Արցախն ապրում է նաև արվեստով։ Այդ մասին է վկայում շրջափակման պայմաններում «Ծիլ» տիկնիկային ստուդիայի շարունակվող ստեղծագործական ուղին։
Նախօրեին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացավ «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացման առաջնախաղը։ Հովհաննես Թումանյանի հեքիաթը թատրոնի և կինոյի դրամատուրգ Վովա Արզումանյանը բեմականացրել է Արցախի բարբառով, համապատասխանեցրել այսօրվա երեխաների հետաքրքրություններին, ասելիքը դարձրել բազմագիծ։ Ներկայացումն ուղեկցվել է նաև մի շարք ավանդական խաղերով։
Բեմադրիչ Արմեն Գաբրիելյանն ասում է, որ այս ձևաչափով առաջին անգամ են ներկայանում, ինչը բավականին պարտավորեցնող է։ Տիկնիկավար-դերասանը միաժամանակ երեք կերպար է խաղում, ինչն ունի մի շարք բարդություններ և պահանջում է մեծ վարպետություն։
-Երեխաների հետ պետք է անկեղծ լինել։ Ինչքան էլ ասում ենք ներկայացում է, կարող է հնարավոր և անհնարին ամեն ինչ լինել։
Չես կարող խաբել երեխաներին, նրանք շատ ուշադիր են, զգայուն։ Դրա համար ամեն մի մանրուք իր կարևորությունն ունի, պետք է շատ համոզիչ լինի ամեն պահը,- Ardi.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գաբրիելյանը, նշելով, որ Արցախում ապրող երեխաները պետք է վայելեն իրենց կյանքը, նաև առօրյան լցնեն արվեստով, զգան արվեստի ուժն ու կարեւորությունը։
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ այս ներկայացումը կշարունակի ցուցադրել, ավելի մեծ լսարանի կներկայացվի, նաև նոր ներկայացումներ կբեմադրվեն։
-Շրջափակումը խոչընդոտ չէ, որ արվեստը տուժի։ Արվեստի լեզուն սիրում է պատնեշներ փշրել,- վստահ է բեմադրիչը։
Ardi.am
No Comments