Լիլիա Շատվերյան ԼուսաԳիր

Ալբոմը մի «կումն» է այն ամենի, ինչ տեսել եմ և զգացել

15.04.2022

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ լուսանկարիչ-դիզայներ Ելենա Առաքելովայի «Մի կում հայրենիք» գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Գրքի առաջաբանում հեղինակը գրում է․ «Բնության հրաշագործ վրձինը և մարդու ստեղծարար միտքը շռայլ են գտնվել Հայոց աշխարհի նկատմամբ։ Գրքում ներկայացված է լուսանկարների հավաքածու, որը կպարուրի ձեր հոգին հայրենի հողի ջերմությամբ, քնքշանքով ու բույրով: Յուրահատուկ պատկերները կտանեն ձեզ հայրենիքի գեղատեսիլ անկյուններով՝ փոխանցելով դարերի շունչն ու նորօրյա ոգին։ Սա մի ճամփորդություն է հայոց մեծերի անտեսանելի ներկայությամբ»:

Զրուցել ենք Ելենա Առաքելովայի հետ։

 — Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Մի կում Հայրենիք» անվանումը Ձեր առաջին գրքի համար։

— Անսպառ է հայրենիքը պատկերելու ցանկությունս: Անվերջ կարելի է հրապուրվել հայրենի բնությամբ և ճարտարապետությամբ: Ալբոմը մի կումն է այն ամենի, ինչ տեսել եմ և զգացել: Կենարար մի կում, որով կցանկանայի կիսվել հատկապես հեռու գտնվող մեր հայրենակիցների հետ: Ասում են, որ գեղեցիկ պատկերներն ունեն թերապևտիկ ազդեցություն, կցանկանայի, որ ալբոմը մեղմացնի կարոտը ամեն մի հայի, որը բախտի բերումով գտնվում է հայրենիքից դուրս:

— Երբվանի՞ց եք զբաղվում լուսանկարչությամբ և ի՞նչ է այն Ձեզ համար։

— Լուսանկարչությունն ինձ համար յուրահատուկ գեղարվեստական խորհրդածություն է, լավագույն արտահայտչամիջոց՝ սեփական զգացմունքները «նյութականացնելու» համար: Լուսանկարչությամբ զբաղվում եմ շատ վաղուց: Երբեմն ինձ թվում է, որ ես լուսանկարում եմ միշտ, անգամ այն ժամանակ, երբ հնարավորություն չեմ ունենում տեխնիկապես արձանագրել պահը: Նման դեպքերում պարզապես մտապահում եմ «չկայացած» կադրերը երևակայությանս մեջ:

— Կա՞ մտադրություն հետագայում նույնպես նոր ալբոմներով ներկայանալու։

 — Լուսանկարչական ալբոմ հրատարակելն իմ առաջին փորձն էր: Պետք է նշեմ, որ այն արժանացավ  ջերմ արձագանքի, ինչը մեծ ոգևորության աղբյուր դարձավ ինձ համար: Սակայն ծրագրերի մասին բարձրաձայնել չէի ցանկանա, քանի որ ստեղծագործական ընթացքը միշտ անկանխատեսելի է:

Լիլիա Շատվերյան

No Comments

Leave a Reply