողները։ Պատերազմում մարդիկ երկրորդ կամ երրորդ, անգամ չորրորդ ծնունդ են ստանում, եթե բախտը կամ Աստված բարեհաճ է գտնվում, եթե ողջ են մնում… 

Գևորիկի բախտը բերել էր, կամ էլ Աստված բարեհաճ էր գտնվել նրա հանդեպ…

No Comments

Leave a Reply